Logo
ՍՊՈՐՏ / Բռնցքամարտ
Հեղինակ

Հրայր Նազարյան

13:48 / 29.06.2022Բռնցքամարտ
IBA-Օլիմպիական խաղեր

IBA-ը չի մասնակցի բռնցքամարտի օլիմպիական մրցաշարերի կազմակերպմանը

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը որոշել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային (IBA) զրկել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի որակավորման մրցումներն անցկացնելու իրավունքից, քանի որ խնդրահարույց է համարում վերջերս տեղի ունեցած IBA-ի նախագահի ընտրությունները, նշված է ՄՕԿ-ի հաղորդագրությունում։

Ընտրություններից առաջ էթիկայի հարցերով անկախ խումբը թույլ չէր տվել կազմակերպության նախագահի պաշտոնին առաջադրվել նիդեռլանդցի Բորիս վան դեր Վորստին, որը պետք է լիներ IBA-ի գործող նախագահ Ումար Կրեմլյովի միակ մրցակիցը։

Հետագայում Լոզանում գործող Մարզական արբիտրաժային դատարանը բավարարել էր Վորստի բողոքարկումը և անօրինական էր ճանաչել նրան չգրանցելու որոշումը։ Դրանից հետո IBA-ը հայտարարել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, իսկ հունիսի 18-ին սկսել էր օլիմպիական որակավորման մրցումների անցկացման մրցավայրերի ընտրության գործընթացը։

Սակայն ՄՕԿ-ը, արագ արձագանքելով, հայտարարել է, որ IBA-ին զրկում է այդ մրցաշարերն անցկացնելու իրավունքից։ Ավելին՝ բռնցքամարտի օլիմպիական մրցումները նույնպես չեն ընթանալու միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո։

Միաժամանակ նշվում է, որ ՄՕԿ-ը դեռ չի որոշել բռնցքամարտի որակավորման մրցումների և օլիմպիական մրցաշարի անցկացման ձևաչափը, որն ընդունվելու է Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի և մարզիկների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ։

Հաղորդվում է, որ դեռևս 2019 թվականին կառավարման վերաբերյալ խնդիրների պատճառով ՄՕԿ-ի անդամի կարգավիճակից զրկված IBA-ի անդամակցությունը վերականգնելու մասին վերջնական որոշում է կայացվելու 2023 թվականին։

IBA-ի գործկոմն իր հերթին հայտարարել է, որ հիասթափված է ՄՕԿ-ի վերջին որոշումից, սակայն նշել է, որ միջազգային ֆեդերացիան շարունակելու է իր բարեփոխմանը միտված քայլերը, որպեսզի արդար մրցակցություն ապահովի բոլոր բռնցքամարտիկների համար։

Լրահոս