Logo

NBA. «Գոլդեն Սթեյթը» 3-րդ հաղթանակն է տոնել, իսկ «Մեմֆիսն» ու «Դալասը» սերիայում կրկին առավելություն են ստացել (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:25 / 22.04.2022Բասկետբոլ
Գոլդեն Սթեյթ

Դենվերում՝ «Բոլ Արենա» մարզապալատում, կայացել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի առաջին շրջանի «Դենվեր Նագեթսի» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» միջև դիմակայության 3-րդ հանդիպումը: Խաղն ավարտվել է «Գոլդեն Սթեյթի» հաղթանակով՝ 118:113 հաշվով: Սերիայում հաշիվը դարձել է 3:0՝ հօգուտ «Ուորիորզի»:

«Դենվերի» սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչը լավագույնն է եղել խաղում՝ 37 միավորով, 18 անդրադարձով և 5 արդյունավետ փոխանցումով։ Յոկիչի թիմակիցը՝ հարձակվող Աարոն Գորդոնը, դաբլ-դաբլ է գրանցել՝ 18 միավոր, 12 անդրադարձ և 4 փոխանցում։

«Ուորիորզի» հաղթանակում ամենամեծ ներդրումն ունեցել է պաշտպան Ստեֆեն Քարին՝ 27 միավոր, 3 անդրադարձ և 6 փոխանցում։

Շարքի հաջորդ հանդիպումը կկայանա կիրակի՝ ապրիլի 24-ին։ 


Մինեապոլիսում՝ «Թարգեթ Սենթր» մարզապալատում, կայացել է Արևմտյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչի «Մինեսոտա Թիմբերվուլվզ» -  «Մեմֆիս Գրիզլիս» դիմակայության 3-րդ հանդիպումը։ Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 104:95 հաշվով, ինչի շնորհիվ նրանք սերիայում կրկին առաջ են անցել հաշվի մեջ՝ 2:1։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Մեմֆիսի» պաշտպան Դեսմոնդ Բեյնն էր՝ 26 միավոր, 6 անդրադարձ և 2 փոխանցում: Նրա թիմակիցը՝ պաշտպան Ջա Մորանտը, թրիփլ-դաբլ է գրանցել՝ 16 միավոր, 10 անդրադարձ և 10 փոխանցում:

«Մինեսոտայի» առաջատար Դ'Անջելո Ռասելը վաստակել է 22 միավոր, տիրել 5 անդրադարձի և կատարել 8 արդյունավետ փոխանցում:

Շարքի 4-րդ հանդիպումը կկայանա կիրակի՝ ապրիլի 24-ին:


Սոլթ Լեյք Սիթիում էլ կայացել է Արևմտյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչի «Յուտա Ջազ» - «Դալաս Մավերիքս» դիմակայության 3-րդ հանդիպումը, որն ավարտվել է «Դալասի» հաղթանակով՝ 126:118 հաշվով: Սերիայում հաշիվը 2:1 է՝ հօգուտ «Մավերիքսի» բասկետբոլիստների:

«Յուտայի» խաղացող Դոնովան Միտչելը 32 միավորով, 2 անդրադարձով և 6 արդյունավետ փոխանցումով լավագույնն էր խաղում: Պաշտպան Ջեյլեն Բրանսոնը լավագույնն էր «Դալասում»՝ 31 միավոր, 1 անդրադարձ և 5 փոխանցում:

Նշենք, որ հանդիպումը բաց է թողել «Մավերիքսի» առանցքային խաղացողներից սլովենացի Լուկա Դոնչիչը:

Թիմերի միջև 4-րդ հանդիպումը նույնպես կանցկացվի Սոլթ Լեյք Սիթիում։ Այն տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 23-ին։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա