Logo

Պատվավոր մրցանակի 10-րդ դափնեկի՞րը, թե՞ «Ուրարտուն»՝ քառակի գավաթակիր

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:05 / 08.05.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

«ՆՈՐԱՎԱՆՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»

8 մայիսի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

VBET Հայաստանի գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Նորավանքը» 2-րդ անգամ է մասնակցում VBET Հայաստանի գավաթի խաղարկությանը: Գավաթի նախորդ մրցաշարում «Նորավանքը» պայքարից դուրս մնաց առաջին իսկ փուլում՝ 1/8 եզրափակչում 2 խաղերի ընդհանուր արդյունքով զիջելով «Վանին» (0-0, 0-2):

«Նորավանքը» VBET Հայաստանի գավաթի 31 խաղարկություններում եզրափակչի ուղեգիր նվաճած 17-րդ թիմն է: Առայժմ միայն 9 թիմի է հաջողվել վայելել գավաթի նվաճման բերկրանքը: Ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 8 անգամ է պատվո շրջան կատարել գավաթով:

Գավաթի ընթացիկ խաղարկությունը «Նորավանքը» սկսել է 1/8 եզրափակչից:

Ներկայացնում ենք անցկացրած խաղերի համառոտ վիճակագրությունը:

1/8 եզր. 15.09.2021 «Շիրակ» 0-1 «Նորավանք»

Գոլը՝ 0-1՝ Արթուր Սոխիև 74՛:

1/4 եզր. 24.11.2021 «Նորավանք» 2-1 Արարատ-Արմենիա»

Գոլերը՝ 1-0՝ Թեմուր Մուստաֆին 29՛, 2-0՝ Սերգեյ Օռլով 68՛, 2-1՝ Յուսուֆ Օտուբանջո 71՛:

25-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը չիրացրեց 11մ հարվածը (ձողին):

1/2 եզր. 02.04.2022 «Արարատ» 1-2 «Նորավանք»

Գոլերը՝ 0-1՝ Տիմուր Ռուդոսելսկի 2՛, 1-1՝ Քրիստիան Լեգբո 46՛, 1-2՝ Միխայիլ Բաշիլով 69՛:

2. Գավաթի ընթացիկ խաղարկությունը հոբելյանական՝ 25-րդն է «Ուրարտուի» համար, որը ձգտելու է հոբելյանը նշել պատվավոր մրցանակի նվաճմամբ:

«Ուրարտուն» գավաթի ընթացիկ մրցաշարի մասնակից 12 թիմերից միակն է, որ դարպասն անառիկ է պահել: Ռոբերտ Արզումանյանի սաները գավաթի խաղարկությունը սկսել են քառորդ եզրափակչից:

Ներկայացնում ենք անցկացրած խաղերի համառոտ վիճակագրությունը:

1/4 եզր. 21.11.2021 «Ուրարտու» 2-0 «Ալաշկերտ»

Գոլերը՝ 1-0՝ Ջոնել Դեսիրե 29՛, 2-0՝ Հակոբ Հակոբյան 78՛:

1/2 եզր. 03.04.2022 «Ուրարտու» 3-0 «Վան»

Գոլերը՝ 1-0՝ Արթուր Միրանյան 52՛, 2-0՝ Իկեչուկվու Իվու 64՛, 3-0՝ Ջոնել Դեսիրե 69՛, 11մ:

Ջոնել Դեսիրեն 2 գնդակով «Վանի» ֆուտբոլիստ Էռնիստ Բատիրկանովի և փյունիկցի Ուգո Ֆիրմինոյի հետ գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է:

3. «Ուրարտուն» 9-րդ անգամ է գավաթի եզրափակչում վիճարկելու պատվավոր մրցանակը: Միայն «Փյունիկն» է ավելի հաճախ՝ 12 անգամ հանդես եկել եզրափակչում: «Ուրարտուն» Հայաստանի առաջին գավաթակիրն է, որին առայժմ 3 անգամ է բախտ վիճակվել նվաճելու մրցանակը:

Գավաթի անդրանիկ խաղարկությունում նորաստեղծ «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ 1992թ. մայիսի 28-ին «Հրազգան» մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում 2-0 հաշվով հաղթեց նոր կազմավորված մեկ այլ թիմի՝ ՀՄԸՄ-ին (ներկայիս «Փյունիկին»), որի խաղացող-մարզիչը Խորեն Հովհաննիսյանն էր: Հանդիպման ելքը վճռվեց վերջին 15 րոպեներին Արա Նիգոյանի և Աշոտ Ավետիսյանի խփած գոլերի շնորհիվ: Խաղից հետո ՀՖՖ նախագահ Նիկոլայ Ղազարյանը գավաթը հանձնեց «Բանանցի» ավագ Սամվել Կոստանդյանին:

15 տարի անց «Բանանցը» Յան Պոշտուլկայի գլխավորությամբ դարձավ ՀՀ կրկնակի գավաթակիր՝ 2007թ. մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած եզրափակչում 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնելով «Արարատի» նկատմամբ: 33-րդ րոպեին հաշիվը բացել էր արարատցի Մարկոս Պիզելին: Միայն խաղավարտից 10 րոպե առաջ Սեմյոն Մուրադյանին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Իսկ լրացուցիչ ժամանակում Արամ Բարեղամյանի և Սեմյոն Մուրադյանի խփած գոլերն ապահովեցին «Բանանցի» հաղթանակը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից գավաթը ստանալու պատվին արժանացավ թիմի ավագ Եղիշե Մելիքյանը:

2015/16թթ. մրցաշարում «Բանանցին» առայժմ վերջին անգամ գավաթակիր դարձրեց Տիտո Ռամալյոն: 2016թ. մայիսի 4-ին «Հանրապետականում» «Բանանցի» ֆուտբոլիստները 3-րդ անգամ պատվո շրջան կատարեցին «Միկային» 2-0 հաշվով հաղթելուց հետո: Գոլերի հեղինակներ դարձան Լաերսիոն (11մ հարվածով) և Ացամազ Բուրաևը: Իսկ գավաթը որպես թիմի ավագ ստացավ դարպասապահ Ստեփան Ղազարյանը:

Հետաքրքիր է, որ եզրափակչին մասնակցած և «Բանանցում» գավաթակիր դարձած ֆուտբոլիստներից այսօր թիմում է միայն Հակոբ Հակոբյանը: Իսկ «Միկայի» դարպասը պաշտպանում էր «Ուրարտուի» ներկայիս դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Եվս 5 անգամ «Բանանցը» հանդես է եկել գավաթի եզրափակիչներում, որոնցում պարտվել է: Առաջին անհաջողությանը «Բանանցը» մատնվել է 2003թ.՝ նվազագույն հաշվով պարտվելով «Միկային»: Հաջորդ տարի թիմը հետխաղյա 11մ հարվածներով (5-6) զիջեց «Փյունիկին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց), որին հետագայում պարտվեց գավաթի ևս երկու վճռորոշ խաղերում (2009թ.՝ 0-1, 2010թ.՝ 0-4): Մինչ այդ էլ 2008թ. «Արարատն» էր 2-1 հաշվով ռևանշի հասել «Բանանցի» նկատմամբ նախորդ տարվա եզրափակչում կրած պարտության դիմաց:

4. Թեև «Նորավանքն» առաջին անգամ է հանդես գալու ՀՀ գավաթի եզրափակչում, սակայն թիմի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք այլ ակումբներում վայելել են գավաթի նվաճման բերկրանքը:

Նրանք երկուսն են: Դավիթ Մինասյանը 2012/13թթ. գավաթի խաղարկությունում գավաթակիր է դարձել «Փյունիկի» կազմում՝ մասնակցելով «Շիրակի» հետ կայացած հաղթական եզրափակչին (1-0):

Հենրի Ավագյանը 2019թ. գավաթակիր է դարձել «Ալաշկերտի» կազմում, թեև չի մասնակցել «Լոռիի» հետ կայացած եզրափակիչ հանդիպմանը (1-0):

Ի դեպ, այդ խաղում «Լոռիի» կազմում եզրափակչին մասնակցել են Արամ Քոչարյանն ու Արման Մկրտչյանը: «Նորավանքի» ավագ Արթուր Ավագյանն էլ գավաթի եզրափակչի մասնակցության փորձ ունի: 2014թ. «Գանձասար-Կապանի» կազմում նա մասնակցել է մայիսի 7-ին «Փյունիկի» հետ կայացած վճռորոշ հանդիպմանը, որում փյունիկցիները հաղթել էին 2-1 հաշվով:

Բացի Հակոբ Հակոբյանից, «Ուրարտուի» ներկայիս ֆուտբոլիստներից ևս 3-ը վայելել են գավաթի նվաճման բերկրանքը: Անատոլի Այվազովը 2015թ. գավաթակիր է դարձել «Փյունիկի» կազմում՝ մասնակցելով «Միկայի» հետ կայացած եզրափակչին (3-1):

Էդգար Գրիգորյանը 2020թ. «Նոայի» կազմում է պատվո շրջան կատարել՝ մասնակցելով «Արարատ-Արմենիայի» հետ կայացած գերդրամատիկ եզրափակչին (5-5, 11մ՝ 7-6):

Ժիրայր Մարգարյանն էլ անցյալ տարի «Արարատում» է գավաթակիր դարձել՝ մասնակցելով «Ալաշկերտի» հետ կայացած եզրափակչին, որում արարատցիները հաղթել էին 3-1 հաշվով:

Արսեն Բեգլարյանի համար «Նորավանքի» հետ կայանալիք վճռորոշ հանդիպումը կլինի գավաթի 3-րդ եզրափակիչը: Նախորդ երկուսը «Գանձասար-Կապանի» (2014թ.՝ «Փյունիկի» հետ) և «Միկայի» (2016թ.՝ «Բանանցի» հետ ) կազմերում փորձառու դարպասապահի համար անհաջող էր:

Արմեն Մանուչարյանն ու Էրիկ Վարդանյանը «Փյունիկի» կազմում 2017թ. մասնակցել են «Շիրակի» հետ կայացած վճռորոշ հանդիպմանը, որում փյունիկցիները 0-3 հաշվով պարտվել էին:

2019թ. էլ Նանա Կվամե Անտվին, Անան Մենսահը, Ուգոչուկվու Իվուն և Ջոնել Դեսիրեն «Լոռիի» կազմում մասնակցել էին «Ալաշկերտի» հետ կայացած եզրափակչին (0-1):

5. Ռոբերտ Արզումանյանն ու Վահե Գևորգյանը մարզչական կարիերայում առաջին անգամ են գավաթի եզրափակչում իրենց գլխավորած թիմերի գործողությունները ղեկավարելու:

Իսկ ֆուտբոլիստի կարիերայում ավելի հաջողակ է գտնվել Ռոբերտ Արզումանյանը: Նա 2004թ. «Փյունիկում» գավաթակիր է դարձել, բայց չի մասնակցել «Բանանցի» հետ կայացած եզրափակչին (0-0, 6-5՝ 11մ): Իսկ ահա 2006թ. Արզումանյանը «Փյունիկում» մասնակցել է «Միկայի» հետ եզրափակչին, որն անհաջող էր փյունիկցիների համար, որոնք պարտվեցին նվազագույն հաշվով:

Ընթացիկ առաջնությունում մրցակիցների դիմակայությունում առավելությունն «Ուրարտուի» կողմն է: Առաջնության աշնանային հատվածում կայացած երկու խաղերում էլ հաղթել է «Ուրարտուն»՝ 3-0, 1-0: Իսկ ահա գարնանային հատվածում առավելության են հասել «Նորավանքի» ֆուտբոլիստները: 3-րդ շրջանի խաղն ավարտվել է ոչ-ոքի (1-1), իսկ ապրիլի 20-ին կայացած վերջին մրցախաղում 3-2 հաշվով հաղթել են Վահե Գևորգյանի սաները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա