Logo

Նարեկ Մանասյան. «Մտածում եմ պրոֆեսիոնալ մարտերի մասնակցելու մասին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:43 / 03.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը VNews-ին հայտնեց, որ մտածում է պրոֆեսիոնալ ռինգում ուժերը փորձելու մասին, սակայն առայժմ այդ հարցում էական տեղաշարժ չկա։ 26-ամյա մարզիկը խոստովանեց նաև, որ տրամադրված է մասնակցելու 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերին։

Արդեն ասուլիսում Նարեկը, արձագանքելով եվրոպական ստուգատեսի կիսաեզրափակիչում տեղի ունեցած տհաճ դրվագին, նշեց, որ չի ցանկանում կենտրոնանալ դրա վրա, առավել ևս՝ մեկնաբանել տեղի ունեցածը։ «Անցկացրի ծանր մենամարտեր և գրավեցի 3-րդ տեղը։ Մի փոքր անարդարություն եղավ, բայց դրան չեմ անդրադառնա, որովհետև այդ խնդրին կենտրոնանալն ավելի շատ կխանգարի ինձ հետագա ելույթներում։ Պետք է ձգտեմ հասնել ավելի բարձր արդյունքի ու նվաճել ոսկե մեդալ»,- հայտարարեց աբովյանցի մարզիկը։

Նա խոստովանեց նաև, որ առաջնության ընթացքում զգացել է որոշակի հոգեբանական լարվածություն։ «Կար մի փոքր լարվածություն, որովհետև մինչև այդ վնասվածք էի ստացել և ձեռքերս վիրահատել էին։ Դա փոքր-ինչ խանգարում էր։ Սակայն հավաքների ընթացքում հասել էի մարզավիճակիս գագաթնակետին, ինքնազգացողությունս շատ լավ էր, և վստահ էի ուժերիս։ Այդ առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձնական մարզչիս, հավաքականի մարզիչներին, մեր ֆեդերացիայի նախագահին, որոնք դժվարին պահերին միշտ աջակցել են ու եղել են կողքիս։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր բժիշկներին՝ ընկեր Բեգոյանին, ընկեր Հարութին, որոնք սովորաբար դուրս են մնում ԶԼՄ-ների տեսադաշտից։ Մեզ համար նրանք ավելին են, քան պարզապես բժիշկը։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին և մարզասերներին բուռն և նվիրված աջակցության համար»,- ընդգծեց Մանասյանը։

Երևանյան ստուգատեսի կիսաեզրափակիչում Մանասյանն ստիպված էր ավարտել պայքարը իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ հանդիպումից հետո։ Մասնագետների գերակշիռ մեծամասնության կարծիքով՝ հայ բռնցքամարտիկի նկատմամբ աղաղակող անարդարություն էր կատարվել, քանի որ նա ուներ բացահայտ առավելություն, հաղթել էր երկու ռաունդում և, դրանից բացի, նրա մրցակցին հաղթանակ էր շնորհվել երկրորդ մրցափուլում, որը նա բացահայտ թույլ էր անցկացրել ու, ի հավելումն, նաև նկատողություն էր ստացել մրցավարից։

Մենամարտի ավարտին Մանասյանը, բողոքելով կատարվածի դեմ, երկար ժամանակ հրաժարվում էր հեռանալ ռինգից՝ փորձելով այդպես հասնել արդարության վերականգնմանը։ Սակայն հանդիպման արդյունքը մնաց անփոփոխ։

BoxRec մասնագիտացված կայքի տվյալներով՝ 2009 թվականի սեպտեմբերի 30-ից սկսած Մանասյանը սիրողական ռինգում անցկացրել է 44 մարտ, որից 26-ում հաղթել է (5 անգամ նոկաուտով), իսկ 18-ում՝ պարտվել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա