Logo
ՍՊՈՐՏ / Ըմբշամարտ
Հեղինակ

Լիանա Մկրտչյան

04:52 / 03.07.2022Ըմբշամարտ
null

«Նշանակություն չունի՝ ով է մրցակիցը, եթե հաղթելու ցանկություն ունես». Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը՝ տպավորությունների մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Սուրեն Աղաջանյանը՝ անցկացնելով չորս գոտեմարտ ու տանելով մեկը մյուսից տպավորիչ հաղթանակներ: 

19-ամյա ըմբիշը VNews-ին պատմեց իր տպավորությունների, ադրբեջանցի մարզիկի նկատմամբ փայլուն հաղթանակի, ստացած փորձի ու առաջիկա մարտահրավերների մասին:

- Նախ՝ շնորհավորում ենք չեմպիոնության առթիվ. ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Հռոմից.

- Շատ լավ էի պատրաստվել առաջնությանը: Մեկնել էի Հռոմ ոսկե մեդալի հետևից: Սակայն կիսաեզրափակիչում ադրբեջանցի ըմբիշին հաղթելուց հետո անսպասելի արձագանքներ և ուշադրություն ստացա հայրենակիցներիս կողմից: Դա էլ ավելի ոգևորեց եզրափակիչ գոտեմարտից առաջ: Շատ ուրախ եմ, որ կարողացա ազգիս պատիվը բարձր պահել և դրական էմոցիաներ փոխանցել: Զգացողություններս պարզապես աննկարագրելի են: Նոր-նոր եմ գիտակցում, որ Եվրոպայի չեմպիոն եմ:

- Ու՞մ եք նվիրել Ձեր հաղթանակը.

- Հաղթանակս նվիրում եմ իմ ամբողջ ազգին: Ես զգացի նրանց ուրախությունը, որն ինձ փոխանցվեց: Հպարտ եմ, որ կարողացա նման պահ պարգևել նրանց: Հաղթանակը գլխավորապես նվիրում եմ մեր բանակին ու տղաներին, որոնք հիմա պաշտպանում են մեր սահմանները: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մարզիչներիս, որոնք ամեն ինչ արել էին ու ինձ հետ հավասար պայքարել են այս մեդալի համար:

- Սա Ձեր առաջին Եվրոպայի առաջնությունն էր երիտասարդների պայքարում ու միանգամից ոսկե մեդալ. ինչպե՞ս տրվեց հաղթանակն ու ո՞րն էր ամենաբարդ գոտեմարտը.

- Ինձ ամենից բարդ տրվել է եզրափակիչի գոտեմարտը վրացի ըմբիշի հետ, բայց ամենաուժեղ մրցակիցս եղել է կիսաեզրափակիչում Ադրբեջանի ներկայացուցիչը:

- Այնուամենայնիվ, հաղթանակի եք հասել խոշոր՝ 9-1 հաշվով. արդյոք լարվածություն չկա՞ր գոտեմարտից առաջ՝ հաշվի առնելով նրա փորձը: Նա Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնն է ու տարբեր մրցաշարերի մրցանակակիր.

- Այդ գոտեմարտից առաջ ավելի շատ կռիվ անելու ցանկություն ունեի, քանի որ ուրիշ տրամադրվածություն ունեի այդ մրցակցի դեմ: Կոպիտ ասած՝ թասիբի հարց էր:

- Իհարկե, Ձեր չեմպիոնությունն սպասելի էր, բայց որ նման խոշոր հաշիվներով կհաղթեք մրցակիցներին, անակնկալ էր: Ընդհանուր առմամբ՝ 32 միավոր եք վաստակել ու զիջել միայն 1-ը. արդյոք հակառակորդները զարմացա՞ծ էին.

- Մրցակիցներս միանշանակ զարմացած էին: Ես երկու անգամ մասնակցել եմ աշխարհի առաջնություններին ու որոշակի փորձ ունեի, բայց քանի որ մեդալներ չէի նվաճել, իմ կարծիքով՝ նրանք չէին հավատում, որ մեկ տարվա ընթացքում այդքան բան փոխված կլինի:

- Իսկ ի՞նչ է փոխվել մեկ տարում.

- Ավելի շատ եմ աշխատել ինքս ինձ վրա, սխալներս գրեթե ամբողջությամբ ուղղել եմ: Անկեղծ ասած՝ հիմա ափսոսում եմ այդ մեկ միավորի համար, որ տվեցի մրցակցիս:

Ի՞նչ տվեց Ձեզ այս մրցաշարը, ի՞նչ սովորեցիք.

- Ես հասկացա, որ նշանակություն չունի, թե ով է դիմացդ կանգնած ըմբիշը. եթե ցանկություն ունես հաղթելու ու կռիվ անելու, ուրեմն՝ դու դա կարող ես: Այդ մտքին հանգեցի կիսաեզրափակիչից հետո:

- Արդեն նշեցիք, որ հայ ազգը շատ բուռն է արձագանքել Ձեր հաղթանակին: Ըմբշամարտի աշխարհում, վստահ եմ, նույն պատկերն է եղել.

- Այո՛, Հայաստանից բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել, որոնց մինչև հիմա պատասխանում եմ: Միջազգային սպորտային կայքերը նույնպես անդրադարձել են իմ հաղթանակին, շնորհավորանքներ եմ ստացել նաև ըմբշամարտի աշխարհում հայտնի դեմքերից: Այս ամենն ավելի է ոգևորում ինձ: Հիմա պատրաստվում եմ աշխարհի առաջնությանը, որպեսզի այնտեղ էլ նույն խանդավառությամբ մտնեմ գորգ ու այս արդյունքը կրկնեմ նաև այնտեղ:

- Ինչպե՞ս եք պատրաստվելու օգոստոսին կայանալիք աշխարհի երիտասարդների առաջնությանը, ու ովքե՞ր են լինելու Ձեր հիմնական մրցակիցները.

- Աշխարհի առաջնությանը կնախապատրաստվենք ավելի ցածր ծանրաբեռնվածությամբ, քանի որ ժամանակը քիչ է: Ամենաուժեղ հակառակորդներս լինելու են Իրանի, Ադրբեջանի ներկայացուցիչները ու եթե Ռուսաստանին թույլ տան մասնակցել, ռուս մարզիկը:

- Իրանցի ըմբիշին արդյոք չե՞ք հանդիպել արդեն Իրանի մրցաշարում, որում վերջերս հաղթել եք.

- Ո՛չ, նա չէր մասնակցում այդ մրցաշարին: Իսկ ընդհանուր առմամբ, նախկինում նրան երկու անգամ պարտվել եմ, կարծում եմ, որ աշխարհի առաջնությանը նորից կհանդիպենք:

Լուսանկարները` UWW-ի

4 մեդալ՝ ըմբշամարտի հայրենիքից. Ավագ մարզիչն ամփոփեց Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Լրահոս