Logo

Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 25.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Armenia Gibraltar. H.Khachatryan VivaroNews2Z7A3313 - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

«Արարատի» ավագ Հրայր Մկոյանը, որը սեպտեմբերի 2-ին կնշի ծննդյան 35-ամյակը, ֆուտբոլային կարիերայում նշանակալի նվաճման հասավ: Առաջնության 5-րդ տուրում «Նորավանքի» հետ կայացած հանդիպումը հայկական ակումբներում, ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների կազմում պաշտոնական մրցումներում Մկոյանի անցկացրած հոբելյանական՝ 400-րդ խաղն էր: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած ընդամենը 13-րդ ֆուտբոլիստը: Հատկանշական է, որ Մկոյանն իր համար հաճելի իրադարձությունը նշեց հարազատ Գյումրիում կայացած խաղում:

400 խաղերից 275-ը Մկոյանն անցկացրել է ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում (Ա), 44-ը՝ Հայաստանի գավաթի (Գ), 21-ը՝ եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, 46-ը՝ ՀՀ ազգային հավաքականում (ԱՀ), 7-ը՝ երիտասարդական հավաքականում (ԵՀ), 7-ը՝ ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում: Որքան էլ որ զարմանալի է, Մկոյանը դեռ չի մասնակցել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի (Ս) մրցախաղի: Այդ բացը նա կարող է լրացնել՝ սեպտեմբերի 24-ին խաղադաշտ դուրս գալով «Ալաշկերտի» հետ կայանալիք խաղում:

Հայկական ֆուտբոլում նման ցուցանիշի հասնելն իրոք դժվար է: Դրա համար ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է երկար տարիներ հանդես գա հայկական ակումբներում, աչքի ընկնի կայուն ելույթներով և զերծ մնա լուրջ վնասվածքներից: Դա Մկոյանին հիմնականում հաջողվել է: Փորձառու ֆուտբոլիստը 15-րդ մրցաշրջանն է անցկացնում հայկական ակումբներում:

Ararat Armenia vs Alashkert cup first match 15 960x640 - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

Ֆուտբոլային առաջին քայլերը Մկոյանը կատարել է հարազատ Գյումրիում: Դեռ 18 տարին չլրացած, Մկոյանը նորամուտը նշեց «Շիրակում»՝ մասնակցելով 2004թ. հունիսի 12-ին Երևանում «Արարատի» հետ կայացած առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը: Խաղի 81-րդ րոպեին, երբ «Շիրակը» պարտվում էր 0-2 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն Արման Տոնոյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց պատանի Հրայրին:

Այդ պահին ոչ Մկոյանի, ոչ էլ մարզադաշտում գտնվող որևէ մեկի մտքով դժվար թե անցներ, որ տարիներ անց պատանի ֆուտբոլիստը կկրեր «Արարատի» մարզաշապիկը, իսկ ավելի ուշ կրկին կվերադառնար լեգենդար թիմ արդեն ավագի կարգավիճակով:

Բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանում Մկոյանը մասնակցեց ընդամենը 3 խաղի՝ դուրս գալով փոխարինման: Իսկ ահա հաջորդ մրցաշրջանում Մկոյանն արդեն «Շիրակի» հիմնական կազմի խաղացող էր: Ժորա Բարսեղյանը թիմի անցկացրած 17 հանդիպումներից 12-ում Մկոյանին ընդգրկել էր մեկնարկային կազմում, մեկ անգամ էլ Հրայրը փոխարինման դուրս եկավ:

27.06.2020 Ararat 1 4 Shirak 5 960x640 - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

2006թ. Մկոյանը բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում՝ գրավելով «Ուլիսի» դարպասը, իսկ հաջորդ մրցաշրջանը դիմավորեց «Արարատում»՝ ընդունելով Վարուժան Սուքիասյանի հրավերը: Հենց «Արարատում» անցկացրած 2 մրցաշրջանների ընթացքում էլ Մկոյանն իր առաջին տիտղոսները նվաճեց:

2007թ. նա առաջին անգամ հանդես եկավ գավաթի եզրափակչում, որտեղ «Արարատը» լրացուցիչ ժամանակում 1-3 հաշվով զիջեց «Բանանցին»: Իսկ 2008թ. Մկոյանն արարատցիների հետ դարձավ Հայաստանի գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր: Գավաթի եզրափակչում «Արարատը» կրկին լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ, իսկ «Փյունիկի» հետ կայացած «ոսկե» խաղում Արարատ Ճաղարյանն իր բացահայտ կողմնակալ մրցավարությամբ «Արարատին» զրկեց չեմպիոնի տիտղոսից, որին թիմն արժանի էր:

Ի դեպ, Հրայր Մկոյանը «Փյունիկի» հետ կայացած առաջնության ավարտական տուրի խաղում 8-րդ զգուշացումն էր ստացել, փյունիկցի Արթուր Եդիգարյանն էլ 7-րդ դեղին քարտին էր արժանացել: Կանոնադրության համաձայն, նրանք պետք է բաց թողնեին հաջորդ՝ «ոսկե» խաղը: Բայց ֆեդերացիայի որոշմամբ երկուսին էլ թույլատրել էին մասնակցելու վճռորոշ այդ հանդիպմանը: Սակայն Վարուժան Սուքիասյանը հավատարիմ մնալով մարզական սկզբունքին, Մկոյանին այդպես էլ չէր հայտավորել «ոսկե» խաղին: Մինչդեռ Եդիգարյանը մասնակցեց հանդիպմանը:

50075681 1003519079835410 4891388371940671488 n - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

2009թ. Մկոյանն արդեն «Ուլիսի» կազմում էր՝ արժանանալով բրոնզե մեդալի: Հաջորդ երկու մրցաշրջաններում նա կրեց «Միկայի» մարզաշապիկը՝ 2011թ. դառնալով Հայաստանի կրկնակի գավաթակիր:

2012թ. հունվարին Մկոյանը 6 ամսով պայմանագիր կնքեց Նալչիկի «Սպարտակի» հետ, որի կազմում ընդամենը մեկ խաղ անցկացնելով, կարճ ժամանակով վերադարձավ «Շիրակ»: 2013թ. ձմռանը Մկոյանը կրկին մեկնեց արտերկիր՝ հանդես գալով Չեխիայի առաջին խմբի առաջնության մասնակից Չեսկե Բուդյովիցեի «Դինամոյի» կազմում: Սակայն այնտեղ էլ նա երկար չմնաց:

2013/14թթ. առաջնության առաջին շրջանում հանդես գալով «Գանձասար-Կապանում», 2-րդ շրջանում Մկոյանը կրկին վերադարձավ «Շիրակ»՝ թիմակիցների հետ դառնալով արծաթե մրցանակակիր: Առաջնության ավարտից հետո Հրայրը մեկնեց Իրան, որտեղ 3 մրցաշրջան հաջողությամբ հանդես եկավ «Էսթեղլալում»:

Hrayr Mkoyan Esteghlal - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

2018թ. գարնանը Մկոյանն Իրանից վերադարձավ «Շիրակ», իսկ հաջորդ առաջնությունը դիմավորեց նորաստեղծ «Արարատ-Արմենիայում»: Սակայն այնտեղ նա ընդամենը 3 խաղ անցկացրեց, հասցրեց դառնալ գոլի և ինքնագոլի հեղինակ ու տեղափոխվեց «Ալաշկերտ»: 2019/20թթ. մրցաշրջանում Մկոյանը կրկին հարազատ «Շիրակում» էր: Առաջնության ավարտից հետո 33-ամյա ֆուտբոլիստն իր մի խումբ թիմակիցների հետ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ տեղափոխվեց «Արարատ», որի կազմում 3-րդ անգամ վայելեց Հայաստանի գավաթի նվաճման բերկրանքը: Ճիշտ է, որակազրկման պատճառով Մկոյանին բախտ չվիճակվեց մասնակցելու «Ալաշկերտի» հետ կայացած գավաթի եզրափակչին և որպես ավագ ֆեդերացիայի նախագահից ստանալու պատվավոր մրցանակը:

Մեր ընտրանին

«Արարատի» ավագին ընթացիկ մրցաշրջանում առջևում ևս երկու հաճելի իրադարձություն է սպասում: Նա կարող է նշել Բարձրագույն խմբում 300-րդ խաղի հոբելյանը: Դրա համար անհրաժեշտ կլինի մասնակցել առաջնության մնացած 31 հանդիպումներից 25-ին: Իսկ մինչ այդ Մկոյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում 500-րդ խաղը կանցկացնի (ներառյալ նաև արտերկրի Բարձրագույն խմբի թիմերում անցկացրած հանդիպումները): Այդ հոբելյանը նշելու համար «Արարատի» պաշտպանին 15 խաղ է մնացել անցկացնելու:

Հրայր Մկոյանն իր ներկայիս ցուցադրած խաղով ու ֆունկցիոնալ պատրաստվածությամբ դեռ մի քանի մրցաշրջան կարող է օգտակար լինել «Արարատին»: Ի դեպ, նա տևական դադարից հետո հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու մոտակա պաշտոնական հանդիպումներին: Այնպես որ առաջիկա տարիներին ևս առիթներ կունենանք նրան շնորհավորելու հերթական հաճելի հոբելյանների համար:

14. Hrayr Mkoyan Armenia Romania VivaroNews.am  - Նշանակալի նվաճում՝ հավաքական վերադարձի նախաշեմին․ Հրայր Մկոյանը նման արդյունք գրանցած 13-րդ ֆուտբոլիստն է

Իսկ մինչ այդ, VNews.am-ը ներկայացնում է հայկական ակումբներում, ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականների կազմում պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԸՆԴ
1. Սարգիս Հովսեփյան 365 66 3 26 132 13 605
2. Հովհաննես Թահմազյան 461 83 6 20 6 6 582
3. Տիգրան Դավթյան 409 62 3 31 1 1 507
4. Գևորգ Կասպարով 348 56 5 21 29 2 10 471
5. Արթուր Քոչարյան 357 67 1 11 4 10 2 452
6. Կարեն Ալեքսանյան 324 52 4 21 25 15 10 451
7. Արարատ Հարությունյան 336 68 3 17 7 8 3 442
8. Արսեն Ավետիսյան 329 62 3 14 25 7 440
9. Արտակ Գրիգորյան 313 42 4 36 37 3 435
10. Աղվան Մկրտչյան 271 50 5 32 45 9 19 431
11. Սամվել Մելքոնյան 282 58 1 17 29 16 6 409
12. Ալեքսանդր Թադևոսյան 275 42 3 21 41 8 13 403
13. Հրայր Մկոյան 275 44 21 46 7 7 400
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա