Logo

Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.04.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
DATMjmmW0AM5Cez - Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

Ֆուտբոլն այլևս միայն խաղ չէ։ Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների համար այս մարզաձևը դարձել է տնտեսության անբաժանելի ու կարևորագույն մաս։ Ժամանակները փոխվում են, ու ֆուտբոլային ակումբները, լինելով այդ տնտեսության բաղկացուցիչ մասը, փորձում են քայլել ժամանակի հետ։ Նրանք բարելավում են ոչ միայն իրենց կազմերը, լոգոները, պայմանները, այլ նաև մարզաբազաներն ու ստադիոնները։ Վերջին տարիներին եվրոպական մի շարք գրանդ ակումբներ տեղափոխվեցին բոլորովին, կամ մասամբ նոր ստադիոն՝ երբեմն անգամ փոշիացնելով այն, ինչ կար նախկինում։ VNews-ը ներկայացնում է եվրոպական հանրահայտ ստադիոնների քանդման ու նոր ստադիոնների առաջացման պատճառները։

Ժամանակի թելադրանքը

Եվրոպական թոփ գրանդներից «Յուվենտուսն» առաջիններից էր, որ դիմեց նոր ստադիոն ունենալու համարձակ քայլին։ Նման լայնամասշտաբ նախագիծը մեծ ֆինանսներ է պահանջում։ Անգամ «Յուվենտուսի» պես ֆուտբոլային բրենդը չէր կարող դա միայնակ անել։ Թուրինյան ակումբը պայմանագիր կնքեց Sportfive միջազգային սպորտային իրավունքների մարքեթինգային գործակալության հետ, որն էլ հովանավորելու էր նոր ստադիոնի կառուցման աշխատանքները։ Մինչև 2009 թվականը «ծեր սինյորան» տնային խաղերն անցկացնում էր «Դելե Ալպի» ստադիոնում։ Այն նաև Թուրինի մյուս թիմի՝ «Տորինոյի» տնային մարզադաշտն էր։ «Դելե Ալպիի» քանդման գործընթացի նպատակն էր բարելավել պայմաններն ու ավելի հարմարավետ ստադիոն ունենալ։ Պատմական ստադիոնի ապամոնտաժման աշխատանքներից հետո «Տորինոն» տեղափոխվեց Թուրինի «Օլիմպիական» ստադիոն ու մինչև օրս տնային խաղերն անցկացնում է այնտեղ։ Իսկ «Դելե Ալպիի» մոտակայքում սկսվեց «Յուվենտուսի» նոր ստադիոնի կառուցման աշխատանքները։ Հիմա «Ալիանզը» համարվում է աշխարհի լավագույն ստադիոններից մեկը։

juventusstadium top 960x559 - Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

Երբ ստիպված ես անել դա  

«Արսենալը» այն թիմերից էր, որը գնաց ստադիոնի ապամոնտաժմանը մեկ պարզ պատճառով․ երկրպագուների համար հին ստադիոնը բավարար չէր։ «Հայբերին» լոնդոնյան թիմի պատմական ստադիոնն էր, որն ավելի քան մեկ դար եղել էր «զինագործների» տունը։ Սակայն 2006-ին սկսվեց ստադիոնի քանդման պրոցեսը, «Արսենալի» համար նոր ստադիոն կառուցվեց, որը բոլորիս արդեն քաջ հայտնի «Էմիրեյթսն» է։ Լոնդոնյան թիմը հին ստադիոնի ապամոնտաժումից հետո աճուրդի հանեց դարպասները, անկյունայինի դրոշակներն ու անգամ գլխավոր մարզիչ Ջորջ Գրեմի սեղանը։ Այնուհետև «Հայբերիի» տարածքը վաճառվեց։ Հիմա այնտեղ հյուսիսային Լոնդոնի ամենահայտնի բնակելի թաղամասերից մեկն է։

highbury square arsenal 56 - Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

Նոր «Ուայթ Հարթ Լեյնը»` խելահեղ նախագիծ

«Տոտենհեմը» նոր ստադիոնի հարցում գրեթե նույնությամբ գնացել է «Յուվենտուսի» ճանապարհով․ նոր նախագիծ, ապամոնտաժում և հին ստադիոնի տարածքում նորի կառուցում։ Հյուսիսլոնդոնյան թիմը տեսականորեն չէր կարող փոխել մարզադաշտի լոկացիան։ «Տոտենհեմի» ստադիոնը կար ու պետք է լիներ Լոնդոնի հյուսիսում։ «Տոտենհեմ Հոտսպուր» մարզադաշտը կառուցվել է «խթանների» նախկին մարզադաշտի՝ «Ուայթ Հարթ Լեյնի» տարածքում։ Նոր ստադիոնի կառուցման աշխատանքներում օգտագործվել են մասեր նաև ապամոնտաժված «Ուայթ Հարթ Լեյնից»։

Tottenham 960x443 - Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

Northumberland Development Project անվանումը կրող այս մեգանախագծի խելահեղությունը միայն զարմանահրաշ ստադիոնը չէ։ Նախագիծն իր մեջ ներառում է նաև մարզաբազա, ակումբի շտաբ-բնակարան, ակումբային այլ շենքեր, հյուրանոց, անձնակազմի համար շենքեր, զբոսայգիներ, կրթական հաստատություններ։ Կարելի է ասել Լոնդոնի հյուսիսում մի փոքրիկ քաղաք է կառուցվել, որի զարդն անկասկած «Տոտենհեմի» տնային ստադիոնն է։

NDP Night - Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

«Վիսենտե Կալդերոն»․ Բնակիչների ուրախություն, երկրպագուների զայրույթ

Ի տարբերություն «Յուվենտուսի» ու «Տոտենհեմի» ստադիոնների, «Ատլետիկոյի» նոր մարզադաշտը՝ «Վանդա Մետրոպոլիտանոն», որևէ առնչություն չունի հին ստադիոնի՝ «Վիսենտե Կալդերոնի» հետ։ Իսպանիայի մայրաքաղաքի ամենահայտնի մարզադաշտերից մեկը՝ «Վիսենտե Կալդերոնը» գտնվում էր Մադրիդի Արգանզուելա շրջանում։ Այս ստադիոնի առանձնահատկությունը նրանում էր, որ հարակից տարածքում շատ էին բնակելի շենքերը։

1200px Vista parcial de Arganzuela y del Calceron Aprobado el nuevo ambito Mahou Calderon 01 cropped 960x646 - Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

Բնակիչների խոսքով՝ «Ատլետիկոյի» խաղերի օրերին թաղամասն իսկական քաոսի էր վերածվում։ Երեխաների հետ քայլել չէր լինում, երկրպագուների խենթությունները թույլ չէին տալիս բնակիչներին հանգստանալ։ Այդ պատճառով «Վիսենտե Կալդերոնի» ապամոնտաժման լուրը ուրախացրել էր բնակիչների մեծ մասին։ Սակայն այստեղ էլ գտնվեցին բողոքավորներ։ Ոմանք հիմա էլ դժգոհում էին, որ այդպիսի մեծ ստադիոնի քանդման աշխատանքները կաղտոտեն թաղամասի օդը։

kalderon - Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

Պատմական մարզադաշտերի վերաբերյալ այսպիսի որոշումները շատ հաճախ ցավոտ են լինում երկրպագուների համար։ Բանը հասավ նրան, որ «Ատլետիկոյի» մի շարք երկրպագուներ հայտարարում էին, որ ոտք չեն դնելու նոր ստադիոն, քանի որ նրանց համար «ռոխիբլանկոսների» միակ տունը «Վիսենտե Կալդերոնն» է։ Դժվար է իմանալ՝ դեռ նույն կարծիքի են այդ երկրպագուները հիմա, երբ հիմա իրենց թիմը խաղում է «Վանդա Մետրոպոլիտանոյի» պես գերժամանակից ստադիոնում։ Իսկ ահա նախկին ստադիոնի հարակից տարածքի բնակիչները հիմա հաստատ գոհ են։ «Վիսենտե Կալդերոնի» տարածքում զբոսայգի է կառուցվել։ Գերազանց վայր մադրիդյան երեկոներն անցկացնելու համար։

Մեր ընտրանին

Մշակութային հետաքրքրության բացակայություն․ վտանգված «Սան Սիրոն»

5113 - Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

«Իտալական ժառանգության մարմինը» մի քանի ամիս առաջ որոշում կայացրեց, որը շոկային էր ֆուտբոլի երկրպագուների համար։ Պատմական «Սան Սիրոն» չունի մշակութային հետաքրքրություն Իտալիայի համար։ Առաջին հայացքից սա աբսուրդ է թվում ու դա իսկապես այդպես է։ Ինչպես կարող է ֆուտբոլի պատմության մեջ ամենահայտնի ստադիոններից մեկը չունենա մշակութային հետաքրքրություն։ Այստեղ այնքան պատմական խաղեր են եղել, որ այդ ամենի մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել։ Ամեն դեպքում եթե մի կողմ դնենք ֆուտբոլային ռոմանտիկ էմոցիաներն ու հարցին նայենք բացառապես օրենքի սահմանում, ապա գուցե Իտալիայի օրենսդրությամբ կան օրինական, ֆինանսական փաստարկներ ստադիոնի քանդման համար։ Սակայն այսպիսի գործընթացներն Իտալիայում դանդաղ են զարգանում։

3500 960x576 - Մոռացված պատմություն հանուն ապագայի․ ինչու են քանդվում Եվրոպայի լավագույն ստադիոնները

Կա հույս, որ անգամ վերջնական որոշման դեպքում ակումբները կկարողանան բանակցությունների միջոցով հասնել ստադիոնի վերակառուցման, այլ ոչ թե ամբողջությամբ ապամոնտաժման։ Այսպիսի ֆուտբոլային ժառանգության կորուստն ուղղակի անթույլատրելի է։ Չմոռանանք, որ «Սան Սիրոյում» իրենց տնային խաղերն են անցկացնում «Միլանն» ու «Ինտերը»։ Նրանք հաստատ առանց ստադիոն չեն մնա։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա