Logo

Մեր տղերքի սիրած երգերը. Պատմում է Գուսան Հայկազունը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 30.10.2020Հարցազրույցներ
txeqq min - Մեր տղերքի սիրած երգերը. Պատմում է Գուսան Հայկազունը

Հայ գուսան, երգահան, երգերի հեղինակ, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունը նաև  Արցախյան պատերազմի մասնակից է. նրա ոգեկոչող երգերից շատերը գրվել են հենց մարտի դաշտում:

Մեզ հետ զրույցում Գուսան Հայկազունը պատմել է իր երեք՝ «Հայեր, միացեք», «Գետաշեն» և «Հպարտ գնացեք» երգերի պատմությունները…

«Հայեր, միացեք»

«Հայեր, միացեք» երգը գրվեց հենց Արցախյան շարժման՝ 1988 թվականի առաջին օրերին: Բոլոր մարզերում, գյուղերում արդեն ստեղծվում էին «Ղարաբաղ» կոմիտեներ և մենք էլ՝ մի քանի ընկերներով հիմնեցինք այդպիսին Արտաշատում: Ամեն օր կազմակերպում էինք միտինգներ ու մասնակցում դրանց. այդ օրերին ամբողջ հայությունը երկու բառ էր վանկարկում՝ «Հայեր, միացեք». հենց այդ վանկարկումն էլ ինձ մոտ առաջացրեց երգ գրելու ցանկություն: Մինչ այդ՝ պատանեկան տարիներին հեղինակում էի երգեր, բայց դրանից հետո սկսել էի աշխատել որպես շինարար, ինժիներ ու մոռացել էի, թե ինչ բան էի երգը, անգամ նոտաներն էի մոռացել… Ու ահա Արցախյան շարժման առաջին օրերին ծնվեց «Հայեր, միացեք» վանկարկումը երգ դարձնելու ցանկությունը: Երգը գրեցի շատ արագ՝ ընդամենը տաս օրվա ընթացքում, առաջին անգամ այն կատարեցինք մայիսի 16-ին, Օպերայի հրապարակում: Հետո հազարավոր օրինակներով տպագրեցինք ու բաժանեցինք ժողովրդին, անգամ, օրեր շարունակ՝ նստացույցերի ժամանակ ուսանողներին սովորեցնում էինք երգը… «Հայեր, միացեք»-ը շատ արագ տարածվեց ու դարձավ համազգային միասնության կոչ:

«Հպարտ գնացեք»

1992 թվականի ամռանը Արցախում հուսահատ իրադրություն էր. թուրքերն արդեն գրեթե հասել էին Գանձասար: Կանոնավոր բանակը դեռևս նոր էր ձևավորվում, հիմնականում կռիվ էին տալիս կամավորական ջոկատները՝ «Երկրապահներն» ու այլք: Խուճապ էր՝ թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում: Ջոկատների մի մասը զենքը ցած էր դնում ու հետ գալիս: Թշնամին ամեն օր առաջանում էր դեպի Ստեփանակերտ… Պատերազմում նման պահեր լինում են, երբ մի փոքրիկ պարտությունից հանկարծ մարտական ոգին ընկնում է: Հենց այդ օրերին կարիք կար, որպեսզի այդ խուճապային տրամադրությունը հաղթահարվեր, փոխվեր, ուստի պետք էր մի երգ, որը կոգևորեր և՛ ռազմաճակատում կռվողներին, և՛ թիկունքը պահողներին: Այդ օրերին էլ գրեցի «Հպարտ գնացեք» երգը… երգի ստեղծման ամսաթիվը զուգադիպեց Դուշման Վարդանի մահվան հետ, այդուհանդերձ, երգը նվիրեցի հենց նրա հիշատակին: Երգն անմիջապես ձայնագրեցինք՝  Սահակ Գալոյանի գլխավորած «Զորավար Անդրանիկ» երգչախմբի կատարմամբ ու հարյուրավոր օրինակներ ուղարկեցինք ռազմաճակատ. դա իր շատ դրական նշանակությունն ունեցավ՝ պայքարի ոգու վերականգնման մեջ:

«Գետաշեն»

Երգը ծնվեց այն օրերին, երբ մեր՝ Արտաշատի «Երկրապահ» կամավորական ջոկատը՝ բաղկացած շուրջ 20-25 հոգուց, պիտի ուղղաթիռով մեկներ Գետաշենը պաշտպանելու: Հրամանատարն ինձ իջեցրեց ուղղաթիռից, թույլ չտվեց, որ մեկնեմ, ասաց՝ «ավելի լավ է դու մնա ու Գետաշենի մասին մի երգ գրիր. թե չէ՝ կարող է մեկնես ու մի կույր գնդակ էլ քեզ կպչի»… Ճիշտ է՝ ես նեղվեցի, վատ զգացի ինձ, բայց, նաև մարտական ընկերներիս դրդմամբ, իջա ուղղաթիռից: Հաջորդող երեք-չորս օրերի ընթացքում ծնվեց «Գետաշեն»-ը, որն արդեն 31 տարի է՝ չի դադարում հնչել: 4 օր անց՝ հաջորդ ուղղաթիռով երգը հասցրեցի Գետաշենում կռվող մեր տղաներին. արդյունքում, առաջինը հենց մեր ջոկատը կատարեց «Գետաշեն» երգը՝ Գետաշենի լեռներում…

Գուսան Հայկազունը խոստովանում է, որ այս օրերին ևս շատ է ուրախանում, երբ տեսնում է, թե ինչպես են իր հեղինակած երգերը հնչում զինվորների շուրթերից, նաև խոստանում է նոր երգեր ներկայացնել՝ պատերազմի հաղթական ավարտից հետո: Մեզ հետ զրույցում Գուսան Հայկազունը նաև կոչ արեց ամուր պահել թիրկունքը՝ հետևելով համաճարակային կանոններին, քանի որ ինքը, ցավոք, վարակվել է կորոնավիրուսով: 

Առողջություն ենք մաղթում Գուսան Հայկազունին և շնորհակալություն հայտնում՝ այդչափ ոգեկոչող երգերի համար…

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա