Logo

Նրանք կարծում էին՝ 5 ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուից ավելի հեռանկարային է. նոր հայացք 2004-ի թոփ-10-ին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
19:32 / 29.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Cristiano Ronaldo-1

2004 թվականին Transfermarkt-ը հրապարակեց իր վարկածով աշխարհի 25 ամենաթանկարժեք երիտասարդների անվանացանկը: Այն ժամանակ Լիոնել Մեսին նույնիսկ նորամուտը չէր նշել մեծ ֆուտբոլում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն առաջին մրցաշրջանն էր անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում»: Հիմա ակնհայտ է, որ ամենատաղանդավոր ֆուտբոլիստների ցանկը պետք է գլխավորեր պորտուգալացին, սակայն այն ժամանակ Transfermarkt-ն այլ կարծիքի էր: 

Վերջերս նրանք նորից հրապարակեցին այդ անվանացանկը և կեսկատակ արձագանքեցին այն հանգամանքին, որ Ռոնալդուին ցածր տեղում էին նշել: VNews-ը ոչ միայն ներկայացնում է այդ ցանկը, այլ նաև նշում, թե այդ ֆուտբոլիստները հիմա որտեղ են և ինչի են հասել իրենց կարիերայում: 

Առաջին մասում ներկայացրել ենք 25-ից 11-րդ տեղերը, իսկ այժմ անդրադառնանք թոփ-10-ին: 

10. Մայքլ Էսիեն – 21 տարեկան

Մայքլ Էսիեն

2004 թվականի աշնան դրությամբ Էսիենը դեռ խաղում էր «Լիոնում», որը գերիշխում էր Ֆրանսիայում: «Օլիմպիկի» գրեթե բոլոր ֆուտբոլիստները թոփ ակումբների թիրախում էին, իսկ գանացի կիսապաշտպանն ամենաթանկն էր գնահատվում: Այդ ժամանակ Մայքլը գնահատվում էր 38 մլն եվրո և հենց այդ գումարի դիմաց 2005-ի ամռանը տեղափոխվեց «Չելսի»: Կիսապաշտպանը լոնդոնցիների պատմության երկրորդ ամենաթանկ տրանսֆերն էր այն դեպքում, որ Դրոգբայի ռեկորդային գործարքն ընդամենը կես մլն-ով էր ավելի: 

Էսիենի միջոցով Ժոզե Մոուրինյոն վերջնականապես ձևավորեց անհաղթահարելի կենտրոնական եռյակ, որը կազմում էին Մակելելեն, Էսիենը և Լեմպարդը, որոնց հարկ եղած դեպքում փոխարինում էր Տյագու Մենդեշը: Էսիենն անմիջապես հարմարվեց «Չելսիին» և Մոուրինյոյի պահանջներին ու արագորեն դարձավ Անգլիայի լավագույն կիսապաշտպաններից: Նա անզիջում էր անհատական պայքարում, տիրապետում էր լավ հարվածների և չէր քանդում թիմային կառուցվածքը: 

Էսիենը 7 տարում 8 տիտղոս նվաճեց, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան և 2 անգամ Պրեմիեր լիգան: Անգլիայից հեռանալուց հետո նա այդպես էլ որևէ ակումբում նույնիսկ կիսով չափ կարևոր դերակատարում չունեցավ, որքան «Չելսիում»: Էսիենը խաղաց Մադրիդի «Ռեալում» և «Միլանում», բայց կարճ ժամանակով, իսկ հետո ևս մի քանի թիմ փոխելուց հետո՝ 2020 թվականին, ավարտեց կարիերան: 

9. Անդրես Ինիեստա – 20 տարեկան

Անդրես Ինիեստա

Լավագույն տասնյակում բոլորն էլ փայլուն ֆուտբոլիստներ են, բայց եթե Ռոնալդուի հարցում Transfermarkt-ը սխալվել էր, ապա Ինիեստայի դեպքում՝ առավել ևս: Համեստ իսպանացին 2002 թվականին նորամուտը նշեց «Բարսելոնայի» գլխավոր թիմում, բայց մեկնարկային կազմի լիարժեք խաղացող դարձավ 5 տարի անց: 

2004-ի դրությամբ Անդրեսը գերտաղանդավոր երիտասարդ էր, որի ֆուտբոլային ինտելեկտը, մրցակիցներին անցնելու թեթևությունը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունն ապշեցնում էին: Այդ ժամանակ «Բարսայի» փլեյմեյքերների զույգը կազմում էին Չավին և Դեկուն, դրա պատճառով էլ Ֆրանկ Ռայկարդը հաճախ «հանճարին» երբեմն ասպարեզ էր դուրս բերում վինգերի դիրքում, բայց դրանից նրա խաղը գրեթե չէր տուժում: Ինիեստայի ֆուտբոլն այնքան բազմակողմանի և զարգացած էր, որ նա ցանկացած դիրքում կարողանում էր թիմին օգուտ տալ: 

2008-ից հետո արդեն ամեն ինչ բարձրացավ լեգենդար մակարդակի: Իսպանիայի հավաքականին Ինիեստան օգնեց դառնալ Եվրոպայի չեմպիոն, իսկ «Բարսելոնան» գլխավորած Պեպ Գվարդիոլայի հետ կիսապաշտպանը դարձավ պարզապես անկասելի: Ինիեստայի լավագույն որակներից մեկը նաև ամենակարևոր խաղերում իր լավագույն ֆուտբոլը ցուցադրելու ունակությունն էր: ԵՎՐՈ-2008-ի կիսաեզրափակիչում նա որոշիչ ասիստ կատարեց, 2008-09 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում որոշիչ գոլ խփեց «Չելսիի» դարպասը, իսկ եզրափակիչում ասիստ կատարեց Էտո’Օ-ին: ԵՎՐՈ-2012-ում էլ դարձավ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ տարվա վերջում ստացավ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Չմոռանանք նաև ՉԼ-2015-ի եզրափակիչում նրա գոլային փոխանցումը: 

Սակայն նրա կարիերայի որոշիչ պահը Մունդիալ-2010-ի եզրափակիչում էր, երբ հաղթական գոլ խփեց Նիդեռլանդների դարպասը: Դրանից հետո Իսպանիայում նրան ծափահարում էին բոլոր ստադիոններում, չնայած առանց այդ գոլի էլ նա արժանի էր դրան:

Ինիեստան իր կարիերայի ընթացքում 37 տիտղոս է նվաճել, և արդեն հիմա հաճախ է հնչում կարծիք, որ նա Իսպանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: 

8. Դանիելե Դե Ռոսի – 21 տարեկան

Դանիելե Դե Ռոսի

Դե Ռոսիի և Ինիեստայի կարիերաները նման են. երկուսն էլ հավատարիմ են մնացել իրենց ակումբներին, և երկուսն էլ 2002թ.-ին են նորամուտը նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Այդուհանդերձ, Անդրեսի համեմատ՝ նա այլ ոճի խաղացող էր: Դե Ռոսիի ճակատագրում հսկայական նշանակություն ունեցավ պատանեկան ֆուտբոլի խաղերից մեկում հեռահար հարվածով խփած գոլը: Դրանից կարճ ժամանակ անց նա տեղափոխվեց «Ռոմայի» գլխավոր թիմ, որի կարզմում 614 խաղի մասնակցեց: Ճիշտ է՝ տիտղոսների առումով նրա կարիերան այնքան էլ հարուստ չէ, բայց «Ռոման» էլ «Բարսելոնան» չէ, իսկ ահա Իտալիայի կազմում կիսապաշտպանը կարողացավ մեկ մեծագույն նվաճման հասնել: 

Մունդիալ-2006-ը նրա համար սկսվեց անհաջող: Երկրորդ տուրի խաղում Դե Ռոսին այնպիսի կոպիտ խաղով աչքի ընկավ, որ ամերիկացի ֆուտբոլիստի դեմքն ամբողջությամբ արյան մեջ էր, իսկ Դանիելեի նկատմամբ պատիժը՝ կարմիր քարտ ու որակազրկում: 4-խաղյա որակազրկումն ավարտվեց եզրափակիչից առաջ: Ֆրանսիայի հետ խաղում Մարչելո Լիպին նրան թողեց պահեստայինների նստարանին, բայց երբ հասկացավ, որ խաղը տեղափոխվել է մենապայքարների դաշտ, կիսապաշտպանին ասպարեզ դուրս բերեց ակումբակից Ֆրանչեսկո Տոտիի փոխարեն: Դե Ռոսին օգնության եկավ Պիռլոյին և Գատուզոյին, որոնք դժվարություններ ունեին ֆրանսիացիների՝ Մակելելե-Վիերա-Զիդան եռյակի դեմ: Հռոմեացի տղան այդ խնդիրը լուծեց, իսկ Մատերացին իր կրծքով ճանապարհեց Զիդանին: Որոշիչ 11-մետրանոց հարվածաշարում Դե Ռոսին գնդակին մոտեցավ իր թիմում երրորդը և հենց Դավիդ Տրեզեգեի վրիպումից անմիջապես հետո, բայց կարողացավ որոշիչ պահին տիրապետել նյարդերին և անվրեպ հարված կատարեց: Մնացածն արդեն բոլորը գիտեն. Իտալիան դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Դե Ռոսին հակահերոսից վերածվեց հերոսի: 

7. Կառլոս Տևես – 20 տարեկան

Կառլոս Տևես

Հարձակվողը տարօրինակ կարիերա ունեցավ: Հարազատ «Բոկա Խունիորսում» նա մեծ անուն հանեց, փայլեց Աթենքի Օլիմպիական խաղերում, այդ ամենի շնորհիվ հայտնվեց այս ցանկում, բայց 2005-ին տեղափոխվեց ոչ թե Եվրոպա, այլ Բրազիլիա: «Կորինտիանսում» կարճ ժամանակ անցկացնելուց հետո արգենտինացին կրկին հայտնվեց գործակալների մշակած տարօրինակ սխեմաներում և տեղափոխվեց ոչ թե եվրոպական գրանդ, որոնք հերթ էին կանգնել՝ նրան ձեռք բերելու համար, այլ Խավյեր Մասկերանոյի հետ միացավ «Վեսթ Հեմին»: 

Բայց սա դեռ վերջը չէր. Տևեսը մեկ տարի անց 2 տարվա վարձակալությամբ տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», և երբ բոլորը վստահ էին, որ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց և հաջորդ տարի եզրափակիչ դուրս գալուց հետո «կարմիր սատանաները» մշտական պայմանագիր կկնքեն Կառլոսի հետ, նա 2009-ին տեղափոխվեց սկզբունքային մրցակից ակումբ՝ «Մանչեսթեր Սիթի»: «Քաղաքաբնակների» համար Տևեսը դարձավ ակումբի պատմության լավագույն տրանսֆերներից (148 խաղ, 73 գոլ, 35 ասիստ): Տևեսն ամենուր հաջող ելույթներ էր ունենում, և երբ 2013-ին նա մեկնեց «Յուվենտուս» և ստացավ Ալեսանդրո Դել Պիերոյի «10» համարը, «Ծեր սինյորայի» երկրպագուները հանգիստ շունչ քաշեցին, որովհետև արգենտինացին չէր կարող չարդարացնել սպասելիքները: 2 տարում 49 գոլը և 19 ասիստը դրա ապացույցը դարձան, իսկ Իտալիայի կրկնակի չեմպիոնի տիտղոսը և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելն էլ ավելի սիրելի դարձրին նրան երկրպագուների աչքերում: 

Ընդամենը 31 տարեկանում Տևեսը վերադարձավ հարազատ «Բոկա Խունիորս», սակայն 1 տարի անց գլխապտույտ առաջարկ ստացավ Չինաստանից՝ տարեկան 38 մլն եվրո աշխատավարձ: Նա չկարողացավ մերժել, բայց ընդամենը մեկ տարի անց վերադարձավ Արգենտինա, իսկ 2021 թվականին ավարտեց կարիերան հոր մահվան պատճառով: Քանի որ Տևեսի կյանքում ամեն ինչ շատ արագ է կատարվում, քչերը զարմացան, որ վերջերս նա մարզչական կարիերա սկսեց և գլխավորեց Արգենտինայի առաջնությունը ներկայացնող «Ռոսարիո Սենտրալը»: 

6. Կրիշտիանու Ռոնալդու – 19 տարեկան

Կրիշտիանու Ռոնալդու-19

Դեռ ցուցակի սկզբից «սփոյլեր» էինք արել, որ Ռոնալդուն առաջին տեղում չէ: Պորտուգալացու նվաճումների մասին շատ չենք խոսի, որովհետև այս ցուցակի զարմանալի հերթականությունը հենց Ռոնալդուի 6-րդ տեղով է պայմանավորված: Չեմպիոնների լիգայի գավաթը 5 անգամ նվաճած և նույնքան «Ոսկե գնդակի» արժանացած ֆուտբոլիստի համար, որը բազմաթիվ ռմբարկուական ռեկորդներ է գրանցել, 6-րդ տեղը վիճելի էր նույնիսկ պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկում, իսկ 2004 թվականի դրությամբ ամենախոստումնալիցների ցանկում, մեղմ ասած, զարմանալի է:

5. Արյեն Ռոբեն – 20 տարեկան

Արյեն Ռոբեն

Մինչև 20 տարեկան դառնալը «Գրոնինգենի» սանը հասցրել էր տեղափոխվել ՊՍՎ, այնուհետև 18 մլնի դիմաց դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստ: Անգլիայում անցկացրած 3 տարին տիտղոսների ժամանակներ էին: Վինգերը 7 գավաթ նվաճեց, այնուհետև դարձավ Մադրիդի «Ռեալում» սկսված նիդեռլանդական մոդայի դեմքերից: Ինչպես և Սնեյդերի դեպքում, սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հետո սկսվեց «Բարսելոնայի» գերիշխանությունը, և թիմը հրաժեշտ տվեց նիդեռլանդցիներին: 

Ռոբենը տեղափոխվեց «Բավարիա» և դարձավ այդ ակումբի պատմության լավագույն տրանսֆերներից: 10 տարում՝ 19 տիտղոս, ինչպես նաև 308 խաղում՝ ֆենոմենալ արդյունավետություն (144 գոլ և 100 գոլային փոխանցում): 

Վնասվածքները շատ էին խանգարում նիդեռլանդցուն, բայց, միևնույն է, նա կարողացավ հաղթական գոլ խփել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, իսկ իր երկրի հավաքականի հետ հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ: Այնտեղ Արյենը նույնպես կարող էր հերոսանալ, եթե չլիներ Իկեր Կասիլյասի սեյվը, և այդ դեպքում ֆուտբոլային աշխարհում Ռոբենը 21-րդ դարի լավագույններից մեկի կարգավիճակ կունենար: Չնայած ոմանց համար առանց այդ էլ ունի...

4. Ռոբինյո – 20 տարեկան

 Ռոբինյո

«Սանթոսի» կազմում Նեյմարը դեռ վաղ տարիքում արդեն համաշխարհային աստղ էր համարվում, բայց նրանից առաջ եղել էր այլ ֆուտբոլիստ, որ նույն ճանապարհն էր անցել և նմանատիպ կարգավիճակում հայտնվել: Ռոբինյոն 18 տարեկանում արդեն համարվում էր Բրազիլիայի գլխավոր երիտասարդ տաղանդը, չնայած պարզվեց, որ Կական ավելի հեռանկարային էր:

Այդուհանդերձ, 2004 թվականի դրությամբ 20-ամյա Ռոբինյոն արդեն մեծ ճանաչում ուներ և դա դեռ Եվրոպայում չխաղալու պարագայում: Այդ ժամանակ նրան համեմատում էին Պելեի հետ՝ հաշվի առնելով այն, նույն ակումբում էր խաղում, սակայն Ռոբինյոն «Ֆուտբոլի արքայի» նվաճումների նույնիսկ 20 տոկոսին չհասավ: 

2005 թվականին Ռոբինյոն տեղափոխվեց «Ռեալ», երբ մադրիդցիներն ամեն տարի համաշխարհային մեկ գերաստղի էին ձեռք բերում «Գալակտիկոսի» շրջանակում: Ռոբինյոյին հենց այդպիսի կարգավիճակ տվեցին: Իսպանիայում անցկացրած տարիները վատը չէին բրազիլացու համար, սակայն այնպիսին էլ չէին, որ շշմեցնեին, ինչի պատճառով «Ռեալը» որոշեց ընդունել «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որն իր առաջին խոշոր տրանսֆերը կատարեց շեյխերի ժամանումից հետո: 

Հետո եղավ ժամանակահատված «Միլանում», որտեղ Ռոբինյոն գրեթե նույն վիճակագրությունը ցուցադրեց, ինչպես «Ռեալում», բայց կրկին ապշեցնող կայուն խաղ չտեսանք. միայն երբեմն կային պոռթկումներ: «Միլանից» հետո սկսվեց Ռոբինյոյի կարիերայի նահանջը. վերադարձ «Սանթոս», հետո՝ տեղափոխություն Չինաստան ու Թուրքիա, այնուհետև կրկին հարազատ ակումբ և 2020-ից կարիերայի ավարտ: Այդպես էլ Ռոբինյոյի կարիերայից դառնահամ մնաց, քանի որ նրա տաղանդը շատ ավելի մեծ էր թվում, քան իրացումն էր: 

3. Ֆերնանդո Տորես – 20 տարեկան

Ֆերնանդո Տորես 4

«Էլ Նինյոյի» կարիերան երկու մասի է բաժանվում՝ մինչև «Չելսի» տեղափոխությունը և դրանից հետո: 2011 թվականի հունվարի այդ չարաբաստիկ տրանսֆերից առաջ իսպանացին 6-7 տարի շարունակ կայուն աշխարհի 5 լավագույն կենտրոնական հարձակվողների թվում էր: 

Այս ցուցակը կազմվելու պահին նա Մադրիդի «Ատլետիկոյի» առաջատարն էր, որի կազմում Լա լիգայի 2003-04 մրցաշրջանում 20 գոլ էր խփել և ռմբարկուական պայքարում զիջել միայն բրազիլացի Ռոնալդոյին: Ընդ որում՝ Ֆերնանդոն ուներ մեկ յուրահատուկ ունակություն. նա «Բարսելոնայի» ու «Ռեալի» դեմ ամենասկզբունքային խաղերում իր լավագույն ֆուտբոլն էր ցուցադրում: Պատահական չէ, որ իր կարիերայում ամենաշատ գոլերը խփել է «Բարսելոնային», իսկ «Ռեալի» դեմ 23 խաղերից 15-ում չի պարտվել: 

2007 թվականին «Լիվերպուլն» ավելի քան երկու անգամ գերազանցեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 38 մլն եվրո վճարելով Տորեսի համար: Անգլիայում Տորեսն անմիջապես սկսեց փայլել՝ միանգամից դառնալով առաջնության երկրորդ ռմբարկու և կրկին զիջեց միայն այն ֆուտբոլիստին, որի խաղաշապիկին գրված էր «Ronaldo»

Հետո եղավ հաղթական ԵՎՐՈ-2008-ը, որի եզրափակիչում իսպանացին միակ գոլը խփեց, այնուհետև՝ հաջող ելույթների շարունակություն «Էնֆիլդում», ապա՝ աշխարհի չեմպիոնի կոչում Մունդիալ-2010-ում: «Լիվերպուլում» անցկացրած 3,5 տարում «Էլ Նինյոն» 141 խաղում 80+20 փայլուն ցուցանիշ գրանցեց, և «Չելսին» որոշեց նրա համար 58 մլն եվրո վճարել: Բայց Լոնդոնում հարձակվողն իր խաղն այդպես էլ չվերագտավ: Եվ նույնիսկ 2012 թվականին Չեմպիոնների լիգայի գավաթի նվաճումը չմեղմեց ձախողման տպավորությունը: «Միլան» տեղափոխությունը նույնպես ոչինչ չփոխեց: Իհարկե, եղավ ինչ-որ չափով հաջող վերադարձ «Ատլետիկո», բայց մադրիդյան ակումբը փոխվել էր նրա հեռանալուց հետո: Թիմն այլևս գեղեցիկ ֆուտբոլ չէր ցուցադրում. խաղում էին Սիմեոնեի մարտիկների ջոկատը: Այդ ֆուտբոլում Տորեսը մի քանի տարի անցկացրեց և հետո կարիերան ավարտեց Ճապոնիայում: 

Այժմ Տորեսն արդեն մարզիչ է, ընդ որում՝ հաջողակ: Նա «Ատլետիկոյի» Մ-19 թիմը գլխավորելուց հետո մադրիդցիներին անմիջապես հասցրեց ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի կիսաեզրափակիչ: Իսպանիայում կարծում են՝ երբ Սիմեոնեն հեռանա «Ատլետիկոյից», նրան պետք է փոխարինի Տորեսը: Իսկ մինչև այդ նա մարզչական գործում զարգանալու, ըստ ամենայնի, շատ ժամանակ կունենա: 

2. Խոսե Անտոնիո Ռեյես – 21 տարեկան

Խոսե Անտոնիո Ռեյես

Իսպանացի վինգերը շատ վաղ հասակում ճանաչում ստացավ Իսպանիայում, հետևաբար վաղ տարիքում էլ պատրաստ էր կարիերայի հաջորդ քայլին: 20 տարեկանում նրան ձեռք բերեց «Արսենալը», որն անպարտելի մրցաշրջան էր անցկացնում, իսկ թիմին համալրում էր հարկավոր: Իսպանացին նպաստեց չեմպիոնությանը, իսկ Արսեն Վենգերի թիմն էլ լեգենդար նվաճումի հասավ՝ չպարտվելով Պրեմիեր լիգայի ոչ մի խաղում: 

Արդեն հաջորդ տարի Ռեյեսը մրցաշրջանն սկսեց մեկնարկային կազմում և իր խաղով հիացնում էր բոլորին: Հենց այդ ժամանակ՝ 2004-05 մրցաշրջանի մեկնարկից մի քանի ամիս անց, կազմվեց այս ցանկը, որում Խոսե Անտոնիոն ընտրվեց պատվավոր 2-րդ տեղում:

Հետզհետե պարզվեց, որ Ռեյեսից սպասելիքներն ավելին էին, քան նա կարող էր տալ թիմին: Լոնդոնում կարծում էին, թե նոր Թիերի Անրի էին ձեռք բերել, որը ֆրանսիացու հեռանալուց հետո կդառնա թիմի առաջատարը, բայց իսպանացին Անրիից շուտ լքեց ակումբը: 2005-06 մրցաշրջանում «Արսենալը» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն 12 խաղի մասնակցած Ռեյեսը որևէ գոլային գործողություն չկատարեց, և «զինագործները» համաձայնեցին բաժանվել նրանից:

Ռեյեսը վարձակալությամբ վերադարձավ Իսպանիա, սակայն «Արսենալից» էլ ավելի հեղինակավոր ակումբ՝ Մադրիդի «Ռեալ»: Ֆաբիո Կապելոյի թիմում Ռեյեսը մեկնարկային կազմի խաղացող չէր, սակայն վերջին տուրում Ռեյեսը դուբլ ձևակերպեց, ինչի շնորհիվ «սերուցքայիների» երկրպագուները չեմպիոնություն տոնելու հնարավորություն ունեցան: 

Մադրիդը վինգերին այնքան դուր եկավ, որ նա որոշեց այնտեղ մնալ, եթե նույնիսկ թիմը «Ռեալը» չէր: Ռեյեսի տրանսֆերի համար «Ատլետիկոն» 12 մլն եվրո վճարեց, և այդ ժամանակ սկսվեց Եվրոպա լիգայի գավաթը նվաճելու շարքը. 7 տարում Ռեյեսը 5 անգամ դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր, 2-ը՝ «Ատլետիկոյի» հետ, 3-ը՝ «Սևիլյա» վերադառնալուց հետո: Այդ ընթացքում էլ եղավ ժամանակահատված «Բենֆիկայում», իսկ հետո նաև՝ ուղևորություն Չինաստան և տեղափոխություն իսպանական թույլ թիմեր: Թվում էր, թե 35-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ է կարիերան ավարտելուն, երբ 2019 թվականի հունիսի 1-ին աշխարհը ցնցեց սարսափելի լուրը. Խոսե Անտոնիո Ռեյեսը մահացավ ծանր ավտովթարի հետևանքով: 187 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենայում էին նաև նրա երկու զարմիկները, որոնցից մեկը նույնպես տեղում մահացել էր, իսկ մյուսը՝ լուրջ այրվածքներ ստացել: 

1. Ուեյն Ռունի – 18 տարեկան

 Ուեյն Ռունի

Ինչպես Ռեյեսը, Ռունին նույնպես անչափ բարձր մակարդակում շատ վաղ տարիքում է սկսել ելույթ ունենալ, բայց ի տարբերություն շատերի՝ նա 17 տարեկանում արդեն Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմի խաղացող էր (ԵՎՐՈ-2004-ի ժամանակ), ընդ որում՝ լիարժեք արդարացնում էր մարզչի ընտրությունը: 

Երբ Ռունին դեռ 18 տարեկան էր, նրա տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» 37 մլն եվրո վճարեց «Էվերթոնին»: Հիմա է, որ այդ տարիքի խաղացողների համար ահռելի գումարներ են վճարվում, բայց 2004-ին դա նոնսենս էր: Բայց, միևնույն ժամանակ, բոլորը հասկանում էին, որ «կարմիր սատանաները» յուրահատուկ տաղանդ են գտել, և գումարն արդարացված է: Ու իսկապես արդարացվեց: 

«Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտի խաղում Ռունին հեթ-տրիկի ձևակերպեց, իսկ ընդհանուր առմամբ 559 խաղում խփեց 253 գոլ և կատարեց 146 ասիստ: Այդ 253 գոլը ռեկորդային են մանչեսթերցիների պատմության մեջ, իսկ 146 ասիստը երկրորդն է: Այս հաշվարկում նա զիջում է միայն Ռայան Գիգսին (255):

«Յունայթեդում» անցկացրած 13 տարում Ռունին 18 տիտղոս նվաճեց ու գլխավորը՝ «Օլդ Թրաֆորդի» սիրելին էր, մի բան, ինչը շատերի համար ավելի կարևոր է, քան գոլերը և տիտղոսները: 

Իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդում» Ռունին, խաղալով Կրիշտիանու Ռոնալդուի կողքին, համեմատական անցկացնելու հնարավորություն տվեց: Մեծամասնությունը կհամաձայնի, որ պորտուգալացին գերազանցում է անգլիացուն, սակայն եթե 2004 թվականին հրապարակված այս ցանկը չէր գլխավորում Ռոնալդուն կամ Ինիեստան, ապա Ռունիի թեկնածությունը իսկապես կարող է հիմնավոր լինել...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա