Logo
ՍՊՈՐՏ / Նկարիչներ
Հեղինակ

Աննա Անտոնյան

18:07 / 31.05.2022Նկարիչներ
Mona Liza

Դարի գողություն. «Մոնա Լիզայի» հետ կապված ամենաաղմկահարույց պատմությունը

1911 թվականի օգոստոսի 21-ին գողացել են Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» կտավը։ Միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց, բոլոր թերթերը կողոպուտի մասին գրեցին: Նկարի գտնվելուց հետո, այն դարձավ պաշտամունքի առարկա։ Այս պատմությունը լի է առեղծվածներով ու աբսուրդներով։

«Ջոկոնդա»-ն գողացվել է Լուվրից 1911 թվականի օգոստոսի 21-ին, երկուշաբթի օրը, երբ թանգարանը փակ էր, և միայն հաջորդ օրն են նկատել, որ գլուխգործոցը պատից կախված չէ, և այն էլ նկատել է այցելուն, այլ ոչ թե աշխատակիցները:

Լեոնարդո դա Վինչիի 16-րդ դարի ֆլորենտացի ազնվական, հանելուկային ժպիտով կնոջ կտավն այսօր համարվում է աշխարհի ամենահայտնի պատկերներից մեկը: Դա Վինչին իր գլուխգործոցը նկարել է 1507 թվականին, իսկ ավելի ուշ կտավը հասել է ֆրանսիացի միապետներին։ «Մոնա Լիզա»-ի նկատմամբ հետաքրքրությունը դարերի ընթացքում ունեցել է ինչպես վերելքներ, այնպես էլ անկումներ: Մինչև 1911 թվականը կտավը, իհարկե, որոշակի հաջողություն էր վայելում արվեստի գիտակների շրջանում, բայց քաղաքաբնակների կողմից այն մեծ հարգանքի չէր արժանանում: «Մոնա Լիզա»-ն գլխավոր համաշխարհային գլուխգործոցի իր ներկայիս կարգավիճակի համար «պարտական է» ​​այս առեղծվածային առևանգման պատմությանը: Կտավի երջանիկ վերադարձից հետո աշխարհով մեկ հաղթական ճանապարհորդություն եղավ: The Washington Post թերթը, հայտնելով գողության մասին և նկարի արժեքը գնահատելով 5 միլիոն դոլար, սխալմամբ նույնիսկ բոլորովին այլ էսքիզի պատկեր էր հրապարակել։

Այս պատմությունը լի է առեղծվածներով ու աբսուրդներով

Հայտնի է, որ առևանգման միակ կազմակերպիչն իտալական ծագումով թանգարանի ժամանակավոր աշխատակից Վինչենցո Պերուջան է։ Նա իր հետ աշխատող ֆրանսիացիների մշտական ​​ծաղրի առարկան էր՝ վատ արտասանության և տարօրինակ բնավորության պատճառով։ Որպես հանցագործության հիմնական դրդապատճառ` համարել է ատելությունը ֆրանսիացիների նկատմամբ, հետո նկարի նմանությունը հարազատներից մեկի հետ, ապա, վերջապես, հայրենասիրական մղումը՝ կտավը հայրենիք՝ Իտալիա վերադարձնելու ցանկությունը։ Առևանգիչը երկու տարի պահել է գողոնը ներքնակի տակ և միայն հետո փորձել այն «վերադարձնել», ընդ որում՝ փողի դիմաց. այստեղ արդեն հայրենասիրության հարց չկա։ «Ես հարստություն կունենամ, և այն անմիջապես կլինի», - գրել է նա հորն ուղղված նամակում` գողությունից չորս ամիս անց: Եվ ավելացրել. «Երդվում եմ, որ երկար կապրես և կվայելես այն պարգևը, որը շուտով կստանաս քո որդուց՝ քո և մեր ողջ ընտանիքի համար»։


Mona Liza 1


Կա վարկած, որ պատվիրատուն եղել է արգենտինացի կոլեկցիոներ Էդուարդո դե Վալֆիերնոն, որն առևանգումից քիչ առաջ, չգիտես ինչու, պատվիրել է «Մոնա Լիզա»-ի միանգամից վեց օրինակ։ Առևանգումից հետո նա վաճառել է կտավները՝ որպես բնօրինակներ, կամ պարզապես օգտագործելով «գովազդը»՝ վաճառել բարձր արժեքով: Համենայն դեպս, միայն նա է այս պատմության միակ շահառուն։ Այս տեսությունը հիմնված է միայն 1932թ.-ին լրագրող Կառլ Դեքերի՝ Saturday Evening Post-ում հոդվածի վրա: Դեքերը պնդում էր, որ 1913 թվականին այս պատմությունը լսել է անձամբ Վալֆիերնոյից՝ խոստանալով լռել մինչև նրա մահը։

Կողոպուտը կատարվել է օրը ցերեկով. Պերուջային կա՛մ ծանոթ պահակն է այլ բանվորների հետ ներս թողել, կա՛մ նա նախօրեին թաքնվել է ցախավելների պահարանում, ինչպես ենթադրել է ոստիկանությունը։ Հեշտությամբ հեռացնելով կտավը պատից՝ գողն այն տարել է մոտակա աստիճանի մոտ, որտեղ էլ նկարը հանել է պաշտպանիչ ծածկույթից և շրջանակից։ Օգտվելով այն հանգամանքից, որ պահակը մեկ րոպեով շեղվել է, Պերուջան նկարը թաքցրել է իր խալաթի տակ կամ ուղղակի ձեռքին պահած արագ դուրս եկել:

Թերթերին ապշեցրել է առևանգողի աննախադեպ «լկտիությունը», թանգարանի տնօրինության, նրա պահակների և ոստիկանների անօգնական վիճակը։ Լուվրի տնօրեն Թեոֆիլ Օմոլը հրաժարական է տվել։ Հանցագործությունը բացահայտելու համար անգամ խոստացված պարգևը արդյունք չտվեց։ Բոլորը շարունակում էին զարմանալ գլուխգործոցի ճակատագրով, քանի որ հանցագործը՝ տեսնելով, որ նկարն անհնար է վաճառել, կարող էր պարզապես ոչնչացնել այն։

Լուվրում նկարի տեղը դատարկ էր։ Հետաքրքրասերների ամբոխն այցելեց դիտելու այդ դատարկ պատը, որոնց թվում էին աբսուրդիստ գրող Ֆրանց Կաֆկան և նրա մտերիմ ընկեր Մաքս Բրոդը:

Կրակի վրա յուղ լցրին ամենաանհեթեթ վարկածները, որոնք ծնվել էին լրագրողների գլխում։ Այսպիսով, բավականին լրջորեն ենթադրվում էր, որ «Ջոկոնդա»-ն հրամայվել է գողանալ գերմանական կայսեր կողմից՝ Ֆրանսիային նվաստացնելու և նրա թուլությունը ցույց տալու համար։ Գերմանացիները պատասխանել են՝ ֆրանսիացիներին մեղադրելով սադրանքի փորձի և զրպարտության համար:

Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հայտնի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները, կասկածյալների թվում էր նաև հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոն։ 


Mona Liza 2


Ոստիկանության միջակ աշխատանքը լրագրողների անսանձ ծաղրի առիթ էր դարձել: Աստիճանների վրա պահակը հայտնաբերել էր փայտե շրջանակ և ապակե տուփ, որի վրա հայտնաբերվել էր մատնահետք։ Սակայն ոստիկանության տեսուչ Ալֆոնս Բերտիյոնը քիչ էր վստահում մատնահետքերի նոր տեխնիկային: Նա իր տրամադրության տակ ուներ 750 հազար տպագիր, ներառյալ` Պերուջայի տպագրությունը, քանի որ նա քրեական անցյալ ուներ։ Բայց Բերտիյոնը սահմանափակվել է միայն Լուվրի 257 աշխատակիցների մատնահետքերով, որոնք աշխատել էին այդ օրը:

Քանի որ Պերուջան աշխատում էր Լուվրում, ոստիկանությունը, այնուամենայնիվ, հարցաքննել է նրան և ստուգել նրա ալիբին. գողության օրը նա, իբր, աշխատանքի է եղել այլ տեղում։ Ոչ ոք չգիտեր, որ «Մոնա Լիզա»-ն հենց այդ պահին գտնվել է հենց նրա բնակարանում՝ ներքնակի տակ թաքնված։

«Մոնա Լիզայի գողության գործում գլխավոր հերոսի դերը բաժին հասավ ոչ թե ոստիկանությանը, այլ մամուլին: Նկարի գողությունն իսկապես համաշխարհային սենսացիա էր»,- գրել է Գրիգորի Կոզլովը 2006 թվականին, «Աշխարհի շուրջը» ամսագրում։ 

Դիմանկարը հայտնաբերվում է երկու տարի անց՝ Իտալիայում։ Պարզվում է, որ գողը կտավը տեղափոխել է խիստ հսկվող սահմանով՝ գարշահոտ գուլպաներով լցված ճամպրուկով՝ այդպիսով հետ պահելով մաքսավորներին իր իրերը քրքրելուց։ Ի վերջո, Պերուջան հնաոճ իրերի վաճառող Ալֆրեդո Գերիի միջոցով Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահի տնօրենին առաջարկել է գնել «Մոնա Լիզան», սակայն նա դիմել է ոստիկանություն, և գողին բռնել են: Նա խոստովանել է ամեն ինչ, բայց դատարանում շեշտել է իր հայրենասիրությունը: Պերուջան ընդամենը յոթ ամիս հետո ազատվել է բանտից, այնուհետև ծառայել իտալական բանակում, Առաջին համաշխարհային պատերազմում կռվել Ավստրո-Հունգարիայի դեմ, գերվել, ավելի ուշ ամուսնացել է և վերադարձել Ֆրանսիա։ Մահացել է 1925 թվականին՝ 44 տարեկանում:

Այս առեղծվածից շահել են գրեթե բոլորը՝ բացի ոստիկաններից ու թանգարանի տնօրենից։ Հանրությունն ու Ֆրանսիան ստացան նոր գլուխգործոց, թերթերն ավելացրին տպաքանակը, աշխարհն իմացավ նկարի մասին, որն աննախադեպ հաղթանակով ցուցադրվեց իտալական քաղաքների ցուցահանդեսներում և 1914 թվականի հունվարի 4-ին վերջապես վերադարձավ Փարիզ: Այս ամբողջ ընթացքում «Մոնա Լիզան» չի լքել աշխարհի թերթերի և ամսագրերի առաջին էջերը, պատկերը տպագրվել է բացիկների և այլ հուշանվերների վրա:

Լրահոս