Logo

(Նախա)վերջին շանսը. ինչի շնորհիվ Մեսին կարող է իր առաջին մեծ տիտղոսը նվաճել Արգենտինայի հավաքականի հետ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
1324313638.0 - (Նախա)վերջին շանսը. ինչի շնորհիվ Մեսին կարող է իր առաջին մեծ տիտղոսը նվաճել Արգենտինայի հավաքականի հետ
Խաղի մանրամասները

Հարավային Ամերիկա, Ամերիկայի գավաթ, Փլեյ-օֆֆ

11 Հուլիս 2021 - 04:00

1

Արգենտինա

0

Բրազիլիա

1 - 0 Անխել Դի Մարիա - 22`

«Բարսելոնայի» կազմում 34 տիտղոս ու Արգենտինայի հավաքականի հետ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելուց հետո բոլորն են ասում, որ Լիոնել Մեսին հաղթել է հնարավոր ամեն ինչ ֆուտբոլում: Վերջին 15 տարիներին Լեոն գլխավերևում բարձրացնում է Չեմպիոնների լիգայի գավաթը կամ դառնում Իսպանիայի չեմպիոն, ազգային հավաքականում էլ անցկացրած 150 խաղում 76 գոլ է խփել: 6 «Ոսկե գնդակի» մասին էլ չխոսենք (չնայած՝ արդեն խոսեցինք 🙂 ):

Թվում է՝ Մեսին այլևս ոչ մի մոտիվացիա չունի ֆուտբոլ խաղալու համար: Բայց կա մի բան, որ կանգնել է արգենտինացու կոկորդին. Մեսին ոչ մի մեծ միջազգային տիտղոս չի նվաճել կարիերայում: Այս առումով Մեսիի կարիերայում միայն ձախողումներ են. Ամերիկայի գավաթի 3 եզրափակիչ, ԱԱ 1 եզրափակիչ, անփառունակ պարտություններ ու ոչ մի չեմպիոնություն: Այժմ Արգենտինայի հավաքականը կրկին դուրս է եկել եզրափակիչ:

Վերհիշենք Մեսիի նախորդ մեծ մրցաշարերն ու հասկանանք՝ կարո՞ղ է ֆուտբոլի պատմության մեծագույններից մեկն օգնել իր թիմին վերջ դնել 28 տարվա տիտղոսային երաշտին:

Ամերիկայի գավաթ 2007. կիսաքաղցր սկիզբը

Մեսիի առաջին մեծ պարտությունը 2007-ին էր՝ «Բարսելոնայի» հիմնական թիմում հաստատվելուց ընդամենը մեկ տարի անց: Չնայած՝ թիմի առաջատար Խուան Ռոման Ռիկելմեի ներկայությանն ու Մեսիի անփորձ լինելուն, թիմի գլխավոր մարզիչ Ալֆիո Բազիլեն չվախեցավ Մեսիին շանս տալ և չսխալվեց: Խոստումնալից երիտասարդը, որ մրցաշարի ժամանակ նշեց իր 20-ամյակը, հայտնվեց Կոլումբիայի դեմ առաջին խաղի մեկնարկային կազմում, ԱՄՆ-ի դեմ երկրորդ խաղում արդեն գոլային փոխանցում կատարեց Էրնան Կրեսպոյին, Արգենտինան էլ հաղթեց խմբային փուլի բոլոր խաղերում:

1/4 եզրափակիչի Պերուի դեմ խաղում Մեսին բացեց իր գոլերի հաշիվը Ամերիկայի գավաթում, բայց այդ գոլի մասին բոլորը մոռացան, երբ կիսաեզրափակիչում՝ Մեքսիկայի ընտրանու դեմ խաղում Մեսին ֆանտաստիկ հարվածով խփեց իր երկրորդ գնդակը:

Հրաշալի ընթացք ունեցող մրցաշարը, սակայն, անփառունակ ավարտ ունեցավ Մեսիի ու խաղընկերների համար: Բրազիլիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց արգենտինացիների դարպասն ու վստահ հաղթանակ տարավ եզրափակիչում:

ԱԱ 2010. տխրահռչակ ջաբուլանին ու գերմանական ապտակը

Մեսիի հաջորդ մեծ մրցաշարը 2010-ին էր, բայց նա այդ 3 տարիների ընթացքում հասցրել էր խոստումնալից երիտասարդից դառնալ լավագույն ֆուտբոլիստն աշխարհում, բայց այդ ֆանտաստիկ մարզավիճակը նա Արգենտինայի հավաքական բերել չկարողացավ:

ՀԱՀ-ում կայացած մրցաշարը վատագույններից է Մեսիի կարիերայում: Նա ոչ մի գոլի հեղինակ չդարձավ այդ մրցաշարում, ինչպես շատ աստղեր այդ տարի, որոնք դժգոհում էին ջաբուլանի կոչվող գնդակից: Շատերն ասում էին, որ այդ գնդակն ունի տարօրինակ հետագիծ ու անսովոր է խաղալ այդ գնդակով:

Արգենտինայի հավաքականի ու Մեսիի ձախողումը միայն գնդակի վրա բարդելը, իհարկե, ճիշտ չէ: 1/4 եզրափակիչում Գերմանիայի հավաքականն այնպիսի խաղային/գոլային ապտակ հասցրեց՝ հաղթելով 4-0 հաշվով, որը դառնությամբ է հիշում Մեսին, իսկ Դիեգո Մարադոնայի մարզչական կարճատև կարիերան ավարտվեց հավաքականում:

Diego Maradona, el eterno 10 de Argentina que dirigió a su heredero Messi en el Mundial de Sudáfrica 2010

Ամերիկայի գավաթ 2011. շքեղ հարձակում, թույլ թիմ

Արգենտինայի հավաքականը միշտ էլ աչքի է ընկել թոփ հարձակվողներով, որոնք հիասքանչ են խաղում եվրոպական լավագույն ակումբներում: Բայց միշտ չէ, որ ստացվել է նրանցից լավ կոլեկտիվ ստանալ:

2011-ի Ամերիկայի գավաթի խաղարկությունն այդ դեպքերից էր: Գոնսալո Հիգուայինը շատ արդյունավետ էր «Ռեալում», Սերխիո Ագուերոն՝ «Ատլետիկոյում», Մեսին էլ իր կարիերայի լավագույն էտապն էր անցկացնում ու մրցաշարին ներկայացել էր ՉԼ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ փառահեղ տրիումֆից հետո: Բայց Արգենտինայի հավաքականը կրկին ձախողվեց. կրկին անատամ ու ոչ կոմբինացիոն խաղ, կրկին տապալում ամենակարևոր պահին: Արգենտինայի այդ հավաքականը եզրափակիչ էլ չհասավ՝ ճանապարհին պարտվելով Ուրուգվային, Մեսին էլ կրկին ոչ մի գոլ չխփեց:

Մեր ընտրանին

ԱԱ 2014. երազանքին մեկ քայլ էր մնում

Արգենտինայի հավաքականն ավելի զորեղ կազմով ներկայացավ աշխարհի 2014 թվականի առաջնությանը, մրցաշարի կենտրոնական դեմքերից էլ դարձավ Մեսին:

Խմբային փուլում արգենտինացին առաջնորդեց իր թիմին՝ հաղթանակ պարգևելով Բոսնիայի և Հերցեգովինայի, Նիգերիայի ու Իրանի դեմ խաղերում՝ դառնալով 4 (մեկը մյուսից գեղեցիկ) գոլի հեղինակ: 1/8 եզրափակիչում Մեսին գոլ չխփեց, բայց Շվեյցարիայի դեմ հանդիպման արդեն լրացուցիչ ժամանակում հենց նրա փոխանցումից հետո Անխել դի Մարիան խփեց հաղթական գնդակը:

Բելգիայի և Նիդերլանդների ընտրանիների արգելքը հաղթահարելուց հետո Արգենտինան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցակիցն ահեղ Գերմանիան էր՝ Բրազիլիային 7-1 հաշվով «լողացնելուց» հետո: «Մարականայում» կայացած եզրափակիչում գերմանացիներն ամենևին էլ չունեին խաղային այն առավելությունը, որ նրանց թույլ էր տալիս հաղթել բոլորին: Արգենտինայի հավաքականն ունեցավ գոլային շատ իրական պահեր. առաջինը շատ նպաստավոր դիրքից վրիպեց Հիգուայինը, իսկ երկրորդ խաղակեսում՝ Ռոդրիգո Պալասիոն: Իր պահն ունեցավ նաև Մեսին, երբ սուր անկյունից կատարած հարվածից հետո գնդակը շրջանցեց Նոյերին, բայց նաև հեռավոր դարպասաձողն ու միլիմետրերի տարբերությամբ դուրս եկավ դիմային գծից:

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Մարիո Գյոտցեն խփեց հաղթական գոլը՝ կոտրելով արգենտինացիների և Մեսիի սիրտը: Այդուհանդերձ՝ Մեսիի մեծ աշխատանքն ամբողջ մրցաշարում բարձր գնահատվեց և նա ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ թեև դա չէր, որին նա ձգտում էր. «Ես իմ բոլոր անհատական ռեկորդները կտայի, միայն թե դառնայի աշխարհի չեմպիոն: Ես կցանկանայի աշխարհի գավաթը բարձրացնել՝ «Ոսկե գնդակի» փոխարեն: Դա իմ մանկության երազանքն էր ու կարծում եմ՝ ֆուտբոլիստի համար ամենամեծ նվաճումն այս սպորտում», – հայտարարեց Մեսին խաղից հետո:

Messi's Maracana redemption

Ամերիկայի գավաթ 2015. Հիգուայինը կրկին փչացրեց ամեն ինչ

Մեսին չգիտեր, որ իր հիասթափությունները դեռ նոր էին սկսում:

2015-ին՝ հաջորդ տարի Ամերիկայի գավաթի խաղարկությանը Մեսին կրկին մոտեցավ բարձր տրամադրությամբ՝ «Բարսելոնայի» հետ տրեբլ նվաճելուց հետո: Բայց հավաքականում Լեոն կրկին այլ տեսք ուներ: Նա միայն մեկ գոլ խփեց ու 3 ասիստ կատարեց՝ թեև Արգենտինայի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում էլ 6-1 հաշվով Պարագվայի ընտրանուն հաղթելուց հետո:

Եզրափակիչում մրցակիցը Չիլին էր: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, լրացուցիչ ժամանակում էլ ոչինչ չորոշվեց, գործն անցավ 11-մետրանոց հարվածաշարի: Մեսին իր թիմի միակ ֆուտբոլիստն էր, որ անվրեպ իրացրեց հարվածը, մինչդեռ Հիգուայինը Մ̶ե̶ս̶ի̶ի̶ ̶ե̶ր̶ա̶զ̶ա̶ն̶ք̶ը̶  գնդակն ուղարկեց երկինք:

Ամերիկայի գավաթ 2016. երրորդ անընդմեջ ֆիասկոն

Մեկ տարի անց (անհասկանալի է՝ ով և ինչու է մտածել այս ձևաչափը) Ամերիկայի գավաթի խաղարկությունն էր:

2016-ի սցենարն ամեն ինչով նույնն էր, ինչ 2015-ին. կրկին եզրափակիչ դուրս եկան Արգենտինայի ու Չիլիի հավաքականները, միայն թե այս անգամ Մեսին ավելի լավ մրցաշար էր անցկացրել՝ խփելով 5 գոլ (Պարագվայի դեմ խաղում հեթ-տրիկ), ընդ որում՝ մեկական գոլ էր խփել 1/4-ում և կիսաեզրափակիչում ու կատարել էր 5 գոլային փոխանցում:

Բայց նորից Չիլին ու նորից նույն պատկերը: Արգենտինայի ամենաիրական պահը կրկին ունեցավ Հիգուայինը (ա՜խ այդ Հիգուայինը), որը կրկին փչացրեց՝ շեղ հարվածելով նպաստավոր դիրքից: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում այս անգամ արդեն վրիպեց Մեսին, Արգենտինան էլ պարտվեց: Մեսին այդ տապալումն այնքան ծանր տարավ, որ հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին: Որոշ ժամանակ անց, իհարկե, սառը գլխով Մեսին հասկացավ, որ դեռ վաղ է ու պետք է պայքարել միջազգային տիտղոս նվաճելու համար:

Lionel Messi vs Chile 720p HD (Copa America Final) 27/06/2016 - YouTube

ԱԱ 2018. Արգենտինայի ճանապարհին հայտնվեց Մբապեն

2018-ի Մունդիալին Արգենտինայի այդ աստղային, բայց ձախողակ սերունդը սպառման նշաններ ցույց տվեց: Թիմն արդեն չէր էլ կարողանում լավ խաղալ, առանցքային ֆուտբոլիստները տարեց էին, ու Արգենտինան կրկին միայն Մեսին էր:

Խմբային փուլում նրանք չկարողացան հաղթել Իսլանդիային, 0-3 հաշվով պարտվեցին Խորվաթիայի ընտրանուն ու միայն երրորդ տուրում Նիգերիային հաղթելուց հետո խուսափեցին խայտառակությունից: 1/8 եզրափակիչում մրցակիցը Ֆրանսիան էր՝ ապագա աշխարհի չեմպիոնը, որի դեմ Արգենտինան կարողացավ դիմադրություն ցույց տալ միայն դրվագներով: Երկրորդ կեսում, երբ արգենտինացիներն առաջ անցան հաշվի մեջ, հայտնվեց Կիլիան Մբապեն ու անջատեց նրանց՝ անցկացնելով Ֆրանսիայի հավաքականում իր լավագույն խաղերից մեկը:

Մեսին այս մրցաշարում միայնակ ոչինչ անել չէր կարող:

Lionel Messi to move to France? PSG looking to sign Mbappe extension

Ամերիկայի գավաթ 2021. Մեսիի (նախա)վերջին շանսը

Մեսիի համար Ամերիկայի գավաթի այս խաղարկությունը միջազգային տիտղոս նվաճելու, թերևս, նախավերջին շանսն է՝ Մունդիալ 2022-ից առաջ:

Շատերն ասում են, որ սա Արգենտինայի հավաքականում խաղացող լավագույն Մեսին է: Այս խոսքերը փաստում են որոշ գործոններ, առաջին հերթին՝ թվերը: Ամերիկայի գավաթի այս խաղարկությունում Մեսին պարզապես փայլում է. 5 գոլային փոխանցում ու 4 գոլ, 4 խաղերում էլ նա ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ: Կա մեկ այլ գործոն՝ Մեսիի անսահման մոտիվացիան: Մեսին խաղերին մոտենում է բացառիկ նվիրվածությամբ, նա այլևս հուսահատության ժեստեր չի անում խաղերի ժամանակ, ինչպես նախկինում ու փորձում առաջնորդել երիտասարդներին:

Տարօրինակ է հնչում, բայց Մեսիի օգտին է աշխատում նաև այն հանգամանքը, որ մարզադաշտերը դատարկ են (կորոնավիրուսի իրավիճակը Հարավային Ամերիկայում մեծ տարածում ունի), խաղերից հետո չկան հարցազրույցներ: Մեսին չի զգա իր վրա մարդկային ճնշումը, նա կկենտրոնանա իր երկու գործառույթների վրա. լինել ավագ ու առաջնորդել թիմին խաղադաշտից դուրս, և, բնականաբար, անել իր գործը խաղադաշտում: Արգենտինայի հավաքականն էլ այժմ անցումային փուլում է, կան մի շարք երիտասարդներ, որոնք հաղթանակի քաղց ունեն և ամեն ինչ անելու են Մեսիի 5-րդ եզրափակիչը հաղթական դարձնելու համար:

Argentina beat Paraguay 1-0: Goal and highlights from Copa America 2021

Մրցակիցն ամենևին էլ հեշտ չէ. Բրազիլիայի հավաքականը կազմով ու խաղային բազմազանությամբ շատ ավելի ուժեղ է, բայց Մեսին իր առջև հստակ խնդիր է դրել՝ կամ հիմա, կամ երբեք: Արգենտինացին ամեն ինչ անելու է իր պատմությունը գրելու, հավաքականում հավերժանալու և Մարադոնայի ստվերից դուրս գալու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա