Logo

Մխիթարյանը հնարավորինս քողարկում էր «Ռոմայի» խնդիրները. այժմ «գայլերը» միայն մեկ փրկություն ունեն

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 22.03.2021ՍՊՈՐՏ
henrikh mkhitaryan 2 - Մխիթարյանը հնարավորինս քողարկում էր «Ռոմայի» խնդիրները. այժմ «գայլերը» միայն մեկ փրկություն ունեն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:32

-

-

Ֆուտբոլում քիչ քննարկվող, բայց շատ հետաքրքիր հարցերից է. արդյո՞ք հնարավոր է լուրջ խնդիր լուծել, եթե հաղթում ես ավելի թույլ թիմերի, բայց պարտվում ուժեղներին: Կամ հակառակը, արդյո՞ք թոփ-խաղերն են որոշիչը չեմպիոն դառնալու ճանապարհին: Ընթացիկ մրցաշրջանը ցույց է տալիս, որ երկու տարբերակներն էլ կարող են ակտուալ լինել, սակայն դրանք կարող են շատ բարդ վերջնական արդյունքի բերել:

Օրինակ, Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի ընթացիկ առաջնությունում խնդիրներ ունի ոչ թե թոփ-թիմերի, այլ միջակների և նույնիսկ հետնապահների հետ: Զիդանի թիմը Պրիմերայում հաղթել է «Բարսելոնային», «Ատլետիկոյին» և «Սևիլիային», այսինքն թոփ-4-ի բոլոր թիմերին (գումարած մեկ ոչ-ոքի «Վանդա Մետրոպոլիտանոյում»): Թվում է, թե չեմպիոնական պայքարում դրանք որոշիչ խաղեր են, բայց «սերուցքայինները» պարտվել են «Լևանտեին», «Ալավեսին», «Կադիսին», անսպասելի ոչ-ոքիներ գրանցել, ինչի արդյունքում հիմա երրորդ տեղում են:

Այլ օրինակ է «Ռոման»: Հենրիխ Մխիթարյանի թիմը փայլում է թույլ մրցակիցների դեմ խաղերում, բայց ձախողում է թոփ-ակումբների դեմ մրցավեճերը: Երեկ հերթական անհաջողությունն էր «Նապոլիի» դեմ խաղում: VNews.am-ը փորձում է հասկանալ, թե «գայլերն» ինչ հեռանկարներ ունեն մրցաշրջանի վերջնամասից առաջ և ինչն է նրանց խանգարում:

Գլխավոր նպատակը

Նախորդ երկու մրցաշրջանների արդյունքում «Ռոման» չէր հայտնվել Չեմպիոնների լիգայի գոտում: Նախորդ մրցաշրջանն առաջինն էր գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի, Հենրիխ Մխիթարյանի և այլ նորեկների համար: Գումարած դրան աննորմալ քանակի վնասվածքներ: «Ռոմայի» 22 ֆուտբոլիստ վնասվածք էր ստացել, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, որն ընդհանուր առմամբ բաց թողեց 3 ամիս: Նման պայմաններում Ֆոնսեկան միևնույն է կարողացավ բարելավել նախորդ մրցաշրջանի ցուցանիշը և գրավել հինգերորդ տեղը:

Նոր մրցաշրջանում պորտուգալացուց ևս մեկ քայլ դեպի առաջ էին սպասում և նպատակ էին դրել լավագույն քառյակ մտնել, ինչը Չեմպիոնների լիգայի ուղեգիր կտար: Ինչպես հայտնում են իտալացի ինսայդերները, ակումբն իր պահանջը մոտիվացնելու համար նույնիսկ մարզչի պայմանագրում հատուկ կետ ներառեց, ըստ որի 2021 թվականի ամռանը սպառվող պայմանագիրը կերակաձգվի ևս մեկ տարով, եթե նա կարողանա ՉԼ-ի ուղեգիր նվաճել:

Մի քանի տուր առաջ «Ռոման» երրորդ տեղով էր ընթանում և կարող էր նույնիսկ չեմպիոնության մասին երազել (միայն երազել), բայց այժմ արդեն 5 միավորով է զիջում ուղեգիր տվող չորրորդ տեղին: Պայքարը շատ բարդ է լինելու, հատկապես որ մրցակիցները լավ մարզավիճակում են:

dzeko 960x640 - Մխիթարյանը հնարավորինս քողարկում էր «Ռոմայի» խնդիրները. այժմ «գայլերը» միայն մեկ փրկություն ունեն

Չեմպիոնների լիգայի ուղեգրին արժանանալու այլընտրանքային շանս է Եվրոպա լիգայում հաղթանակը: Այնտեղ կարիք չկա ամիսներ շարունակ լավ խաղալ, բայց պետք է հաղթել ուժեղներին, ինչի հետ Ֆոնսեկայի թիմը խնդիրներ ունի: Քառորդ եզրափակիչում մրցակիցն «Այաքսն» է, որը փայլուն մարզավիճակում է և վստահ քայլերով ընթանում է դեպի հերթական չեմպիոնությունը (11 միավորի առավելություն և մեկ խաղ էլ քիչ): Եթե հաջողվի «Այաքսի» արգելքը հաղթահարել, ամենայն հավանականությամբ, «գայլերին» կսպասի հանդիպում մրցաշարի գլխավոր ֆավորիտ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Իսկ դրանից հետո եզրափակիչ, որում, բնականաբար, ուժեղ թիմ է լինելու: Երկու տարբերակներն էլ բարդ են, բայց որոշակի շանսեր կան:

Ինչն է խանգարում «Ռոմային»

Ինչպես սկզբում նշել էինք, դժվար է նպատակին հասնել, եթե խնդիրներ ունես թոփ-թիմերի դեմ խաղերում: Տեսականորեն դա անհնար չէ, որովհետև Իտալիայում 7 թիմ է այս պահին «թոփ» համարվում («Ինտեր», «Միլան», «Յուվենտուս», «Ատալանտա», «Նապոլի»  և «Լացիո»), իսկ մնացած 13-ի դեմ խաղերում առավելագույնը հնարավոր է 78 միավոր վաստակել: Բնականաբար, դա գրեթե անհնար է, բայց թույլ է տալիս մոտավոր հասկանալ, թե որքան կորուստ կարող ես քեզ թույլ տալ: Օրինակ, «Կալչիոպոլիից» հետո կայացած 14 առաջնություններում քառյակ մտնելու համար բավարար է եղել 62-ից 78 միավոր: Ա սերիայի վերջին տարիների վերելքի և արդյունավետության կտրուկ աճի պատճառով այժմ չափանիշները կտրուկ աճել են: 2015 թվականին «Ֆիորենտինան» քառյակում էր հայտնվել 64 միավորով (այն ժամանակ դա ԵԼ-ի ուղեգիր էր տալիս): Այժմ չորրորդ տեղում գտնվող «Ատալանտան» այդ ցուցանիշին կարող է հասնել արդեն 31-րդ տուրում: Նախորդ մրցաշրջանում 3-4 տեղերը գրաված «Ատալանտան» ու «Լացիոն» 78-ական միավոր էին վաստակել: Ամեն ինչ հուշում է, որ այս անգամ նույնպես ցուցանիշները դրան մոտ կլինեն: Ստացվում է, որ «Ռոման» բացի իր սեփական խնդիրներից, անչափ լուրջ մրցակցության մեջ է ուժեղացած մյուս թիմերի հետ:

Մեր ընտրանին

Այդ պատճառով թոփ թիմերին հաղթելը պարտադիր է դառնալու, որովհետև այդ դեպքում ոչ միայն դու ես 3 միավոր վաստակում, այլև հիմնական մրցակցին զրկում դրանից: Այստեղ արդեն ի հայտ է գալիս Ֆոնսեկայի թիմի բարդ իրավիճակը: Նրանք Ա սերիայի առաջնության թոփ թիմերի դեմ 9 խաղում վաստակել են ընդամենը 3 միավոր:

fonseca 2 960x544 - Մխիթարյանը հնարավորինս քողարկում էր «Ռոմայի» խնդիրները. այժմ «գայլերը» միայն մեկ փրկություն ունեն

Այդ ցուցանիշը համեմատեք մյուս թոփ թիմերի միջև խաղերում վաստակած միավորների հետ.

«Ինտեր»՝ 18 միավոր

«Նապոլի»՝ 15

«Ատալանտա»՝ 14

«Միլան»՝ 13

«Յուվենտուս»՝ 12

«Լացիո»՝ 11

«Ռոմա»՝ 3

Ա սերիայում 50 միավոր վաստակած «գայլերը» ևս 10 խաղ ունեն անցկացնելու, որոնցից 3-ը՝ թոփ թիմերի դեմ («Ատալանտա», «Ինտեր», «Լացիո»): Բոլոր խաղերում հաղթանակը հռոմեացիներին 99 տոկոս հավանականությամբ տեղ կապահովեր ՉԼ-ի գոտում, բայց այդ հաղթարշավը քիչ հավանական է: Մնում է ապավինել մրցակիցների սայթաքմանը և այդ 10 խաղում 20-25 միավոր վաստակելու հույսին:

Գոլային պահերի խնդիր

Նշված նպատակին հասնելու համար հարկավոր է առաջին հերթին շտկել գոլային պահերն իրացնելու խնդիրը: Understat վիճակագրական կայքի հաշվարկով՝ ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» գոլային պահերն իրացնելու թվով Իտալիայի երրորդ ամենացածր ցուցանիշն ունի:

Մեկ այլ խնդիր էլ բաց թողած գոլերի թվի հետ է կապված: Թիմն անհամեմատ ավելի շատ գոլ է բաց թողնում, քան մրցակիցն իրական պահ ստեղծում: Թույլ տված պահեր – բաց թողած գոլեր հարաբերակցությունում «Ռոման» երկրորդ ամենավատ արդյունքն ունի: Այս խնդիրները լուծելը կտրուկ կնպաստի արդյունքների բարելավմանը:

mkhitaryan roma 960x640 - Մխիթարյանը հնարավորինս քողարկում էր «Ռոմայի» խնդիրները. այժմ «գայլերը» միայն մեկ փրկություն ունեն

Ներքին խնդիրներ

Եթե նախորդ մրցաշրջանում «Ռոմային» հիմնականում խանգարում էին վնասվածքները, ապա այս մրցաշրջանում դրան գումարվել են նաև վարչական խնդիրներ: Երկար բանակցություններից հետո ակումբի սեփականատեր Ջեյմս Պալոտան «Ռոման» վաճառեց ամերիկացի Դեն Ֆրիդկինին: Վերջինի ընտանիքը լուրջ հավակնություններ ունի և մտադիր է այն լուծել թոփ մարզչի հետ միասին: Արդեն լուրեր են տարածվել, որ ակումբը նախնական պայմանագիր է կնքել Մասիմիլիանո Ալեգրիի հետ, իսկ այլ ինսայդներ Հռոմ են ուղարկում Մաուրիցիո Սարիին ու Յուլիան Նագելսմանին: Այդ շշուկները կարող են լրացուցիչ լարվածություն առաջացնել թիմի ներսում, որովհետև ո՛չ մարզիչները և ո՛չ էլ ֆուտբոլիստները վստահ չեն թիմի ապագայի հարցում:

Մեկ այլ խնդիր ի հայտ եկավ ադմինիստրատիվ սխալների պատճառով: Անհավատալի է թվում, բայց «Ռոմային» երկու անգամ տեխնիկական պարտություն են գրանցել: «Վերոնայի» դեմ առաջին տուրի խաղում «գայլերին» պարտություն է գրանցվել Ամադու Դիավարային սխալ տարիքային խմբում հայտավորելու համար, իսկ «Սպեցիայի» դեմ գավաթային մրցավեճում 6 փոխարինում կատարելու պատճառով:

Երրորդ խնդիրը վնասվածքներն են, որոնք նախորդ մրցաշրջանից հետո չեն վերացել: Ընթացիկ մրցաշրջանում 21 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել: Թիմի համար հատկապես ցավոտ են Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Ձանիոլոյի և Քրիս Սմոլինգի վնասվածքները:

Իտալացին ընթացիկ մրցաշրջանում դեռ չի խաղացել, Սմոլինգը 4 անգամ վնասվածք է ստացել, իսկ Մխիթարյանի կորուստը հատկապես զգալի է, որովհետև նա դարձել է թիմի բացահայտ առաջատարը:

Հենրիխն Ա սերիայի 25 խաղում 9 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել: Դա թիմի լավագույն արդյունքն է գոլ+փոխանցում հաշվարկում: Առանց Հենոյի անցկացրած 5 խաղում «գայլերը» 3 պարտություն են կրել: Դա ինքնին խոսուն վիճակագրություն է: Ֆոնսեկան կարծես կանխազգալով Հենրիխի վնասվածքի հավանականություն՝ նրան վերջին խաղերում շուտ էր փոխարինում կամ սկզբում թողնում պահեստայինների նստարանին, բայց դա էլ չօգնեց: Այժմ նրան մնում է հուսալ, որ թիմի առաջատարը խաղադաշտ վերադառնալուն պատրաստ կլինի արդեն հավաքականների խաղերից հետո:

rsz 48959498 960x640 - Մխիթարյանը հնարավորինս քողարկում էր «Ռոմայի» խնդիրները. այժմ «գայլերը» միայն մեկ փրկություն ունեն

Չորրորդ խնդիրը նույնպես անսպասելի վրա հասավ: Ֆոնսեկան, որին գովում էին թիմի ներսում լավ մթնոլորտ ստեղծելու համար, հանկարծ լուրջ կոնֆլիկտ ունեցավ թիմի ավագ Էդին Ջեկոյի հետ: Արդյունքում, բոսնիացին զրկվեց ավագի թևկապից և մեկնարկային կազմում իր տեղից: Բարեբախտաբար, Բորխա Մայորալը կարողացավ գոնե գոլերի տեսքով փոխհատուցել թիմի երկար տարիների ռմբարկուի բացակայությունը, բայց խաղի վրա Ջեկոյի ազդեցության չափ դեռ չի կարողանում ներդրում ունենալ:

Իտալական հիերարխիա

Հաջող մեկնարկած մրցաշրջանի ֆոնին, շատ էին խոսակցությունները, որ «Ռոման» պետք է ամրապնդվի թոփ-4-ում և փորձի հետզհետե չեմպիոնական թիմ կառուցել, բայց արդյո՞ք նա համապատասխան կազմ ունի դրա համար:

Transfermarkt.de կայքը հաշվարկել է յուրաքանչյուր ակումբի ֆուտբոլիստների տրանսֆերտային արժեքը: Այդ ցուցանիշով «Ռոման» զգալի հետ է մնում թոփ-4-ից՝ 126 մլն եվրո: Առաջատարներն են «Յուվենտուսը», «Ինտերը», «Նապոլին» և «Միլանը»:

Իհարկե, չենք մոռանում, որ աշխարհում գոյություն ունի «Ատալանտա», որը ծախսերով և ունեցած ռեսուրսներով էլ ավելի հեռու է թոփերից, բայց նրանց մարզում է Ջան-Պյերո Գասպերինին: Մարզիչ, որի մոտ փորձաշրջան անցնելու համար ավելի մեծ հերթ է, քան ցանկացած ուրիշի: Դա փաստում են բազմաթիվ մասնագետներ, որոնց հերթը կհասնի 4-5 ամիս հետո: Իսկ «Ռոման» ունի Ֆոնսեկա: Նույնպես հիանալի մարզիչ, բայց որը դեռ հեղափոխություն չի արել Գասպերինիի նման: Այդ պատճառով պորտուգալացու օրերը հաշված կլինեն, եթե նա Չեմպիոնների լիգայում չհայտնվի, հատկապես, որ ակումբի նոր ղեկավարությունը նրան «օտար» է համարում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա