Logo
ՍՊՈՐՏ / Նկարիչներ
Հեղինակ

Դինա Սամվելյան

18:00 / 16.06.2022Նկարիչներ
Էնդի Ուորհոլի

Մի նկարի պատմություն. ինչպես սովորական ապուրի տարան հայտնի դարձրեց Էնդի Ուորհոլին

1962 թվականի հուլիսի 9-ին քիչ հայտնի նկարիչ Էնդի Ուորհոլը փոքրիկ ցուցահանդես բացեց Լոս Անջելեսի Ferus պատկերասրահում: Ցուցահանդեսի թեման փոքր-ինչ շփոթեցնող էր. շուրջբոլորն ապուրի տարա էր: 32 նկարներից յուրաքանչյուրը պատկերում էր «Campbell» ընկերության ապուրների տարբեր համեր և բույրեր՝ լոլիկից մինչև պղպեղ և նեխուրի կրեմ: 

Ուորհոլի համար, որն այն ժամանակ 34 տարեկան էր, սա գեղանկարչության առաջին անհատական ​​ցուցահանդեսն էր։ Մոտ մեկ տասնամյակ նա առաջատար կոմերցիոն արվեստագետ էր՝ աշխատելով բիզնես կայսրությունների հետ՝ Tiffany & Co., «Dior»:

Էնդին որոշել էր դառնալ «իսկական» նկարիչ, որն ընդունված կլիներ ճանաչված թանգարանների և քննադատների շրջանում: 

Ինչո՞ւ հենց ապուր

Էնդի Ուորհոլի-1

Փոփ-արտը գլխիվայր շրջեց ավանդական արվեստը: Դիմանկարների, բնապատկերների կամ այլ առարկաների փոխարեն, որոնք փորձագետներն «արվեստ» էին համարում, Ուորհոլը պատկերներ էր վերցնում գովազդներից, կոմիքսներից և ժողովրդական մշակույթի այլ տարրերից: Նա օգտագործում էր հումոր և հեգնանք՝ մեկնաբանելու, թե ինչպես են զանգվածային արտադրությունն ու սպառողականությունը գերիշխում ամերիկյան (և ոչ միայն) կյանքում և մշակույթում:

1950-ականների աբստրակտ արվեստագետները, որոնցից է Ջեքսոն Պոլլոքը, կարող էին իրենց հետքը թողնել՝ որպես ինդիվիդուալիստ ստեղծագործական հանճարներ: 1960-ականների արվեստագետները հակառակ մոտեցումն էին ցուցաբերում. Նրանք փորձում էին հարթել կամ վերացնել սեփական գեղարվեստական ​​գործընթացների բոլոր հետքերը, օրինակ՝ վրձնի հարվածները, հետքերը: Նրանք միշտ փորձում էին այնպես անել, որ իրենց աշխատանքը թվա մեխանիկական,կամ գոնե՝ որպես զանգվածային արտադրության առարկա:

«Campbell-ի ապուրի տարան» պատկերելու համար Ուորհոլն ապուրի տարայի պատկերը նախագծել է դատարկ կտավի վրա, նկարել ուրվագիծն ու մանրամասները, այնուհետև զգուշորեն լրացրել այն՝ օգտագործելով վրձիններ և ներկեր: Միատարրության համար օգտագործել է ձեռքի դրոշմակնիք՝ յուրաքանչյուր պիտակի ներքևի եզրին հերալդիկ ձևավորում նկարելու համար, բայց միշտ չէ, որ դա ճիշտ էր ստացվում: «Տոմատի ապուր» նկարի փոքր դետալները՝ կարմիրի փոքրիկ բծերը, անհավասար դրոշմը, մատնում էին՝  նկարները ձեռքով էին ստեղծվել;

Էնդի Ուորհոլի-2

Կա մեկ ընդհանուր հատկանիշ, որը միավորում է բոլոր 32 նկարները. Յուրաքանչյուր տարայի պիտակի կենտրոնում բարդ մեդալիոն մանրամասն նկարելու փոխարեն (ներկայացնելով «որակի ոսկե մեդալը», որը «Campbell»-ի ապուրը շահել է Փարիզի ցուցահանդեսում,1900 թվականին) Ուորհոլն այն փոխարինեց հասարակ ոսկե շրջանակով։

Գրաֆիկական էֆեկտը և նոստալգիայի մթնոլորտը կարող էին լինել այն երկու պատճառները, թե ինչու Ուորհոլն ընտրեց «Campbell»-ի արտադրանքի շարքը՝ որպես իր փոփ խորհրդանիշ: Լեյբլի դասական դիզայնը քիչ է փոխվել 20-րդ դարի սկզբին իր դեբյուտից ի վեր: Այն ներառում էր տնական «Campbell» տառատեսակը, որն, ընկերության արխիվագետի խոսքերով, շատ նման է հիմնադիր Ջոզեֆ Քեմփբելի ստորագրությանը: Եվ հենց Ուորհոլն էլ, իր հերթին, մեծացել է «Campbell»-ի ապուրներով։

«Ես կերել եմ այն: Նույն ընթրիքը քսան տարի շարունակ»,- ասել է նա:

Հաջողության գաղտնիքը

Էնդի Ուորհոլի-3

1962 թվականին Ուորհոլի ցուցահանդեսի ժամանակ փոփ մշակույթը նոր էր սկսել իր զարգացման ուղին: Մարդիկ պատկերացում չունեին, թե ինչ անել արվեստի հետ, որն այնքան տարբերվում էր այն ամենից, թե ինչպիսին պետք է լիներ արվեստը: 

Նախ, Ferus պատկերասրահի սեփականատերերից Իրվինգ Բլյումը որոշեց նկարները ցուցադրել նեղ դարակների վրա պատկերասրահի ամբողջ երկայնքով, ինչպես սուպերմարկետի մուտքի մոտ է լինում։

Շոուն, ցավոք, չստեղծեց այնպիսի սենսացիա, ինչի հույսն ունեին Բլյումն ու Ուորհոլը։ Իրականում այն ​​փոքր արձագանքը, որ ստացվեց հանրության կամ արվեստի պատմաբանների միջոցով, բավականին կոշտ էր:

«Այս երիտասարդ «արվեստագետը» կա՛մ հաստագլուխ հիմար է, կա՛մ համառ շառլատան»,- այսպես է մեկնաբանել քննադատներից մեկը։

Los Angeles Times-ում հրապարակված ծաղրանկարը ձեռք էր առնում նկարները և դրանց դիտողներին:

«Անկեղծ ասած, ծնեբեկի քսուքն ինձ չի օգնում», - արվեստասերներից մեկն ասում է մյուսին:

Էնդի Ուորհոլի-4

Չնայած այս ամենին, Բլյումին հաջողվեց վաճառել 5 նկար՝ հիմնականում ընկերներին: Բայց մինչ ցուցահանդեսի փակումը նա հանկարծ մտափոխվեց. հասկանալով, որ նկարներն ամենից շատ ամբողջական տեսքով են լիարժեք, Բլյումը հետ գնեց իր վաճառած նկարները: Նա բոլոր նկարների համար Ուորհոլին վճարեց 1000 դոլար։ Ուորհոլը հիացած էր. նա «Campbell»-ի ապուրի տարաները միշտ էլ որպես հավաքածու է պատկերացրել: Ե՛վ արվեստագետի, և՛ դիլերի համար այս որոշումը «խորամանկ» քայլ էր, որն իր արդյունքը տվեց ապագայում:

Ցնցումը հաղթահարելուց հետո հասարակությունը և քննադատները սկսեցին հասունանալ՝ հասկանալու Ուորհոլի տարաները: Նախ՝ դա թարմ գաղափար էր արվեստում։ Եվ, երկրորդ, միանշանակ բարդ է հասկանալ մի նկար, որի բնօրինակը կարող էր լինել յուրաքանչյուրի խոհանոցի դարակներում: Քննադատները սկսեցին նկատել Ուորհոլի խորամանկ և հեգնական հումորը՝ շոտլանդական արգանակի և հավի Գամբոյի «դիմանկարներում»: Իսկ Բլյումի՝ նկարները միասին պահելու որոշումը մեծացրեց այդ ազդեցությունը։

Ferus-ում ցուցադրությունը շրջադարձային էր Ուորհոլի կարիերայում. «Campbell»-ի ապուրի տարաներից հետո Ուորհոլը գեղանկարչությունից անցավ մետաքսյա տպագրությանը, մի գործընթաց, որն ավելի շատ մեխանիկական արդյունքներ էր տալիս՝ թույլ տալով նրան ստեղծել մեկ ստեղծագործության մի քանի տարբերակ: Նրա հեղինակությունը շարունակում էր աճել։ Մինչ 1964 թվականը Բլյումի հավաքածուից բացակայող մեկ ապուրի տարայի նկարի պահանջվող գինը հասել էր 1.500 դոլարի, և Նյու Յորքի բնակիչները կրում էին ապուրի տարայի պատկերով տպված թղթե զգեստներ, որոնք անհատապես ստեղծել էր նույն ինքը՝ Ուորհոլը:

Էնդի Ուորհոլի-5

Այսօր Ուորհոլի ապուրի տարաները փոփ մշակույթի խորհրդանիշ են՝ սկսած ափսեներից և գավաթներից մինչև փողկապներ, շապիկներ, սերֆինգի տախտակներ: Ամենաուշագրավ նկարներից մեկը հենց Ուորհոլի մասնակցությամբ նկարն էր. 1969 թվականի մայիսին Esquire ամսագրի շապիկին նա խեղդվում էր «Campbell»-ի լոլիկի ապուրի տարայի մեջ:

Էնդի Ուորհոլի-6

 

Լրահոս