Logo

Մինո Ռայոլա՝ պիցցերիայի աշխատողից մինչև ֆուտբոլային մեգագործակալ

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
13:52 / 02.05.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Mino Raiola

Ռոդերիկ Տյուրպեյնը քիչ հայտնի է հանրությանը։ Նա ֆուտբոլիստ էր Նիդեռլանդներից, որը 1990-ականների կեսերին մի քանի հանդիպում էր անցկացրել «Այաքսի» կազմում, իսկ հետո տեղափոխվել «Դե Գրաֆսխապ» և ավարտել պրոֆեսիոնալ կարիերան 25 տարեկանում։ Այստեղ առանցքային է այն, որ այդ տեղափոխությունն օգնեց նրան ֆինանսական առումով ապահովել իրեն ամբողջ կյանքի համար։

Նրա գործակալը բանակցություններ էր վարել «Դե Գրաֆսխապի» հետ։ Ակումբ, որն այն ժամանակ, ինչպես և հիմա, նիդեռլանդական ֆուտբոլի թոփերի շարքին չի դասվում։ Գործակալը պահանջել էր, որ Տյուրպեյնին հատկացվի նույն աշխատավարձը, ինչպես «Այաքսում»:

Ի զարմանս բոլորի՝ ակումբը համաձայնել էր այդ պայմաններին և նույնիսկ բոնուսներ էր տրամադրել։ Տպավորիչ արդյունք էր՝ հաշվի առնելով, որ «Այաքսում» ֆուտբոլիստի աշխատավարձը, ըստ գործակալի, «վերցված էր օդից»։ Այդ գործակալը եղել է Մինո Ռայոլան: 

Ապրիլի 30-ին Մինո Ռայոլայի ընտանիքը գործակալի թվիթերյան էջում հայտնեց նրա մահվան լուրը: Ռայոլան կյանքից հեռացավ 54 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո:

Այս հոդվածով կներկայացնենք, թե ինչպես է Մինո Ռայոլան պիցցերիայում աշխատելուց հասել մինչև համաշխարհային ֆուտբոլի մեգագործակալի կարգավիճակին։ 

«Փոքրիկ» տղան, որ ձեռնոց նետեց համակարգին

Տյուրպեյնը մինչև այսօր հիշում է այդ գործարքն ու շնորհակալ է Ռայոլային։ Նա դրա մասին պատմել է «Հարդ Գրաս» ամսագրի՝ «Շնորհակալություն, Մինո՛» հոդվածում: 
Այս պատմությունն օգնում է հասկանալ, թե ինչու էր Ռայոլան այդքան սիրված իր հաճախորդների շրջանում: Նրանց համար նա այն «փոքրիկ» տղան էր, որը ձեռնոց նետեց համակարգին:

Գործակալներին հաճախ նկարագրում են որպես ֆուտբոլի թշնամիներ, և Ռայոլան բացառություն չէր։ Ավելին՝ գուցե գլխավորում էր այդ անվանացուցակը։ Մինչև հանրահայտ մեկ այլ գործակալ Ժորժե Մենդեշը ստվերում էր, Ռայոլան գործում էր անկեղծ և անվախ:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ հենց սկզբից չի հավանել Ռայոլային. «Ֆուտբոլում կա մեկ կամ երկու գործակալ, որոնց ես պարզապես չեմ սիրում: Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան նրանցից մեկն է: Նա ստիպեց ինձ չվստահել իրեն մեր հանդիպման առաջին րոպեից»,- ասել է Ֆերգյուսոնը։

Բայց խաղացողները սիրում են նրան։ «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո Պոգբան դարձավ գերաստղ և ռեկորդային գումարով վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»: Զլատան Իբրահիմովիչը Մինո Ռայոլային է վստահել իր կարիերան, այժմ նույնն է անում Էրլինգ Հոլանդը։

Mino Raiola 1

Իբրահիմովիչը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Ռայոլայի հետ առաջին հանդիպման մասին. «Ես չգիտեի, թե ինչպիսի մարդու հետ եմ հանդիպելու: Կարծում էի, որ նա գծավոր կոստյումով մի տղա է՝ հսկայական ոսկե ժամացույցով, բայց․․․ Ես տեսա մեծ փորով մի տղայի, ջինսով և Nike-ի շապիկով, որը նման էր «Սոպրանոների կլանի» կերպարներից մեկին:

Իսկ ինչ եք կարծում՝ ի՞նչ պատվիրեց նա, երբ մենք նստեցինք սեղանի շուրջ։ Մի քանի սուշի ռուլետ ավոկադոյով և ծովախեցգետնով: Մեզ մատուցեցին մի հսկայական ափսե նախուտեստներ, որը կբավարարեր հինգ հոգու, և նա սկսեց լցնել ստամոքսը»։

Ռայոլան ամուր հարաբերություններ էր կառուցում իր հաճախորդների հետ

«Ֆուտբոլիստների համար Մինոն հիանալի տղա է, քանի որ օգնում է նրանց կնքել լավագույն պայմանագրերը, իսկ ակումբների համար նա իսկական գլխացավանք է»,- ասել է Միխել Կրեկը:

Հասկանալու համար, թե ինչու են բարձրակարգ ֆուտբոլային աստղերը դիմում Ռայոլային, պետք է ուսումնասիրել՝ ինչպես է նա սկսել իր կարիերան և կատարել իր առաջին գործարքները: Եթե Տյուրպեյնի գործն ընդգծում է Ռայոլայի բանակցային հմտությունները, ապա մյուսները ցույց են տալիս, թե ինչպես նա կարող է վստահություն շահել:

Միխել Կրեկն «Այաքսի» կիսապաշտպանն էր: Նա 2 տիտղոս է նվաճել Լուի վան Գալի թիմի հետ, ինչպես նաև մասնակցել 1992 թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչին, որում ամստերդամյան թիմը հաղթել էր «Տորինոյին»։ Բայց Էդգար Դավիդսի՝ թիմում հայտնվելուց հետո նա կորցրել էր տեղը մեկնարկային կազմում, ինչի արդյունքում էլ փոխելով ակումբային գրանցումը՝ տեղափոխվել էր իտալական «Պադովա»։ 

«Չնայած դա ամենաուժեղ ակումբը չէր, բայց ես մեծ հնարավորություն ունեի տեղափոխվելու Եվրոպայի ուժեղագույն լիգա: Ես «Այաքսում» էի 8 տարեկանից, իսկ այդ պահին՝ 23 տարեկանում, պետք է առաջին անգամ ապրեի արտերկրում և լինեի ինքնուրույն»,- պատմել է Կրեկը։

Իրականում Կրեկի գործակալը Ռոբ Յանսենն էր, իսկ Ռայոլան՝ նրա օգնականը:

«Այն ժամանակ Մինոն աշխատում էր Ռոբի մոտ և պետք է ուղեկցեր բոլոր խաղացողներին, որոնք տեղափոխվում էին Իտալիա։ Իհարկե, Իտալիայում ֆինանսական ավելի լավ հնարավորություններ կային, քան Նիդեռլանդներում։ Նա օգնեց ինձ հաստատվել Պադովայում: Մինոն Ռոբ Յանսենի և «Պադովայի» ղեկավարության բոլոր բանակցությունների թարգմանիչն էր»,- ասել է Կրեկը։ 

Mino Raiola 2

Մանկուց աշխատելով Հարլեմում գտնվող իր ծնողների պիցցերիայում՝ Ռայոլան բիզնես վարելու հմտություններ էր ձեռք բերել: Արդեն 17 տարեկանում նա հիմնել է «Intermezzo» ընկերությունը, որն ուսումնասիրում էր իտալական շուկայում նիդեռլանդական ընկերությունների զարգացման հնարավորությունները: Ռայոլայի խոսքով՝ իր առաջին միլիոնը նա վաստակել է պատանեկության տարիներին։

Ճակատագիրն է հարթել Ամստերդամի արվարձաններում ապրող իտալական արմատներով երիտասարդի և ֆուտբոլի կապը։ Ռայոլան ֆուտբոլային գործակալի աշխատանքն սկսել այն ժամանակ, երբ նիդեռլանդական տաղանդների մեծ սերունդ էր ի հայտ գալիս, և Ա Սերիան աշխարհի ամենաուժեղ ազգային առաջնությունն էր:

Ձեռնարկատիրական ոգու շնորհիվ Ռայոլան միջնորդ դառնալու հնարավորություն է ունեցել։ Նա 1993 թվականին կազմակերպել է Դենիս Բերգկամպի տրանսֆերն «Ինտեր», իսկ դրանից մեկ տարի առաջ օգնել է «Ֆոջա» տեղափոխվել Բրայան Ռոյին։

Ռոյ-Ռայոլա օրինակելի համագործակցությունը 

Mino Raiola 3

Ռայոլան Ռոյի հետ կես տարի անցկացրել է Ֆոջայում։ Նա զբաղվել է բոլոր հարցերով՝ բաց չթողնելով ոչ մի դետալ։ Ռայոլան նույնիսկ օգնել է Ռոյին ներկել բնակարանը։ Ռոյի համար այդ ամենը հավատարմության վկայություն է եղել:

«Նա իրականացրեց գործարքը, քանի որ խոսում էր իտալերեն, բայց ամենակարևորն այն է, թե ինչպես էր նա վերաբերվում ինձ պայմանագիրն ստորագրելուց հետո: Նա օր ու գիշեր կողքիս էր: Նա ամեն ինչ անում էր, որպեսզի ես հնարավորինս լավ զգամ: Առաջին երկու ամիսները մենք ապրում էինք հյուրանոցի հարևան սենյակներում։ Հետո ես բնակարան գտա։ Մինոն ինձ օգնեց ամեն ինչում։ Ես միշտ երախտապարտ կլինեմ նրան դրա համար։  Իտալիայում շատ գեղեցիկ վայրեր և քաղաքներ կան, բայց Ֆոջան դրանցից չէ: Կարծում եմ՝ իմ օրինակը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսին է Մինոն»,- պատմել է Ռոյը։

Կրեկը նույնպես ներկայացրել է իր պատմությունը։ 

«Պադովա» տեղափոխվելու պահից սկսած՝ Մինոն միշտ ինձ հետ էր, օգնում էր տուն և մեքենա գտնել, բանկային հաշիվ բացել, ինչ-որ բան անել։ Նա գիտեր լեզուն: Առաջին 3 շաբաթվա ընթացքում նա չլքեց ինձ և շատ օգնեց: 

Նա կարող էր ցանկացած հարց լուծել։ Օրինակ՝ պայմանագրում ներառված չէր, որ ինձ մեքենա պետք է տրամադրվի։ 2 օր անց նա ինձ համար մեքենա գտավ անձնական հովանավորից։ Մի շարք հարցեր է նա լուծել, որոնք նրա պարտականությունների մեջ չէին: Նա դա արել է՝ զուտ մարդկային վերաբերմունք ցուցաբերելով: Դա նրա աշխատանքի մասը չէր, բայց նա անում էր։

Այդպիսին էր այն ժամանակ Մինոն։ Նա ծանոթություններ է հաստատում և շատ հեշտ էր լուծում ցանկացած հարց։ Նրա հետ շատ զվարճալի էր»,- պատմել է Միխել Կրեկը։ 

Ռայոլան սիրում էր հիշել, թե ինչպես էր նախատում «Յուվենտուսի» նախկին տնօրեն Լուչիանո Մոջիին իր բոլոր ենթակաների ներկայությամբ նախատեսված հանդիպմանը չներկայանալու համար, երբ գործակալը դեռևս հայտնի չէր ֆուտբոլային աշխարհում։

Նույնիսկ հանրահայտ չեխ մարզիչ Զդենեկ Զեմանը, որն աշխատել է «Լացիոյի», «Նապոլիի» և «Ռոմայի» հետ, չէր կարող թաքնվել Ռայոլայից իր աշխատասենյակում։ Զեմանը գլխավորում էր «Ֆոջան», երբ Ռոյի տրանսֆերը կայացավ, և օրեր անց չեխ մասնագետն անսպասելի օգնական «գտավ»:

«Նա անգամ հանդերձարանում էր լինում, երբ մարզիչը ելույթ էր ունենում թիմի առաջ՝ ներկայացնելով խաղային պլանը։ Առաջին 2 շաբաթները Ռայոլան կանգում էր հենց Զեմանի կողքին, որպեսզի բացատրի ինձ, թե ինչ պետք է անել: Դա անհավանական էր: Մենք շատ լավ ընկերներ դարձանք»,- ծիծաղելով հիշել է Ռոյը:

Mino Raiola 4

Զեմանը նույնպես բարձր է գնահատել Մինո Ռայոլայի աշխատանքը։ 1996 թվականի ամռանը, երբ Զեմանը դեռ գլխավորում էր «Լացիոն», Ռայոլան օգնել է նրան թիմ հրավիրել նրա հայրենակից Պավել Նեդվեդին, որը խաղում էր Պրահայի «Սպարտայում»։ Հետագայում Նեդվեդը տեղափոխվել է «Յուվենտուս», որտեղ 2003 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը», իսկ Ռայոլան՝ հաստատվել որպես սուպերգործակալ։

Այդ ժամանակ նա այլեւս Յանսենի թարգմանիչը չէր։

«Ռոբը ղեկավարն էր, իսկ Ռայոլան օգնում էր նրան։ Կարծում եմ՝ ինչ-որ պահ Մինոն մտածեց, որ կարող է ավելին անել և հիմնեց իր սեփական ընկերությունը»,- պատմել է Կրեկը:

Ռայոլայի հաճախորդների բազան համեմատաբար փոքր էր, բայց նա հպարտանում էր, որ անձամբ է զբաղվում յուրաքանչյուր ֆուտբոլիստի հարցերով: Հայ ֆուտբոլասերները դրանում համոզվելու առիթ արդեն ունեցել են։ Մինո Ռայոլան նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գործակալն էր։ 2018 թվականի հունվարի 22-ին հայ ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ։ Հունվարի 21-ին՝ Մխիթարյանի ծննդյան օրը, երբ թեժ բանակցություններ էին ընթանում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» միջև, Ռայոլան Լոնդոնում էր Մխիթարյանի հետ։ Նրանց հետ էր նաև Պոլ Պոգբան, որն էլ լուսանկար էր հրապարակել։ 

Ռայոլայի՝ «շատ շնորհքով ներխուժումը» ֆուտբոլային աշխարհ տևեց երկու տասնամյակ: Գործակալի ամենամեծ ուժը նրա հաճախորդներն էին՝ ֆուտբոլային աստղերը, որոնք վստահում էին իտալացուն։ 

Հանգչիր խաղաղությամբ, Մինո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա