Logo

Նորամուտի խաղերում փայլելու վարպետ Վահան Բիչախչյանը և Մոսկվայի «Արարատի» նոր մարզիչը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 17.08.2017Հայկական ֆուտբոլ
93eb59ec002ac3be8f60be53a4ca9e4d - Նորամուտի խաղերում փայլելու վարպետ Վահան Բիչախչյանը և Մոսկվայի «Արարատի» նոր մարզիչը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 16-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Սլովակիայի գավաթ, 1/64 եզրափակիչ. «Դոբրո Նիվա» 0-7 «Ժիլինա». Վահան Բիչախչյանը նորամուտն է նշել Սլովակիայի չեմպիոնի գլխավոր թիմում՝ մասնակցելով միայն երկրորդ խաղակեսին ու աչքի ընկնելով խաղադաշտ մտնելուց 2 րոպե անց՝ 47-րդ րոպեին: «Ժիլինան» պայքարը կշարունակի 1/32 եզրափակչում: Վահանը մինչ այս հասցրել էր գոլի հեղինակ դառնալ նաև «Ժիլինայի» 2-րդ թիմի կազմում, ընդ որում՝ կրկին նորամուտի մրցավեճում:

«Լոռի ՖԱ»-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյան. «Ցանկանում եմ ներողություն խնդրել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում օգոստոսի 14-ին կայացած խաղի ժամանակ պատճառված անհարմարությունների համար: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այս տարի սկսում ենք Վանաձորի Քաղաքային մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, որի ավարտից հետո Լոռու մարզը կունենա ժամանակակից մարզադաշտ»:

Սերբ կիսապաշտպան Ստեվան Ժիվկովիչը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել «Գանձասար-Կապանի» հետ։ 27-ամյա ֆուտբոլիստը հարձակվողական ոճի կիսապաշտպան է։ Նախկինում հանդես է եկել Չեռնոգորիայի և Սերբիայի Բարձրագույն խմբի առաջնությունների մի շարք թիմերում։ Ժիվկովիչի վերջին ակումբը եղել է շվեդական «Ամալը»։

20786029 2008196309399331 4220396262333762049 o - Նորամուտի խաղերում փայլելու վարպետ Վահան Բիչախչյանը և Մոսկվայի «Արարատի» նոր մարզիչը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Թովմաս Գրիգորյան. ««Լոռի ՖԱ»-ում հանդես են գալիս Լոռու մարզը ներկայացնող 2 ֆուտբոլիստներ՝ թիմի ավագ Գուրգեն Մաթևոսյանը և Դավիթ Փարեմուզյանը: Եվ ավագի թևկապը վանաձորցուն հանձնելը պատահականություն չէ: Մենք Վանաձորում ունենք նաև ժամանակակից ֆուտբոլի ակադեմիա, որի լավագույն սաները կհամալրեն ինչպես «Լոռին», այնպես էլ Բարձրագույն խմբի այլ թիմերը և գուցե հայտնվեն Եվրոպայում»:

Օգոստոսի 25-ին և 27-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ Ղազախստանում մրցելով այդ երկրի հասակակից ընտրանու հետ: Գլխավոր մարզիչ Տիգրան Առաքելյանն ընտրանի է հրավիրել 24 ֆուտբոլիստների, որոնցից 13-ը ներկայացնում են «Բանանցը», 4-ը՝ «Փյունիկը», 3-ը՝ «Ավան Ակադեմիան», 1-ական՝ «Շիրակը», Սամարայի «Կռիլյա Սովետովը», Ռոստոկի «Հանզան» և Մոսկվայի «Լոկոմոտիվը»:

Հայազգի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը, ով օրերս հեռացել էր «Անժիի» գլխավոր մարզչի պաշտոնից, ստանձնել է Մոսկվայի «Արարատի» ղեկը: Գրիգորյանն ավելի վաղ գլխավորել է նաև «Նիժնի Նովգորոդը», «ԲՄԱ-Էներգիան», «Լուչ-Էներգիան», «Տոսնոն» և Տաշքենդի «Պախտակորը»:

1FhlPY3SffQ - Նորամուտի խաղերում փայլելու վարպետ Վահան Բիչախչյանը և Մոսկվայի «Արարատի» նոր մարզիչը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Լատվիայի գավաթ, 1/4 եզրափակիչ. «Վենտսպիլս» 1-2 «Լիեպայա». Վիուլեն Այվազյանը փոխարինման է մտել 75-րդ րոպեին: «Վենտսպիլսը» դուրս է մնացել գավաթի խաղարկությունից:

Օգոստոսի 9-12-ը Հայաստան Մ-19 աղջիկների հավաքականն անցկացրել է ուսումնամարզական հավաք Հանքավանում: Թիմը նաև անցկացրել է ընկերական հանդիպումներ ԱՄՆ Օկլահոմա նահանգի մինչև 19 տարեկան աղջիկների «Բիզոն» թիմի դեմ: Օգոստոսի 9-ին մեր հավաքականը պարտվել է 1-3 հաշվով, օգոստոսի 10-ին հաղթել է 2-1 հաշվով, օգոստոսի 11-ին՝ ևս առավելության է հասել 1-0 հաշվով:

«Ռեալ Սոլթ Լեյքն» ՄԼՍ-ի 25-րդ տուրում 1-0 հաշվով հաղթել էր «ԴՍ Յունայթեդին»: Յուրա Մովսիսյանը փոխարինման էր մտել 68-րդ րոպեին: Rslsoapbox.com-ը նրա խաղը 10 բալանոց համակարգով գնահատել է 5,5: Կայքը գրել է. «Յուրան հանդես չեկավ այնպես, ինչպես պետք էր իր իրավիճակում, բայց նա աչքի ընկավ իր խաղընկերների համար ստեղծած արդյունավետ մի քանի գործողություններով»:

Շվեյցարիայի 2-րդ դիվիզիոն, 3-րդ տուր. «Ստադ Նիոն» 0-2 «Իվերդոն». Հրաչ Յագանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ ստանալով դեղին քարտ: «Ստադ Նիոնն» ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա