Logo

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Զրույց Մարիաննա Քաբաբյանի հետ

Հեղինակ
Դինա Սամվելյան
19:00 / 05.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Պարտադրված և կարծրացած չափանիշերը շեղում են մեզ մեր իրական ուղուց, բաց ենք թողնում ամենակարևորը՝ ով ենք մենք, ինչ ենք ցանկանում և ուր ենք գնում: Եվ ամեն անգամ, խոսելով «գեղեցկուհիների և հաջողակների» մասին, մենք վստահ ենք, որ բարդույթներն ու խնդիրները նրանց չեն վերաբերում։

 «Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք» շարքում հաջողակ կանայք պատմում են իրենց բարդույթների մասին, սովորեցնում՝ ինչպես հաշտ լինել դրանց հետ՝ ընդունելով սեփական թերությունները։ Այս անգամ մեզ հետ անկեղծացել է հայկական իրականության առաջին բլոգեր, MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյանը: 

-Ի՞նչ է գեղեցկությունը Ձեզ համար:

-Գեղեցկությունը 50 տոկոսով ներքին հատկանիշ է, 50 տոկոսով՝ արտաքին: Մեկը մյուսին միշտ կոմպենսացնում է, ինչպես նաև, իհարկե, հնարավոր են դեպքեր, երբ այդ երկուսը կարող են խանգարել միմյանց: Այսինքն` լինելով ներքուստ շատ դատարկ  ու տգեղ՝ հնարավոր չէ արտաքին գեղեցկությամբ երկար ժամանակ տպավորություն թողնել ու գրավել մարդկանց: Մեկն առանց մյուսի հնարավոր չէ: Բայց նաև շատ օրինակներ գիտեմ, երբ ներքին գեղեցկությունը միանգամից փոխում է ընկալումը մարդու մասին, ամեն դեպքում` գոնե ինձ մոտ: 

Ես էսթետ եմ, սիրում եմ գեղեցիկն ու գեղեցիկ մարդկանց, ի դեպ՝ անկախ սեռից: Երբ գեղեցիկ կնոջ եմ նկատում, անպայման շեշտում եմ, քանզի աշխարհում գեղեցիկն իրականում շատ չէ: Հետևաբար, նկատել ու արձանագրել, անշուշտ, պետք է: 

-Ո՞ր չափանիշերն եք կարևորում մարդու մեջ: Որո՞նք են ներքին գեղեցկության Ձեզ համար կարևոր որակներն ու հատկանիշները:

-Կառանձնացնեմ 3 հատկանիշ՝ 

  • Բարություն
  • Պարզություն
  • Անշահախնդիր լինելը: Երբ դիմացինին ձեռք ես մեկնում անշահախնդրորեն՝ առանց որևէ փոխադարձ բան ակնկալելու: 

-21-րդ դարի գեղեցկության չափանիշերն օգնո՞ւմ, թե՞ խանգարում են: Կարողանո՞ւմ եք զոհ չդառնալ այդ չափանիշերին, եթե այո, ապա ինչպես:

-Ես մերժում եմ էսթետիկ բժշկության ոլորտի մասնագետների՝ այս կամ այն պրոցեդուրան կամ փոքրիկ շտկումներ իրականացնելու ինձ ուղղված առաջարկները: Գիտակցելով իմ բոլոր թերությունները՝ ես ինձ տգեղ չեմ համարում. այսօր, նախկինում, ապագայում և միշտ ամենագեղեցիկն աութենտիկ, եզակի և յուրօրինակ լինելն է, իսկ այդպիսին ենք մենք բոլորս ի ծնե: Մենք շատ ավելի գեղեցիկ ենք, երբ չենք փորձում նմանվել այլոց: Մեծ հույս ունեմ, որ 21-րդ դարի միտումների ու կաղապարների զոհը դարձած միլիոնավոր մարդիկ մի գեղեցիկ օր կունենան այս գիտակցությունը՝ լինել յուրովի, ոչ թե բոլորի նման: 

-Կարծրատիպեր կոտրելը Ձեզ մոտ բավականին լավ է ստացվում, դժվար գործընթաց չէ՞ արդյոք, միգուցե նաև՝ անշնորհակալ:

-Կարծրատիպեր կոտրելու պրոցեսն իսկապես բավականին երկար է: Այդ ընթացքում ես ստեղծում եմ ինքս ինձ ու ինձ շրջապատող իրականությունը՝ փորձելով փոխել իմ շուրջը գտնվող մարդկանց, որովհետև նույնիսկ ամենամտերիմներիս մոտ նկատում եմ կարծրացած մտքեր, որոնք խանգարում են ապրելուն և երջանիկ լինելուն: Իսկ ի՞նչ կարող է անել մարդն առաջին հերթին. իհարկե, աշխատել ինքն իր վրա, և ես հենց այդպես էլ անում եմ, աշխատում եմ գտնել մտքերիս և վախերիս պատճառահետևանքային կապը և հաղթահարման լուծումներ փնտրում: 

-Շեշտեցիք, որ փորձում եք փոխել Ձեր շուրջը գտնվող մարդկանց: Բայց արդյոք այլոց փոխելու և ճիշտ ուղու վրա դնելու կարիքը չի՞ անհետանում տարիքի, փորձի ու գիտակցման որոշակի մակարդակի հասնելիս: Ավելի ճիշտ չէ՞ գտնել այնպիսի մարդկանց, որոնց աշխարհայացքն ավելի մոտ է ձերինին՝ մարդկանց փոխելու դժվարին առաքելության փոխարեն:

-Ես չեմ փոխում մարդկանց ինձ հարմարեցնելու նպատակով: Իմ առաքելությունն եմ համարում բացելու ինձ հարազատ մարդկանց աչքերը որոշակի հարցերի շուրջ. միգուցե այդ մարդիկ դանդաղ տրանսֆորմացիան ու մետամորֆոզը չեն անցնում այնպես, ինչպես ես, հետևաբար, ինձ համար կարևոր է, որ մարդիկ լինեն երջանիկ, որովհետև ես ինքս էլ այդպես եմ գտել իմ երջանկությունը:

-Այսօրվա Մարիաննա Քաբաբյանն ունի՞ բարդույթներ:

-Ինձ թվում է` ես այլևս չունեմ որևէ բարդույթ (ժպտում է): Ժամանակին դրանք անթիվ էին՝ սկսած արտաքինից մինչև ապրելակերպ. դե, այդպիսինն էր հետսովետական ընտանիքում մեծացած յուրաքանչյուր երեխայի կյանքը: Այլընտրանք չի եղել պարզապես: Ես ուղղակի մանկուց սիրել եմ լինել տարբերվող, ոչ բոլորի նման: Տարիքի հետ ես ոչ թե փոխվում ու դառնում եմ այլ Մաշա, այլ վերադառնում եմ այն փոքրիկ Մաշային, որին փորձել են տեղավորել շրջանակների մեջ: Հենց այդ պատճառով էլ ինձ մոտ այդ տրանսֆորմացիան մաքսիմալ բնական է ստացվում՝ առանց որևէ կեղծ արժեք ինձ վերագրելու և մարդկանց դուր գալու:

-Ձեր բոլոր հարցազրույցներում դուք բազմիցս շեշտում եք Ձեր արտաքին տեսքի ոչ կատարյալ լինելու փաստը՝ շեշտելով, որ, միևնույնն է, հաշտ եք դրա հետ: Ինչպե՞ս է պատահել, որ Դուք՝ բարձրահասակ, նրբաճաշակ ու գեղեցիկ լինելով հանդերձ, նման կարծիք ունեք Ձեր արտաքինի վերաբերյալ:

-Փոքր ժամանակ նման չէի այլ երեխաների, կարծես «гадкий утёнок» լինեի: Այնպես չի, որ մտածել եմ` իմ արտաքինը վատն է ուրիշներից, բայց ինձ գեղեցկուհի չեմ համարել երբեք: Հավանել եմ արտացոլանքս հայելու մեջ և ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Դա, հավանաբար, նրանից է, որ յուրաքանչյուր աղջիկ սիրո առաջին ալիքը հակառակ սեռից ստանում է իր հորից: Ես այդ սերը զգացել եմ իմ ամբողջ էությամբ, հենց այդ սերն է իմ այսօրվա վստահությունը ներարկել ինձ:

Պապաս ինձ հարցնում էր՝ «ո՞վ ա աշխարհի ամենասիրունը», ու ես պատասխանում էի՝ «ե'ս»: Հիմա նույնը հարցնում եմ տղաներիս, իրենք էլ իրենց հերթին ասում են՝ «ե'ս»: Սա փոքր օրինակ է, թե ինչպես ենք մենք որդեգրում մեր ծնողի վերաբերմունքը մեր հանդեպ ու փոխանցում մեր երեխաներին: 

-Անցյալ տարին Ձեզ համար ամենառիսկայինն էր. ինչպիսի՞ն էր սեփական անձի բացահայտման ճանապարհը: 

-Ես մշտապես ինքնավերլուծությամբ եմ զբաղվում, անդադար վերլուծում եմ ինձ, միտքս, արարքներս, ինչ եմ զգում և ինչու: Երկար, գրեթե երկու տարվա մտորումների արդյունքում կայացրի կյանքիս կարևորագույն որոշումներից մեկը՝ հասկանալու համար որտեղ եմ և ուր եմ գնում: Շատերը կարող են չհասկանալ ինձ, մանավանդ ՝ կարծրատիպերով լեցուն Հայաստանում, սակայն հասկացա, որ ամուսնական ինստիտուտն ինձ համար չէ: Ես երջանիկ չեմ այդ ինստիտուտի շրջանակներում: Վստահորեն կարող եմ ասել՝ ամուսնական ինստիտուտը վաղուց սպառել է իրեն, դա ոչ միայն իմ օրինակում եմ նկատում, այլ շատ-շատերի: Սովետական ընտանիքի՝ «Семья как ячейка общества» արտահայտությունը սպառվել է մաքսիմալ բոլոր ձևերով: Ընտանիքի այն մոդելը, որն ունենք Հայաստանում այսօր, մարդուն՝ անհատին չի տալիս երջանկություն, ինքնաբավություն, առողջ հարաբերություններ, նույնը չի տալիս նաև երեխաներին:

Բնավ, սա չի վերաբերում բոլոր ընտանիքներին, բայց մեծամասնությանը՝ հաստատ: Մեզ ասել են, որ դա է միակ ճիշտը, մենք էլ այդպես դարեդար շարունակում ենք ապրել: Իհարկե, այստեղ ևս գործ ունենք կարծրատիպերի հետ: 

Շատերը չեն ընկալել ու մինչ օրս էլ չեն ընկալում ինձ, բայց չեմ դադարելու խոսել այս թեմայի շուրջ, քանզի օրական տասնյակ արձագանքներ եմ ստանում կանանցից, որոնք նույնպես նույն կարծիքին են: 
Մարդիկ տարիներով սպանում են վատ էմոցիաներն իրենց հոգում, չեն արձագանքում իրենց սրտին և ցանկություններին՝ բացատրելով, որ դիմանում են հանուն ընտանիքի և երեխաների: Սա էգոիզմի լավագույն դրսևորումն է: Փորձել փոխել իրավիճակն ու ավելի լավին ձգտելը շատ ավելի դժվար է տրվում, քան «դիմանալը», բայց մարդիկ հակված են հեշտ ընտրություններին:

-Հաճա՞խ եք ձախողումներ ունենում, ինչպե՞ս եք վերգտնում Ձեզ դրանցից հետո:

-Քանի որ հայտնի մարդիկ սոցցանցերում մեծամասամբ ներկայացնում են իրենց աշխատանքի վերջնական արդյունքը, մարդկանց թվում է, որ հայտնիներն ու իրենց ոլորտում հաջողություն գրանցածները ձախողումներ չեն ունենում, նրանք միշտ հաջողում են: Մարդիկ չեն տեսնում, թե որքան ես ընկնում, սայթաքում, մերժվում ու «խաբվում» այդ արդյունքին հասնելու ճանապարհին: Հետևաբար, պետք է խոսել նաև ձախողումներից: Մեր հետևորդները պետք է իմանան, որ ոչինչ այս կյանքում հեշտ չի տրվում:  

-Եվ, վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք կանանց:

-Իրականում խորհուրդ չեմ տա անդադար փորփրել, երբ իսկապես երջանիկ ես: Ես ոչ ոքի ոչինչ չեմ ստիպում, իմ ապրելակերպն ու ճիշտը չեմ հրամցնում, ուղղակի ցանկանում եմ կիսվել, որ տեսեք, այսպես ևս հնարավոր է: Սակայն, ամեն դեպքում, խորհուրդ եմ տալիս զբաղվել ինքնավերլուծությամբ: Այն մենթալ առողջ մնալու և իրականությունից չկտրվելու լավագույն տարբերակներից է:

Նայե՛ք ձեր սահմաններից դուրս, մտածե՛ք ձեր սահմաններից դուրս (out of box ասվածը)Մի՛ զբաղվեք ինքնախաբեությամբ, եղե՛ք օբյեկտիվ սեփական անձի ցանկությունների և որոշումների նկատմամբ, մի՛ վախեցեք թերություններից, դրանք բարձրաձայնելուց: Թերություններ ասելով նկատի չունեմ արտաքինին վերաբերողները, քանզի դրանք իսկապես առաջնային չեն, գոնե ինձ համար. ես հաշտ եմ իմ արտաքին թերությունների հետ: 

Չկա մի կետ, որտեղ պետք է կանգ առնենք ու ասենք՝ այ հիմա ես իմ լավագույն վիճակում եմ: Ինչպես ասում են ռուսները՝ քո առաստաղն ինչ-որ մեկի հատակն է: 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա