Logo

Միայն փողով Չեմպիոնների լիգան չես հաղթի. 5 թանկարժեք նախագծեր, որ ձախողվեցին Եվրոպայում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 17.08.2020ՍՊՈՐՏ
ronaldo - Միայն փողով Չեմպիոնների լիգան չես հաղթի. 5 թանկարժեք նախագծեր, որ ձախողվեցին Եվրոպայում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:52

-

-

Շատերն են պնդում, որ առանց մեծ գումարներ ծախսելու հնարավոր չէ ունենալ ամենաբարձր հավակնությունները, մրցակցել ուժեղագույնների հետ, տիտղոսներ նվաճել ու հաղթել Չեմպիոնների լիգան: Ժամանակակից ֆուտբոլում գուցե և այդպես է, սակայն կյանքը ցույց տվեց, որ միայն գումարով էլ չես կարող հաղթել Չեմպիոնների լիգան ու հեռուն գնալ Եվրոպայում. նախ՝ միլիոնների պարկը պետք է խելացի օգտագործել, որոշ դեպքերում էլ բացի թոփ տրանսֆերներից պետք են նաև գլխավոր մարզչի ճիշտ ընտրություն, փորձ ու հաղթողի հոգեբանություն. Չեմպիոնների լիգան հաղթելու համար բոլոր գործոնները պետք է տվյալ թիմի օգտին աշխատեն:

Վերջին տարիները (հատկապես՝ 2019/20 մրցաշրջանը) ապացուցեցին, որ միայն փողով Չեմպիոնների լիգան չես հաղթի: Ներկայացնում ենք այն 5 ակումբներին, որոնք մեծ ներդրումներ արեցին, սակայն չկարողացան տիրանալ մեծականջին, որոշ դեպքերում՝ սպասվածից շատ ավելի վաղ փուլում լքեցին մրցաշարը:

«Ռեալ» – 318 միլիոն եվրո՝ միայն 2019/20 մրցաշրջանում

Իհարկե՝ «Ռեալի» համար 2019/20 մրցաշրջանը չի կարելի ձախողած համարել. մադրիդցիները 3 տարվա դադարից հետո արժանիորեն դարձան Իսպանիայի չեմպիոն: Չեմպիոնների լիգան ձախողելն էլ հարաբերական է. «Արքայական ակումբը» վերջին 7 մրցաշրջանում 4 անգամ հաղթել է այս մրցաշարում:

Այդուհանդերձ՝ «Ռեալի»՝ ընթացիկ մրցաշրջանից առաջ կատարած ներդրումն ու Չեմպիոնների լիգայում թիմի ելույթներն ընդհանրապես չեն համապատասխանում իրար: «Ռեալը», մասնավորապես, 2019-ի ամռանը կատարեց իր պատմության ամենամեծ ներդրումը տրանսֆերների վրա՝ 318 միլիոն եվրո. Պերեսը ձևակերպեց Էդեն Ազարի (115 մլն), Լուկա Յովիչի (60 մլն), Էդեր Միլիտաոյի (50 մլն), Ֆեռլան Մենդիի (48 մլն) և Ռոդրիգոյի (45 մլն) տրանսֆերները, սակայն նրանք ոչ միայն չարդարացրին սպասելիքները, այլ նույնիսկ չդարձան մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ: Միայն Մենդին տպավորեց Զիդանին ու որոշակիորեն խլեց Մարսելոյի տեղը մեկնարկային կազմում. գլխավոր աստղ Էդեն Ազարն այդպես էլ օպտիմալ մարզավիճակ չհավաքեց, Ռոդրիգոն դեռ շատ երիտասարդ է հիմնական ֆուտբոլիստ համարվելու համար, Միլիտաոն անվստահ խաղ ցուցադրեց, իսկ Լուկա Յովիչը դարձավ գլխավոր հիասթափությունը՝ մրցաշրջանի ընթացքում խփելով 2 գոլ:

pjimage 10 1566565485 960x540 - Միայն փողով Չեմպիոնների լիգան չես հաղթի. 5 թանկարժեք նախագծեր, որ ձախողվեցին Եվրոպայում

Արդյունքում՝ Զիդանը կարողացավ առավելագույնը քամել «հին գվարդիայի» տղաներից, որոնք հաղթեցին Լա լիգան, սակայն թիմը չստացավ այն թարմությունը, որն անհրաժեշտ էր Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Մրցաշարի առաջին իսկ խաղում «Ռեալը» 0-3 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց ՊՍԺ-ից, սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բրյուգեի» հետ, իսկ հետո արդեն դժվարությամբ կարողացավ ապահովել տեղը փլեյ-օֆֆ փուլում: Խմբից դուրս գալով 2-րդ տեղով՝ «Ռեալը» 1/8 եզրափակիչում հանդիպեց «Մանչեսթեր Սիթիին», որին էլ զիջեց թե՛ տնային, թե՛ արտագնա խաղերում. 318 միլիոնի ներդրում՝ ընդամենը 1/8 եզրափակիչ հասնելու համար:

«Ատլետիկո» – 400 միլիոն 2 տարում

«Ատլետիկոյի» ցանկացած երկրպագու գոհ կլինի թիմի ելույթներից Չեմպիոնների լիգայում վերջին 8 տարիների ընթացքում. ո՞վ կսպասեր, որ «հնդկացիները» հաճախակի կհայտնվեն Չեմպիոնների լիգայի ամենակարևոր փուլերում՝ 1/4 եզրափակիչում, կիսաեզրափակիչում, 2 դեպքում էլ՝ եզրափակիչում:

«Ատլետիկոն» դարձավ գրանդ ակումբ ամեն ինչով, այդ թվում՝ իր ֆինանսներով ու ծախսերով. վերջին 2 մրցաշրջանում «Ատլետիկոն» ծախսել է ընդհանուր 403 միլիոն եվրո (160` 2018/19, իսկ 243-ը՝ 2019/20-ին). մադրիդցիներն իրենց սկսեցին թույլ տալ թոփ տրանսֆերներ՝ գնելով Լեմարին 70 միլիոն եվրոյով, իսկ 2019-ին արդեն Ժոաու Ֆելիշին՝ վճարելով 126 միլիոն եվրո: Բայց վերջին 2 մրցաշրջանում «Ատլետիկոն» ակնհայտորեն ձախողում է. Սիմեոնեի թիմը չի պայքարում երկրի չեմպիոնության համար, չի հաղթում Իսպանիայի գավաթը, իսկ Չեմպիոնների լիգայում շատ հեռու չի գնում. 2017/18-ին «Ատլետիկոն» չհաղթահարեց խմբային փուլը, հաջորդ տարի դուրս մնաց մրցաշարից 1/8 եզրափակիչից, իսկ 2019/20-ին ճանապարհը զիջեց շատ ավելի համեստ «Լայպցիգին»: «Ատլետիկոն», որի կազմի ընդհանուր արժեքը կազմում է 785 միլիոն եվրո, չկարողացավ օգտվել ՉԼ-ն հաղթելու պատմական շանսից. Սիմեոնեի թիմը վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր վիճակահանության համեմատաբար հեշտ ցանցում, նրանց ընդամենը 3 խաղ էր բաժանում բաղձալի գավաթից, բայց…

«Յուվենտուս» – փոխված քաղաքականություն, նույն արդյունքները

«Յուվենտուսը», որ հայտնի է իր անվճար տրանսֆերներով, վերջին 2 տարիներին նույնպես սկսել է ծախսել ու ծախսել շատ: «Ատլետիկոյի» նման՝ «Յուվենտուսն» էլ ՉԼ-ում հեռուն էր գնում, ու ամենահեղինակավոր մրցաշարում վճռորոշ թռիչքը կատարելու համար վերջին 2 տարվա ընթացքում մեկական թոփ տրանսֆեր իրականացրեց, սակայն դա էլ բավարար չեղավ թուրինցիներին Եվրոպան նվաճելու համար:

2018-ին «Ծեր սինյորան» բումային տրանսֆեր իրականացրեց՝ գնելով Կրիշտիանու Ռոնալդուին 100 միլիոն եվրոյի դիմաց, բայց «Յուվեն» 1/4 եզրափակիչում թե՛ խաղով, թե՛ հաշվով զիջեց «Այաքսին»՝ լինելով դիմակայության ֆավորիտ: 2019/20 մրցաշրջանից առաջ «Յուվեն» հաղթեց բավական բարձր մրցակցության մեջ ու գնեց Եվրոպայի ամենացանկալի պաշտպանին՝ Մատեյս դե Լիխտին՝ վճարելով 85 միլիոն եվրո, բայց այս անգամ շատ ավելի անսպասելիորեն ու ավելի վաղ փուլում թուրինցիները լքեցին մրցաշարը՝ 1/8 եզրափակիչում պարտվելով «Լիոնին»՝ նորից լինելով ֆավորիտ:

juventus lyon 070820z 960x640 - Միայն փողով Չեմպիոնների լիգան չես հաղթի. 5 թանկարժեք նախագծեր, որ ձախողվեցին Եվրոպայում

«Յուվեում» հասկացան, որ այս ձախողման պատճառը մարզչի սխալ ընտրությունն էր. Սարին նվազագույնը չէր համապատասխանում այս թիմի փիլիսոփայությանը, եթե չասենք մակարդակին, ու ակումբի հերթական նախագիծը ձախողվեց Եվրոպայում. հիմա եկել է Պիռլոն, ու «Ծեր սինյորան» նորից երազում է ՉԼ-ի մասին:

«Բարսելոնա» – 977 միլիոն 5 տարում ու մեկը մեկից դաժան ֆիասկոներ

«Լա Մասիայի» «Բարսելոնան», որ իր սեփական կադրերով ՉԼ-ներ էր հաղթում ու գերիշխում Եվրոպայում, Բարտոմեուի թեթև ձեռքով արդեն մի քանի տարի է՝ բոլորովին այլ քաղաքականություն է վարում: Մասնավորապես՝ «Բարսելոնան» վերջին անգամ՝ 2015-ին Բեռլինում Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո ծախսել է 989 միլիոն եվրո տրանսֆերների վրա, բայց Չեմպիոնների լիգայից ամեն տարի ավելի դաժան կերպով է դուրս մնացել:

  • 2015/16 – 62 միլիոն եվրո (Արդա Թուրան՝ 40, Ալեիշ Վիդալ՝ 22). «Բարսելոնան» դուրս մնաց ՉԼ 1/4 եզրափակիչից՝ «Ատլետիկոյից» կրած ընդհանուր 2-3 հաշվով պարտությամբ։
  • 2016/17 – 140 միլիոն եվրո (Անդրե Գոմես՝ 50, Պակո Ալկասեր՝ 30, Սամուել Ումտիտի՝ 25, Լուկա Դին՝ 16, Յասպեր Սիլեսեն՝ 16, Դենիս Սուարես՝ 3). «Բարսան» դուրս մնաց ՉԼ 1/4 եզրափակիչից՝ զիջելով «Յուվենտուսին» 0-3 հաշվով։
  • 2017/18 – 389 միլիոն եվրո (Ֆիլիպե Կոուտինյո՝ 160, Ուսման Դեմբելե՝ 145, Պաուլինյո՝ 40, Նելսոն Սեմեդու՝ 35, Երի Մինա՝ 9). «Բարսելոնան» դուրս մնաց ՉԼ 1/4 եզրափակիչից՝ առաջին խաղում «Ռոմային» 4-1 հաշվով հաղթելուց հետո՝ պատասխան խաղում պարտվելով հռոմեացիներին 0-3 հաշվով:
  • 2018/19 – 136 միլիոն եվրո (Մալկոմ՝ 42, Արտուր՝ 40, Կլեման Լանգլե՝ 35, Արտուրո Վիդալ՝ 18, Տոդիբո՝ 1). «Բարսելոնան» դուրս մնաց ՉԼ  կիսաեզրափակիչից՝ առաջին խաղում «Լիվերպուլին» 3-0 հաշվով հաղթելուց հետո պատասխան խաղում պարտվելով «Էնֆիլդում» 0-4 հաշվով:
  • 2019/20 – 240 միլիոն եվրո (Անտուան Գրիզման՝ 120, Ֆրենկի դե Յոնգ՝ 85, Նետու՝ 35). «Բարսելոնան» դուրս մնաց ՉԼ 1/4 եզրափակիչից՝ գրանցելով իր եվրոպական պատմության ամենանվաստացուցիչ պարտությունը «Բավարիայից»՝ 2-8 հաշվով:

Այս ամենից հետո բնական է, որ Լիոնել Մեսին ցանկանա հեռանալ ակումբից, իսկ ծախսված աստղաբաշխական միլիոններն այս դաժան ֆիասկոների ֆոնին հուսահատեցնում է «Բարսելոնայի» երկրպագուներին:

skysports lionel messi barcelona 5067791 960x540 - Միայն փողով Չեմպիոնների լիգան չես հաղթի. 5 թանկարժեք նախագծեր, որ ձախողվեցին Եվրոպայում

«Մամիկո՜ն, կարո՞ղ ա կովերս մոտդ են». Սետյենի տոտալ ձախողումը «Բարսելոնայում»

«Մանչեսթեր Սիթի» – Ո՛չ միլիոնները, ո՛չ Գվարդիոլան բավարար չեղան

«Մանչեսթեր Սիթին» իր զարգացման գագաթնակետին հասնելու և Չեմպիոնների լիգան նվաճելու համար 2016-ին հրավիրեց Պեպ Գվարդիոլային: «Քաղաքաբնակները» հենց իսպանացու մեջ տեսան այն մասնագետին, որը թիմին կուղղորդեր դեպի եվրոպական փառք ու ակումբի պատմության մեջ նոր էջ կբացեր: «Սիթին» չխնայեց նաև գումար, ու Գվարդիոլային ամեն տարի տրամադրեց այն ֆուտբոլիստներին, որոնց վրա մատը դնում էր Պեպը: Բայց անգամ անսահմանափակ միլիոններ-հանճարեղ մասնագետ կոմիբինացիան 4 տարվա ընթացքում բավարար չեղավ Չեմպիոնների լիգան հաղթելու, նույնիսկ կիսաեզրափակիչ հասնելու համար:

champions league trophy pep guardiola q7gzbtuqkh091j0tgplinbm6w 960x540 - Միայն փողով Չեմպիոնների լիգան չես հաղթի. 5 թանկարժեք նախագծեր, որ ձախողվեցին Եվրոպայում

«Մանչեսթեր Սիթին», ընդհանուր առմամբ, 778 միլիոն եվրո ծախսեց տրանսֆերների վրա Պեպի օրոք. 2016/17-ին «Սիթին» ծախսել է 215 միլիոն եվրո, 2017/18-ին՝ 317 միլիոն, 2018/19-ին՝ 78 միլիոն, իսկ 2019/20-ին՝ 166 միլիոն. Գվարդիոլան իր առաջին մրցաշրջանում «Սիթիի» ղեկին չհաղթահարեց ՉԼ-ի նույնիսկ 1/8 եզրափակիչ փուլը՝ պարտվելով «Մոնակոյին»: Իր երկրորդ մրցաշրջանում Պեպի թիմը զիջեց Կլոպի «Լիվերպուլին» 1/4 եզրափակիչում, հաջորդ տարի նույն փուլում «Սիթին» պարտվեց արդեն «Տոտենհեմին», իսկ արդեն 2019/20 մրցաշրջանից Գվարդիոլան իր սաների հետ միասին ձեռնունայն հեռացավ Լիսաբոնից. կրկին 1/4 եզրափակիչում «Սիթին» այս անգամ ավելի անսպասելիորեն պարտվեց «Լիոնին»:

Իր բոլոր մրցակիցների հետ խաղերում «Մանչեսթեր Սիթին» եղել է ֆավորիտի կարգավիճակում, բայց ինչ-որ բան չի հերիքել նրանց՝ ավելի առաջ գնալու համար:

«Բավարիա» – Արդյունավետ նախագծի իսկական օրինակ

Այս թիմերի կողքին հայտնվում է «Բավարիան», որը, ճիշտ է՝ վերջին անգամ ՉԼ-ն հաղթել է 2013 թվականին, սակայն ընթացիկ մրցաշրջանում մյունխենցիները հիացնում են իրենց ստեղծած թիմով, ներդրումներով ու արդյունքներով: «Բարսելոնայի» նկատմամբ տարած արդեն լեգենդար հաղթանակը 8-2 հաշվով դրա վառ օրինակն է. կատալոնական ակումբի դեմ խաղում «Բավարիայի» մեկնարկային կազմն ակումբի համար արժեցել է ընդամենը 100 միլիոն եվրո՝ չլսված գին այսօրվա գրանդ ակումբի համար: Ավելի քան 100 միլիոն «Բարսելոնան» վճարել է միայն Գրիզմանի, Դեմբելեի ու Կոուտինյոյի համար առանձին:

1266340489.jpg.0 960x640 - Միայն փողով Չեմպիոնների լիգան չես հաղթի. 5 թանկարժեք նախագծեր, որ ձախողվեցին Եվրոպայում

«Բավարիայի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Մանուել Նոյերն էր, որի համար մյունխենցիները «Շալկեին» վճարել էին 30 միլիոն եվրո: Ջոշուա Կիմիխը, որ այսօր թիմի ամենաառանցքային ֆուտբոլիստներից է, ակումբին արժեցել է 8.5 միլիոն եվրո: Ժերոմ Բոատենգի համար վճարվել է 13.5 միլիոն եվրո, իսկ Դավիդ Ալաբայի համար՝ 150 հազար եվրո. կոպեկներ: Այս մրցաշրջանի գլխավոր սենսացիաներից մեկի՝ Ալֆոնսո Դևիսի համար «Բավարիան» վճարել է ընդամենը 10 միլիոն եվրո. նրա տրանսֆերային արժեքն այս պահին 60 միլիոն է:

Լեոն Գորեցկան «Շալկեից» եկել է անվճար, քանի որ գելզենկիրխենյան ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետն արդեն ավարտվել էր: Տիագո Ալկանտարային «Բավարիան» «Բարսելոնայից» «փախցրել» էր ընդամենը 25 միլիոն եվրոյով: Սերժ Գնաբրին, որ այս մրցաշրջանում աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ ու շատ հզոր ֆուտբոլիստ է դարձել իր դիրքում, ակումբին արժեցել է ընդամենը 8 միլիոն եվրո: Տոմաս Մյուլերը, կարելի է ասել՝ ակումբի լեգենդը «Բավարիայի» դպրոցի սան է ու բնականաբար ոչ մի լումա նրա համար ակումբը չի վճարել: Իվան Պերիշիչին վարձակալելու համար «Բավարիան» վճարել է 5 միլիոն եվրո, իսկ Ռոբերտ Լևանդովսկին՝ վերջին տարիներին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը նույնպես «Բավարիան» համալրել է անվճար:

Միլիոնները, անխոս, օգնում են ակումբներին հասնել հաջողության ու զարգանալ, բայց ֆուտբոլային լավ աչքը, տրանսֆերների ու մարզչի գրագետ ընտրությունը և ճիշտ ժամանակին գործելը կարող են շատ ավելին անել, քան միլիոնները:

#Լիսաբոն2020. Ո՞վ կհաղթի պատմության ամենաբաց ու անկանխատեսելի Չեմպիոնների լիգայում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա