Logo

«Նոան» թարմացրեց թիմային ռեկորդները, թիմի պատմության լավագույն ռմբարկուն և ամենատարեց ֆուտբոլիստը. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:48 / 12.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք  «Նոային»:

1. Բարձրագույն խմբում 4-րդ մրցաշրջանն անցկացնող «Նոան» 30-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 4-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 22 միավոր (+6=4-5, 23-23): Դա հնարավոր միավորների 48,8 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված խաղում «Նոան» հաղթել էր 2-1 հաշվով:

Առաջնության աշնանային հատվածում «Նոան» հանդես եկավ 2 մարզչի գլխավորությամբ: Մեկնարկային 11 հանդիպումներում թիմի գործողությունները ղեկավարում էր Գրիգորի Միխայլուկը, որի օրոք «Նոան» 15 միավոր վաստակեց (+4=3-4, 17-20): Դա հնարավոր միավորների 45,4 տոկոսն է:

Աշնանային հատվածի վերջին 4 խաղերում թիմի գլխավոր մարզիչը Վիկտոր Բուլատովն էր, որի օրոք «Նոան» 7 միավոր վաստակեց (+2=1-1, 6-3): Դա հնարավոր միավորների 58,3 տոկոսն է:

Հետաքրքիր է, որ նախորդ մրցաշրջանի 15 հանդիպումներում էլ «Նոան» 22 միավոր էր վաստակել (+6=4-5, 22-15):

2. «Նոան»  հավասարաչափ ելույթներ ունեցավ սեփական և մրցակցի դաշտերում: Սեփական հարկի տակ անցկացրած 7 հանդիպումներում «Նոան»  վաստակեց 11 միավոր (+3=2-2, 14-7), ինչը հնարավոր միավորների 52,3 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Նոան» պարտվեց  «Փյունիկին» (1-2) և «Արարատ-Արմենիային» (0-1):

Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում էլ «Նոան»  վաստակեց 11 միավոր (+3=2-3, 9-16), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է: Հյուրընկալվելիս «Նոան»  հաղթել է ԲԿՄԱ-ին (2-1), «Վանին»  (2-1) և «Ուրարտուին» (1-0):

3. «Նոան»  թիմային մի քանի ռեկորդներ թարմացրեց՝ մեկնարկային 9 հանդիպումներում էլ (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը) գրավելով մրցակիցների դարպասները, 7 խաղ (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը) մնալով անպարտելի:

«Նոան»  խոշոր հաշվով երկու հաղթանակ տոնեց (ԲԿՄԱ՝ 5-0, «Վան»՝ 3-0), ընդ որում բանակայինների նկատմամբ հաղթանակն ամենախոշորն էր թիմի պատմության մեջ: Մինչ այդ թիմի ամենախոշոր հաշվով հաղթանակները գրանցվել էին «Շիրակի» (2019/20թթ.) և «Վանի» (2020/21թթ.) նկատմամբ, որոնցում «Նոայի» ֆուտբոլիստները 4 անպատասխան գնդակ էին խփել:

«Նոան»  խոշոր հաշվով երկու պարտություն կրեց («Արարատ»՝ 1-7, «Արարատ-Արմենիա»՝ 2-5): Արարատցիներից կրած պարտությունն ամենախոշորներից էր թիմի պատմության մեջ: Մինչ այդ «Նոան» 2018/19թթ. առաջնությունում 0-6 հաշվով զիջել էր «Ալաշկերտին»:

Առաջնության 15 հանդիպումներից միայն 3-ում «Նոային» չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասները: «Նոային» էլ ընդամենը 4 խաղում հաջողվեց սեփական դարպասն անառիկ պահել:

4. «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 9 հարված, որից իրացվել է 7-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 4 հարվածներն էլ իրացվել են: 3 անգամ դիպուկությամբ աչքի է ընկել Պետրոս Ավետիսյանը՝ խոցելով Դիոգո Ֆիգերեդոյի («Սևան»), Արման Ներսեսյանի (ԲԿՄԱ) և Դանիիլ Պոլյանսկու («Նորավանք») պաշտպանած դարպասները: Պավել Կիրիենկոն էլ գրավել է բանակային Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը:

«Նոայի»  դարպասին նշանակված 11մ 5 հարվածներից իրացվել են 3-ը: Գրիգորի Մաթևոսյանին հաջողվել է հետ մղել Անդրանիկ Ոսկանյանի («Վան») և Լիվիո Միլթսի («Ուրարտու») հարվածները: Իսկ ահա Մաիլսոն Լիման («Արարատ-Արմենիա»), փյունիկցի Ուգո Ֆիրմինոն և Սերգեյ Օռլովը («Նորավանք») հաղթող են դուրս եկել Մաթևոսյանի հետ մենամարտում:

5. Անցկացրած 15 հանդիպումներում խփած 23 գոլերի հեղինակներ դարձան «Նոայի» 9 ֆուտբոլիստներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց արարատցի Հովհաննես Նազարյանը: Նրանցից միայն 3-ն են հայ: Ռայմոնդ Անանե-Ջիասին, Գեղամ Հարությունյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Չարլզ Մարկ Իկեչուկվուն և Յարոսլավ Մատվիենկոն բացեցին գոլերի հաշիվը «Նոայում»:

5 գնդակով թիմում ամենաարդյունավետը Պավել Կիրիենկոն է: Կրկին հարազատ կոլեկտիվ վերադարձած Մաքսիմ Մայրովիչը  երկու անգամ գրավելով մրցակիցների դարպասները, 15 գնդակով դարձավ VBET ՀՊԼ-ում «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Վլադիմիր Ազարովին:

6. Ալեքսանդր Կարապետյանը դարձավ VBET ՀՊԼ-ում «Նոայի» կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը (33 տարեկան 312 օրական)՝ գերազանցելով Դմիտրի Կլիմակովի ցուցանիշը (29 տարեկան 363 օրական):

Թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում ընդգրկվեցին նաև Գեղամ Հարությունյանն (30 տարեկան 355 օրական) ու Ռայմոնդ Անանե-Ջիասին (27 տարեկան 20 օրական):

Յարոսլավ Մատվիենկոն (23 տարեկան 258 օրական) և Չարլզ Մարկ Իկեչուկվուն (24 տարեկան 198 օրական) ընդգրկվեցին VBET ՀՊԼ-ում «Նոայի» կազմում գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:

7. Բենիկ Հովհաննիսյանը VBET ՀՊԼ-ում «Նոայում» անցկացրած 61 խաղով դարձավ թիմի ռեկորդակիրը՝ գերազանցելով ներկայումս «Փյունիկում» հանդես եկող Յուրի Գարեգինյանի ցուցանիշը (57 խաղ): Հովհաննիսյանն  այլևս «Նոայում» չէ, ուստի նրա ռեկորդը կարող է գերազանցել թիմի կազմում 46 խաղ անցկացրած Մաքսիմ Մայրովիչը:

Ալեքսանդր Կարապետյանն (33 տարեկան 317 օրական) ընդգրկվեց «Նոայում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Դավիթ Մանոյանին (29 տարեկան 128 օրական):

8. «Նոայի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած էր Գրիգորի Մաթևոսյանի ուսերին: Նա անցկացրած 12 հանդիպումներում 14  գոլ բաց թողեց, 4 խաղում դարպասն անառիկ պահեց:

3 հանդիպումներում դարպասում Պավել Օվչիննիկովն էր, որը 9 անգամ գնդակը հանեց ցանցից:

9. Թիմից հեռացած 34-ամյա Դենիս Դեդեչկոն առաջնության աշնանային հատվածում «Նոայում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն էր: Նա դարձավ VBET ՀՊԼ-ում թիմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը: Նոյեմբերի 19-ին «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած իր վերջին խաղում Դեդեչկոն 34 տարեկան 140 օրական էր: Նա գերազանցեց Վահագն Մինասյանի ցուցանիշը (33 տարեկան 355 օրական):

18-ամյա Տիգրան Սարգսյանն առաջնության աշնանային հատվածում «Նոայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր: Նա Բարձրագույն խմբում «Նոայում» նորամուտը նշել էր 17 տարեկան 353 օրականում «Արարատի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում: Սարգսյանը դարձավ VBET ՀՊԼ-ում «Նոայում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Էրիկ Մելիքսեթյանի ցուցանիշը, որը 2018թ. իր առաջին խաղը թիմի հիմնական կազմում անցկացրել էր 18 տարեկան 90 օրականում:

Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (165) «Նոայի» ամենափորձառու ֆուտբոլիստը Սարգիս Շահինյանն էր:

10. Առաջնության աշնանային հատվածում «Նոայի» մարզիչներն  ասպարեզ դուրս բերեցին 28 ֆուտբոլիստների, որոնցից 19-ը լեգեոնականներ էին: 9 ֆուտբոլիստներ՝ Գրիգորի Մաթևոսյանը, Պավել Օվչիննիկովը, Ալեքսանդր Կարապետյանը, Տիգրան Սարգսյանը, Իգոր Սմիռնովը, Չարլզ Մարկ Իկեչուկվուն, Սարգիս Շահինյանը, Ալբերտ Գաբարաևը և Արտյոմ Ֆիլիպովն առաջնության աշնանային հատվածում նորամուտը նշեցին «Նոայում»:

Առաջնության հանդիպումներում «Նոայի»  ֆուտբոլիստները  40 անգամ զգուշացվել են, Էդուարդս Էմսիսն ու Միխայիլ Կովալենկոն հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 6 անգամ դեղին քարտի է արժանացել Սանա Գոմեշը:

VNews.am-ը ներկայացնում է «Նոայի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը):

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Պավել Կիրիենկո

16

5

4

2. Ջորդի Ժոաո Արարատ

15

-

2

3. Սանա Գոմեշ

14

-

6

4. Գրիգորի Մաթևոսյան

13

-15

2

5. Իգոր Սմիռնով

13

-

4

6. Սարգիս Շահինյան

13

-

2

7. Վադիմ Պայռելի

12

3

1

8. Մաքսիմ Մայրովիչ

12

2

-

9. Ալբերտ Գաբարաև

12

-

4

10. Սիմոեշ դե Օլիվեյրա

12

-

1

11. Ալեքսանդր Կարապետյան

11

4

-

12. Արտյոմ Ֆիլիպով

11

-

-

13. Դենիս Դեդեչկո

11

-

3

14. Էդուարդս Էմսիս

10

-

3 (1)

15. Պետրոս Ավետիսյան

9

4

-

16. Ջեֆերսոն Ալվես դե Օլիվեյրա

9

-

1

17. Չարլզ Մարկ Իկեչուկվու

8

1

2

18. Բենիկ Հովհաննիսյան

8

-

2

19. Ռայմոնդ Անանե-Ջիասի

6

1

-

20. Գեղամ Հարությունյան

5

2

1

21. Տիգրան Սարգսյան

4

-

-

22. Յարոսլավ Մատվիենկո

3

2

-

23. Պավել Օվչիննիկով

3

-9

-

24. Ալեքսանդր Գոլովնյա

2

-

-

25. Դոբրիվոյե Վելեմիր

2

-

1

26. Աշոտ Ադամյան

1

-

1

27. Միխայիլ Կովալենկո

1

-

- (1)

28. Անդրեյ Տիտով

1

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա