Logo

«Միայն մեր ընտանիքներն են հավատում, որ կհասնենք եզրափակիչ». Ով է տիտղոսի ամենաանհասկանալի հավակնորդը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
18:45 / 21.04.2022Բասկետբոլ
Բացառիկ
null

Շարունակվում է NBA-ի փլեյ-օֆֆը, և Արևմուտքում շատերի ուշադրության կենտրոնում «Գոլդեն Սթեյթ» – «Դենվեր» հակամարտությունն է: Եռակի չեմպիոնն ընդդեմ լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստի: 

Չեմպիոնական ոգին ընդդեմ MVP-ի

Նիկոլա Յոկիչը հրաշագործ է: Նա իր հզոր ուսերի վրա «Նագեթսին» քարշ տվեց նախորդ մրցաշրջանում և դարձավ MVP, իսկ այս տարի դա ընդհանրապես մենակ է անում և կրկին ամենաարժեքավոր բասկետբոլիստի գլխավոր թեկնածուն է: Սերբը բասկետբոլի պատմությունում աննախադեպ թվեր է ցույց տալիս իր թիմի արդյունքների վրա ազդելու գործում, բայց հիմա անհնարին թվացող խնդիր պետք է լուծի՝ հաղթի «Գոլդեն Սթեյթին»: Այս դիմակայության առաջին 2 խաղերը ցույց տվեցին` որքան էլ սերբն արտակարգ խաղա, միևնույն է նրա դեմ թիմ է, որն առավելագույնս կարողանում է դաժան կերպով ի չիք դարձնել կենտրոնականի ջանքերը: «Ջոկերն» օղակի տակ միայնակ պայքարում է 2-3 մրցակցի դեմ, դժվարությամբ 2 միավոր վաստակում կամ ասիստ գրանցում, սակայն հաջորդ գրոհի ժամանակ երեքմիավորանոց է գալիս Քլեյ Թոմփսոնից (5 անգամ), Ջորդան Փուլից (5 անգամ) և նույնիսկ մի քանի տարի նետումը կորցրած Դրեյմոնդ Գրինից: Դա էլ բավական չէ, պահեստայինների նստարանից դուրս է գալիս Սթեֆ Քարին և 16 միավոր վաստակում: 

«Ուորիորզը շատ լավ էր պաշտպանվում իմ դեմ: Նրանք ունեն Դրեյմոնդ Գրին, որը 2-3 անգամ դարձել է լիգայի լավագույն պաշտպանվող խաղացող: Իմ խնդիրը գոնե հեշտ նետումները և լեյ-ափերը չվիրիպելն է»,- խաղից հետո ասաց Յոկիչը: 

Իհարկե, դեռ հնարավոր է մանրահատակ վերադառնա Ջամալ Մյուրեյը, որն ուղիղ մեկ տարի է՝ ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, և ինչ-որ չափով օգի թիմին: «Դենվերի» մարզիչ Մայք Մելոունը հայտարարեց, որ Ջամալին է թողնելու խաղալու որոշումը՝ ըստ երևույթին այն նպատակով, որպեսզի հետո ակումբին չմեղադրեն, ինչպես 3 տարի առաջ մեղադրեցին «Գոլդեն Սթեյթին» Քևին Դյուրանտի ապաքինումն արագացնելու և այդպես նրա վնասվածքը սարսափելի դարձնելու համար:


Լավագույն թիմին հաղթելու միակ հավակնորդը

Այո՛, Նիկոլա Յոկիչն ունիկալ է և ֆենոմենալ, բայց այս առակը նրա մասին չէ, և, իհարկե, առավել ևս ոչ «Դենվերի» մասին: Եթե «Գոլդեն Սթեյթում» առաջատարներն առողջ լինեն, «Նագեթսը» շանս չունի: Այլ հարց է, թե որքան են «Ուորիորզի» առավելագույն շանսերը: Մրցաշրջանի մեկնարկում թվում էր, թե կալիֆորնիացիները «Ֆինիքսի» հետ կպայքարեն կանոնավոր առաջնության լավագույն թիմի կոչման համար, բայց Գրինի ու Քարիի վնասվածքները ցույց տվեցին, որ «Սանզը» երկար տարածության վրա իրեն հավասարը չունի NBA-ում: Դրանից բացի, նրանք էլ երկար ժամանակով կորցրին Քրիս Փոլին, բայց դա միայն ավելի թևեր տվեց Դևին Բուքերին՝ էլ ավելի փայլելու համար: 

Փլեյ-օֆֆի մեկնարկից առաջ Սթեֆ Քարին խոսեց ակումբի շանսերի մասին. 

«Մեր ընտանիքներից բացի, ոչ ոք չի հավատում, որ կարող ենք հաղթել Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆը և դուրս գալ եզրափակիչ»: 

Իրականում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Եթե «Ֆինիքսի» յուրահատկությունը քամելեոն լինելն է, ապա «Գոլդեն Սյթեյթին» առանձնացնում է սեփական ոճի շրջանակում կատարելությանը մոտ լինելը: Սանզը կարող է հարմարվել ցանկացած մրցակցի, գրոհել ցանկացած ոճով և պաշտպնավել յուրաքանչյուր կոմբինացիայի ու խաղաոճի դեմ: Արիզոնացիները լիգայի այն յուրահատուկ թիմն են, որ վիճակագրությամբ լավագույն եռյակում են թե՛ հարձակման և թե՛ պաշտանության թվերով: Բայց ոչ մեկում առաջինը չեն… 

Այդպիսի թիմի դեմ անհնար է մրցակցել 82 խաղից բաղկացած կանոնավոր առաջնությունում, բայց հնարավոր է մի բան մոգոնել 7-խաղանոց փլեյ-օֆֆում: Եվ այն թիմը, որն իսկապես կարող է հաղթել Ֆինիքսին, «Գոլդեն Սթեյթն» է: Թիմերը կանոնավոր առաջնությունում հանդիպել են 4 անգամ և տոնել են 2-ական հաղթանակ: Ընդ որում` երեք խաղ կայացել է մինչև 2021 թվականը, երբ թիմի երկու հենասյուները` Քարին ու Գրինն առողջ էին: Այժմ նրանց միացել է նաև Թոմփսոնը, որը փլեյ-օֆֆից առաջ գտել է իր նետումը, և նույնիսկ խաղեր կան, որ 41 միավոր է վաստակում: 

Բայց ամենակարևորը՝ Սթիվ Քերի թիմը ցույց տվեց, թե ինչպես է պատրաստվում պաշտպանվել «Ֆինիքսի» հետ: Լեգենդար ծերունի Ռոն Ադամսը, որ արդեն 74 տարեկան է և 8 տարի Սթիվ Քերի օգնականն է պաշտպանությունը կառուցելու գործում, կրկին կարողացել է պաշտպանությունում քիմիա գտնել խաղացողների միջև (Դրեյմոնդ Գրինի գլխավորությամբ, իհարկե) և ստեղծել բոլորը բոլորին փոխօգնության հասնելու մեխանիզմ: Մրցաշրջանի մեկնարկում դա կատարյալ աշխատում էր, բայց Գրինի վնասվածքից հետո ամեն ինչ քանդվեց: Սակայն Ադամսն արդեն գիտի, թե ինչպես օգտագործի առկա խաղացողներին: Նրան պարզապես հարկավոր էր վնասվածքներ չունեցող առողջ խաղացողներ: Առանց դրա թիմը կարծես անկայունության դասընթաց տա, ինչին գումարվում է նաև կենտրոնացվածության պակասը, որը, իհարկե, կվերանա փլեյ-օֆֆում.

«Մենք կարող ենք չեմպիոն դառնալ, բայց նաև դուրս մնալ փլեյ-օֆֆի նախնական փուլերից: Այդպես ենք խաղում ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ընդգծում է Անդրե Իգուդալան: 

Քննարկման գլխավոր թեման այն է, թե արդյոք «Ուորիորզը» ե՞րբ կգտնի իր խաղը, որքա՞ն այն կպահի և ի՞նչ մարզավիճակում կլինի Քարի-Գրին զույգը: Եթե այդ հանգամանքները դրական դասավորվեն Սան-Ֆրանցիսկոյի ակումբի համար (ներիր Օքլենդ), ապա մենք կունենանք այն միակ ակումբը (գոնե Արևմուտքում), որը կմեկնի Արիզոնա և չի այրվի այնտեղի «արևից»:

 


Գաղտնի զենք

Միանշանակ Քարի-Թոմփսոն-Գրին եռյակով «Գոլդեն Սթեյթը» միշտ լինելու է չեմպիոնության հավակնորդներից մեկը: Դա լիգայի ամենախաղակցված և ներդաշնակ եռյակն է: Բայց նաև նրանց հարկավոր է առողջություն և հետո ֆունկցիոնալ վիճակ՝ հետզհետե էլ ավելի արագ դարձող լիգային համապատասխանելու համար: Կոնկրետ Էլեյի դեպքում տեսնում ենք, որ նա ոտքերի այն արագությունը չունի, որ կար մինչև 2,5 տարով շարքից դուրս մնալը, և դա բնական է: 

Բայց այս ընթացքում Սթիվ Քերը ձեռքերը ծալած չի նստել: Նա կարողացավ դժվարությամբ, բայց ներգրավել Էնդրու Ուիգինսին «Ուորիորզի» յուրահատուկ բասկետբոլին: Ինչպես նաև կատարեց ամենակարևոր բացահայտումը՝ Ջորդան Փուլը: 

«Ջորդան Փուլն անհավանական է: Եթե նա չստանա լիգայի «Ամենազարգացող բասկետբոլիստ» մրցաակը, անտրամաբանական կլինի: Մեր աչքի առջև աստղ է աճում»,- «Դենվերի» դեմ խաղից հետո ասաց Փուլի թիմակից Քլեյ Թոմփսոնը:

Փլեյ-օֆֆում իր նորամուտի խաղում Ջորդան Փուլը վաստակեց 30 միավոր: Նա պետք է դառնա ապագայում Սթեֆ Քարիին փոխարինողը, սակայն հիմա էլ հավակնում է այնպիսի լրացուցիչ ուժ տալ թիմին, որ կարող է չեմպիոնական պայքարում «իքս ֆակտոր» դառնա:

«Փուլը կատարյալ լրացում է «Սփլեշ բրազերսին»: Նա ոչ միայն կարող է լիարժեք փոխարինել նրանցից յուրաքանչյուրին, այլ նաև խաղալ նրանց հետ: «Գոլդեն Սթեյթը» չեմպիոնության թեկնածու է, որովհետև ունի Ջորդանի նման խաղացող»,- ասել է ESPN-ի վերլուծաբան Սթիվեն Էյսմիթը: 
 


Առայժմ Փուլին մեկնարկային կազմում դուրս բերելու շուրջ խոսակցությունները միակն են, որ կարող են խնդիրներ առաջացնել կալիֆորնիացիների կազմում: Սթիվ Քերը խոստացել է այդ հարցին լուծում տալ, երբ բոլորն առողջ լինեն և կազմի ընտրության կարիք լինի, ինչն արդեն շատ մոտ է: Անկախ ամեն ինչից, Փուլի ներկայությունը խաղի մեկնարկում թե հետո կարող է շատ լուրջ զենք դառնալ թիմի համար: 

Վաղաժամ եզրափակիչին սպասելով

Բայց, իհարկե, Ջորդանը միայն լրացուցիչ զենք է «Գոլդեն Սթեյթի» հզոր զինանոցում, որում առաջնային պլանում են «Սփլեշ բրազերսը» և Գրինը: «Դենվերի» նկատմամբ ընդհանուր հաղթանակը կասկած չի հարցում, և այդ դեպքում հաջորդ փուլում պետք է մրցեն «Մեմֆիս» – «Մինեսոտա» զույգի հաղթողի հետ: «Գրիզլիսը» շատ վտանգավոր մրցակից է, որը լիգայի հնարավոր է ամենաճարպիկ թիմն ունի: Ուորիորզի փառահեղ հարցակումից հետո նրանց մյուս առավելությունը փիկ-էն-ռոլի ժամանակ լավ պաշտպանությունն է, բայց «արջերը» կարող են դա չօգտագործել և անցնել անհատական անցումների տակտիկային, ինչին դիմակայելը բարդ է, բայց անլուծելի չէ: 

Իսկ ահա «Մինեսոտայի» դեմ պետք է էլ ավելի հեշտ լինի: Ճիշտ է՝ Թիմբերվուլվզը դարձավ կանոնավոր առաջնության միջինում ամենաշատ միավոր վաստակող թիմը, բայց երբ հերթը հասնի այդ ունակությամբ «Գոլդեն Սթեյթի» հետ մրցելուն, ապա քչերի մտքով կարող է անցնել, որ Թաունսը և Էդվարդսը կարող են գերազանցել Քարիին ու Թոմփսոնին: 


Եթե նշված սցենարը շարունակվի, Արևմուտքի եզրափակիչում կհանդիպեն «Գոլդեն Սթեյթն» ու «Ֆինիքսը»: Այդ դիմակայությունն այն աստիճան հետաքրքրությամբ է սպասվում, որ նրանց միջև կանոնավոր առաջնության խաղերն արդեն իսկ ասես փլեյ-օֆֆի հակամարտություն լինեին: Բոլորն ուշադիր հետևում էին ու վերլուծում, թե ինչպես են նրանք խաղալու միմյանց դեմ, ինչեր են փորձարկում արդեն դեկտեմբերի դրությամբ: Վաղաժամ եզրափակիչ կոչվածը, «Գոլդեն Սթեյթի» ու «Հյուսթոնի» միջև այն լեգենդար դիմակայությունից ի վեր, NBA-ում այսքան ակտուալ չի եղել: Եվ հենց դա կարող ենք տեսնել այս փլեյ-օֆֆում: Կարևոր չէ, թե ով կհաղթի այդ զույգում և կփորձի տիտղոսը նվաճել: Կարևոր է, որ այդ յուրահատուկ թիմերի հանդիպումը տեսնենք, և ցանկալի է, որ այն շարունակվի մինչև 7-րդ հանդիպում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա