Logo

[Նոր գիրք] «Նոր օր». վեպ, որ 2019-ին Եվրոպայում ճանաչվեց լավագույնը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 03.03.2021Հեղինակներ
Հույննն - [Նոր գիրք] «Նոր օր». վեպ, որ 2019-ին Եվրոպայում ճանաչվեց լավագույնը

2019 թվականին Եվրոպական միության գրականության գլխավոր մրցանակը շնորհվեց հույն մի գրողի, որի անունն է Նիկոս Խրիսոս: Մրցանակի նա արժանացավ իր «Նոր օր» վեպի համար, վեպ, որը շուտով կկարողանանք կարդալ հայերեն թարգմանությամբ:

Եվրոմիության գրականության ոլորտում տրվող այս մրցանակը կարևոր նշանակություն ունի. այն փորձում է բացահայտել եվրոպական ժամանակակից գրականության լավագույն գրողներին, առանձնացնել նրանց ստեղծած կարևորագույն գործերը և միևնույն ժամանակ ընդգծել Եվրոպայի մշակութային և լեզվական ժառանգության յուրահատկությունը:

Նիկոս Խրիսոսի մասին

nikos xrisos 960x600 - [Նոր գիրք] «Նոր օր». վեպ, որ 2019-ին Եվրոպայում ճանաչվեց լավագույնը

Նիկոս Խրիսոսը հույն ժամանակակից գրող է, արձակագիր, վիպասան: Ծնվել է 1972-ին Աթենքում, սովորել Աթենքի Ազգային համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, ապա ուսանել է նաև ռեժիսուրա: Աթենքում մի հին գրքերի խանութ ունի:

Եթե լինեք Աթենքում, ապա անպայման այցելեք:

download - [Նոր գիրք] «Նոր օր». վեպ, որ 2019-ին Եվրոպայում ճանաչվեց լավագույնը

2009 թվականին Խրիսոսը ընթերցողի դատին հանձնեց իր առաջին վեպը, որ կոչվում է «Վերջին էջի առեղծվածը», իսկ արդեն 2018-ին՝ «Նոր օր» վեպը, որն էլ 2019-ին արժանացավ Եվրոմիության գրական գլխավոր մրցանակի:

2018-ի սեպտեմբերից նա «Նիկոս Կազանձակիսի ընկերների միջազգային ընկերության» (ISFNK) հունական բաժնի փոխնախագահն է:

«Նոր օր» վեպի մասին

images - [Նոր գիրք] «Նոր օր». վեպ, որ 2019-ին Եվրոպայում ճանաչվեց լավագույնը

Սյուժե

Դեկտեմբերյան մի գիշեր նավահանգստի մի մութ անկյունում երեք հոգի կենդանի-կենդանի հրկիզում են Սեբաստիան անունով մի անօթևանի: Երեք հանցագործներից ամենաերիտասարդը՝ Պողոսը, հանցագործության դաժանությունից ցնցված, փորձում էր սպանության պատճառները գտնել՝ հուսալով այդպես ազատվել խղճի անվերջանալի խայթոցերից: 

Իր տառապանքների հորձանուտում նա փորձում էր հավատալ, որ եթե կենդանացնի մահացածի պատմությունը, ապա նրան նոր կյանք կտա ու իր մեղքն էլ կսփոփի: Իրեն նվիրելով Սեբաստիանի կյանքին՝ հավատում է, որ կազատվի իր գործած ոճիրի պատիժից:

Զոհի անցած ճանապարհը, նախկին «հանգրվանները» որոնել-գտնելով՝ նրան ի վերջո հաջողվում է հայտնաբերել Սեբաստիանի ուղեկիցներին՝ Թեոսին, Մարկոնիսին, Լակիին և Յաննիսին, որոնց էլ խնդրում է պատմել իրենց ընկերության և «անհետ կորած» Սեբաստիանի մասին, և այդպիսով, առանց հասկանալու՝ ինչպես, հայտնվում է նոր ու տարօրինակ մի աշխարհում, որտեղ կորցնում է հոգու անդորրն ու հույսի վերջին շողերը…

Սեբաստիանի կյանքի դրվագներն ու նրա պատմած պատմությունները սկզբում պարզ ու սովորական են թվում, բայց ամեն բան խճճվում է, երբ չորս ընկերներից յուրաքանչյուրը նույն դեպքի մասին իրար հակասող բաներ է պատմում: 

Ի՞նչն է պատճառը, և ի՞նչն է նրանց դրդում տարբեր և հաճախ իրար հակասող վկայություններ տալ: Որտե՞ղ է ավարտվում առասպելը, և որտե՞ղ է սկսվում ճշմարտությունը:
Ի վերջո, ո՞վ էր Սեբաստիանը:

Ետընթաց դեպի դժոխք, թեթև զբոսանքներ դրախտում և մոլորված ետուառաջ լաբիրինթոսում, որտեղ էլ գուցե թաքնված է կյանքի իմաստը:

«Նոր օրը» վեպ է կյանքի ու մահվան մասին

«Նոր օրը» վեպ է անօթևանների, կյանքի, անարդարության ու արդարություն փնտրելու, լավին հավատալու ու հույսը կորցրած մարդկային հոգեբանության մասին: Նոր Կտակարանի «ճարտարապետության» կանոններով կառուցված այս հսկա վեպն իր սոցիալական ենթաշերտերով բավական լուրջ ու բավական նուրբ շոշափում է ողջ Եվրոպայի տնտեսական ու մշակութային ժամանակակից կյանքի հիմնական խնդիրները:

«Կարծում եմ լեզվի անսահման հնարավորությունների բացահայտումը, որն ինքնին մի քիչ սահմանափակ է ու ժամանակավոր, ինձ համար պատճառ դարձավ, որ սկսեմ գրել իմ սեփական պատմությունները: Առանց գրելու ու կարդալու կյանքն անտանելի կլիներ: Համենայն դեպս, ինձ համար: Ես նաև հասկացա, որ յուրաքանչյուր պատմություն ցավոտ, բայց ազատագրող պրպտումների արդյունք է: Իմ նոր վեպի հերոսներից մեկը, փորձելով ներկայացնել պատմությունները գրելու տեխնիկան, ասում է. «Պատմությունները մշտապես փոփոխվում են, եթե դրանք վերահսկողությունից դուրս ես թողնում: Միշտ էլ վտանգ կա, որ աճը կկանգնի ու բոնսայը կվերածվի ռումբի: Այսինքն պատմություն ստեղծողը նման է համբերատար այգեպանի, այն անգեպանին, որը բոնսայ է աճեցնում»: 

««Նոր օր» վեպը գրելու գաղափարը ծնվեց դեռ 10 տարի առաջ, երբ կարդացի Փարիզի մենաստաններից մեկում տեղի ունեցած սպանության մասին: …Տարիներ անց ես կարդացի մի ուրիշ սպանության մասին. Մոսկվայում երկու անօթևան էին սպանել, այրել էին կենդանի-կենդանի: Այրվող մարմնի տեսարանը մտքիցս չէր հեռանում: Սակայն, եթե ավելի անկեղծանամ, կարող եմ ասել, որ վեպս պատմություններ լսելու ծարավի մասին է: Գրքում պատմվում է կյանքի ու մահվան մասին, ոճիրի ու պատժի մասին, սոլիդարության ու ընկերության մասին, բայց ըստ էության այն պատումի ֆիզիկական ու մետաֆիզիկական փոխաբերության մասին է: 

Վեպը գրել եմ ութ տարում: Այդ ընթացքում ես տեքստից հեռացել եմ ու նորից վերադարձել, լիովին փոխել մի քանի գլուխներ, որոշները՝ ջնջել, նորից գրել», – պատմում է հեղինակը:

Սա մի բազմաձայն ու բազմաբնույթ վեպ է…

… որը պատմում է մի խումբ անօթևանների մասին, որոնք ապրում, թափառում ու մեռնում են Եվրոպայի հարավում գտնվող նավահանգիստներից մեկում: Հինգ ընկերներից մեկի՝ վեպի կենտրոնական ու կարևորագույն կերպարի՝ Սեբաստիանի դաժան սպանությունը ստիպում է մյուս չորս ընկերներին փնտրել ու գտնել նրա կյանքի ու մահվան առեղծվածները: Ամբողջ վեպը համեմվում է Սեբաստիանի ու նրա պատմությունների հիշողություններով: Ընկերները անվերջ հիշում ու վերապատմում են այն, ինչ իրենց ժառանգել էր Սեբաստիանը: Այսպիսով, աստիճանաբար ու անգիտակցաբար նրանք բոլորը դառնում են թշվառ հեքիաթասացներ, վերապատմողներ, որոնք հավատում են, թե սիրելի ավագ ընկերոջ պատմությունները վերապատմելով՝ կարող են վերակենդանացնել նաև Սեբաստիանին: Նրանց այս համոզմունքը ոչ թե մետաֆիզիկական է, այլ ավելի շուտ «տրանսցենդենտալ»: Նրանք գերբնական հատկություններ են տեսնում հենց պատմությունների, խոսքի մեջ, նրանց համար պատումը ասես կենդանի մի բան է՝ անմարմին, անխորտակելի ու հավիտենական:

«Նոր օրը» վեպ է ոչ էսթետիկ, ցածր, կեղտոտ ու անօթևան կյանքի մասին ամենաէսթետիկ ամենանուրբ, ամենաբարդ ու ամենաժանյակազարդ լեզվով գրված: Հարուստ ու մանրազնին նկարագորություններով, դանդաղ հոսքով ու տեղ-տեղ վարարուն տեմպով, վառ երևակայությամբ, երբեմն դառը ապտակ տվող հատվածներով, հույս ու հավատ ներշնչող էջերով, անչափ հուզիչ և տեղ-տեղ ահավոր ու զզվելի պատմություններով այն մարդկանց մասին, որոնք ապրում են այս աշխարհի մութ գետնանցումներում, այնտեղ, որտեղ քաղաքակրթության դրական կողմերը դեռ չեն ներթափանցել և չեն էլ ներթափանցելու, քանի որ այդ մարդիկ ապրում են ամեն բան ժխտելով, արհամարհելով, մերժելով ու ատելով, ապրում են իրենց աշխարհում՝ կեղտոտ, սոված, մրսած, մահերով, սարսափներով, ատելություններով լեզուն մի կյանք, որը արժևորվում է պատմություններով, այսինքն՝ գրականությամբ, այսինքն՝ տեքստի ուժով, այսինքն՝ այն համամարդկային գեղեցկություններով, որոնք փոխանցել կարող է միայն լեզուն, միայն խոսքը, միայն պատումը:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա