Logo

Հայտնի կոմոդը, հոգու ընկեր տիկնիկ խամաճիկն ու հնդկական համրիչը․ Մհեր Մկրտչյանի իրերն ու դրանց պատմությունները

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:29 / 04.07.2022Կինո
null

«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»,- ասում էր հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանը: 

Այսօր Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան...

Արտիստը ծնվել է 1930 թվականին Գյումրիում: Հայրը՝ Մուշեղը, Մուշից էր, իսկ մայրը՝ Սանամը, Վանից:
Մհերը շատ դժվարին և տխուր մանկություն է ունեցել: Նա չհասցրեց մանկություն ունենալ, խաղալիք ունենալ և պարզապես երեխա լինել: Տարիներ անց դերասանը հիշում է, որ իր մանկության երազանքը հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցավ:

Դեռևս փոքր հասակում սկսում է աշխատել Լենինականի տեքստիլ կոմբինատում: Պատերազմի տարիներին կինոմեխանիկի աշակերտ էր և օր ու գիշեր փակվում էր կոմբինատի կինոխցիկում: Հենց նրա կինոմեխանիկն էլ մի օր նրա ձեռքը բռնեց և տարավ ինքնագործ խմբի բեմ, որտեղ նա առաջին անգամ ծիծաղեցրեց հանդիսատեսին: Այդտեղից սկսվեց նրա թատերական կյանքը:

«Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա: Ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ և երազում: Մայրս իր չորս որբերին հազիվ էր կերակրում, էլ ուր մնաց թե հեծանիվ գներ ինձ համար»

Տարիներ անց, երբ արդեն հայտնի դերասան էր, գործուղումից վերադառնալիս որդու համար ամեն անգամ տարբեր, մեծ ու փոքր հեծանիվներ էր բերում: Եվ երբ որդին շատ արագ հոգնում էր հեծանիվներից և բակ վազում, նա մնում էր լքված. նա և իր հեծանիվները․․․

Ֆրունզիկի իրերը և դրանց պատմությունները

Գաղտնիքների պահապան «Տիկնիկ խամաճիկ»

Մհեր Մկրտչյանի անձնական իրերի շարքում իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում տիկնիկ խամաճիկը: Մհերի համար այդ տիկնիկը հոգու ընկեր էր և նրա երկրորդ կեսը, ում Մհերը վստահում էր իր հոգու ամենանուրբ գաղտնիքները: Խոսելով տիկնիկի հետ՝ Մհերը բաց էր թողնում իր բացասական էներգիան և հանգստանում:
2007թ.-ին Մհեր Մկրտչյանի թոռնուհին` Իրեն Տերտերյանը, գալով Հայաստան, այս տիկնիկը նվիրեց թանգարանին. «Երանի այս տիկնիկը խոսել իմանար, ինչեր ասես չէր պատմի իմ պապիկի մասին...»:

Փղեր

Մհերի իրերի շարքում առանձնանում է նաև նրա փղերի հավաքածուն: Դերասանը շատ էր սիրում փղերին, քանի որ նրանց կնճիթը նմանեցնում էր իր քթին: Նա երբեք չի ամաչել իր մեծ քթի համար: Նա կատակում էր, որ իրեն մանկուց անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իր քիթը այդքան մեծ, այլ թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր:
Մհեր Մկրտչյանը իր փիլիսոփայական մտքերում հետաքրքիր արտահայտություն  ունի փղերի մասին.  «Յուրաքանչյուր ընտանիք պիտի յոթ  փղիկներ ունենա, փղիկները ընտանեկան երջանկության պահապանն են...»:

Բանալիներ

Մհերը ոչ միայն փղերի հավաքածուների երկրպագու էր, այլ, որքան էլ տարօրինակ հնչի, նաև բանալիների հավաքածուների: Նրա հավաքածուում կարող եք գտնել տարբեր տեսակի և վայրերի բանալիներ: Նա երբեք չէր վերադարձնում հյուրանոցների բանալիները:

Հոգեբանները գտնում են, որ բանալի սիրող մարդիկ օժտված են յուրօրինակ հոգեբանությամբ և որ նրանք ունեն իրենց ուրույն հաջողության բանալին տիեզերքում՝ համարվելով ժամանակի հավերժ  ճամփորդ: Եվ իրոք, հավատալի է, քանի որ տարիներ են անցել Մհերի մահից, բայց թվում է, թե Մհերը հավերժ ճամփորդում է ժամանակի և տարածության մեջ:

Բնության քանդակ

50-ականների վերջերին Տայգայի փայտահատները ծառերը հատելու ժամանակ պատահաբար նկատել են, որ ծառի ճյուղերի արանքում կա մի գեղեցիկ, հետաքրքիր քանդակ: Նրանցից մեկը բացականչել է.«Սա հայ հանրաճանաչ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի կերպարն է»: Հետագայում փայտյա քանդակը լաքապատել և ուղարկել են Հայաստան` Մհեր Մկրտչյանի մտերիմ ընկերոջը` Էդվարդ Պողոսյանին: Վերջերս Էդվարդ Պողոսյանը սիրով այն նվիրեց թանգարանին:

Հնդկական համրիչ

Հնդիկ ժողովուրդը, շատ սիրելով Մհերին, նվիրել է այս հետաքրքիր իրը, այն իրենից աղոթք է ներկայացնում: Երեսունհինգ գնդիկներից բաղկացած այս աղոթքը տիեզերական իմաստ ունի...
Համաձայն հնդկական հավատքի՝  35 անգամ աղոթելուց հետո հոգևոր և ֆիզիկական դաշտերը հավասարվում են, և մարդը կարողանում է հոգին ձուլել տիեզերքի շերտերին: Ահա այս միտքն է նրա համրիչի խորհուրդը:

Կոմոդ

Մհեր Մկրտչյանի թանգարանում կգտնեք նաև հանրահայտ  «Մեր մանկության տանգոն» ֆիլմի կոմոդը, որի ձեռքը Ռուբենը կրակն էր ընկել և անընդհատ տեղափոխում էր մի կնոջ մոտից մյուսի տուն: Չունենալով այլ ճար՝ Ռուբենը վերջիվերջո գնացքի տակ է գցում կոմոդը՝ այդ կերպ ազատվելով իր վրա նստած այդ ծանր բեռից:

Ամեն ինչ սկսվել էր հենց այսպես...

1959-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչ այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքին։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։

1978 թվականին Մկրտչյանն արժանացավ ԽՍՀՄ, իսկ 1979 թվականին ՀԽՍՀ Պետական մրցանակների: 2001թվականին հետմահու պարգևատրվեց ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Մահացել է 1993թ. դեկտեմբերի 29-ին Երևանում:

 

Նյութի աղբյուրը՝ frunzikmuseum.com 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա