Logo

Մոուրինյո. «Ես տեսա, որ Հռոմում իմ նախագիծը պետք է ունենա Միկիի նման խաղացող, նա հիանալի մրցաշրջան է անցկացնում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:15 / 11.05.2022ՍՊՈՐՏ
Mkhitaryan-Murinio

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բրիտանական Sky Sports-ի հետ զրույցում խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որի հետ ժամանակին աշխատել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴՈՒՄ» ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

«Մենք միասին 3 տիտղոս (Անգլիական Լիգայի գավաթ, Սուպերգավաթ, Եվրոպա լիգայի գավաթ) նվաճեցինք ՄՅՈՒ-ում: Ցավոք սրտի, դրանք վերջինն էին ՄՅՈՒ-ում: Ինչու «ցավոք սրտի», քանի որ ես շատ-շատ եմ սիրում թիմը ու լավագույնն եմ մաղթում նրանց:

Միասին երեք տիտղոս նվաճեցինք, այնպես որ ամեն ինչ լավ անցավ: Համատեղ անցկացրած երկրորդ մրցաշրջանը մի փոքր տարբերվում էր:

«ՌՈՄԱՅՈՒՄ» ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մի բան կա, որ ինձ իսկապես ուրախացնում է, քանի որ մարդիկ սկզբում բացասական էին տրամադրված ու ասում էին. «Միկին Ժոզեի հետ շանս չունի: Ժոզեն այն տեսակ տղաներից է, որ երբ նրա հետ ինչ-որ բան չի չստացվում, այլևս երբեք չի ստացվելու...»: Եվ ապացուցվեց այս տեսակետի ճիշտ հակառակը: Մենք շատ հասուն, ազնիվ խոսակցություն ունեցանք, խոսեցի նաև Մինո Ռայոլայի հետ: Հանգչիր խաղաղությամբ, Մինո... Քննարկումը շատ լավն էր:

Ես փորձում եմ միշտ լինել շատ ազնիվ խաղացողների հետ: Ես տեսա, որ Հռոմում իմ նախագիծը պետք է ունենա Միկիի նման խաղացող, նաև շատ լավ հասկանում եմ Հենրիխի կարևորությունը թիմում. նա հիանալի մրցաշրջան է անցկացնում:

Միկին օգնում է մեզ հաղթահարել բոլոր այն խնդիրները, որոնց մենք հանդիպում ենք որպես փոքր կազմ ունեցող թիմ: Հենրիխը խաղում է ամենուր՝ եզրային հարձակվող, «10» համար, հետո մենք վնասվածք ստացած և Covid-ով վարակված խաղացողներ ունեինք, ինչի հետևանքով նա սկսեց ելույթ ունենալ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, որտեղ երբեք չէր խաղացել:

Ես իսկապես ուրախ եմ Միկիի համար, ուրախ եմ, որ մարդիկ հասկանում են՝ ամեն ինչ սև ու սպիտակ չէ: Միանգամայն հնարավոր է փոխել հարաբերությունները, որ ձևավորվել են նախկինում»:

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Մոուրինյոն և Մխիթարյանը կարող են համատեղ 4-րդ տիտղոսը նվաճել. «Ռոման» այդ օրը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում կհանդիպի Նիդեռլանդները ներկայացնող «Ֆեյենորդին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա