Logo

Միջերկրածովյան բախում Լոնդոնում․ նպատակը՝ վերջ տալ վատ հիշողություններին, կամ շարունակել դրանք

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 06.07.2021ՍՊՈՐՏ
andrea pirlo xavi hernandez spain italy euro 2012 4148718 - Միջերկրածովյան բախում Լոնդոնում․ նպատակը՝ վերջ տալ վատ հիշողություններին, կամ շարունակել դրանք
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

06 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Իսպանիա

1 - 0 Ֆեդերիկո Կիեզա - 60`

1 - 1 Ալվարո Մորատա - 80`

ԵՎՐՈ-2020-ի պես զարմանահրաշ մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում պատահական դիմակայություն լինել չէր կարող։ Ժամեր անց Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում միջերկրական դերբի է լինելու՝ հանդիպելու են Իտալիան ու Իսպանիան։

Այս հավաքականների միջև դիմակայությունը ստացել է միջերկրական դերբի անվանումը երկրների աշխարհագրական դիրքի պատճառով։ Իսպանիան ու Իտալիան մոլորակի ամենամեծ ծովի ափերը ողողող եվրոպական ամենահայտնի երկրներից են։ Այդ պատճառով էլ դիմակայությունը ստացել է այս անվանումը։ Երեկոյի գլխավոր հանդիպմանն ընդառաջ VNews-ը ներկայացնում է այս երկու հավաքականների դիմակայության ամենահետաքրքիր դրվագները, հիշարժան հանդիպումները, այսօր սպասվող դիմակայություններն ու թիմերի վիճակագրությունները ԵՎՐՈ-ների այս փուլում։

Պատմություն

ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչի առաջին ուղեգրի համար պայքարող հավաքականները միմյանց դեմ խաղացել են 37 անգամ։ Թիմերից յուրաքանչյուրը 11 հաղթանակ է տարել ևս 15 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ ԵՎՐՈ-ներում սա Իտալիայի ու Իսպանիայի միջև արդեն 7-րդ խաղն է։

Նախորդ վեցից երեքում գրանցվել է ոչ-ոքի։ Սակայն այդ ոչ-ոքիների թվում է նաև 2008-ի քառորդ եզրափակիչը, որում «ֆուրիա ռոխան» հաղթեց հետխաղյա հարվածաշարում:

Spain-Italy | Casillas's saves in Italy shoot-out put Spain in EURO 2008 semis | UEFA EURO 2020 | UEFA.com

Իտալիան երկու հաղթանակ է տարել ԵՎՐՈ-ներում Իսպանիայի նկատմամբ։ Դրանցից մեկը 1988 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլում էր։ Մյուսը ֆուտբոլասերների հիշողության մեջ պետք է որ թարմ լինի․ ԵՎՐՈ-2016-ի 1/8-րդ եզրափակիչում Իտալիան Ջորջիո Կիելինիի ու Գրացիանո Պելեի գոլերի շնորհիվ հաղթեց ու պայքարից դուրս թողեց Եվրոպայի գործող չեմպիոնին՝ վերջ դնելով «ֆուրիա ռոխայի» եվրոպական հեգեմոնիային։ Այդ խաղում թիմերի ներկայիս հայտացուցակներից մասնակցել են Դավիդ դե Խեան, Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը և Ալվարո Մորատան։ Երկու թիմերում էլ սերնդափոխություն է եղել։

Իսպանիան ԵՎՐՈ-ում Իտալիային հիմնական ժամանակում հաղթել է մեկ անգամ, բայց ի՜նչ հաղթանակ էր դա։ ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչում Վիսենտե դել Բոսկեի սաները ջախջախիչ հաղթանակ տարան «սկուադրա աձուրայի» նկատմամբ 4-0 հաշվով։ Այս թիմերը հանդիպել էին նաև նույն մրցաշարի խմբային փուլում, որում գրանցվել էր ոչ-ոքի։ Ի դեպ, սա 4-րդ անընդմեջ ԵՎՐՈ-ն է, որում Իտալիան ու Իսպանիան հանդիպում են։ Ստացվում է, Իսպանիան իր երկու չեմպիոնական մրցաշարերում ճանապարհից «մաքրել» է Իտալիային, իսկ նախորդ ԵՎՐՈ-ում հենց նրանց պարտվելուց հետո է հրաժեշտ տվել մրցաշարին։

Italy-Spain | Dominant Italy brush aside holders Spain in EURO 2016 first knockout round | UEFA EURO 2020 | UEFA.com

Թիմերի միջև առաջին խաղը կայացել է 1924 թվականին։ Մինչև 1934 թվականի աշխարհի առաջնությունը Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները հանդիպել են վեց անգամ։ Բոլոր խաղերը եղել են ընկերական։ 1934-ի Մունդիալում թիմերը հանդիպել են քառորդ եզրափակիչում։ Ոչ-ոքի արդյունքից հետո տեղի ունեցավ վերախաղարկում, որն ավարտվեց իտալացիների հաղթանակով։ Աշխարհի առաջնություններում թիմերը հանդիպել են նաև 1994 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։ Այդ ժամանակ ևս դիմակայությունն ավարտվել է Իտալիայի հաղթանակով։

Այսօր երեկոյան Իտալիան ու Իսպանիան կհանդիպեն 38-րդ անգամ։ «Սկուադրա աձուրան» ավելի շատ հանդիպումներ անցկացրել է միայն Ֆրանսիայի (39) ու Շվեյցարիայի (59) հավաքականների դեմ։ Թիմերը շատ շուտով նորից հանդիպելու են իրար մեկ այլ մրցաշարի՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում։ Դա կլինի աշնանը։

Հիշարժան եզրափակիչից մինչև պատմական անկում

Այս հավաքականների միջև ամենահիշարժան խաղն, իհարկե, ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչն էր։ Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը մոտ էր երրորդ անընդմեջ մրցաշարում հաղթանակին։ Իտալիան էլ գերազանց առաջնություն էր անցկացրել՝ կիսաեզրափակիչում պայքարից դուրս թողնելով մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկին՝ Գերմանիայի ընտրանուն։ Սակայն եզրափակիչում պայքար ուղղակի չկար։ Իսպանիան հենց սկզբում հաստատեց հաղթողի գլխավոր հավակնորդի կարգավիճակն ու ջախջախեց մրցակցին։ Իրենց կարիերայի լավագույն խաղերից մեկն անցկացրին «ֆուրիա ռոխայի» ոսկե սերնդի միջին գծի աստղերը՝ Չավին ու Ինիեստան։ Վերջինը խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց։ Թեպետ այդ կոչումը կարող էր տրվել նաև Չավիին, որը երկրորդ գոլի դրվագում ֆանտաստիկ փոխանցում կատարեց Ժորդի Ալբային։

Spain 4-0 Italy: Fernando Torres wins Golden Boot as David Silva, Jordi Alba and Juan Mata score in rout - Mirror Online

Իտալիան պատմականորեն վատ չի խաղում Իսպանիայի հավաքականի հետ։ Բայց ամենաթարմ հիշողություններում «սկուադրա աձուրան» հաստատ սարսափում է իսպանացիներից։ Բացի ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչից Իտալիան ֆուտբոլային ողբերգության առերեսվեց Մունդիալ-2018-ի խմբային փուլում։ Իսպանիան ու Իտալիան նույն խմբում էին։ «Ֆուրիա ռոխան» առաջին տեղով դուրս եկավ խմբից։ Իտալիայի դեմ խաղերից մեկում նրանք հաղթեցին խոշոր հաշվով, իսկ մյուս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։ Իտալիան անցումային խաղերում պարտվեց Շվեդիային։ 1958 թվականից հետո սա առաջին դեպքն էր, երբ Իտալիան դուրս չեկավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Ի դեպ, հենց այդ ձախողումից հետո Իտալիան նշանակեց Ռոբերտո Մանչինիին, ում գլխավորությամբ Իտալիան պարզապես «ճախրում» է ֆուտբոլային դաշտում։ Իտալիայի այսօրվա խնդիրը շատ պարզ է․ փոխել Իսպանիայի հավաքականի հետ կապված վատ հիշողությունները։ «Ֆուրիա ռոխայի» մոտ ևս ամեն ինչ պարզ է․ շարունակել Իտալիայի հավաքականի համար վատ հիշողությունների շղթան։

Former champions Italy fail to qualify for 2018 FIFA World Cup

Մեր ընտրանին․

Դիմակայությունը դաշտում ու դաշտից դուրս

Այսօր կայանալիք խաղում կան անչափ հետաքրքիր դիմակայություններ ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս։ Ֆուտբոլասերներից շատերը գուցե նկատած չլինեն այսպիսի «մանրուքները», բայց դրանք հավելյալ հետաքրքրություն են տալու այսօր կայանալիք խաղին։

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 2011/12 թվականների մրցաշրջանում գլխավորում էր «Ռոման»։ Այդ ժամանակ «Ռոմայում» խաղում էր Իտալիայի ընտրանու նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին, որը հիմա Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբում է։ Համաձայնվեք, հետաքրքիր դիմակայություն է։

Գուցե զարմանալի թվա, բայց Իտալիայի հավաքականի հայտացուցակում երեք ֆուտբոլիստ է խաղացել Իսպանիայում։ Այդ ֆուտբոլիստներն են Սալվատորե Սիրիգուն («Սևիլիա» 2016/17 մրցաշրջան, վարձակալություն, «Օսասունա» 2017թ․, վարձակալություն)։ Իսպանացիներից Իտալիայում խաղացել/խաղում են երկուսը՝ Ալվարո Մորատան («Յուվենտուս» 2014/16 մրցաշրջաններ, 2020-ից մինչև հիմա) և Ֆաբիան Ռուիսը («Նապոլի» 2018 թվականից մինչև հիմա)։

Այսօր դաշտում լինելու են նաև նախկին ու ներկա ակումբակիցների դիմակայություններ։ Ալվարո Մորատան հանդիպելու է «Յուվենտուսի» իր թիմակիցներին՝ Ջորջիո Կիելինիին, Լեոնարդո Բոնուչիին, Ֆեդերիկո Կիեզային և Ֆեդերիկո Բերնարդեսկիին։

Bonucci wary of embattled Spain forward Morata as Italy play down favourites tag in Euro 2020 semi-final

Այսօրվա խաղում ներկայացուցչական է նաև «Նապոլին»։ Միմյանց դաշտում կհանդիպեն Ալեքս Մերետը, Լորենցո Ինսինյեն, Ջիովանի դի Լորենցոն և Ֆաբիան Ռուիսը։ Ձախ եզրում հնարավոր է տեսնենք «Չելսիի» երկու եզրայինների դիմակայությունը։ Լեոնադրո Սպինացոլայի վնասվածքից հետո ձախից կխաղա Էմերսոնը։ Իսպանիայի աջ եզրում Էնրիկեն վստահում է Սեզար Ասպիլիկուետային։ Չմոռանանք, որ Իտալիայի կազմում ևս մեկ «լոնդոնցի» կա՝ Ժորժինյոն։ ՊՍԺ-ի թիմակիցների հանդիպումը չի կայանա, քանի որ Պաբլո Սարաբիան վնասվածք ունի, բացի դրանից էլ Մարկո Վերատին հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում։

Իտալիայի հավաքականի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 2 գոլ է խփել Իսպանիայի հավաքականի ներկայիս դարպասապահ Ունայ Սիմոնին։ Այդ խաղում Իտալիան հաղթել է 3-1 հաշվով։ Ինչ կլինի նրանց դիմակայությունում արդեն ԵՎՐՈ-ում, կիմանանք այսօր։

Ժորժինյոն ու Էմերսոնը մասնակցել են Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչին, որում «Չելսին» նվազագույն հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»։ «Քաղաքաբնակների» կազմում այդ խաղին խաղացել են Ֆերան Տորեսը, Ռոդրին և Էմերիկ Լապորտը։ Նրանք հիմա Իսպանիայի հավաքականում են։

Պետական օրհներգեր

Եթե երկրպագուներին հարցնեն, թե որն է այս առաջնության ոչ ֆուտբոլային գլխավոր գեղեցկությունը, ապա միանշանակ նրանք կպաստախանեն այն, թե ինչպես են Իտալիայի հավաքականի խաղացողները երգում պետական օրհներգը։ Փոքրիկ տեղեկությունն այս մասով չէր խանգարի երեկոյի գլխավոր հանդիպմանն ընդառաջ, մանավանդ երբ երկու երկրի պարագայում էլ շատ հետաքրքիր փաստեր կան։ Օրինակ Իտալիայի հիմնի բառերը 1847 թվականին գրել է 20-ամյա Գոֆրեդո Մամելին, որն առանձնահատուկ կերպով է սիրել Իտալիան։ Դա երևում է օրհներգի բառերից։ Երաժշտությունը նույն տարում գրել է Միշել Նովարոն։ Հատկանշական է, որ երգը պահպանվել ու Իտալիայի ազգային օրհներգ է դարձել գրեթե 100 տարի անց՝ 1946 թվականին։

E3NrExUXMAINS6x - Միջերկրածովյան բախում Լոնդոնում․ նպատակը՝ վերջ տալ վատ հիշողություններին, կամ շարունակել դրանք

Իսպանիայի հիմնը առանձին պատմություն է։ Գուցե ֆուտբոլասերներին հետաքրքրում է, թե ինչու Իսպանիայի հավաքականի խաղացողները չեն կատարում իրենց երկրի պետական օրհներգը։ Պատասխանը առավել քան պարզ է․ այն պարզապես բառեր չունի։ «Թագավորական մարշը», ինչպես կոչվում է Իսպանիայի պետական օրհներգը չունի պաշտոնապես հաստատվեց բառեր։ Աշխարհում Իսպանիայից բացի պետական օրհներգի բառեր չունեն նաև Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի և Սան Մարինոյի հիմները։

ԵՎՐՈ փաստեր՝ Իտալիայի հավաքական 

  • Իտալիայի հավաքականը 4 անգամ է խաղացել ԵՎՐՈ-ների կիսաեզրափակիչ փուլում՝ (3 հաղթանակ, 1 պարտություն)

ԵՎՐՈ-1968 – հաղթանակ ԽՍՀՄ հավաքականի նկատմամբ
ԵՎՐՈ-1988 – պարտություն ԽՍՀՄ հավաքականից
ԵՎՐՈ-2000 – հաղթանակ Նիդերլանդների հավաքականի նկատմամբ
ԵՎՐՈ-2012 – հաղթանակ Գերմանիայի հավաքականի նկատմամբ

ԵՎՐՈ փաստեր՝ Իսպանիայի հավաքական

  • Իսպանիայի հավաքականը 4 անգամ է խաղացել ԵՎՐՈ-ների կիսաեզրափակիչ փուլում (4 հաղթանակ)

ԵՎՐՈ-1964 – հաղթանակ Հունգարիայի հավաքականի նկատմամբ
ԵՎՐՈ-1984 հաղթանակ Դանիայի հավաքականի նկատմամբ
ԵՎՐՈ-2008 հաղթանակ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ
ԵՎՐՈ-2012 հաղթանակ Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա