Logo

Նոր հակառեկորդ Ռուսաստանի ավտոշուկայում․ մոտ 5 անգամ նվազել է բոլոր մակնիշների վաճառքը՝ բացառությամբ մեկի

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:12 / 12.05.2022Լրահոս
null

Ռուսական ավտոշուկան թարմացրել է հակառեկորդը. ապրիլին վաճառքը նվազել է 78,5 տոկոսով։ Եվրոպական բիզնեսների ասոցիացիայի զեկույցից հետևում է, որ երկրում պաշտոնապես ներկայացված բոլոր բրենդները վնասներ են կրել, բացառությամբ մեկի՝ չինական Exeed-ի (Chery-ի պրեմիում ենթաբրենդ), որը, ընդհակառակը, կարողացել է նախորդ ամիս վաճառքն ավելացնել 102 տոկոսով՝ մինչև 403 ավտոմեքենա։

Ապրիլը 2021 թվականի նույն ամսվա համեմատ նշանավորվել է նոր մեքենաների վաճառքի մակարդակի 4,6 անգամ կամ 119 258 միավորով անկումով։ Արդեն տասներորդ ամիսն է՝ անկումն անընդմեջ շարունակվում է։ Հունվար-ապրիլին իրացվել է 293 846 ավտոմեքենա, ինչը 43 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«ԱվտոՎԱԶ»-ը, որն ավանդաբար վաճառքի ծավալով զբաղեցնում էր առաջին տեղը, անցած ամիս վաճառել է ընդամենը 8506 մեքենա, ինչը 78 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։ Kia-ն, որն ապրիլն ափոփեց երկրորդ տեղում, վաճառել է 4604 ավտոմեքենա (-76 տոկոս 2021 թվականի ապրիլի համեմատ), իսկ Hyundai-ը, որը եզրափակում է լավագույն եռյակը, վաճառել է 4150 ավտոմեքենա (-73 տոկոս): Առաջին տասնյակում ամենավատը Volkswagen-ի վիճակն է, որի վաճառքները կտրուկ նվազել են 91 տոկոսով՝ հասնելով 825 ավտոմեքենայի: Իրավիճակը մի փոքր ավելի լավ է Skoda-ի համար, որի վաճառքը նվազել է 89 տոկոսով՝ մինչև 1104 միավոր:

Անգամ չինական ապրանքանիշերը, որոնք վերջին մի քանի ամիսներին բարվոք դիրքերում էին, անկում են ապրում։ Chery-ի դիլերները վաճառել են 497 մեքենա (-83 տոկոս), Geely-ն՝ 433 մեքենա (-76 տոկոս), Changan-ը՝ 257 մեքենա (-41 տոկոս): Վարկանշում միակ բացառությունն Exeed-ն է. ռուսները գնել են 403 նման մեքենա, ինչը 102 տոկոսով ավելի է, քան 2021-ի նույն ամսին։ Դա, սակայն, պայմանավորված է նրանով, որ 2021 թվականին Chery-ին պատկանող ապրանքանիշը Ռուսաստանում ներկայացված էր միայն մեկ մոդելով, իսկ մինչև 2022 թվականի գարուն շարքն ընդլայնվեց երեք մոդելով (TXL, LX և VX):

Եթե համեմատենք ապրիլ ամսվա լավագույն 25 հայտնի մոդելները մարտի հետ, ապա Kia Rio-ն երկու կետով նահանջել է՝ երրորդից հինգերորդ տեղ. դա թույլ է տվել առաջ գնալ Lada Niva-ին և Hyundai Solaris-ին: Բացի այդ, ցուցակից դուրս է եկել Toyota Camry-ն, որը մարտին 16-րդն էր, իսկ Toyota RAV4-ը 12-րդ տեղից նահանջել է 25-րդ: Միակ մոդելը, որն անցյալ ամիս դրական դիրքում է եղել, Hyundai Tucson քրոսովերն էր:

Ռուսաստանում նոր մեքենաների վաճառքի կտրուկ անկումը բացատրվում է մարտին գրեթե բոլոր եվրոպական, ամերիկյան և ճապոնական մեքենաների ներմուծումը երկիր դադարեցնելով, ինչպես նաև ռուսական գործարաններում մեքենաների արտադրության տեմպերի թուլացմամբ՝ պայմանավորված Ուկրաինայում «հատուկ օպերացիայով»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա