Logo

ՄՀՀ-ում տեղադրված նոր բարձրակարգ մանրահատակը ոգևորել է խաղային մարզաձևերի ներկայացուցիչներին

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:44 / 14.06.2022ՍՊՈՐՏ
ՄՀՀ-2022

Հայաստանի կառավարության աջակցությամբ ձեռք է բերվել և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրվել է գերմանական արտադրության մարզական մանրահատակ, ինչի շնորհիվ մեր երկիրը կարող է ընդունել խաղային մարզաձևերի կարևոր հանդիպումներ և նշանակալի մրցումներ։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ ՄՀՀ-ի և ֆուտբոլի, բասկետբոլի ու վոլեյբոլի ֆեդերացիաների միջև արդեն իսկ համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է, որ մանրահատակի և երկու ցուցատախտակի գնման գործընթացը տևել է 8-10 ամիս։ «Կարողացանք ձեռք բերել ամենաբարձր չափանիշներին համապատասխանող հատակ, որի վրա կարելի է նույնիսկ աշխարհի առաջնություններ անցկացնել»,- հայտնել է փոխնախարարը՝ ընդգծելով աշխատանքների կազմակերպման գործում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դերկաատարությունը:

Նոր մանրահատակն առաջինը փորձարկելու են Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները, որոնք հունիսի 23-26-ը Երևանում կազմակերպվելիք SADA CUP միջազգային մրցաշարի շրջանակում այդ ծածկույթի վրա են մրցելու Իրանի, Սիրիայի և ԱՄՆ թիմերի հետ։ ՀԲՖ նախագահության կազմի անդամ Վահագն Հարությունյանն իսկական շքեղություն է համարում նոր մանրահատակը։

Այսուհետ տնային հանդիպումները ՄՀՀ-ում կանցկացնի նաև ֆուտզալի Հայաստանի հավաքականը: Նշվում է, որ նոր ծածկույթի շնորհիվ այստեղ կարելի է մինչև իսկ այդ մարզաձևի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղեր անցկացնել։ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը նշել է, որ մինչև այժմ միջազգային կառույցները թույլ չէին տալիս Երևանում նման կարգի հանդիպումներ անցկացնել, իսկ հիմա խնդիրն ամբողջությամբ լուծված է։ Ակնկալվում է, որ վերջնական գնահատականը կտան ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները, որոնց նախատեսվում է հրավիրել Հայաստան։

2025 թվականին ՄՀՀ-ում է նախատեսվում անցկացնել նաև մինչև 17 տարեկան վոլեյբոլիստների Եվրոպայի առաջնությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա