Logo

«Նա պարզապես խաղում էր 170 կգ-ով»․ Կարեն Գիլոյանը Աշխաբադից մանրամասներ է հաղորդում Անդրանիկ Կարապետյանի ելույթի մասին

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 05.11.2018Ծանրամարտ
Բացառիկ
Karapetyan - «Նա պարզապես խաղում էր 170 կգ-ով»․ Կարեն Գիլոյանը Աշխաբադից մանրամասներ է հաղորդում Անդրանիկ Կարապետյանի ելույթի մասին

Ծանրամարտի Աշխարհի առաջնության հերթական մրցակցային օրը հարթակ ելան 81 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այդ քաշային կարգում ներկայացնելու էր Անդրանիկ Կարապետյանը: Այսինքն մենք կասկած անգամ չունեինք, որ առնվազն մեդալակիր ենք ունենալու:

Իսկ ի՞նչ հիմք ունեինք դրա համար: 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ստացած ծանրագույն վնասվածքից հետո, Անդրանիկը, ի հեճուկս բոլոր հոռետեսների, կարողացավ բուժվել, վերականգնել մազավիճակն ու հաղթական ելույթներ ունենալ: Ընդամենը 10 օր առաջ, Եվրոպայի երիտասարդական առաջնությունն էլ դրա վառ վկայությունն էր: Մեր ծանրորդը պոկեց 176 կգ և հաղթեց մեծ առավելությամբ:

Եվ անգամ դա չեր ստիպի այդքան վստահ լինել Անդրանիկ Կարապետյանի մեդալային, ինչու չէ՝ նաև չեմպիոնական ելույթին: Մարզումների ժամանակ Անդրանիկը պարզապես խաղում էր 170 կգ-ով: Տեսագրություն կա, որտեղ մեր ծանրորդը պոկում է… 185 կգ: Մի՞թե դրանից հետո որևէ մարզիկ, ով հավակնում է չեմպիոնի կոչմանը, չի սկսի 171 կգ-ից: Կամ ո՞ր մարզիչն իր սանին չի ուղարկի այդ քաշը բարձրացնելու:

Փաշիկ Ալավերդյանի մեկնաբանությունը՝ Անդրանիկ Կարապետյանի ելույթին

Շատերը կասեն՝ թող ապահովագրեր իրեն, հետո միայն գնար չեմպիոնության: Կներեք, բայց այդպես կասեն մարզաձևին ոչ այնքան քաջածանոթները: Լյու Սյացզյունի, Մոհամեդ Մահմուդի և Լի Դայինի պես հզոր մրցակից ունեցողն իրավունք չունի անտեղի մոտեցում վատնել: Այստեղ տեղին կլինի հիշել ծանրամարտի մի աքսիոմ՝ 0 են ստանում կամ ամենաթույլերը կամ ամենաուժեղները: Դրա վառ ապացույցը հանրահռչակ Դավիթ Ռիգերտի՝ 2 օլիմպիական խաղերում ստացած 0-ներն են:

Այսօր առավոտյան Անդրանիկը շատ լավ տրամադրություն ուներ, սակայն կշեռքի ժամանակ մի տեսակ վատ զգաց ու քթից էլ արյուն եկավ: Կարապետյանը ընկճվողներին չէ և անուշադրության մատնեց այդ ամենը: Սակայն մինչև իր մոտեցումը, մարզվելիս, դժվար էր բարձրացնում շատ ավելի թեթև քաշեր: Թիմակիցներին էլ, մրցումից հետո ասել էր, թե ծանրաձողը մի տեսակ շատ ծանր էր: Առաջին մոտեցման ժամանակ էլ թեթև ցավ զգաց արմուկում: Այսինքն կատարվեց անսպասելին: Հաղթելու չափից ավելի ցանկությունը, հավանաբար, «վառեց» մեր ծանրորդին: Ցավալի է, բայց իրողություն:

Չեմպիոնի փոխարեն մենք ունեցանք 0: Բայց հիասթափվում են թույլերը: Առավել, քան վստահ եմ, որ Անդրանիկ Կարապետյանն իր մեծ հաղթանակները դեռ չի տարել ու դրանց մենք երկար տենք սպասի:

Համբերություն ձեզ ու ապագա մեծ հաղթանակների բերկրանք:

Կարեն Գիլոյան

VNews.am-ը լուսաբանում է Ծանրամարտի աշխարհի առաջնությունը Աշխաբադից: Հետևե՛ք Vivaro News – Armenian Sport էջին և կստանաք ամենահետաքրքիրն ու կարևորը աշխարհի առաջնությունից՝ Կարեն Գիլոյանի մատուցմամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա