Logo

«Նոան» դեռ չի գտել վերջին 4 խաղում անխոցելի Չանչարևիչի դարպասի բանալին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:56 / 01.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«ՆՈԱ» - «ԱԼԱՇԿԵՐՏ»

2 ապրիլի, ժ.14:00, Արմավիր, Քաղաքային մարզադաշտ

13 խաղ, «Նոան» հաղթել է 4 անգամ, «Ալաշկերտը»՝ 6,  գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  7-14

2-րդ շրջան. 27.10.2021 «Ալաշկերտ»  0-0  «Նոա»

3-րդ շրջան.  01.03.2022  «Նոա»  0-1  «Ալաշկերտ»  

Գոլը՝ 0-1՝ Արտակ Եդիգարյան 66՛:

«Նոա»՝ 6-րդ տեղ (24 միավոր), «Ալաշկերտ»՝  4-րդ տեղ (31 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ    

1. «Նոան» առաջնության 2-րդ տուրից հետաձգված այս հանդիպմանը նախապատրաստվել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ, որը փոխարինել է Վիկտոր Բուլատովին: Վերջինս իր մարզչական կազմով հեռացել է թիմից: Բուլատովը «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշել էր նոյեմբերի 19-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած առաջնության 14-րդ տուրի խաղում, որում նրա սաները նվազագույն հաշվով պարտվել էին:

Բուլատովի գլխավորությամբ առաջնության 10 հանդիպումներում «Նոան» տոնել է 2 հաղթանակ, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն, խփել է 9, բաց թողել 13 գնդակ: Ընդ որում առաջնության գարնանային հատվածում «Նոան» դեռ չի վայելել հաղթանակի բերկրանքը՝  6 խաղում վաստակելով ընդամենը 2 միավոր, վերջին 3 հանդիպումներում զիջելով մրցակիցներին:

2. Իգոր Պիկուշչակի անվան հետ են կապված «Նոայի» հաջողությունները 2019/20թթ. մրցաշրջանում, երբ թիմը դարձավ Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր, իսկ առաջնությունում արժանացավ արծաթե մեդալների: Հաջորդ առաջնության 4-րդ տուրից հետո Պիկուշչակը հեռացավ «Նոայից»: Թիմը գլխավորած մարզիչներից Պիկուշչակը ռեկորդակիր է նաև անցկացրած խաղերի քանակով: Նրա օրոք «Նոան» Բարձրագույն խմբում 32 խաղ է անցկացրել՝ տոնելով 16 հաղթանակ, 7-ն ավարտելով ոչ-ոքի, կրելով 9 պարտություն, խփելով 44 գոլ, բաց թողելով 31 գնդակ:

Մարզչական աշխատանքում Պիկուշչակին կօգնի Գևորգ Կասպարովը, որը կմարզի թիմի դարպասապահներին:

3. Արամ Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» շատ անհաջող էր սկսել առաջնության գարնանային հատվածը՝ պարտվելով 2 հանդիպումներում էլ: Սակայն հետագայում ալաշկերտցիներն աստիճանաբար շտկեցին իրավիճակը՝ 4 խաղում վաստակելով 10 միավոր: Հատկապես կարևոր էր «Արարատի» նկատմամբ նախորդ տուրում նվազագույն հաշվով տարած հաղթանակը, որի շնորհիվ 3–րդ տեղում ընթացող արարատցիներից միավորների տարբերությունը հասավ 7-ի: Եվ եթե «Ալաշկերտին» հաջողվի հաղթել նաև «Նոային», ապա շատ լավ հնարավորություն կստանա պայքարելու բրոնզե մեդալների և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար, մանավանդ որ դեռ մեկ խաղ էլ «Արարատից» պակաս է անցկացրել: 

4. Երկու թիմերն էլ միջազգային դադարի ընթացքում ուժերը փորձարկեցին ստուգողական խաղում: «Նոան» «Նորավանքի» հետ մրցավեճն ավարտեց ոչ-ոքի՝ 1-1: «Նոայից» գոլի հեղինակ դարձավ Սարգիս Շահինյանը: 

Իսկ ահա «Ալաշկերտը» Ֆոֆանա Բեկոյի խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնեց «Ուրարտուին»:

5. «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն առաջնության վերջին 4 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել: Վերջին անգամ Չանչարևիչի դարպասը գրավել է «Արարատ-Արմենիայի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին: Նշենք նաև, որ ընթացիկ առաջնությունում «Նոան» դեռ չի գտել «Ալաշկերտի» դարպասի բանալին:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Նոա»՝ Կիրիլ Բոռ՝  2 գոլ:

«Ալաշկերտ»՝  Արտակ Եդիգարյան՝  4 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա