Logo

Մխիթարյանի դուբլն ու գոլային փոխանցումն օգնեցին «Ինտերին» հաղթել «Միլանին»

21:55 / 16.09.2023Ֆուտբոլ
null

Հենրիխ Մխիթարյանը դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի առաջնության 4-րդ տուրի «Ինտեր» - «Միլան» խաղում, որտեղ «Ներաձուրին» հաղթեց 5-1 հաշվով:

34-ամյա հայ ֆուտբոլիստը բացեց խաղի հաշիվը 5-րդ րոպեին, իսկ 69-րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց: Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն մասնակցություն ունեցավ «Ինտերի» երկրորդ գոլի գրոհին՝ սկսելով այն, իսկ ավելացված ժամանակում մրցակցից խլեց գնդակը, առաջ շարժվեց ու հոյակապ փոխանցում կատարեց Դավիդ Ֆրատեզիին, որը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

«Միլանի» դեմ անցկացրած ամբողջական խաղում Մխիթարյանը բացեց արդյունավետ գործողությունների (գոլ, գոլային փոխանցում) հաշիվն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում: Այժմ Մխիթարյանի անվան դիմաց կա 2 գոլ, 1 գոլային փոխանցում:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմում գոլ խփեցին նաև Մարկուս Թյուրամն ու Հաքան Չալհանօղլուն: Վերջինն իրացրեց 11-մետրանոց հարվածը: «Միլանի» միակ գոլը խփեց պորտուգալացի Ռաֆայել Լեաուն:

«Ինտերը» միավորների քանակը հասցնում է 12-ի, որով շրջանցում է «Յուվենտուսին» ու գլխավորում աղյուսակը: «Միլանը» 9 միավորով երրորդն է:

Ա Սերիա, 4-րդ տուր

«Ինտեր» - «Միլան»՝ 5-1

Հենրիխ Մխիթարյան, 5, 69, Մարկուս Թյուրամ, 38, Հաքան Չալհանօղլու, 79 (11մ), Դավիդ Ֆրատեզի, 90+3 - Ռաֆայել Լեաու, 57

Լուսանկարները՝ GettyImages

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա