Logo

CAS-ը մերժել է «Նորավանքի» դիմումը. հայտնի են եվրագավաթների որակավորման փուլին մասնակցող հայկական թիմերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:51 / 01.06.2022Հայկական ֆուտբոլ
CAS-Նորավանք

Մայիսի 31-ին CAS-ը (Սպորտային արբիտրաժային դատարան) արագացված կարգով քննության արդյունքում որոշել է մերժել «Նորավանք» ֆուտբոլային ակումբի դիմումը և ուժի մեջ թողնել ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի որոշումն առ այն, որ Վայքի թիմը չի բավարարում 3 տարվա կանոնը և չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման թեկնածու 2022/23թթ մրցաշրջանի համար՝ տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ՀՖՖ Արտոնագրման բաժինը ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տրամադրել է մեկնաբանություն, որով պարզաբանել է այս որոշումը:

 ՀՖՖ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Համաձայն ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման կանոնակարգի 12-րդ հոդվածի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրին հավակնելու համար արտոնագրման գործընթացի մեկնարկի դրությամբ արտոնագրման թեկնածուի՝ ազգային ասոցիացիային անդամագրությունը կամ անուղղակի/ուղղակի պայմանագրային հարաբերությունները (եթե այդպիսիք առկա են) պետք է ունենան առնվազն երեք շարունակական տարվա վաղեմություն։ Միաժամանակ ՈՒԵՖԱ-ն սահմանում է նշված կանոնի բացառության սկզբունք, որի շնորհման իրավունքը պատկանում է միայն ՈՒԵՖԱ-ին և միայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված դեպքերում։

Անկախ ամեն ինչից՝ VBET Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչում հաղթելուց հետո ակումբը ցանկություն հայտնեց դիմել 3 տարվա բացառության կանոնին, հետևաբար, ՀՖՖ Արտոնագրման բաժինը քննության առավ ակումբի կողմից ներկայացված ֆինանսական չափանիշի փաստաթղթերը։ Հարկ է նշել, որ «Նորավանք» ՍԱ արտոնագրային փաթեթը և հատկապես ֆինանսական փաստաթղթերն ամբողջովին բավարարում էին ՈՒԵՖԱ-ի արտոնագրի համար սահմանված պահանջներին, սակայն ՀՖՖ-ն իրավասություն չուներ տրամադրելու արտոնագիր, քանի որ կար 3-տարվա կանոնի խոչընդոտը։

ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման բաժինը տեղեկացվել է ստեղծված իրավիճակի մասին, և վերջիններս խորհուրդ են տվել դիմել բացառության եզրափակիչում հաղթանակից հետո։

Մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց հետաձգել «Նորավանք» ՍԱ՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբը պատրաստվում է դիմել ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմնին (Club financial control body - CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն։

Մայիսի 17-ին կայացած նիստի ընթացքում ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմինը մերժեց «Նորավանք» ՍԱ դիմումը, իսկ ակումբը որոշեց Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում բողոքարկել ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումը։

Պետք է շեշտել, որ չնայած Ակումբների արտոնագրման 2022/2023թթ․ մրցաշրջանի մեկնարկի պահին՝ 2021թ․ դեկտեմբերին, երբ ակումբների կողմից ընդունվել են արտոնագրման դիմումները, արդեն իսկ պարզ էր, որ Նորավանք ՍԱ-ն չի բավարարում ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված 3-տարվա կանոնին, և, հետևաբար, չէր կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման թեկնածու և հանդես գալ 2022/23թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում, ՀՖՖ Արտոնագրման բաժինն իր կողմից արել է ամեն ինչ և ակումբին տրամադրել համապարփակ աջակցություն ամբողջ գործընթացի ժամանակ»։

Այսպիսով՝ CAS-ի կայացրած որոշման արդյունքում եվրագավաթներում Հայաստանը կներկայացնեն՝

«Փյունիկ»՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլ

«Արարատ-Արմենիա»՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ

«Ալաշկերտ»՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլ

«Արարատ»՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա