Logo

ՀՀ հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը տարվա լավագույն մարզչի օրոք. Նորվեգիա-Հայաստան խաղը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:00 / 30.03.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Նորվեգիա-Հայաստան-2022

Հայաստանի հավաքականը նորվեգացիների հետ ընկերական մրցախաղում 0-9 հաշվով խայտառակ, ջախջախիչ պարտություն կրեց, որն ամենախոշորն էր մեր ընտրանու ամբողջ պատմության ընթացքում: Գուցե ոմանց համար սփոփանք լինի այն հանգամանքը, որ դա նորվեգացիների ամենախոշոր հաշվով հաղթանակը չէր: Ավելի ստորացուցիչ հաշվով (0-12) նորվեգացիներին պարտվել են ֆինները նախորդ դարում՝ 1946թ.:

Տարվա լավագույն մարզիչ ճանաչված Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անհաջողությունները շարունակվում են, բայց ԵՎՐՈ 2024-ի ուղեգիր նվաճելու երազանքները դեռ մարդկանց սրտերում են:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի և Նորվեգիայի հավաքականներն առաջին անգամ իրենց հարաբերությունները պարզեցին ընկերական մրցախաղում: Մինչև այդ մրցակիցները երկու անգամ հանդիպել էին 2002թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ խմբում: Առաջին խաղը կայացել է 2000թ. սեպտեմբերի 2-ին Օսլոյում: Ընտրական մրցաշարի մեկնարկային այդ խաղում ՀՀ հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ կարողացավ դիմակայել ուժեղ մրցակցին՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի:

Նորվեգիա-Հայաստան 1

Իսկ ահա 2001թ. հոկտեմբերի 6-ին՝ Երևանում կայացած ընտրական մրցաշարի ավարտական խաղում ՀՀ հավաքականը 1-4 հաշվով պարտություն կրեց: Մեր ընտրանու միակ գոլի հեղինակը Հայկ Հակոբյանն էր: Երկու խաղերում էլ ՀՀ հավաքականի դարպասը պաշտպանում էր Ռոման Բերեզովսկին:

Հարկ է նշել, որ ընտրական այդ մրցաշարում Հայաստանի հավաքականն այդպես էլ հաղթանակ չտոնեց՝ 5 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով նույնքան պարտություն: Մեր հավաքականը 5 միավորով եզրափակեց խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ նորվեգացիները 10 միավորով զբաղեցրին 4-րդ հորիզոնականը:

Նորվեգիա-Հայաստան 2

2. Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց: Նախորդ տարվա Հայաստանի լավագույն մարզչի տիտղոսին արժանացած Խոակին Կապառոսը գերազանցեց Աբրահամ Խաշմանյանի հակառեկորդը, որի գլխավորությամբ հավաքականը 2019թ. նոյեմբերի 18-ին Պալերմոյում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում իտալացիներին զիջել էր 1-9 հաշվով: Եվս մեկ հակառեկորդ է առաջին խաղակեսում 5 գոլ բաց թողնելը:

3. Կապառոսի օրոք ՀՀ հավաքականը խոշոր հաշվով 4-րդ պարտությունը կրեց: Նախկինում մեր ընտրանին պարտվել էր Գերմանիայի (0-6, 1-4) և Հյուսիսային Մակեդոնիայի (0-5) հավաքականներին: Ընդ որում՝ անցկացրած վերջին 4 խաղերից 3-ում հավաքականը խոշոր հաշվով պարտվել է՝ բաց թողնելով 18 գոլ: ՀՀ հավաքականը 2-րդ անգամ մեկ խաղում 9 գոլ բաց թողեց: Ընդհանուր առմամբ մեր ընտրանին խոշոր հաշվով 39 պարտություն է կրել:

4. Վերջին 11 հանդիպումներում ՀՀ հավաքականն ընդամենը մեկ հաղթանակ է տոնել,  4 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 6 պարտություն, խփել է ընդամենը 6 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 31 գնդակ: Նորվեգացիների հետ հանդիպումը Խոակին Կապառոսի օրոք հավաքականի անցկացրած 20-րդ խաղն էր, որում մեր ընտրանին 7-րդ պարտությունը կրեց: 7 անգամ մեր ֆուտբոլիստները հաղթել են, 6 խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 21 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 39 գնդակ:

Նորվեգիա-Հայաստան 3

5. ՀՀ հավաքականը մարտին 30-րդ հանդիպումն անցկացրեց՝ կրելով 17-րդ պարտությունը:  Մնացած հանդիպումներից 8-ում հավաքականը հաղթել է, 5-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը 21-56 է: Վերջին անգամ մարտին մեր հավաքականը պարտվել էր 2019թ.՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում Երևանում 0-2 հաշվով զիջելով ֆիններին: Դրանից հետո մեր ֆուտբոլիստները մարտին 4 անընդմեջ հաղթանակ էին տոնել:

6. Նորվեգացիների խփած 3-րդ գոլը, որի հեղինակը Քրիստիան Տորստվեդտն էր, Հայաստանի հավաքականի բաց թողած 400-րդ գնդակն էր: Անցկացրած 231 հանդիպումներում ՀՀ հավաքականը 406 գոլ է բաց թողել:

Նորվեգիա-Հայաստան 4

7. Ջոշուա Քինգը դարձավ Հայաստանի հավաքականի հետ հանդիպումներում հեթ-տրիկ գրանցած 8-րդ ֆուտբոլիստը: Նախկինում մեր մրցակիցներից նման հաջողության էին հասել Շոթա Արվելաձեն (Վրաստան, 1997թ.), Ռոման Պավլյուչենկոն (Ռուսաստան, 2011թ.), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 2015թ.), Ստևան Յովետիչը (Չեռնոգորիա, 2017թ.), Թոմաս Դիլեյնին (Դանիա, 2017թ.), Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան, 2017թ.) և Էնիս Բարդին (Հս. Մակեդոնիա, 2021թ.): 

Նորվեգիա-Հայաստան 4

8. Դավիթ Յուրչենկոն կրկնեց Արամ Հայրապետյանի հակառեկորդը, որը Հայաստանի հավաքականի դարպասապահներից մեկ խաղում առավել շատ՝ 9 գոլ էր բաց թողել իտալացիների հետ Պալերմոյում 2019թ. կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Յուրչենկոն հավաքականում անցկացրած 19 հանդիպումներում 35 գոլ է բաց թողել, միջինը՝ մեկ խաղում 1,84 գոլ:

Մարտի 27-ին 36-ամյակը նշած Դավիթ Յուրչենկոն դարձավ այդ տարիքում Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրած 5-րդ ֆուտբոլիստը: Մինչև այդ 36 տարեկանում հավաքականում հանդես են եկել Սարգիս Հովսեփյանը, Ռոման Բերեզովսկին, Աշոտ Խաչատրյանը և Գառնիկ Ավալյանը: Նշված ֆուտբոլիստներից առաջինն այդ տարիքում ՀՀ հավաքականի մարզաշապիկը կրել է խորհրդային ժամանակաշրջանում «Արարատի» ավագ Աշոտ Խաչատրյանը՝ մասնակցելով 1995թ. օգոստոսի 16-ին «Հրազդան» մարզադաշտում Դանիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղին: Խաղի օրը նա 36 տարեկան 13 օրական էր:

Նորվեգիա-Հայաստան 5

9. Հովհաննես Նազարյանը նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում: Նա դարձավ Կապառոսի օրոք հավաքականում նորամուտը նշած 24-րդ ֆուտբոլիստը: ՀՀ հավաքականի անցկացրած 231 հանդիպումներում ընդհանուր առմամբ հանդես են եկել 224 ֆուտբոլիստներ:

10. Գևորգ Ղազարյանը հավաքականի կազմում 75-րդ խաղն անցկացրեց՝ ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում շրջանցելով Ռոբերտ Արզումանյանին: Հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի համար էլ հերթական խաղը 65-րդն էր: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա