«Բարսելոնայի» նորաթուխ գլխավոր մարզիչ Չավին աշխատանքը հարազատ ակումբում սկսել է միայն հաղթանակներով։ Սակայն երիտասարդ մասնագետն արդեն հիմա է հասկանում, որ թիմի առջևի գծում ունի սարսափելի խնդիրներ։ Սերխիո Ագուերոյի սրտի խնդիրներն ավելի լուրջ են, քան կարելի էր պատկերացնել, և առայժմ պարզ չէ՝ կշարունակի՞ արգենտինացին իր մարզական կարիերան, թե՞ ոչ։ Մեմֆիս Դեպայը չի կարող մի քանի մասի բաժանվել ու կատարել և՛ գոլահարի, և՛ գնդակ մատակարարողի պարտականություններ, Ֆատին 1 խաղ խաղում է, 10 խաղ չի խաղում, Դեմբելեն մարզումներից է ուշանում, անհույս է, Լյուկ դե Յոնգի հետ հույս կապելն էլ անլուրջ է։ Բայց Չավին կարծես ունի լուծում։ Ծանոթացեք՝ Բաղդադ Բունեջահ։
Իրաքի մայրաքաղաքի անունը կրող, բայց ծնունդով Ալժիրից ֆուտբոլիստը վաղուց երիտասարդ չէ(արդեն 29 տարեկան)։ Նա կարիերան սկսել է հայրենիքում՝ ստաբիլ գոլ խփելով «Օրան» ակումբի կազմում։ Աֆրիկյան քամին նրան քշեց-տարավ Թունիս, որտեղ եկան առաջին տիտղոսները. Բաղդադը դարձավ երկրի գավաթակիր ու գլխավերևում պահեց ԱՖԼ Կոնֆեդերացիայի գավաթը (Եվրոպա լիգայի աֆրիկյան տարբերակը)։ Սակայն ալժիրցի ֆուտբոլիստի ծաղկուն ժամանակաշրջանն սկսվեց 2015-ին, երբ նրան ձեռք բերեց «Ալ Սադը»։
Կատարի առաջնություն առաջին անգամ ոտք դնելուց ի վեր՝ Բաղդադը 5 անգամ դարձել է իր թիմի լավագույն ռմբարկուն, 2 անգամ՝ առհասարակ առաջնության ամենադիպուկ ֆուտբոլիստը։ Ի դեպ, Ալժիրի հավաքականի հարձակվողը գերազանցեց Կատարի առաջնության՝ 2004 թվականին սահմանված ռեկորդը, որը պատկանում էր արգենտինացի լեգենդար հարձակվող Գաբրիել Բատիստուտային։ Վիճակագրությունը, իրոք, տպավորիչ է. 108 խաղում Բունեջահը դարձել է 128 գոլի հեղինակ՝ լավագույն տարիների Մեսիին ու Ռոնալդուին վայել ցուցանիշ։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստի արդյունավետ խաղը շարունակվում է. նա 9 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։
Կատարի առաջնություն «աղմուկով ներխուժելուց» հետո Բաղդադ Բունեջահը վերջնակապես գրավեց Ալժիրի հավաքականի մարզչական շտաբի ուշադրությունն ու անսասան կերպով ամրապնդվեց թիմի կազմում։ Ի դեպ, խորհրդանշական է, որ նորամուտն ազգային թիմում Բաղդադը նշել է Բաղդադում։ Ալժիրի հավաքականի մարզաշապիկը Բաղդադը կրել է Ռիոյի Օլիմպիական խաղերի ու Աֆրիկայի գավաթի 2 խաղարկության ընթացքում՝ 2017-ին ու 2019-ին։ Վերջին խաղարկությունում Բաղդադը պատմություն կերտեց. Սենեգալի հետ եզրափակիչում նա դարձավ միակ ու հաղթական գոլի հեղինակը։ Ալժիրի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ «Սև մայրցամաքի» ուժեղագույն հավաքականը։
Pick that out! ⚽🥅
An absolute stunner from Baghdad Bounedjah for Algeria against Colombia 👏 pic.twitter.com/3fvklBlzu8
— SPORTbible (@sportbible) October 16, 2019
Իր հարցազրույցներում Բաղդադը բազմիցս արտահայտել է կարիերան Եվրոպայում փորձելու ցանկությունը։ «Ես ունեմ Եվրոպայում խաղալու նկրտումներ։ Ուզում եմ ինձ համեմատել այնտեղ ելույթ ունեցող ֆուտբոլիստների հետ։ Ցանկանում եմ Ալժիրի հավաքականի հետ մասնակցել ԱԱ-2022-ին։ Երբեք Մունդիալին չեմ մասնակցել ու ամեն ինչ կանեմ, որպեսզի լրացնեմ այդ բացը»,- տեղական ԶԼՄ-ների հետ վերջերս կայացած ասուլիսում ասել է Բաղդադ Բունեջահը։
Իսպանացի լրագրողները Թվիթերում ակտիվորեն տարածում են տեղեկությունը՝ իբր Չավին իսկապես ցանկանում է Կատալոնիայի մայրաքաղաք բերել ալժիրցի գոլահարին։ Ըստ թվիթերյան շշուկների՝ մարզիչ-ակումբի նախագահ խոսակցությունն այդ հարցով պետք է տեղի ունենա ամենասեղմ ժամկետներում։ Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադին, օրինակ, կարծում է, որ իր առաջատար հարձակվողը հիանալի կնայվեր «Բարսելոնայում»։ «Պետք է հասկանանք, որ այսօրվա «Բարսան» Մեսիի, Ինիեստայի ու Չավիի ժամանակների թիմը չէ, որտեղ կար սարսափելի մրցակցություն։ Այսօրվա «Բարսայում» Բաղդադը կարող է ցույց տալ իր լավագույն որակներն ու օգնել Չավիին», – անկեղծացել է մարզիչը։
«Չար լեզուներն» ասում են, թե ալժիրցի հարձակվողի ծառայություններով միայն «Բարսելոնան» չէ, որ հետաքրքրված է: Ֆուտբոլիստին իրենց շարքերում ցանկանում են տեսնել «Մարսելը», «Լեսթերն» ու «Լիդսը»։ Երևի թե հասկանալի է՝ ընտրության դեպքում որ թիմը կընտրի Բունեջահը։ Ֆուտբոլիստը բոլորովին վերջերս նոր պայմանագիր է կնքել «Ալ Սադի» հետ, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2024 թվականը, սակայն փողի ուժը և մեծ ակումբում հանդես գալու երազանքը/մեծ ցանկությունը կարող են ավելի ծանրակշիռ հանգամանք հանդիսանալ։ Այս պահին Transfermarkt պորտալն ալժիրցու տրանսֆերային արժեքը գնահատում է 6 մլն եվրո, սակայն ըստ լուրերի՝ կատարյան ակումբը չի լսելու 10 մլն-ից պակաս փոխհատուցման գումար պարունակող առաջարկները։
Հասկանալի է, որ նույնիսկ եթե «Բարսելոնայում» Բունեջահին առաջարկեն ավելի ցածր աշխատավարձ, քան այլ թիմերում, իսկ «Ալ Սադին» Կատալոնիայից եկած փոխհատուցման գումարը լինի ամենաքիչը՝ համեմատած մյուս ակումբների հետ, ֆուտբոլիստը միանշանակ կընտրի «Բարսան»։ Դրա գլխավոր գործոնը, իհարկե, Չավին է։ Խիստ ծանր օրեր ապրող գրանդ ակումբի շարքերն այսօր քչերն են ցանկանում համալրել, մանավանդ, երբ խոսքը գնում է Եվրոպայում երբեք չխաղացած, 29-ամյա կայացած ֆուտբոլիստի մասին։ «Երբ ես նոր էի գալիս «Ալ Սադ», անկեղծ ասած՝ բացարձակ տեղեկություն չունեի՝ ով է Բաղդադ Բունեջահը։ Սակայն նախ՝ նրա կողքին խաղալուց, հետո՝ նրան մարզելուց հետո կարող եմ փաստել՝ նա թոփ հարձակվող է, իսկական գոլահար, որը կփայլի ցանկացած առաջնության յուրաքանչյուր թիմում»,- 2020 թվականին ալժիրցի ֆուտբոլիստի մասին ասել է Չավին։
Նոր հարձակվող ձեռք բերելուց հետո «Բարսելոնան» կսկսի իր «առողջացման» գործընթացը։ Այս պահին թիմին պետք է իսկական հարձակվող, որը կեզրափակի թիմակիցներից եկած փոխանցումները։ Միջին գծում կրեատիվության պակաս գրեթե չի նկատվում։ Պակասում է միայն գրոհների հանգուցալուծումը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բաղդադ Բունեջահն իսկական նվեր կլինի Ժոան Լապորտայի համար։ Կատալոնացի գործարարը ժամանակին ցույց է տվել թիմը ճգնաժամից դուրս բերելու իր բանաձևը։ «Կապտանռնագույնները» պետք է որ հիշեն՝ ինչպես 2004 թվականի հունվարին «Բարսելոնայի» շարքերը համալրեց Էդգար Դավիդսը։ Հոլանդացի կիսապաշտպանի հետ «Բարսան» ուղղեց մեջքն ու կանգնեց հաղթական ռելսերի վրա։ Հերթը Բաղդադինն է։
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո