Logo

«Նորավանքն» ընդդեմ գործող գավաթակրի, կշարունակվի՞ «Վանի» մարզական սխրանքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:47 / 02.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

VBET Հայաստանի գավաթի խաղարկությունը թևակոխել է վճռորոշ փուլ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք կիսաեզրափակիչ 2 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱՐԱՐԱՏ» - «ՆՈՐԱՎԱՆՔ»

2 ապրիլի, ժ.18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

VBET ՀՀ գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Հայաստանի գործող գավաթակիրն իր տիտղոսի պաշտպանության համար 2-րդ հանդիպումը կանցկացնի: «Արարատը» մրցաշարը սկսել է քառորդ եզրափակչից՝ սեփական հարկի տակ Հովհաննես Նազարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Նոային»:

2. Իսկ ահա «Նորավանքին» կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու համար հարկ է եղել հաղթահարել նախորդ երկու փուլերի արգելքը: 1/8 եզրափակչում «Նորավանքը» պայքարից դուրս է մղել «Շիրակին»՝ Գյումրիում հաղթելով Արթուր Սոխիևի խփած միակ գոլի շնորհիվ: Դա VBET Հայաստանի գավաթի մրցաշարերում «Նորավանքի» առաջին հաղթանակն էր:

Քառորդ եզրափակչում էլ Վահե Գևորգյանի սաները շատերի համար անակնկալ հաղթանակ տոնեցին «Արարատ-Արմենիայի» նկատմամբ՝ 2-1: Արդեն 25-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը կարող էր բացել հաշիվը, սակայն 11մ նշակետից նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասի հորիզոնական ձողին: 4 րոպե անց Թեմուր Մուստաֆինը գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասը, իսկ ընդմիջումից հետո Սերգեյ Օռլովը կրկնապատկեց հաշիվը: Մրցակցին հաջողվեց միայն մեկ գոլ խփել Յուսուֆ Օտուբանջոյի հարվածի շնորհիվ:

3. «Արարատը» Հայաստանի վեցակի գավաթակիր է: Այդ ցուցանիշով արարատցիները զիջում են միայն «Փյունիկին», որը 8 անգամ է նվաճել պատվավոր մրցանակը: 13 տարվա ընդմիջումից հետո «Արարատին» վերջապես հաջողվեց կրկին վայելել գավաթը նվաճելու բերկրանքը՝ անցյալ տարվա մայիսի 15-ին կայացած եզրափակիչ խաղում Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ 3-1 հաշվով հաղթելով «Ալաշկերտին»:

Արարատցիներից դուբլի հեղինակ էր դարձել Մորի Կոնեն, մեկ անգամ էլ աչքի էր ընկել Աղվան Պապիկյանը: Ի դեպ, Պապիկյանը 12-րդ րոպեին բացելով հանդիպման հաշիվը, դարձել էր ՀՀ գավաթի խաղարկություններում «Արարատի» խփած հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակը:

4. «Նորավանքը» 2-րդ անգամ է մասնակցում գավաթի խաղարկությանը: Թիմի նորամուտը կայացել է 2020թ. սեպտեմբերի 18-ին Չարենցավանում «Վանի» հետ կայացած 1/8 եզրափակչի խաղում, որում դարպասներն անառիկ էին մնացել: Նոյեմբերի 9-ին կայացած պատասխան խաղում «Նորավանքը» պարտվել էր 0-2 հաշվով:

5. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները 4-րդ անգամ են հանդիպելու: Նրանց վերջին հանդիպումը կայացել է մարտի 15-ին: Առաջնության 23-րդ տուրում Չարենցավանում տեղի ունեցած մրցախաղի ելքը վճռել էր արարատցի Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլը: Առաջին շրջանի խաղում ևս հաղթել էր «Արարատը» (3-2), իսկ հաջորդ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1:

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ»

3 ապրիլի, ժ.18:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

VBET ՀՀ գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Ուրարտուն» VBET Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է քառորդ եզրափակչից: Այդ փուլում Ռոբերտ Արզումանյանի սաները 2-0 հաշվով հաղթել են գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Ալաշկերտին»: Թիմին հաղթանակ են պարգևել Ջոնել Դեսիրեի և Հակոբ Հակոբյանի խփած գնդակները:

Այդ հաղթանակով «Ուրարտուն» ընդհատել էր գավաթի մրցաշարերում առանց հաղթանակների 3 խաղերի շարքը, որի ընթացքում կրել էր մեկ պարտություն, 2 խաղ ավարտել էր ոչ-ոքի: նախորդ հաղթանակը թիմը տոնել էր 2020թ. սեպտեմբերի 18-ին «Փյունիկի» հետ կայացած գավաթի 1/8 եզրափակիչ առաջին խաղում (2-1):

2. «Վանը» գավաթի մրցաշարը սկսել է 1/8 եզրափակչից: Նախորդ երկու փուլերի արգելքներն էլ «Վանի» ֆուտբոլիստները հաղթահարել են հետխաղյա 11մ հարվածաշարում ավելի դիպուկ գտնվելու շնորհիվ: «Սևանի» հետ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2: Հաշիվը բացել էր սևանցի Բաբու Չամը, սակայն հետագայում Էռնիստ Բատիրկանովը դուբլի հեղինակ էր դարձել՝ առաջ մղելով «Վանին»: Բայց հանդիպման վերջին րոպեին սևանցի Կլաուդիր Մարինին 11մ հարվածով հավասարեցրել էր հաշիվը:

Հետխաղյա 11մ հարվածաշարի ժամանակ իրեն գերազանց էր դրսևորել «Վանի» 37-ամյա դարպասապահ Նիկոլայ Ցիգանը, որը լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին էր խաղադաշտ մտել՝ փոխարինելով Արման Մելիքսեթյանին: Ցիգանը որսաց Անդրե Մենսալաոյի, Արթուր Քարտաշյանի և Բիկու Բիսաինտեի հարվածները և նպաստեց իր թիմի հաղթանակին (3-1):

Քառորդ եզրափակչում «Փյունիկի» հետ մրցախաղում «Վանը» կրկնեց մարզական իր սխրանքը: Խաղի հիմնական ժամանակում դարպասներն անառիկ մնացին: Ընդ որում 38-րդ րոպեին Արման Մելիքսեթյանը հետ մղեց Գևորգ Ղազարյանի 11մ հարվածը:

Լրացուցիչ ժամանակում «Վանի» պաշտպան Ալեքսանդր Ստեպանովը նախ գրավեց սեփական դարպասը, ապա վերականգնեց հավասարակշռությունը: Հետխաղյա 11մ հարվածաշարի ժամանակ էլ Մելիքսեթյանն իրեն հիանալի դրսևորեց՝ հետ մղելով Խոսե Կառաբալլոյի և Խոսե Բալզա Լիսկանոյի հարվածները և նպաստեց թիմի հաղթանակին (4-2):

3. Հայաստանի առաջին գավաթակիր «Ուրարտուն», որ այն ժամանակ կրում էր «Բանանց» անվանումը, 1992թ. հաջողությունից հետո ևս երկու անգամ նվաճել է պատվավոր մրցանակը: 2007թ. թիմը չեխ մարզիչ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ եզրափակչում լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով հաղթել է «Արարատին»: Առայժմ վերջին հաջողությանն «Ուրարտուն» հասել է 2015/16թթ. մրցաշրջանում՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»:

4. «Վանը» 3-րդ անգամ է մասնակցում VBET Հայաստանի գավաթի մրցաշարին: Թիմը նորամուտը նշել է 2019/20թթ. խաղարկությունում՝ 1/16 եզրափակչում 6-0 հաշվով պարտության մատնելով «Արագածին»: Այդ խաղարկությունում «Վանը» հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց «Նոային»: Գավաթի նախորդ խաղարկությունում էլ «Վանը» պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով հետխաղյա 11մ հարվածներով զիջելով «Արարատ-Արմենիային» (0-1, 1-0, 3-5՝ 11մ): Այնպես որ գավաթի ընթացիկ խաղարկությունն առայժմ ամենահաջողն է «Վանի» պատմության մեջ:

5. Գավաթի ընթացիկ խաղարկությունն «Ուրարտուի» համար հոբելյանական է՝ 25-րդը: Թիմը 20-րդ անգամ է հանդես գալու գավաթի կիսաեզրափակչում: Ընդ որում 2013/14թթ. մրցաշարից սկսած միայն գավաթի նախորդ խաղարկությունում «Ուրարտուին» չի հաջողվել կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել՝ քառորդ եզրափակչում երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջելով «Նոային» (0-2, 2-2): Ընդհանուր առմամբ, «Ուրարտուին» 8 անգամ է հաջողվել հաղթահարել կիսաեզրափակիչ փուլի արգելքն ու եզրափակչի ուղեգիր նվաճել: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2015/16թթ. խաղարկությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա