Logo

Մեքենաների զրոյական վաճառք․ Շանհայը հակառեկորդ է սահմանել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:25 / 17.05.2022Լրահոս
Մեքենաների զրոյական վաճառք

Չինաստանի խոշորագույն քաղաքում ապրիլին ոչ մի մեքենա չի վաճառվել։ Միլիոնավոր մարդիկ փակված են եղել տներում, ինչը, սպասվածի պես, հանգեցրել է ավտոմեքենաների շուկայի անկման։

Անցած ամիսը ռեկորդային էր Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքի՝ Շանհայի ավտոմոբիլային շուկայի համար: Խոսքը հակառեկորդի մասին է՝ մեկ ամսվա ընթացքում 26 միլիոնանոց մեգապոլիսում մեքենաների վաճառքը զրոյական է եղել, հայտնում է Bloomberg-ը։ Դրա պատճառը կոշտ արգելափակումն է, որը հետևել է կորոնավիրուսի նոր բռնկմանը՝ դառնալով ամենամեծը 2019 թվականի վերջին Ուհանում COVID-19-ի հայտնաբերումից ի վեր։

Շանհայի բնակիչներին արգելվել է առանց հիմնավոր պատճառի լքել իրենց տները, իսկ քաղաքի գրեթե բոլոր դիլերական կենտրոնները փակվել են, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Շանհայի ավտոմոբիլների վաճառքի ասոցիացիան, որը ներկայացնում է շուկայում առկա մոտ 300 ապրանքանիշ։

Անցյալ տարվա ապրիլին Շանհայում վաճառվել է 26311 ավտոմեքենա։ Ինչ վերաբերում է ամբողջ Չինաստանին, ապա անկումը նույնպես ռեկորդային է վերջին երկու տարվա ընթացքում. վաճառքները նվազել են գրեթե 36 տոկոսով՝ մինչև 1,06 միլիոն ավտոմեքենա, ըստ Չինաստանի ուղևորատար ավտոմեքենաների ասոցիացիայի:

Հաղորդվում է, որ Շանհայում արդեն գրեթե երեք օր է, ինչ կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել․ հենց այդքան ժամանակ է պահանջվում վեց շաբաթ շարունակվող արգելափակումները թուլացնելու համար։

Ռուսաստանի ավտոշուկան նույնպես կտրուկ անկում է ապրել ապրիլին՝ 2021 թվականի նույն ամսվա համեմատ վաճառքները նվազել են 4,6 անգամ։ Ընդ որում, գրեթե կրկնապատկվել է Tesla էլեկտրամոբիլների պահանջարկը, որոնք պաշտոնապես երկիր չէին մատակարարվում նույնիսկ պատժամիջոցների սահմանումից առաջ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա