Logo

«Բանտում անցկացրած երեք տարիները լավագույնն էին իմ կյանքում». Մայք Թայսոն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
14:28 / 05.07.2022Բռնցքամարտ
null

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը խոսել է բանտում անցկացրած ժամանակահատվածի մասին:


Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ

«Ես լավ էի բոլորի հետ: Կյանքիս լավագույն երեք տարիներն անցկացրել եմ բանտում: Այնտեղ ես խաղաղություն գտա: Փողն արժեք չունի, եթե չկա խաղաղություն: Խոսքը հավասարակշռության մասին է, իսկ կյանքում ցանկացած բնագավառ կառավարելու համար անհրաժեշտ է ողջախոհություն:

Բանտում ես վազում էի 8-9 մղոն: Գիշերները վազում էի բանտախցում, երբեմն ուղղակի ցատկում էի: Իմ բանտախցում բետոնե հատակ կար, որը ջարդեցի, քանի որ 130 կիլոգրամ էի կշռում: Երբ դուրս եկա բանտից, քաշս 98 կգ էր»,- ասել է Թայսոնը The Pivot Podcast-ի եթերում:


ԻՆՉՈՒ՞ Է ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ

Մայք Թայսոնը ձերբակալվել է 1991 թվականի հուլիսին մոդել Դեզիրե Վաշինգթոնին Ինդիանապոլիսի հյուրանոցներից մեկում բռնաբարելու համար: 1992 թվականին նա բանտարկվել է՝ դատապարտվելով 6 տարվա ազատազրկման:

Հանցագործությունը մասնակի ապացուցվել է Թայսոնի վարորդի ցուցմունքի հիման վրա: Վարորդը հաստատել էր, որ դեպքից հետո Դեզիրե Վաշինգթոնը շոկային վիճակում է եղել: Լրացուցիչ փաստերի շրջանակում ներառվել է շտապօգնության բժշկի ցուցմունքը: Բժիշկը դեպքից ավելի քան 24 ժամ անց զննել է Վաշինգթոնին ու հաստատել, որ նրա ֆիզիկական վիճակը համապատասխանում է բռնաբարությանը:

Մայք Թայսոնը կտրականապես հերքել է բռնաբարության մեղադրանքը՝ հայտարարելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Ի վերջո Թայսոնին ազատազրկելու որոշումը կայացվել է երդվյալ ատենակալների՝ մոտ 10 ժամ տևած քննարկումից հետո: Որոշումը բողոքարկվել է, սակայն Ինդիանայի վերաքննիչ դատարանը 2-1 ձայնով Թայսոնի դեմ վճիռ է կայացրել:

Լայնորեն քննարկվել է այն թեման, որ Մայք Թայսոնը բանտում իսլամ է ընդունել, նրան կոչել են Մալիք Աբդուլ Ազիզ մահմեդական անունով (ըստ որոշ աղբյուրների՝ Մալիք Շաբազ): Այնուհետև Մայք Թայսոնը հայտարարել է, որ իսլամ ընդունել է մինչև բանտում հայտնվելը, բայց լրատվամիջոցների ենթադրյալ ապատեղեկատվությունը հերքելու համար ջանք չի գործադրել: 

Մայք Թայսոնը բանտից դուրս է եկել 1995 թվականի սկզբին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա