Logo

«Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 13.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
4158844 medium - «Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան

2001 թվականին «Ֆիորենտինան» աղետալի վիճակում էր, «մանուշակներն» ունեին ֆինանսական հսկայական խնդիրներ. «նիսյայի տետրում» պարտատերերի տեղ ու դադար չկար։ Ճգնաժամի պատճառով ակումբից հեռացավ խորհրդանիշ Բատիստուտան։ Թիմի հույսը ոչ պակաս անվանի հարձակվող Էնրիկո Կյեզան էր, որը ոչ միայն փորձում էր պահել իր թիմի խարխլված հեղինակությունը, այլև օգնել իր վաղեմի ընկերոջը՝ դեռևս 1 տարի առաջ խաղակոշիկները մեխից կախած Ռոբերտո Մանչինիին։ 20 տարի անց պատկերը գրեթե հայելանման կրկնվեց. Կյեզա ազգանունով ֆուտբոլիստը օգնում էր երիտասարդ ու մարզչական կարիերան նոր սկսող մարզչին՝ Անդրեա Պիռլոնին  ։ Այս ԵՎՐՈ-ին Կյեզա – Մանչինի զույգը դարձյալ վերամիավորվեց՝ Իտալիայի համար եվրոպական ոսկի նվաճելու համար։

Չէինք ասի, որ իտալացիները հիշաչար մարդիկ են, սակայն, միևնույն ժամանակ չենք կարող հերքել անհերքելին. չէ՞ որ «վենդետա» տերմինը հենց իտալական է, եկել է Սարդինիայի բնակիչներից, որոնք 1700-ականների սկզբին պայքարում էին իսպանացի օկուպանտների դեմ և Իտալիային միանալու ժամանակահատվածում իրականացնում էին արյունային վենդետաները։ Ֆեդերիկո Կյեզան ծնվել է «վրեժխնդրության» մայրաքաղաքից 700 կմ այն կողմ, սակայն անգիր գիտի՝ ինչ է վենդետան։ Դեռ 1997 թվականին Իտալիայի ընտրանին Անգլիայի հետ ոտք էր գցում ԱԱ-1998-ի ընտրական մրցաշարում։ Հանդիպման վերջնամասում Էնրիկո Կյեզան սլանում էր իր եզրով առաջ, երբ նրան գցեց Անգլիայի 6 համարը. Գարեթ Սաութգեյթն էր։ Մրցակցին տապալելու հաջորդ վայրկյանին Սաութգեյթը ապշած նայում էր դես ու դեն. Կյեզան պատրաստ էր նրան ծեծել։ «Աստոն Վիլայում» և առհասարակ ԱՊԼ-ում այսպիսի սահանկումները նույնքան սովորական երևույթ են, որքան ջուր խմելը։

 

Serie A 1998 99   Parma vs Milan   Enrico Chiesa 960x691 - «Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան

Էնրիկոն ուներ իրեն նման կերպ վարվելու իրավունք. 1997-ին Կյեզան Իտալիայի ընտրանու և «Պարմայի» աստղն էր։ Տարիներ անց նա Եվրոպայում տիտղոս նվաճեց «պարմալեզցիների» հետ՝ դառնալով ՈւԵՖԱ-ի գավաթի լավագույն ռմբարկու։ Մի օր էլ Կյեզան հայտնվեց «Ֆիորենտինայում»՝ նախ դառնալու լեգենդար Բատիգոլի թիմակիցը, հետո նաև՝ փոխարինողը։ Էնրիկոյի հետ ամենուրեք գալիս էր փոքրիկ Ֆեդերիկոն. Նա գնդակով քանդում էր հյուրանոցների պատերը, շփվում Լիլիան Թյուրամի ու Ֆաբիո Կանավարոյի պես լեգենդների հետ, դիմավորում լրագրողներին։ Մի անգամ Կյեզա-ավագի հետ հարցազրույցի ժամանակ հնչեց հարց. «Ո՞վ է փոխարինելու Բատիստուտային», ինչին Ֆեդերիկոն պատասխանեց. «Իհարկե ե՛ս»։

«Ֆիորենտինային» ֆինանսական ֆիասկոյից չփրկեց նույնիսկ Բատիգոլի տրանսֆերից ստացած այն թվերի համար հսկա 46 մլն եվրոն։ Թեպետ Կյեզան 30 խաղում խփեց 22 գոլ, բայց «մանուշակներն» այլևս թոռոմել էին։ Առհասարակ այդ թիմում բացի Կյեզայից, փայլում էր ևս մի հոգի. երիտասարդ մարզիչ Ռոբերտո Մանչինին։

Կյեզա ավագն ու Մանչինին միմյանց ճանաչում էին դեռևս «դինոզավրերի» ժամանակներից՝ երբ երկուսով խաղում էին «Սամպդորիայում»՝ Մանչինին այդ ժամանակ արդեն «պատռում էր» Ա սերիան Ջանլուկա Վիալիի հետ, իսկ Կյեզան երիտասարդ էր։ «Երբ Կյեզան միացավ մեզ, դեռ երեխա էր։ Կարելի է ասել՝ ես եմ նրան մեծացրել։ Առաջին իսկ մրցաշրջանում մենք նրան վարձավճարով տվեցինք մի քանի թույլ ակումբի։ 2 տարի անց նա վերադարձավ ուժեղ ու պատրաստ», – 2021 թվականին պատմում էր Մանչինին։

nintchdbpict000001658883 810x596 1 - «Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան

Մանչինին նոր էր սկսել մարզչական կարիերան, ու հենց առաջին մրցաշրջանում սպառնում էր ձախողվել։ Ամեն ինչ փրկում էր Էնրիկոյի ստաբիլությունը։ Պարտքերի մեջ թաղված ակումբը մրցաշրջանի վերջում ստիպված եղավ հրաժարվել և՛ Կյեզայից, և՛ Մանչինիից։ Ռոբերտոն տեղավորվեց «Լացիոյում», որտեղ ևս ֆինանսական կոլապս էր. ինչ-որ պահի թիմում «ողջ» հարձակվող չէր մնացել։ Մանչինին հիշեց իր վաղեմի ընկերոջը, որն այդ ժամանակ ապաքինվում էր ծնկի ծանր վնասվածքից։ Հռոմ տեղափոխվելուց հետո Կյեզան շատ չփայլեց՝ 12 խաղում համեստ 2 գոլ, բայց Մանչինին դա էլ գնահատեց։ Դրանից հետո նրանց մարզական ճանապահրներն այլևս չխաչվեցին։ Մանչինին բարձրանում էր մարզչական Օլիմպոս, Կյեզան էլ կարիերայի վերջին տարիներն էր անցկացնում համեստ «Սիենայում»։

«Կյեզա ազգանունով ֆուտբոլիստը օգնում է երիտասարդ ու նորաթուխ մարզչին»…ծանոթ տողեր են, չէ՞։ 2020/2021 մրցաշրջանում Ֆեդերիկո Կյեզան խաղաց հոր դերը Անդրեա Պիռլոյի համար «Յուվենտուսում»։ Սկսնակ ալենատորեի համար Կյեզան խփել է մի շարք կարևոր գոլեր, այդ թվում՝ «Ատալանտայի» դեմ գավաթի եզրափակիչի հաղթականը, իսկ երբ Մանչինին դարձավ «Սկուադրա Աձուրայի» գլխավոր մարզիչ, Կյեզա-կրտսերը հայտնվեց լրագրողների ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով նրա հոր ու Մանչինիի լավ հարաբերությունները։ «Հայրս ժպիտով է հիշում Մանչինիի հետ անցկացրած ժամանակը «Սապմդորիայում»։ Նրա ասիստները հորս դարձրին մեծ աստղ», – 3 ու կես տարի առաջ ասել է Ֆեդերիկոն՝ չբացառելով, որ մի օր կաշխատի Մանչինիի հետ։

«Էնրիկո Կյեզան իր բնավորությամբ ճենովացի է՝ ձիգ ու խիստ։ Ֆեդերիկոն լրիվ այլ մարդ է: Նա ունի միանգամայն տարբերվող տեխնիկա, ֆիզիկական պատրաստվածություն և անձնական այլ որակներ։ Կյեզա-ավագը մոբիլ հարձակվող էր, Կյեզա-կրտսերը արդյունավետ վինգեր է, որը դաշտում մոտ 2 անգամ ավելի շատ է վազում, քան հայրը։ Նրանց չափազանց նմանեցնում է միայն հարվածը», – սերունդների տարբերությունը նկատել է Մանչինին այս տարվա սկզբում։

Մեր ընտրանին

Ֆեդերիկոյի դիպուկ հարվածները Մանչինիին ոչ պակաս օգուտ են տալիս, քան ժամանակին Էնրիկոյինը։ ԵՎՐՈ 2020-ի ընթացքում «Յուվեի» հարձակվողը դարձավ երկու գոլի հեղինակ, որոնք ահռելի նշանակություն են ունեցել հետագա հաղթանակների համար։ Երկու դեպքում էլ հրաշալի երևում է Մանչինիի խոսքերի ճշմարտացիությունը. Ֆեդերիկոն 100 տոկոսանոց օգուտ է տալիս վինգերի դիրքում։

Ավստրիայի հետ հանդիպմանը փոխարինման դուրս եկած Կյեզան նկատեց Դավիդ Ալաբայի ընտրած չափազանց նեղ դիրքը։ Ֆեդերիկոն անմիջապես տեղաշարժվեց կիսաեզր ու գրավեց Սպինացոլայի ուշադրությունը։ «Ռոմայի» լատերալը նրան գտավ այն ժամանակ, երբ Կոնրադ Լայմերը արդեն ուշացրել էր եզրային պաշտպանին փոխօգնության հասնելու պահը։ Ֆեդերիկոն 2 հպումով ձերբազատվեց մրցակցից, 3-րդ հպմամբ էլ գնդակն ուղարկեց Ավստրիայի դարպասը։


Իսպանիայի հետ խաղում Կյեզան խփեց այլ գոլ։ Իտալիայի դիրքային գրոհը հանկարծակի վերածվեց հակագրոհի։ Իտալիայի 14 համարը միացել էր իր թիմի գրոհին երկրորդ տեմպով։ Սակայն ազատ գոտիներ փնտրելու փոխարեն Կյեզան ուղիղ վազում էր առաջ։ Դրվագներից մեկում նա ստացավ գնդակը, հարմարեցրեց կախարդական աջին ու անկասելի հարվածով առաջ մղեց իր թիմին։ Լրիվ հայրական ոճով էր արված ամեն ինչ։

Իտալիան ԵՎՐՈ-ն հաղթեց բացառապես թիմային աշխատանքի շնորհիվ։ Ասում են՝ «սկուադրայում» չկար հստակ առաջատար կամ տարբերվող ֆուտբոլիստ։ Ամենևին. Ֆեդերիկո Կյեզան հենց այդպիսին էր. Նա լրացնում էր իր թիմի խաղը եզրային հրթիռային անցումներով, դրիբլինգով ու ձիգ հարվածներով։ Երբեմն լավ թիմերին պակասում են հենց այսպիսի ֆուտբոլիստեր, որոնք պատրաստ են խափանել համակարգն ու խաղի ելքը վճռել անհատական փայլուն պերֆոմանսով։ Այսպիսի խաղացողների գործողությունները հաջողություն են բերում։

Ռոբերտո Մանչինին իր մարզչական կյանքում առնվազն երկու անգամ համոզվել է դրանում. Ավելի ճիշտ նրան համոզել են հայր ու որդի Կյեզաները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա