Logo

Մինասյանը նշել է 3 եվրոպացի մարզչի, որի աշխատանքին առավել ուշադիր է հետևում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.05.2021Հայկական ֆուտբոլ
30.09.2019 Ararat Armenia 3 1 Pyunik 30 - Մինասյանը նշել է 3 եվրոպացի մարզչի, որի աշխատանքին առավել ուշադիր է հետևում

Հայ անվանի մասնագետ, ներկայումս ղազախական «Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը յութուբյան Sports True ալիքին տված հարցազրույցում անվանել է այն եվրոպացի մարզիչներին և թիմերին, որոնց առանձնահատուկ ուշադրությամբ է հետևում:

«Միանշանակ, կառանձնացնեմ Գվարդիոլային, նա համար մեկն է: Բանն այն չէ, որ Գվարդիոլան ուժեղագույնն է: Պարզապես նրա դավանած ֆուտբոլն ավելի մոտ է խաղի վերաբերյալ իմ ունեցած պատկերացումներին: Նա հավանաբար առաջին տեղում է:

Ինձ շատ է դուր գալիս նաև Մաուրիսիո Պոչետինոն, որը հիմա ՊՍԺ-ում է աշխատում: Ցավոք, չհաջողվեց դիտել «Մանչեսթեր Սիթիի» ու ՊՍԺ-ի հանդիպումը, քանի որ մրցավեճը շատ ուշ ժամի էր մեկնարկել, իսկ առավոտյան մարզում ունեինք: Բայց արդեն որոշել եմ, որ անպայման դիտելու եմ հանդիպման տեսագրությունը: Պոչետինոն շատ լավ աշխատանք կատարեց «Տոտենհեմում», թիմը շատ ինտենսիվ և գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում:

Կնշեմ նաև նախորդ մրցաշրջանի «Լիվերպուլը», այն ֆուտբոլը, որ թիմը գործարկում էր Յուրգեն Կլոպի օրոք: Ինձ համար անսպասելի էր՝ ինչպես էր հնարավոր պահպանել այդ տեմպը, ռիթմն ու անընդհատ այդպես խաղալ: Նրանք բոլոր հանդիպումներում էին նման ինտենսիվությամբ գործում: Բայց ինչպե՞ս էին դրան հասել, չգիտեմ: Գուցե բանն այն է, որ նրանք սովոր են այդ ռիթմին: Սկզբում ուղեղն է հարմարվում, հետո՝ մարմինը: Համոզված եմ՝ եթե մեր ֆուտբոլիստներից որևէ մեկը 19-20 տարեկանում հայտնվեր Անգլիայում, հարմարվեր այդ ֆուտբոլին և օգտվեր նրանց ունեցած տեխնոլոգիաներից, հետագայում ոչ մի տարբերություն չէր լինի՝ տվյալ խաղացողն անգլիացի՞ է, ղազա՞խ, թե՞ օրինակ հայ: Վստահ եմ, որ տվյալ ֆուտբոլիստն այդ տեմպով կխաղար նույնքան հանգիստ, ինչքան անգլիացին»,- ասել է Մինասյանը:

«Տարազը» Ղազախստանի ընթացիկ առաջնության մեկնարկային 10 խաղից հետո վաստակել է 17 միավոր և 14 թիմի պայքարում 4-5-րդ հորիզոնականներն է բաժանում «Կայրաթի» հետ, որի համեմատ 1 մրցավեճ պակաս է անցկացրել:

Մինասյանը՝ Գերմանիա – Հայաստան խաղի մասին․ «Չեմ կասկածում՝ մեր հավաքականն արժանավայել տեսք կունենա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա