Logo

Մեր Նարեկացու նման՝ նրանց Թագորը․․․

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
10:00 / 07.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Ես խնդրեցի ծառին. «Պատմի՛ր ինձ Աստծո մասին»։ Եվ այն ծաղկեց»:
Ռաբինդրանաթ Թագոր

1861 թվականի մայիսի 7-ին Կալկաթայում՝ ազնվականի ընտանիքում, ծնվել է Ռաբինդրանաթ Թագորը՝ տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, նկարիչ, կոմպոզիտոր, դրամատուրգ, փիլիսոփա, արվեստագետ, հասարակական գործիչ, Բենգալի գրական լեզվի հիմնադիր։

Ռաբի մականվամբ Թագորն ընտանիքի 13 երեխաներից ամենակրտսերն էր։ Թագորի մայրը մահացել էր, երբ նա դեռ փոքր երեխա էր, իսկ հայրը ճանապարհորդում էր, նրան հիմնականում դաստիարակել են ընտանիքի ծառաները։

Դեռ փոքր տարիքից Թագորին ուշիմության, ընդունակությունների համար անվանել են Մահարշի, այսինքն՝ իմաստուն։

Նա բազմաթիվ խոհափիլիսոփայական երկերի հեղինակ է։ Մասնագետները Թագորին երբեմն համեմատում են մեր Նարեկացու հետ, քանի որ նրա ստեղծագործություններում նույնպես գերակշռում են մարդ-Աստված հարաբերություններն ու աղոթքները։

«Գիթանջալի» արձակ բանաստեղծությունների համար 1913 թվականին Թագորն արժանացել է Նոբելյան մրցանակի և դարձել 13-րդ Նոբելյան դափնեկիր գրականության ասպարեզում, իսկ մրցանակի մասին իմացել է 1913թ. նոյեմբերի 13-ին։ Մրցանակի դրամական մասը Թագորը տրամադրել է հինգ ուսուցիչներով իր հիմնած դպրոցի զարգացմանն ու կատարելագործմանը, որի հիմքի վրա ստեղծվել է անվճար համալսարան։

Հնդկական թերակղզու սահմաններից դուրս քչերը գիտեին բենգալ ժողովրդի նույնիսկ անունը, որը հայտնի եղավ աշխարհին՝ շնորհիվ Ռաբինդրանաթ Թագորի, որի ստեղծագործություններն ամենաշատ թարգմանվողներից են աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով։ Մահացել է 1941 թվականի օգոստոսի 7-ին։

* * *

Ահա իմ խնդրանքը քեզ, Տե՛ր, ավերի՛ր,
Հիմնահատակ ավերի՛ր աղքատությունն իմ սրտի,
Տո՛ւր ինձ ուժ` իմ ուրախությունն ու վիշտը տանելու համար,
Տո՛ւր ինձ ուժ` իմ սերը արգասաբեր դարձնելու համար,
Տո՛ւր ինձ ուժ` աղքատներին երբեք չմերժելու համար,
Տո՛ւր ինձ ուժ` ամբարտավան ուժերի առջև ծնկի չգալու համար,
Տո՛ւր ինձ ուժ` օրվա անցուդարձի մեջ հոգիս բարձր պահելու համար,
Եվ ինձ ո՛ւժ տուր` քո կամքին ամենայն սիրով ենթարկվելու համար…
Ես եկա քո ափ որպես օտարական, ես ապրեցի քո տան մեջ որպես հյուր, ես թողնում եմ քեզ որպես ընկեր, օ՛, Երկիր իմ…

* * *

Դու ժպտացիր և խոսեցիր ինձ հետ, հենց այնպես, ոչ մի բանի մասին:
Բայց ես հասկացա, որ այդ պահին էի ես այդքան երկար սպասել…

* * *

Մարդը գնում է դեպի ամբոխի աղմուկը, որպեսզի խեղդի իր մեջ սեփական լռության լացը…

* * *

Ես չեմ կանչում քեզ իմ տուն:
Մտիր իմ անսահման մենակություն մեջ, Սեր իմ…

* * *

Աստված ուզում է տաճարն իր տեսնել
կառուցված սիրուց ու կարեկցանքից,
Իսկ մարդիկ, ահա, խոնարհվում Աստծուն,
քարով են շարում պատերը վանքի:

* * *

Թե ինքդ քեզանից մի գլուխ բարձրանաս,
Խոնարհիր գլուխդ քո առաջ, որ ուրիշ չդառնաս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա