Logo

Մոուրինյոյի առաջարկը, որից Ալեքսիս Սանչեսը չի կարողացել հրաժարվել

17:56 / 25.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական «Մարսելի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը խոստովանել է, որ մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը համաձայնության էր եկել «Մանչեսթեր Սիթիի» շարքը համալրելու վերաբերյալ: Չնայած Գվարդիոլայի հետ պայմանավորվածությունը՝ Սանչեսը Ժոզե Մոուրինյոյի առաջարկից հետո փոխել է մտադրությունն ու միացել է «Կարմիր սատանաներին»:

«Ես պատրաստ էի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Գրեթե ամեն օր խոսում էի Գվարդիոլայի հետ, նա շնորհավորում էր իմ տարեդարձը: Նա ինձ համար հոր պես էր «Բարսելոնայում» ու կարող էր այդպիսին լինել «Սիթիում»:

Ամեն օր զրուցում էինք, ամեն ինչ պատրաստ էր տեղափոխության համար: «Արսենալն» ինձ փոխարինող էր գտել, բայց հետո Արսեն Վենգերն ասաց, որ ես պետք է մնամ, քանի որ այդ խաղացողը հրաժարվել է «Արսենալ» տեղափոխվելուց: 

Հետո Ժոզե Մոուրինյոն զանգեց ինձ ու ասաց. «Ալեքսի՛ս, ահա «7» համարը... Քեզ համար է»: Խնդիրը միայն գումարը չէր, ու դա բոլորը գիտեն: «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Սիթիի» առաջարկները ֆինանսական տեսանկյունից նույնն էին: Մոուրինյոն ասաց. «Մենք խաղում ենք Չեմպիոնների լիգայում, իսկ քեզ համար կարևոր դեր ենք պատրաստել: Ահա քեզ «7» համարը»: Ուզում էի միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», բայց հիշեցի Գվարդիոլայի հետ պայմանավորվածությունս: 

Հետո ինքս ինձ ասացի, որ կարող եմ լինել առաջին չիլիացին, որ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդում»: Կանտոնան, Բեքհեմը, Ռոնալդուն խաղացել են այդ համարով, իսկ հիմա դրանով կարող է խաղալ չիլիացի: Դա երազանք դարձավ:

Չեմ ափսոսում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ պատճառով: Այո՛, ես կցանկանայի տեղափոխվել «Սիթի»: Կարծում եմ՝ մենք արդեն հաղթած կլինեինք Չեմպիոնների լիգան, իսկ ես եզրափակիչում ինչ-որ բան արած կլինեի»,- 90min-ը մեջբերում է Ալեքսիս Սանչեսի խոսքը:

Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդին» միացավ 2018 թվականին, սակայն անհաջող շրջանով պայմանավորված՝ հեռացավ թիմից ընդամենը մեկուկես տարի հետո: Հատկանշական է, որ չիլիացին ՄՅՈՒ-ի կազմը համալրեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ փոխանակման արդյունքում: Հայ կիսապաշտպանը մանկունիական ակումբից տեղափոխվեց «Արսենալ», իսկ Սանչեսը՝ հակառակ ուղղությամբ: Խոսելով գործարքի մասին՝ այդ ժամանակ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասաց. «Մենք կորցնում ենք համաշխարհային մակարդակի խաղացողի ու ձեռք ենք բերում համաշխարհային մակարդակի խաղացող»: Ըստ ESPN-ի աղբյուրների՝ Վենգերը սկզբում հետաքրքրվել է Անտոնի Մարսիալին թիմ հրավիրելու տարբերակով, սակայն անմիջապես մերժում է ստացել: Դրանից հետո մանկունիական ակումբն առաջարկել է Մխիթարյանի տարբերակը՝ հաշվի առնելով նաև այն, որ Արսեն Վենգերը դեռ 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» է փորձել ձեռք բերել հայ կիսապաշտպանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա