Logo

Մի՞թե չէր տեսնում. մարզչական ամենամեծ բացթողումները ԵՎՐՈ-2020-ում

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 15.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
SEI 87152032 - Մի՞թե չէր տեսնում. մարզչական ամենամեծ բացթողումները ԵՎՐՈ-2020-ում

Եվրոպայի այս առաջնությունը պատմության մեջ չի մնա որպես մարզչական նվաճումների առաջնություն: Օրիգինալ մտահղացումներով առանձնացան հաշված թվով մարզիչներ, որոնցից մեկը Ռոբերտո Մանչինին է, որը պատմականորեն պաշտպանողական ոճ դավանող թիմին կարողացավ հարձակվողական ֆուտբոլ սերմանել և չեմպիոն դարձնել:

Փոխարենը, մրցաշարում եղան մարզչական լուրջ ձախողումներ, որոնք հետագայում  մեծ ազդեցություն ունեցան նրանց թիմերի արդյունքների վրա: VNews.am-ը ներկայացնում է ԵՎՐՈ-2020-ում մարզչական ամենամեծ բացթողումները:

Գարեթ Սաութգեյթ (Անգլիա)

Եզրափակիչ խաղից անցել են օրեր, բայց մինչև հիմա չեն դադարում քննարկումները Գարեթ Սաութգեյթի անակնկալ որոշման վերաբերյալ: Իտալիայի հետ եզրափակիչի լրացուցիչ ժամանակի ավարտից 1 րոպե առաջ անգլիացին ասպարեզ դուրս բերեց Մարկուս Ռեշֆորդին ու Ջեյդոն Սանչոյին, որպեսզի նրանք 11մ հարվածներ իրացնեն: Երկու ֆուտբոլիստներն էլ չհասցրին «զգալ գնդակը» և վրիպեցին 11-մետրանոց նշակետից:

Սաութգեյթի մյուս տարօրինակ որոշումը 19-ամյա Բուկայո Սակային 5-րդ և որոշիչ 11-մետրանոցը վստահելն էր. նա նույնպես ձախողվեց: Ճիշտ է, ավելի ուշ հայտնի դարձավ, որ մարզումների ժամանակ «Արսենալի» ֆուտբոլիստն ավելի դիպուկ է եղել Ռեշֆորդից ու Սանչոյից, սակայն բազմաթիվ մասնագետներ կարծում են, որ դա որևէ նշանակություն չունի, երբ գործը հասնում է ամենապատասխանատու պահին: Նման դեպքերում հարկավոր է ուժեղ հոգեբանություն ունենալ, որպեսզի ֆուտբոլիստը դիմանա ճնշմանը կամ փորձառու խաղացող լինի, ինչպիսին էր օրինակ Հենդերսոնը, որը զարմանալիորեն փոխարինվեց 120-րդ րոպեին:

Դիդյե Դեշամ (Ֆրանսիա)

Աշխարհի չեմպիոնի ֆուտբոլիստների կարգավիճակն այս 3 տարիների ընթացքում այն աստիճանի էր բարձրացել, որ շատերը ԵՎՐՈ-2020-ում Ֆրանսիային ֆավորիտ էին համարում նրանց աստղային կազմի պատճառով: Այդ թիմին գումարվել էր նաև Կարիմ Բենզեման, որի հետ Կիլիան Մբապեն ու Անտուան Գրիզմանը թվացյալ մահացու եռյակ պետք է կազմեին: Եթե նրանց գումարում ենք նաև Պոլ Պոգբային և Նգոլո Կանտեին, ընդհանրապես առանց թույլ տեղերով թիմի տպավորություն է ստացվում: Բայց պարզվեց թույլ տեղեր կային…

E4 UccWYAYyR38 960x650 - Մի՞թե չէր տեսնում. մարզչական ամենամեծ բացթողումները ԵՎՐՈ-2020-ում

Առաջին հերթին «եռագույնները» իրենց ներուժը գրեթե չցուցադրեցին: Սարսափազդու Ֆրանսիա տեսանք միայն 1/8 եզրափակիչի Շվեյցարիայի հետ խաղի ընդմիջումից հետո՝ մինչև 75-րդ րոպեն, երբ Դեշամի թիմը 3 գոլ խփեց: Անմիջապես դրանից հետո թիմը կորցրեց կենտրոնացվածությունը, իսկ Դիդյեն չկարողացավ ազդել իր սաների վրա ու նրանց ստիպել ևս 15 րոպե ուշադիր խաղալ:

Այդ 15 րոպեում տեսանք խնդիրներ թիմային հոգեբանության հետ, ինչի մասին Դեշամին Ժերոմ Ռոտենը զգուշացնում էր դեռ այդ խաղից առաջ: Նա ասում էր՝ Դեշամը չի կարողանում վերահսկել Մբապեին, ինչը կարելի է այս դեպքում վերագրել նաև ամբողջ թիմին: Շվեյցարիայի դեմ մրցավեճում ֆրանսիացիների խաղում տեսանք սեփական ուժերի նկատմամբ ավելորդ գերվստահություն, մրցակցի թերագնահատում և կենտրոնացվածության պակաս. հոգեբանական խնդիրների կապակցված մի ամբողջ փունջ, որը Դեշամը չկարողացավ վերացնել:

Եթե այդ հանգամանքին գումարում ենք աստղային կազմի սպասված լավ խաղի բացակայությունը, ապա կարելի է պնդել, որ Դեշամը երկու մեծ սխալ գործեց. չկարողացավ հավասարակշռել իր թիմի խաղը և ամենակարևոր պահին ստիպել թիմին կենտրոնացված մնալ:

Մեր ընտրանին

Արդյունքում, Ֆրանսիան բաց թողեց հաղթանակը (3:3) և Շվեյցարիային զիջեց 11-մետրանոց հարվածաշարում: Բացի այդ, ստացվում է, որ ԵՎՐՈ-2020-ում Ֆրանսիան 4 խաղից միայն մեկը հաղթեց, այն էլ մրցակցի ինքնագոլի շնորհիվ:

Ստանիսլավ Չերչեսով (Ռուսաստան)

ԵՎՐՈ-2020-ից հետո մարզչական 2 պաշտոնանկություն է եղել, որոնցից մեկը Ռուսաստանի հավաքականում է: Դրանից առաջ կրակի վրա յուղ լցրեց հենց այդ թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը, որը Բելգիայի, Դանիայի ու Ֆինլանդիայի հետ խմբում վերջին տեղը գրավելը բացատրեց ֆուտբոլիստների ցածր խաղամակարդակով:

Բայց մրցաշարի ընթացքում մենք ֆիքսել ենք ռուս մասնագետի բացթողումները: Օրինակ, նա թիմում ժամանակակից ֆուտբոլ սերմանելու փոխարեն գնաց ամենապարզ ճանապարհով՝ հեռահար փոխանցումներ Արտյոմ Ձյուբային, որը պետք է հաղթեր օդային մենապայքարներում և գնդակն ուղարկեր ինսայդներին: Այդ տակտիկան այնքան պարզագույն էր, որ բոլոր մրցակիցները հեշտությամբ հակախաղ գտան, նույնիսկ Ձյուբային ռեկորդային «օդային հաղթանակների» պարագայում: Իսկ պլան «B», առավել ևս «C», Չերչեսովը չներկայացրեց, նույնիսկ ունենալով Ալեքսանդր Գոլովինի և Ալեքսեյ Միրանչուկի պես կրեատիվ խաղացողներ:

cherchesov 1 960x540 - Մի՞թե չէր տեսնում. մարզչական ամենամեծ բացթողումները ԵՎՐՈ-2020-ում

Չերչեսովը նաև բացասական ազդեցություն ունեցավ իր թվացյալ «երկաթյա» որոշումների հարցում: Մրցաշարից առաջ նա ասել էր, որ հիմնական դարպասապահը լինելու է Անտոն Շունինը, սակայն «Դինամոյի» ֆուտբոլիստի առաջին իսկ սխալից հետո դարձրեց պահեստային և ասպարեզ դուրս բերեց երիտասարդ Մատվեյ Սաֆոնովին: Այդ փոփոխությունն որևէ դրական հետևանք չունեցավ, այլ միայն խառնաշփոթ առաջացրեց: Նույնը կենտրոնական պաշտպան Սեմյոնովին Դիվեևի հետ փոխարինելու դեպքում էր:

Յոահիմ Լյով (Գերմանիա)

15 տարի Գերմանիայի հավաքականը գլխավորելու ընթացքում Լյովը կարողացավ թիմին հասցնել անհավանական բարձունքի: 21-րդ դարում, հավանաբար, միայն Իսպանիան է ավելի ուժեղ հավաքական ունեցել: «Բունդեսթիմի» գագաթնակետը դարձավ 2014-ի Մունդիալը, երբ գերմանացիները չեմպիոն դարձան: Հետագայում ևս 2 տարի թիմը բարձրակարգ խաղ էր ցուցադրում, բայց հետո անկում սկսվեց: Յոահիմը որոշեց սերնդափոխություն կատարել, որը «բունդեսթիմին» շատ անկայուն դարձրեց ընդհուպ մինչև Իսպանիայից կրած 0:6 հաշվով պարտության:

Բայց ԵՎՐՈ-2021-ից առաջ Լյովը միտքը փոխեց ու որոշեց թիմ վերադարձնել վետերանների՝ Թոմաս Մյուլերին և Մատս Հումելսին: Դա իսկապես դրական ազդեցություն ունեցավ հավաքականի վրա, մրցաշարում գերմանացիները ավելի հավաք տեսք ունեին, սակայն զգացնել տվեց, որ թիմը չհասցրեց նոր փոխոխություններին լիարժեք հարմարվել և հավասարակշռված խաղ ցուցադրել ամբողջ 90 րոպեի ընթացքում: Պորտուգալիայի հետ ֆանտաստիկ խաղին հաջորդեց Հունգարիայի դեմ անհաջող մրցավեճը, որում Լյովի թիմը հրաշքով ոչ-ոքի կորզեց, այդպես էլ չկարողանալով հարմարվել խորը պաշտպանությամբ մրցակիցների դեմ խաղին:

low 960x640 - Մի՞թե չէր տեսնում. մարզչական ամենամեծ բացթողումները ԵՎՐՈ-2020-ում

Հենց մի քանի օրվա ընթացքում թիմի իրարից կտրուկ տարբերվող խաղերը դարձան Լյովի գլխավոր թերացումը: Նա չկարողացավ կայունացնել «բունդեսթիմի» խաղը:

Լուիս Էնրիկե (Իսպանիա)

Իսպանիայի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ամենագրավիչ ֆուտբոլ ցուցադրող թիմերից մեկն էր, եթե ոչ ամենագրավիչը: Միգուցե, դա առաջին հերթին այն պատճառով էր, որ «ֆուրիա ռոխայից» մինչև այդ լուրջ արդյունքներ դեռ չէին սպասում, և սպասվածից լավ տպավորություն ստացան: Լուիս Էնրիկեն կարողացավ իր կիսապաշտպանների միջոցով կառուցել ֆուտբոլ, որը որոշակի խաղամակարդակից ցածր երբեք չի իջնի, այսինքն` կայուն է: Ավելին, Իսպանիան մրցաշարի ամենաշատ գոլային պահ ստեղծած թիմն էր և կդառնար բացահայտ ֆավորիտը, եթե լավ եզրափակողներ ունենար: Հենց այդ եզրափակողների պատճառով Լուիս Էնրիկեն հայտնվել է այս ցանկում:

ԵՎՐՈ-2020 իսպանացիները 6 խաղ են անցկացրել, որոնցում 5 տարբեր հարձակվողական եռյակներով են սկսել հանդիպումը: Մարզիչն այդպես էլ չկողմնորոշվեց, թե ովքեր պետք է լինեն նրա հարձակվողները և դրա պատճառով անընդհատ խուճապ կար առջևի գծում: Թիմային հիանալի խաղի շնորհիվ պիրինեյցիները բազմաթիվ գոլային պահեր էին ստեղծում, բայց հարձակվողները դրանցից քիչ տոկոսն էին օգտագործում:

luis enrique blames pitch for spains 0 0 draw against sweden scaled 1 960x540 - Մի՞թե չէր տեսնում. մարզչական ամենամեծ բացթողումները ԵՎՐՈ-2020-ում

Իհարկե, զգացնել տվեց Անսու Ֆատիի բացակայությունը, որը գոլային պահերն իրացնելու բարձր տոկոս ունի «Բարսելոնայում»: Նաև կարելի նշել, որ եթե իսպանացիների ներկայիս հարձակվողները Դավիդ Վիլյայի ու Ֆերնանդո Տորեսի մակարդակի լինեին, գոլային պահերի իրացումն էլ բարձր կլիներ, բայց այդպիսիք իսկապես չկան, իսկ եղածների հետ մարզումների ժամանակ կարելի էր որոշակի բարձր աստիճանի հասնել:

Դրա փոխարեն Լուիս Էնրիկեն խնդիրը փորձում էր փոխարինումներով լուծել, և այդպես էլ չլուծեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա