Logo

Նոր սկիզբ, նոր փուլ. Մխիթարյանը 5 մարտահրավեր ունի այս մրցաշրջանում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 20.08.2021ՍՊՈՐՏ
աս6ա6սա - Նոր սկիզբ, նոր փուլ. Մխիթարյանը 5 մարտահրավեր ունի այս մրցաշրջանում

Մեկնարկում է հերթական մրցաշրջանը ինչպես բոլոր ակումբների ու ֆուտբոլիստների, այնպես էլ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար: Հերթական մրցաշրջանը եվրոպական թոփ առաջնության թոփ ակումբում, հերթական պատմությունը, որ գրելու է Հենրիխն իր ու իր թիմերի համար, հերթական տարին՝ նոր նպատակներով:

Դեռ 2020/21 մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո՝ մինչև արձակուրդի մեկնելը Մխիթարյանը հստակեցրեց իր ապագան: Հենրիխը խոսեց թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, հասկացավ, որ բոլոր տարաձայնությունները մնացել են անցյալում ու որոշում կայացրեց մնալ «Ռոմայում»՝ թիմ, որտեղ նա իրեն հրաշալի է զգում: Հենրիխը միացավ թիմին մինչմրցաշրջանային հավաքներին, մասնակցեց ընկերական խաղերին՝ աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով: Հաշված ժամեր անց Մխիթարյանի ու ընկերների համար մեկնարկում է 2021/22 մրցաշրջանը՝ իր հետ բերելով նոր՝ անհատական և թիմային մարտահրավերներ: Ներկայացնում ենք դրանցից 5-ը:

Անհատական մարտահրավերներ

1. Պահել օպտիմալ ֆիզիկական մարզավիճակը

Պրեմիեր լիգայում ու «Ռոմայում» անցկացրած առաջին մրցաշրջանում Մխիթարյանի՝ վերջին տարիների գլխավոր խնդիրն ու խաղային անկայունության պատճառը վնասվածքներն էին: Լավագույն Հենրիխին, որ մեզ հիշեցրեց «Շախտյորում» ու «Բորուսիայում» փայլուն խաղով աչքի ընկնող ֆուտբոլիստին, մենք տեսանք 2020-ի ամռանը՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարից հետո: Այդ դադարը Մխիթարյանը գերազանց օգտագործեց՝ վերականգնելով ֆիզիկական մարզավիճակը: Դա Հենրիխին տվեց կայուն խաղաժամանակ, որն էլ, իր հերթին, տվեց արդեն կայուն բարձր խաղամակարդակ:

allenamento roma 12147315 large 960x655 - Նոր սկիզբ, նոր փուլ. Մխիթարյանը 5 մարտահրավեր ունի այս մրցաշրջանում

Մխիթարյանի գերխնդիրներից է լինելու այս մրցաշրջանում պահել վերջին մեկ տարվա ֆիզիկական մարզավիճակը: Միայն դրա շնորհիվ է, որ 30+ տարիք ունեցող ֆուտբոլիստն այդքան թեթևությամբ է տեղաշարժվում խաղադաշտում, կարողանում է արագություններ զարգացնել (ինչն առանցքային նշանակություն ունի Հենրիխի համար) և պահել տեղը թիմի մեկնարկային կազմում:

2. Ապացուցել Մոուրինյոյին, որ ինքը ճիշտ էր, իսկ նա՝ սխալ

Նախորդ մրցաշրջանի ավարտին անորոշ իրավիճակ էր «Ռոմայում»: Ոչ ոք չգիտեր՝ ինչ ուղղությամբ է գնալու ակումբը: Այն, որ Ֆոնսեկան հեռացվելու էր, կասկած չէր հարուցում, բայց ո՞վ էր գալու: Ճակատագրի հեգնանքով եկավ Հենրիխ Մխիթարյանի «ամենասիրելի» մարզիչը՝ Ժոզե Մոուրինյոն, որի հետ նա աշխատել էր «Մանչեսթեր Յունայթեդում»: Հենրիխը, Դորտմունդում անցկացնելով իր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը (23 գոլ, 32 ասիստ) մոտ 28 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՄՅՈւ՝ դառնալու մանչեսթերցիների հավակնոտ նախագծի գլխավոր անուններից մեկը, բայց…

Մխիթարյանին չհաջողվեց դառնալ այն խաղացողը, որ ակնկալում էին երկրպագուները՝ տարբեր պատճառներով: Թե ինչու չստացվեց նրա ու Մոուրինյոյի համագործակցությունը՝ ամբողջովին պարզ չէ բոլորին, բայց, կարծես, ֆուտբոլիստի ու «առանձնահատուկի» միջև ամեն ինչ հարթված է: Հարաբերություններում՝ գուցե, բայց խաղադաշտում Մխիթարյանը շատ բան ունի ապացուցելու Մոուրինյոյին: Յուրահատուկ «քամբեք» կլինի նրա կողմից՝ ևս մեկ անգամ Ժոզեի հետ աշխատելն ու այս անգամ դառնալ նրա համար առանցքային ֆուտբոլիստ, որ մշտական տեղ կունենա թիմի մեկնարկային կազմում: Նա կարող է դառնալ այն եզակիներից, որ փոխել է Մոուրինյոյի վերաբերմունքն իր հանդեպ:

Transfer news: 'Henrikh Mkhitaryan had a problem with Jose Mourinho' - Armenia boss Artur Petrosyan welcomes Arsenal move | Goal.com

Մխիթարյանի համար մարտահրավեր է նաև անհատական ցուցանիշների բարելավումը՝ վերջին տարիների համեմատ: Նախորդ մրցաշրջանում նա դարձավ 15 գոլի ու 13 ասիստի հեղինակ: Կկարողանա՞ ավելի լավ թվեր գրանցել այս մրցաշրջանում:

3. Տակտիկական սահուն անցում՝ Ֆոնսեկայի թիմից Մոուրինյոյի թիմ

Մխիթարյանի համար Պաուլու Ֆոնսեկայի սխեմաներն ու մարտավարությունը կատարյալ էր:

3-4-2-1 սխեմայում Հենրիխը խաղում էր «ինսայդի»՝ խաղարկող-եզրայինի դիրքում, այսինքն՝ Լորենցո Պելեգրինիի հետ գործում էր կենտրոնական հարձակվողի թիկունքում: Այդ սխեման հարձակման հարցում իրեն արդարացրեց, պաշտպանության հարցում՝ տապալվեց: Բնական է, որ Ժոզե Մոուրինյոյի գալուց հետո փոխվելու է թե՛ սխեման, թե՛ մարտավարությունը, թե՛, հետևաբար, Մխիթարյանի դերը թիմում:

Հենրիխի մարտահրավերներից մեկը նաև այն է, որ նա կարողանա այդ անցումն անել անցնցում, որպեսզի իր խաղամակարդակի վրա դա բացասական ազդեցություն չունենա: Մոուրինյոն, ինչպես ցույց տվեցին մինչմրցաշրջանային խաղերը, դավանելու է իր ավանդական 4-2-3-1 սխեմային: 2 կենտրոնական կիսապաշտպան՝ մեկը կամ երկուսն էլ հենակետային, որոնց առջևից կխաղան 2 վինգեր, մեկ խաղարկող, իսկ առջևում կգործի կենտրոնական հարձակվողը:

Henrikh Mkhitaryan offers insight into his relationship with Jose Mourinho | Sportslens.com

Մոուրինյոն անցկացրած 8 խաղում Մխիթարյանին 2 անգամ օգտագործեց խաղարկողի դիրքում, իսկ մնացած դեպքերում հարձակման եզրերում, ընդ որում՝ թե աջ, թե ձախ: Ամեն ինչ կախված է լինելու մեկնարկային կազմից: Եթե, օրինակ, Մխիթարյանը խաղադաշտում լինի Ձանիոլոյի և Էլ Շարավիի կամ Կառլես Պերեսի հետ, ապա կխաղա հարձակվողի թիկունքում, իսկ եթե խաղադաշտում լինի Լորենցո Պելեգրինին, ապա նա կտեղափոխվի եզր: Հուսանք՝ Հենրիխը երկու դիրքում էլ ցույց կտա նույնքան արդյունավետ ու որակյալ ֆուտբոլ, որ տեսել ենք վերջին 1 տարվա ընթացքում:

Թիմային մարտահրավերներ

4. Հայաստանի հավաքականի հետ անցկացնել հաջող ընտրական փուլ

Շուտով մեկնարկում է աշխարհի 2022 թվականի առաջնության նախընտրական փուլի հերթական խաղերը:

Բարեբախտաբար՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ մեր ընտրանին իր J խմբում առաջին 3 տուրից հետո ունի 100 տոկոսանոց ցուցանիշ՝ 3 հաղթանակ ու միանձնյա առաջատարի դիրք: Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը գրանցեց անկախ Հայաստանի պատմության գրեթե բոլոր ռեկորդները: Ընդ որում՝ դա արեց առանց առաջատարի՝ Հենրիխ Մխիթարյանի, որը մարտին վնասվածք ուներ ու չկարողացավ օգնել հավաքականին:

Watch Pepe spark brawl in friendly vs Roma after clattering into Mkhitaryan - Opera News

Ամենաբարդը Հայաստանի հավաքականի համար սկսում է հիմա: Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղին չեն մասնակցելու Խորեն Բայրամյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վարազդատ Հարոյանը՝ որակազրկման պատճառով: Հենց այդ խաղին է Կապառոսն ամենից շատ ունենալու Մխիթարյանի կարիքը: Հյուսիսային Մակեդոնիայի խաղին հաջորդելու է ամենաբարդ խաղը՝ Գերմանիայի դեմ արտագնա հանդիպումը: Սեպտեմբերյան «տուրը» կեզրափակենք Լիխտենշտեյնի դեմ տնային խաղով: Հենրիխ Մխիթարյանի խաղից ու առաջատարի հատկանիշներից շատ բան է կախված լինելու առաջիկա երեք խաղերին: Սա հիանալի հնարավորություն է հավաքականին օգնելու՝ Կատարի ճանապարհին ու Կապառոսի թիմում ավելի մեծ դեր և ներգրավվածություն ունենալու տեսանկյունից:

5. «Ռոմայի» համար ապահովել ավելի լավ արդյունք

Հենրիխի համար «Ռոմայում» խաղալն անհատական տեսանկյունից լավ է: Հռոմում նա առաջատար է, ունի անհատական լավ ցուցանիշներ, վայելում է ֆուտբոլը և ուրախացնում հայ երկրպագուներին:

Բայց Մխիթարյանի՝ «Ռոմայում» խաղալու ժամանակահատվածում հռոմեացիների մոտ անկումային էտապ է: 2019/20 մրցաշրջանում «Ռոման» Ա սերիայի խաղարկությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, Եվրոպա լիգայում հասավ մինչև 1/4 եզրափակիչ: 2020/21 մրցաշրջանում ամեն ինչ ավելի տխուր էր, քան կանխատեսվում էր: Ա սերիայում՝ 7-րդ հորիզոնական, Եվրոպա լիգայում հասավ մինչև կիսաեզրափակիչ, բայց ավելի լավ կլիներ դուրս մնալ մրցաշարից ավելի վաղ փուլում, քան պարտվել «Մանչեսթեր Յունայթեդին» 6-2 հաշվով: «Ռոման» իր առջև դրված գլխավոր առաջադրանքը Ֆոնսեկայի օրոք չկատարեց. լավագույն քառյակ չմտավ, կայուն խաղն էլ չստացվեց:

Մեր ընտրանին

Այժմ եկել է Մոուրինյոն ու թիմն ավելի հավակնոտ է դարձել, կատարել է տրանսֆերներ, որոնցից ամենաուշագրավը Տեմի Աբրահամն է՝ 40 մլն եվրոյի դիմաց: Մխիթարյանից շատ բան կախված է «Ռոմայի» հաջողություններում, բայց ոչ ամեն ինչ: Հենրիխի մարտահրավերներից է նաև հռոմեական թիմի համար ապահովել ավելի լավ արդյունք մրցաշրջանի վերջում: Վերադարձ Չեմպիոնների լիգա: Եթե Հենրիխը թեկուզ փոքր նվաճման չհասնի «Ռոմայի» հետ, նրա կարիերան Հռոմում կիսատ կլինի:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա