Logo

«Հռոմը նվաճված է, հաջորդ կայարանը՝ Միլան». 3 գործոն, թե ինչու է Մխիթարյանի համար ճիշտ քայլ «Ինտեր» տեղափոխությունը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
18:01 / 02.07.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Հենրիխ Մխիթարյանի կարիերայում կրկին եկավ «օդափոխության» պահը: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը փոխեց ակումբը: Հենրիխը նախորդ ամիսներին պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցում էր «Ռոմայի» ղեկավարության հետ: Նրա անցկացրած մրցաշրջանը վայրիվերումներով էր. կար հատված, երբ Մոուրինյոն կրկին պահեստայինների նստարանին թողեց Մխիթարյանին, բայց Հենրիխի խաղն ստիպեց Ժոզեին մի կողմ դնել անձնական ամբիցիաներն ու օգտագործել նրան: 

Մխիթարյանը մրցաշրջանի երկրորդ հատվածում իր փայլուն խաղով նորից շարժեց այլ թոփ ակումբների հետաքրքրությունը: Բոլորն էլ հասկանում էին, որ Հենրիխի նման ֆուտբոլիստը՝ որպես ազատ գործակալ, թիմն ուժեղացնելու հրաշալի հնարավորություն է: Մամուլում շրջանառվում էին տարբեր ակումբների անուններ՝ «Միլան», «Տոտենհեմ», «Ինտեր»: Վերջին օրերին արդեն Ֆաբրիցիո Ռոմանոն գրեց, որ Մխիթարյանը շատ մոտ է «Ինտեր» տեղափոխությանը, իսկ երբ գրեց իր հայտնի «here we go» արտահայտությունը, պարզ դարձավ, որ հաջորդող օրեր/ժամերին Հենրիխը դառնալու է «Ինտերի» ֆուտբոլիստ:

Եվ ահա այսօր «Ինտերը» պաշտոնապես հայտարարեց, որ պայմանագիր է կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ:

VNews-ը ներկայացնում է այն գործոնները, թե ինչու է «Ինտեր» տեղափոխությունը հայ ֆուտբոլիստի համար այս պահին ճիշտ որոշում:

Խաղալ ավելի ուժեղ թիմում՝ չհեռանալով իտալական ֆուտբոլից

Կա տարածված կարծիք, թե մեծ տարիքում ակումբ փոխելը սխալ է, և որտեղ արդեն հարմարվել ես, այնտեղ էլ պետք է մնաս՝ չգնալով ավելորդ արկածախնդրությունների:

Մխիթարյանը, իսկապես, «Ռոմայում» անցկացրած 3 մրցաշրջաններում հրաշալի է զգացել, եղել է շատ կարևոր ֆուտբոլիստ, կարելի է նույնիսկ պնդել, որ «Ռոման» Հենրիխի կարիերայի այն ակումբներից է, որտեղ նա եղել է բացարձակ առաջատար, հատկապես 2-րդ մրցաշրջանում, որն արդյունավետության տեսանկյունից լավագույնների ցանկում 3-րդն է նրա համար (15 գոլ ու 13 գոլային փոխանցում): Ավելի շատ գոլ+գոլային փոխանցում Հենրիխը կատարել էր միայն «Շախտյորում» ու «Բորուսիայում» իր վերջին մրցաշրջաններում: «Ռոմայում» անցկացրած 3-րդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ նրա դերը թիմում փոխվեց, Հենրիխն ստիպված էր, թիմային շահերից ելնելով, խաղալ ավելի ցածրից՝ գրեթե հենակետայինի դիրքում, որտեղ, ճիշտ է, նա ցույց չի տալիս իր լավագույն խաղը, ու որոշ որակներ զոհաբերվում են, բայց այդպես էլ նա շատ մեծ օգուտ տվեց «Ռոմային»:

Թվում է՝ իսկապես մեծ ռիսկ է 33 տարեկանում թողնել «տաք» տեղն ու հեռանալ այլ ակումբ: Բայց հենց 33 տարեկան լինելու հանգամանքն էլ մեծ նշանակություն ունի Մխիթարյանի որոշման հարցում՝ հաշվի առնելով, որ «Ռոման» չի խաղալու Չեմպիոնների լիգայում, մեծ հաշվով՝ չի հավակնում մեծ տիտղոսների (ամենայն հարգանքով՝ Կոնֆերենցիաների լիգան հաղթելը մեծագույն նվաճում չես համարի), իսկ Հենրիխի ժամանակը շատ չէ. նա արդեն 33 տարեկան է:


Իսկ ինչու՞ հենց «Ինտեր», այլ ոչ, օրինակ, «Տոտենհեմ»: Ժամանակը ցույց տվեց, որ Հենրիխի տարիքին, ֆիզիկական վիճակին ու խաղային որակներին այս պահին ամենահամապատասխան առաջնությունն Ա Սերիան է և իտալական ֆուտբոլը: Ա Սերիան 30-անց ֆուտբոլիստների համար հրաշալի հարթակ է խաղային «վերարտադրանքի», վերածնունդի համար, և Մխիթարյանն Անգլիայում հիասթափեցնող ժամանակահատված անցկացնելուց հետո տեղափոխվեց Իտալիա ու կրկին սկսեց վայելել ֆուտբոլը, կարևոր զգալ ու ցույց տալ լավագույն որակները: «Ինտեր» տեղափոխվելով՝ նա մնաց Ա Սերիայում, բայց, նախ և առաջ, կպայքարի երկրի չեմպիոնի տիտղոսի համար: Այդ առումով Հենրիխի թանգարանն այնքան էլ հարուստ չէ: Թեև նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Բորուսիայի», «Արսենալի» ու «Ռոմայի» պես թիմերում, բայց դրանցից ոչ մեկում չի հաղթել ազգային առաջնությունում: Վերջին անգամ նա ներքին առաջնության հաղթող դարձել է 2013-ին «Շախտյորի» հետ:

Դրանից բացի, «Ինտերը» խաղում է Չեմպիոնների լիգայում. եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարը նույնպես Մխիթարյանը կարոտել է: 33 տարեկանում Հենոն պետք է կառչի այս հնարավորությունից, ՉԼ-ի գնացքը կարող է այլևս չգալ:

Տարբեր դիրքերում խաղալը Հենրիխի զենքն է

Աշխարհում շատ չեն թոփ ֆուտբոլիստները, որոնք կարող են խաղալ 2-ից ավելի դիրքերում: Եվ Մխիթարյանն այն քչերից է, որ կարող է բարձր մակարդակում խաղալ միանգամից 2-3 դիրքում, ու հենց դա թևեր է տալիս հայ ֆուտբոլիստին նոր ակումբի ընտրության հարցում:

Թեև ավելի ուժեղ թիմ տեղափոխվելը ենթադրում է մեկնարկային կազմում հայտնվելու ավելի դաժան մրցակցություն, սակայն Մխիթարյանը վախենալու ոչինչ չունի: Նա կարող է խաղաժամանակ ստանալ տարբեր ֆուտբոլիստների բացակայության ժամանակ: Հենրիխը կարիերան «Փյունիկում» ու Հայաստանի հավաքականում սկսել է՝ խաղալով ենթահարձակվողի դիրքում: «Շախտյորում» Ժադսոնի ներկայության պայմաններում Լուչեսկուն Մխիթարյանին օգտագործում էր հենակետայինի դիրքում մինչև «հանքափորների» կազմում նրա վերջին մրցաշրջանը, երբ Հենրիխը կրկին վերադարձավ ենթահարձակվողի գոտի ու խփեց ռեկորդային քանակի գոլեր: «Բորուսիայում» Մխիթարյանը խաղում էր իր համար գուցե լավագույն՝ խաղարկողի դիրքում: Հենոն այնտեղ ունեցավ ազատ տարածություն, օգտագործում էր արագությունը, ուներ հրաշալի խաղընկերներ, որոնց շնորհիվ էլ օգտագործում էր իր կրեատիվ միտքը: «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Արսենալում» Մխիթարյանը խաղում էր հարձակման եզրերում, իսկ դա ինչ-որ չափով չարդարացրեց սպասելիքները, թեև շատ դեպքերում Մխիթարյանը լուծում էր իր առջև դրված խնդիրները: «Ռոմայում» Մխիթարյանը խաղում էր ինսայդի դիրքում: Այստեղ էլ նա կարողացավ միաձուլել իր խաղային տարբեր որակները. պաշտպանվել, սկսել գրոհներ խորքից, տեղափոխվել եզր, կատարել ստեղծագործական աշխատանք, հաճախ գոլ խփել:

Mkhitaryan, Gundogan star for Borussia Dortmund in Bremen

Այսպիսով՝ Մխիթարյանն «Ինտերում» կարող է խաղալ Հաքան Չալհանօղլուի դիրքում՝ որպես խաղարկող, կարող է խաղալ Նիկոլո Բարելայի դիրքում՝ որպես «box to box», հարկ եղած դեպքում՝ խաղալ Բրոզովիչի դիրքում՝ որպես հենակետային, երբեմն էլ կարող է խաղալ ենթահարձակվողի դիրքում՝ Էդին Ջեկոյի կամ Լաուտարո Մարտինեսի թիկունքում: Հենրիխը կարող է փոխարինել յուրաքանչյուրին՝ այդ ընթացքում դառնալով առանցքային ֆուտբոլիստ «Ինտերի» կազմում: Հետո արդեն մյուսները գուցե պայքարեն՝ Հենրիխի տեղը խլելու համար:

Լինել ուժեղացող թիմի առանցքային ֆուտբոլիստ

Նախորդ մրցաշրջանը ցավոտ էր Իտալիայի արդեն նախկին չեմպիոն «Ինտերի» համար: Թիմից հեռացավ Անտոնիո Կոնտեն, ինչից հետո շատերն ասում էին, որ դրանով զարգացող թիմի ողնաշարը կոտրվեց: Հեռացավ թիմի լավագույն ռմբարկու Ռոմելու Լուկակուն, ինչից հետո ասում էին, որ թիմի արդյունավետությունն էականորեն կնվազի: Հեռացավ Աշրաֆ Հաքիմին՝ ամենահեռնակարային ֆուտբոլիստներից մեկը:

Այո՛, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամը հարվածեց նաև «Ինտերին», և ակումբը ծախսեց Լուկակուի ու Հաքիմիի վաճառքից գոյացած գումարի (180 մլն եվրո) շատ ավելի քիչ մասը՝ ընդամենը 30 մլն եվրո (Ռոբին Գոսենս, Դենզել Դումֆրիս, Էդին Ջեկո): Կոնտեի փոխարեն էլ ակումբը հրավիրեց Սիմոնե Ինձագիին՝ մասնագետի, որը շատ լավ ծանոթ է իտալական ֆուտբոլին, ունի ավելի հավասարակշռված վարքագիծ և կարող է ապահովել արդյունքների ու խաղային կայունություն:

24 Nerazzurri for Sassuolo v Inter | News

Արդյունքում՝ «Ինտերի» արդյունավետությունը չընկավ (Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի ամենաարդյունավետ թիմն էր 84 գոլով), մինչև վերջին տուրում մնաց չեմպիոնական մրցավազքում, հաղթահարեց ՉԼ խմբային փուլը՝ ի տարբերություն նախորդ 3 տարիների: Ակնհայտ է, որ «Ինտերը» հաղթահարեց ֆինանսական ճգնաժամը և այն կորուստները, որ ունեցավ թիմը նախորդ ամռանը: Դա ավելի ակնհայտ է դառնում՝ նայելով ակումբի տրանսֆերային թիրախներին ու ձեռքբերումներին: «Ինտերը» վերադարձրել է Լուկակուին, ձեռք բերել Անդրե Օնանային, բանակցում է Դիբալայի հետ, իսկ Լաուտարոն մնում է: Խաղային մյուս օղակներում էլ հարցերը լուծված են: Մխիթարյանը կարող է լինել այս զարգացող թիմի առանցքային ու փորձառու ֆուտբոլիստը: 

Վերջնականապես հեռանալ անկանխատեսելի Մոուրինյոյից

Եվ վերջապես՝ Հենրիխը վերջնականապես ազատվեց Ժոզե Մոուրինյոյից: Հիմա կասեք՝ նախորդ մրցաշրջանում լուծվել են Մոուրինյոյի հետ բոլոր տարաձայնությունները, բայց նախ՝ հաշվի առնենք, որ Ժոզեն ստիպված գնաց Մխիթարյանին նորից օգտագործելու քայլին՝ հասկանալով, որ այլ տարբերակ պարզապես չունի, եթե ցանկանում է որևէ հաջողություն ունենալ: Ոչ ոք չի կարող բացառել, որ հաջորդ մրցաշրջանում թիմի կազմը կարող է փոխվել, որ «Ռոման», հնարավոր է, այլևս կախվածություն չունենա Հենոյից, և ըստ այդմ՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Մոուրինյոն Մխիթարյանին կրկին դուրս չի մղի ասպարեզից: 

Моуринью: «Кто провел самый стабильный и качественный сезон в «Роме»?  Генрих Мхитарян» - vbetnews

«Ինտերում» Մխիթարյանը կխաղա առողջ մթնոլորտում, անձնական խնդիրները կդրվեն մի կողմ ու կգնահատվեն միայն Հենոյի խաղային արժանիքները:

Սա նոր մարտահրավեր է հայ ֆուտբոլիստի համար, Հենրիխը կրկին բարձրացնում է նշաձողը, «Ինտերում» էլ հաջողելու նպաստավոր պայմանները կան. մնում է միայն՝ Մխիթարյանն աշխատի նույնքան ջանասիրաբար, պահպանի մարզավիճակը և այն խաղամակարդակը, որ ցույց էր տալիս «Ռոմայում»: Ու նա, վստահաբար, դա կանի...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա