Logo

Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային հարուստ կարիերան՝ 33 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:13 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Հենրիկ Մխիթարյան

Այսօր հայկական ֆուտբոլի ներկայիս աստղ Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 33-ամյակը: Շնորհավորելով նրան ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթելով նորանոր հաջողություններ անձնական կյանքում ու ֆուտբոլային կարիերայում՝ VNews.am-ը ներկայացնում է 33 ուշագրավ փաստ Հենրիխ Մխիթարյանի մասին:

1. Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989թ. հունվարի 21-ին Երևանում, ֆուտբոլիստի ընտանիքում: Նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը 1980-ական թվականների Երևանի «Արարատի» ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն էր, ԽՍՀՄ առաջնություններում մեկ մրցաշրջանի արդյունքով թիմի ռեկորդակիրը (18 գոլ, 1984թ.): Այդ մրցաշրջանում Համլետ Մխիթարյանն ընդամենը մեկ գոլով էր զիջել առաջնության լավագույն ռմբարկու Սերգեյ Անդրեևին, դարձել էր «Սովետսկի վոյին» ամսագրի «Հարձակման ասպետին» մրցանակի առաջին դափնեկիրը՝ առաջնության հանդիպումներում իր օգտին գրանցելով մեկ պոկեր և 3 հեթ-տրիկ:

Մխիթարյանի մանկությունն անցել է Ֆրանսիայում, որտեղ ընտանիքով տեղափոխվել էին 1989թ. հուլիսին, երբ հայրը հրավեր էր ստացել Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոնի «Վալանս» ակումբից, որի կազմում հանդես գալուց հետո տեղափոխվել էր Իսի դե Մուլինոյի «Արարատ»: Հոր մահվանից հետո 1996թ. Հենրիխը վերադարձել է Երևան, որտեղ «Փյունիկի» մարզադպրոցում սկսել է իր ֆուտբոլային կենսագրությունը:

2019թ. հունիսի 17-ին Վենետիկի Սուրբ Լազար կղզու հայկական եկեղեցում տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի և հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի թոռնուհու՝ Բետիի պսակադրության արարողությունը: 2020թ. մարտի 4-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Համլետը:

Henrik Mkhitaryan 1

2. Հայաստանի առաջնություններում Հենրիխ Մխիթարյանը ելույթները սկսել է 2004թ. «Փյունիկ-3-ի» կազմում Առաջին խմբի մրցաշարում: Նա նորամուտը նշել է 2004թ. ապրիլի 27-ին «Նորք Մարաշի» հետ կայացած խաղում, որում փյունիկցիները հաղթել էին 4-0 հաշվով: Այդ օրը պատանի Հենրիխը 15 տարեկան 97 օրական էր: Իսկ գոլերի հաշիվը նա բացել է մայիսի 16-ին «Գանձասարի» հետ կայացած խաղում 15 տարեկան 116 օրականում:

Այդ մրցաշրջանում պատանի Հենրիխն անցկացրած 27 հանդիպումներում 8 գոլի հեղինակ է դարձել: Հաջորդ երկու մրցաշրջաններում նա «Փյունիկ-2-ի» կազմում է մասնակցել Առաջին խմբի առաջնությանը: Ընդհանուր առմամբ Մխիթարյանը Հայաստանի Առաջին խմբի առաջնություններում 57 խաղ է անցկացրել, որոնցում 27 գոլ է խփել:

3. ՀՀ առաջնության Բարձրագույն խմբում Հենրիխ Մխիթարյանի նորամուտը կայացել է 2006թ. հունիսի 27-ին «Ուլիսի» հետ կայացած խաղում: Հանդիպման 77-րդ րոպեին «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը Մխիթարյանին խաղադաշտ է մտցրել Էդուարդ Պարցիկյանի փոխարեն: Այդ օրը Հենրիխը 17 տարեկան 157 օրական էր:

4. Բարձրագույն խմբում գոլերի հաշիվը Մխիթարյանը բացել է 2006թ. սեպտեմբերի 19-ին Երևանում «Շիրակի» հետ կայացած առաջնության 21-րդ տուրի խաղում՝ 18-րդ րոպեին գրավելով Ռայմոնդ Զադուրյանի պաշտպանած դարպասը: Այդ օրը Հենրիխը 17 տարեկան 241 օրական էր:

Henrik Mkhitaryan 2

5. ՀՀ առաջնություններում Մխիթարյանի հաշվին գրանցված 30 գոլերը խփվել են 2006-2009թթ. Բարձրագույն խմբում հանդես եկած բոլոր 7 թիմերի դարպասները: Առավել հաճախ՝ 6 անգամ Հենրիխը գրավել է «Շիրակի»  դարպասը: 5-ական անգամ նրա հարվածներից տուժել են «Բանանցը», «Կիլիկիան», «Ուլիսն» ու «Գանձասարը»: «Միկայի» հետ հանդիպումներում  Մխիթարյանն աչքի է ընկել 3 անգամ, մեկ գոլ էլ խփել է «Արարատի» դարպասը:

«Փյունիկի» կազմում Մխիթարյանը դարձել է Հայաստանի քառակի չեմպիոն (2006-2009թթ.), գավաթակիր (2009թ.) և սուպերգավաթակիր (2007թ.):

6. Արտերկրի իր առաջին թիմում՝ Դոնեցկի «Մետալուրգում» Մխիթարյանի նորամուտը շատ հաջող ստացվեց: 2009թ. հուլիսի 16-ին Դոնեցկում, Մինսկի «Պարտիզանի»  հետ կայացած Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում, Հենրիխը բացեց իր գոլերի հաշիվը՝ 42-րդ րոպեին գրավելով Ալեքսանդր Սուլիմայի պաշտպանած դարպասը: Հենրիխը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

7. Դոնեցկի «Շախտյորում»  Մխիթարյանը նորամուտը նշել է 2010թ. սեպտեմբերի 10-ին Կիևում, «Օբոլոնի» հետ առաջնության խաղում՝ 62-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջելով Էդուարդոյին:

«Շախտյորում»  Մխիթարյանը  գոլերի հաշիվը բացել է  2010թ. սեպտեմբերի 19-ին կայացած առաջնության հաջորդ խաղում ՝  72-րդ րոպեին գրավելով «Տավրիայի» դարպասապահ Վասիլի Խոմուտովսկու պաշտպանած դարպասը: Հենրիխը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Henrik Mkhitaryan 3

8. Մխիթարյանը «Շախտյորում»  25 գնդակով դարձել է Ուկրաինայի 2012/13թթ. առաջնության լավագույն ռմբարկու՝ սահմանելով արդյունավետության նոր ռեկորդ, որը մինչ օրս նույնիսկ կրկնել չի հաջողվել:

9. «Շախտյորի» կազմում, որը Մխիթարյանի տեղափոխության դիմաց 7,5 մլն դոլար էր վճարել, 22 համարի մարզաշապիկով հանդես եկած հայ ֆուտբոլիստը դարձել է Ուկրաինայի եռակի չեմպիոն ու գավաթակիր (2010/11-2012/13թթ.), մեկ անգամ էլ թիմի հետ նվաճել է երկրի Սուպերգավաթը (2012թ.): Մխիթարյանը ճանաչվել է նաև 2012թ. «Շախտյորի» և Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

10. «Բորուսիայում» պաշտոնական մրցումներում Հենրիխ Մխիթարյանի նորամուտը կայացել է 2013թ. օգոստոսի 18-ին Դորտմունդում, Բրաունշվայգի «Այնտրախտի» հետ անցկացված առաջնության խաղում, որում 10 համարի մարզաշապիկով հայ ֆուտբոլիստը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց ավելացված ժամանակում:

Henrik Mkhitaryan 4

11. Մխիթարյանին ընդամենը 3 խաղ է պահանջվել «Բորուսիայում»  գոլերի հաշիվը բացելու համար: 2013թ. սեպտեմբերի 1-ին Ֆրանկֆուրտում, «Այնտրախտի» հետ կայացած 4-րդ տուրի խաղում, հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել՝ գրավելով Քևին Տրապի պաշտպանած դարպասը: Այդ գոլերի շնորհիվ դորտմունդցիները 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին:

12. «Բորուսիայի»  պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն (27,5 մլն եվրո) ունեցող Մխիթարյանը թիմի կազմում դարձել է Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր (2013, 2014թթ.), ընդգրկվել է Բունդեսլիգայի 2013/14թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: 2015/16թթ. մրցաշրջանում առաջնության մասնակիցների վարկածով նա ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ գոլային փոխանցումների քանակով (18) դարձել է Բունդեսլիգայի լավագույն խաղացող:

13. «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում պաշտոնական մրցումներում Մխիթարյանի նորամուտը կայացել է 2016թ. օգոստոսի 7-ին «Լեսթերի» հետ անցկացված Անգլիայի Սուպերգավաթի վճռորոշ խաղում (2-1)՝ ավելացված ժամանակում փոխարինման մտնելով Խուան Մատայի փոխարեն: Առաջին իսկ ելույթը «Կարմիր սատանաների» կազմում հաղթական էր Մխիթարյանի համար, որն Անգլիայում իր առաջին տիտղոսը նվաճեց:

Henrik Mkhitaryan 5

14. «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած իր 11-րդ խաղում է միայն Մխիթարյանին հաջողվել բացել գոլերի հաշիվը պաշտոնական մրցումներում: Դա դեկտեմբերի 8-ին «Զարյայի» հետ կայացած Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի արտագնա խաղն էր, որում Հենրիխը  48-րդ րոպեին բացեց հաշիվը՝ գրավելով Իգոր Լևչենկոյի պաշտպանած դարպասը: Իսկ 3 օր անց նա առաջին գոլը խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ 29-րդ րոպեին գրավելով «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը: Այդ միակ գոլը հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

15. «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանը դարձել է Անգլիայի սուպերգավաթակիր (2016թ.) ու Լիգայի գավաթակիր (2017թ.), նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը (2017թ.)՝ դառնալով եզրափակչում «Այաքսի» դարպասը խփած թիմի 2-րդ գոլի հեղինակը: «Սանդերլենդի»  դարպասը «կարիճ» հարվածով Մխիթարյանի խփած գնդակը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016թ. դեկտեմբերի, ինչպես նաև 2016/17թթ. մրցաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն գոլ:

Henrik Mkhitaryan 5

16. Լոնդոնի «Արսենալի»  կազմում Մխիթարյանը նորամուտը  նշել է 2018թ. հունվարի 30-ին «Սուոնսիի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրի խաղում՝ 60-րդ րոպեին խաղադաշտ մտնելով Մոհամեդ Էլնենիի փոխարեն:

17. Ի տարբերություն արտերկրի նախորդ ակումբներում ունեցած ելույթների (բացառությամբ «Մանչեսթեր Յունայթեդի»), «Արսենալում»  խփած առաջին գոլի բերկրանքը վայելելու համար Հենրիխ Մխիթարյանից  բավական ժամանակ՝  547 րոպե է պահանջվել: «Արսենալում» անցկացրած 8-րդ խաղում՝ 2018թ. մարտի 8-ին «Միլանի»  հետ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման 15-րդ րոպեին Հենրիխը  գրավել է Դավիթ Օսպինայի պաշտպանած դարպասը:

«Չելսիի»  դարպասը Մխիթարյանի խփած գնդակը ճանաչվել է «Արսենալի» օգոստոս ամսվա լավագույն գոլ, իսկ «Սաութհեմփթոնին» խփած առաջին գնդակը՝ լոնդոնյան ակումբի դեկտեմբերի լավագույն գոլ: 

Henrik Mkhitaryan 6

18. «Արսենալի»  կազմում մասնակցելով 2019/20թթ. Անգլիայի առաջնության մեկնարկային 4 հանդիպումներից 3-ին, Հենրիխ Մխիթարյանը 3 մլն եվրոյի դիմաց վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Նրա նորամուտը թիմի կազմում շատ հաջող ստացվեց: 2019թ. սեպտեմբերի 15-ին «Սասուոլոյի» հետ կայացած Իտալիայի առաջնության 3-րդ տուրի խաղում Մխիթարյանը 22-րդ րոպեին գրավեց Անդրեա Կոնսիլյիի պաշտպանած դարպասը:

19. Մխիթարյանը  հանդես է եկել Հայաստանի տարիքային բոլոր հավաքականներում: Մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականում նրա նորամուտը կայացել է 2004թ. հոկտեմբերի 19-ին Թուրքիայի ընտրանու հետ Հոլանդիայում անցկացված Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում (1-2): Արմեն Գյուլբուդաղյանցը Մխիթարյանին 60-րդ րոպեին խաղադաշտ է դուրս բերել  Գոռիկ Խաչատրյանի փոխարեն:

Մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականում անցկացրած 5 հանդիպումներում խփած միակ գոլը Մխիթարյանի հաշվին գրանցվել է 2005թ. Իսրայելում անցկացված Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Հոկտեմբերի 26-ին տանտերերի հետ կայացած հանդիպման 18-րդ րոպեին Մխիթարյանը բացել է հաշիվը: Այդ խաղում մեր հավաքականը 2-7 խոշոր հաշվով պարտվել է:

20. Մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականում Մխիթարյանն առաջին խաղն անցկացրել է 2006թ. հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի հետ Կիպրոսում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:

Մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականում անցկացրած 6 հանդիպումներում միակ գոլը Մխիթարյանը խփել է 2007թ. հոկտեմբերի 20-ին Լիտվայում տանտերերի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում (2-2):

Henrik Mkhitaryan 7

21. Հայաստանի երիտասարդական հավաքականում անցկացրած 14 հանդիպումներում Մխիթարյանը 9 գոլի հեղինակ է դարձել: Այդ ցուցանիշով նա հավաքականի լավագույն ռմբարկուն է: Մխիթարյանը նորամուտը նշել է 2007թ. մայիսի 31-ին Լիխտենշտեյնի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում (1-0): Իսկ գոլերի հաշիվը նա բացել է Լիխտենշտեյնի հավաքականի հետ 2007թ. նոյեմբերի 20-ին կայացած պատասխան խաղում (4-1)՝ 51-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը:

22. Հայաստանի ազգային հավաքականում Մխիթարյանը նորամուտը նշել է 2007թ. հունվարի 14-ին Լոս Անջելեսում Պանամայի հավաքականի հետ կայացած ընկերական մրցախաղում: Հանդիպման 60-րդ րոպեին Իան Պորտերֆիլդը Հենրիխին խաղադաշտ է դուրս բերել Արմեն Շահգելդյանի փոխարեն: 78-րդ րոպեին Մխիթարյանը զգուշացվել է:

23. Ազգային հավաքականում պաշտոնական մրցումներում Մխիթարյանի նորամուտը կայացել է 2008թ. հոկտեմբերի 11-ին Բրյուսելում, Բելգիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում՝ 84-րդ րոպեին փոխարինելով Արման Քարամյանին:

24. ՀՀ ազգային հավաքականի կազմում Մխիթարյանը  95 խաղ է անցկացրել, որից 44-ը՝  ավագի թևկապով: Առաջին անգամ նա ավագի թևկապը կրել է 2013թ. սեպտեմբերի 10-ին Երևանում, Դանիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Անցկացրած խաղերի քանակով Մխիթարյանը զիջում է միայն հավաքականի ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանին, որը 132 անգամ է կրել ազգային ընտրանու մարզաշապիկը:

Henrik Mkhitaryan 8

Խաղերից 30-ը Հենրիխն անցկացրել է աշխարհի, 23-ը՝ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում, 8-ը՝ Ազգերի լիգայի խաղարկությունում, 34-ը՝ ընկերական հանդիպումներում:

25. Ազգային հավաքականում Մխիթարյանն առավել շատ խաղեր (24) անցկացրել է՝ հանդիսանալով Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ: Որպես «Ռոմայի» ներկայացուցիչ նա հավաքականում առայժմ 11 անգամ է հանդես եկել:

26. Մխիթարյանը 32 գնդակով Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է: Ազգային հավաքականում նա իր գոլերի հաշիվը բացել է 2009թ. մարտի 28-ին Էստոնիայի հավաքականի հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում՝ 33-րդ րոպեին խոցելով Սերգեյ Պարեյկոյի պաշտպանած դարպասը: Գոլերից 7-ը Մխիթարյանը խփել է 11մ հարվածով:

ՀՀ հավաքականում Հենրիխը գրավել է 19 երկրների ընտրանիների դարպասը: Առավել հաճախ՝ 3-ական անգամ Մխիթարյանը խոցել է Գվատեմալայի և Բոսնիա-Հերցեգովինայի դարպասները: Ընդ որում 2016թ. մայիսի 28-ին Գվատեմալայի հետ կայացած ընկերական խաղում Հենրիխը հեթ-տրիկի հեղինակ է դարձել:

Henrik Mkhitaryan 9

2-ական անգամ Մխիթարյանի հարվածներից հետո գնդակը ցանցից հանել են Սլովակիայի, Անդորրայի, Հս. Մակեդոնիայի, Իտալիայի, Դանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Գերմանիայի, Ղազախստանի, Սենթ Քիթս և Նևիսի դարպասապահները: Մեկական անգամ էլ ՀՀ հավաքականի ավագը գրավել է Էստոնիայի, Ուզբեկստանի, Իռլանդիայի, Լիտվայի, Բելառուսի, Կիպրոսի, Վրաստանի և Լիխտենշտեյնի ընտրանիների դարպասները:

27. Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի ռեկորդակիրն է ինչպես աշխարհի (8) և Եվրոպայի (10) առաջնությունների ընտրական մրցաշարերում, ընկերական հանդիպումներում (12), այնպես էլ մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով (2017թ.՝ 9 խաղում 6 գոլ):

28. Հենրիխ Մխիթարյանը ռեկորդային թվով՝ 10 անգամ (2009, 2011-2017, 2019-2020թթ.) ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Ընդ որում 7 տարի անընդմեջ նա արժանացել է լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:

Henrik Mkhitaryan 10

29. Մխիթարյանը  2012թ. ճանաչվել է հետխորհրդային տարածաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով «Սպորտ-Էքսպրեսի» սահմանած «Աստղ» մրցանակին:

30. Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Մխիթարյանն առավել արդյունավետ է գործել 2012/13թթ. մրցաշրջանում՝ պաշտոնական 52 հանդիպումներում խփելով 32 գոլ: Գոլերից 29-ը նա խփել է Դոնեցկի «Շախտյորի» կազմում անցկացրած պաշտոնական 42 հանդիպումներում (25-ը՝ Ուկրաինայի առաջնությունում, 2-ական՝ Ուկրաինայի գավաթի և եվրագավաթների մրցաշարերում), 3-ը՝  ՀՀ ազգային հավաքականի 10 խաղերում:

31. Արտասահմանյան թիմերից առավել երկար՝  3 լիարժեք մրցաշրջան (2013/14-2015/16թթ.) Մխիթարյանը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»՝ անցկացրած պաշտոնական 140 հանդիպումներում դառնալով 41 գոլի հեղինակ: Իսկ առավել արդյունավետ նա գործել է Դոնեցկի «Շախտյորում»՝ պաշտոնական 106 հանդիպումներում իր օգտին գրանցելով 44 գոլ:

32. Արտերկրի առաջնություններում Մխիթարյանն առավել արդյունավետ է գործել Ուկրաինայում՝ Դոնեցկի «Մետալուրգում» (12 գոլ) և «Շախտյորում» (38) ընդհանուր առմամբ խփելով 50 գնդակ: Բունդեսլիգայում նա դարձել է 23 գոլի հեղինակ, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» (5 գոլ) և «Արսենալի» (8) կազմում ընդամենը 13 անգամ է աչքի ընկել:

Իտալիայի Ա սերիայում «Ռոմայի» կազմում Մխիթարյանի հաշվին արդեն 25 գոլ է գրանցված: Նա հատկապես արդյունավետ խաղ ցուցադրեց նախորդ մրցաշրջանում՝ առաջնության 34 հանդիպումներում դառնալով 13 գոլի հեղինակ:

«Լեչչեի» հետ երեկ կայացած Իտալիայի գավաթի 1/8  եզրափակչի հանդիպումը «Ռոմայի» կազմում պաշտոնական մրցումներում Մխիթարյանի հոբելյանական՝ 100-րդ խաղն էր: Այդ հանդիպումներում Հենրիխը 27 գոլի հեղինակ է դարձել:

Henrik Mkhitaryan 11

33. Ֆուտբոլային կարիերայի ընթացքում անցկացրած պաշտոնական 715 հանդիպումներում Մխիթարյանը 228 գոլի հեղինակ է դարձել: Հոբելյանական՝ 200-րդ գոլը նա խփել է «Վերոնայի» դարպասապահ Պաու Լոպեսի պաշտպանած դարպասը 2019թ. դեկտեմբերի 1-ին Իտալիայի առաջնության 14-րդ տուրի խաղում:

Անցկացրած խաղերի քանակով Հենրիխը հայ ֆուտբոլիստներից առայժմ զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին, որը ֆուտբոլային կարիերայում 783 հանդիպման է մասնակցել: Խփած գոլերի քանակով էլ Մխիթարյանին գերազանցում է միայն Արսեն Ավետիսյանը (236):

Գոլերից 151-ը Մխիթարյանը  խփել է արտասահմանյան 4 երկրների 6 ակումբների կազմերում անցկացրած պաշտոնական 513 հանդիպումներում:

Անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին «Միլանի» հետ Իտալիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպումը կրկնակի հոբելյանական էր Հենրիխ Մխիթարյանի համար: Նա իր ֆուտբոլային հարուստ կարիերայում պաշտոնական մրցումներում 700-րդ խաղն անցկացրեց: Միաժամանակ, դա արտերկրի ակումբներում Մխիթարյանի պաշտոնական 500-րդ խաղն էր:

Henrik Mkhitaryan 12

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին «Էմպոլիի» հետ անցկացրած Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը նշել էր արտերկրի ակումբներում պաշտոնական մրցումներում խփած հոբելյանական՝ 150-րդ գոլի հոբելյանը: Այդ արդյունքին Մխիթարյանը հասավ արտերկրում անցկացրած իր 13-րդ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ արտերկրի ակումբներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ գոլը Մխիթարյանը խփել էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 2016թ. ապրիլի 14-ին «Լիվերպուլի»  հետ կայացած Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում:

 

⚽Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը🎉 Շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ, մաղթում առողջություն և նորանոր հաջողություններ։

Posted by Vivaro Sports on Friday, January 21, 2022

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա