Logo

Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 06.05.2021ՍՊՈՐՏ
champions league final - Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում անգլիական թիմեր են։ Մի կողմից պատմության մեջ առաջին անգամ գլխավոր եվրագավաթի եզրափակիչ հասած «Մանչեսթեր Սիթին» է, մյուս կողմից՝ «Չելսին», որը 2012-ին հաղթել է մրցաշարում։ Չեմպիոնների լիգայի/Եվրոպական Չեմպիոնների գավաթի պատմության մեջ սա լինելու է 8-րդ դեպքը, երբ նույն երկրի երկու թիմեր հանդիպում են եզրափակիչում։ Մաքուր անգլիական 3-րդ դիմակայությունը՝ ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։ Նույնքան են նաև իսպանական եզրափակիչները, մեկական անգամ էլ հանդիպել են գերմանական ու իտալական ակումբներ։ VNews-ը վերհիշել է այդ բոլոր եզրափակիչները։

1999/2000 «Ռեալ Մադրիդ» – «Վալենսիա»

real madrid players celebrating after 2000 uefa champions league final in paris 960x540 - Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Եվրոպական Չեմպիոնների գավաթն առաջին անգամ անցկացվեց 1955/56 թվականներին։ Մրցաշարը իր ամբողջ գոյության ընթացքում այդպես էլ չունեցավ եզրափակիչ, որում նույն երկրի թիմեր խաղային։ 1992 թվականի մրցաշրջանից Եվրոպական Չեմպիոնների գավաթը անվանափոխվեց ու դարձավ մեր «հին» և բարի Չեմպիոնների լիգան։ Առաջին անգամ նույն երկրի երկու թիմեր եզրափակիչում խաղացին 1999/2000 թվականների խաղարկությունում։ Եզրափակիչ էին հասել իսպանական երկու թիմեր՝ «Ռեալն» ու «Վալենսիան»։ Վերջիններիս համար այդ տարիներն իսկապես շքեղ էին։ «Վալենսիան» երկու տարի անընդմեջ խաղաց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Դժվար է հավատալը, բայց 2000 թվականի եզրափակիչում նրանց նույնիսկ ֆավորիտի կարգավիճակ էին տալիս։ Կային անուններ, որոնք եղանակ էին փոխում դաշտում․ Գաիսկա Մենդիետա, Միգել Անխել Անգուլո։ Բայց «Ռեալն» այդ երեկո ուժեղ էր մրցակցից ու հաղթեց 3-0 հաշվով։

Իսպանական ֆուտբոլն այդ տարիներին մեծ վերելք էր ապրում։ «Բարսելոնայի» որոշակի անկում ապրած խաղի ֆոնին գերազանց ֆուտբոլ էին ցուցադրում «Վալենսիան», «Դեպորտիվոն»։ Պատահական չէ, որ հենց իսպանական ակումբներն արեցին ներազգային եզրափակիչների բացումը Չեմպիոնների լիգայում։

2002/2003 «Միլան» – «Յուվենտուս»

milan v juventus 2003 was the champions league final really as bad as we remember it 960x630 - Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Մաքուր իտալական դեռևս միակ եզրափակիչը Չեմպիոնների լիգայում։ Որ թիմերը, եթե ոչ հենց «Միլանն» ու «Յուվենտուսը» պետք է մասնակցեին այս խաղին։ Հիմնական ու լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին։ Հետխաղյա հարվածաշարում ավելի դիպուկ էին «ռոսոներիները»։ Կազմում ունենալով Ձամբրոտային, Դել Պիերոյին, Տրեզեգեին, Թյուրամին, Բուֆոնին ու Կամորանեզիին՝ «Յուվեն» ի զորու չեղավ նվաճելու գլխավոր եվրագավաթը։ Նրանց դիմակայում էին «Միլանի» գերհզոր կազմի անդամները՝ Մալդինի, Նեստա, Պիռլո, Գատուզո, Շևչենկո, Ինձագի, Զեդորֆ։ Ի դեպ, այս եզրափակիչը երկրպագուների ու փորձագետների կարծիքով՝ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաանհետաքրքիր հանդիպումն է եղել այս փուլում։

2007/08 «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի»

man utd 960x540 - Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Անգլիական առաջին եզրափակիչն ուներ ամեն ինչ․ գեղեցիկ գոլեր, դրամատիկ վրիպումներ, հորդառատ անձրև ու այս ամենը Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում։ Ռուս բիզնեսմեն Ռոման Աբրամովիչի թիմը վերջապես հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Նրանց դիմակայելու էր «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կրիշտիանու Ռոնալդուի գոլին առաջին կեսի վերջում պատասխանեց Ֆրենկ Լեմպարդը։ Այս ներազգային եզրափակիչում ևս ամեն ինչ որոշվելու էր հետխաղյա հարվածաշարով։ Տերիի սայթաքումը հիշեցի՞ք, իսկ Ռոնալդուի վրիպու՞մը։ Ի վերջո պորտուգալացի աստղը անձրևոտ խոտածածկին ավելացնելու էր իր երջանկության արցունքները, որոնք արձանագրում էին նրա առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց գերդրամատիկ եզրափակիչում։

Մեր ընտրանին

2012/13 «Բավարիա» – «Բորուսիա» Դ․

Մաքուր գերմանական եզրափակիչ եղավ մի մրցաշրջանում, որում դրան այդքան էլ չէին սպասում։ Այստեղ անակնկալ մասնակիցը Դորտմունդի «Բորուսիան» էր։ Յուրգեն Կլոպը ուղղակի զարմանահրաշ թիմ էր ստեղծել, որը հասավ մինչև եզրափակիչ ու մինչև վերջ կռիվ տվեց այնտեղ «Բավարիայի» հետ։ Ժամանակակից ֆուտբոլում մաքուր գերմանական եզրափակիչ տեսնելը բարդ է։ «Բավարիան» ուժեղ է բոլորից, բայց մյուսները այս փուլ հասնելու համար պետք է շատ ջանք գործադրեն։ Ճիշտ է՝ անցած տարի նման սցենար կարող էր լինել, եթե «ՌԲ Լայպցիգը» պայքարից դուրս թողներ ՊՍԺ-ին։

robben ima 200513 960x540 - Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

«Բավարիայի» ու «Բորուսիայի» միջև կայացած եզրափակիչը չափազանց հետաքրքիր ստացվեց։ Գուցե այստեղ էլ կարող էր ամեն ինչ որոշվել լրացուցիչ ժամանակում, կամ էլ հետխաղյա հարվածաշարում։ Բայց Արիեն Ռոբենի գոլը վճռորոշ եղավ ու հաղթանակ բերեց «Բավարիային», հաղթանակ, որին նրանք այդքան երկար էին սպասել։

2013/14 «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո»

mq8uewrbtbzy 960x540 - Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Մադրիդ-Վալենսիա, Միլան-Թուրին, Մանչեսթեր-Լոնդոն, Մյունխեն-Դորտմունդ ու վերջապես Մադրիդ-Մադրիդ։ Մադրիդյան դերբին Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դեռևս միակ ներքաղաքային դիմակայությունն է, որը զարդարել է եզրափակիչը, այն էլ երկու անգամ։ «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի/Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակիչում ընդհանուր առմամբ երեք անգամ է խաղացել, որոնցից երկուսը նույն քաղաքի ոխերիմ մրցակցի հետ։ Հենց «Ատլետիկոյի» հետ խաղում «Ռեալը» հաղթեց այդքան սպասված «դեսիման»՝ Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը։

2015/16 «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո»

Երկու տարի անց «Ռեալն» ու «Ատլետիկոն» նորից հայտնվեցին եզրափակիչում։ Եթե 2014-ին նրանց մուտքը առավել քան տրամաբանական էր, ապա 2016-ին այսպիսի եզրափակիչն այդքան էլ սպասելի չէր։ 2014-ին «ռոխիբլանկոսները» հաղթել էին Լա լիգայում ու ֆանտաստիկ ֆուտբոլ էին խաղում։ «Ռեալն» էլ երկրի գավաթակիրն էր ու շատ գեղեցիկ ֆուտբոլ էր խաղում։ 2016-ին «Ռեալում» հետբենիտեսյան շրջան էր։ Զինեդին Զիդանի գլխավորությամբ նրանք բարդ մրցաշրջան անցկացրին, մինչև վերջ պայքարեցին չեմպիոնության համար, բայց առաջնությունն ավարտեցին երկրորդ տեղում։ «Ատլետիկոն» երրորդն էր։ Իսկ Չեմպիոնների լիգայում նրանք նորից հասան եզրափակիչ։

image 960x628 - Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Ռևանշի համար «Ատլետիկոյին» շատ քիչ չհերիքեց։ Հետխաղյա հարվածաշարում «Ռեալը» հաղթեց իր իսկ սան՝ Խուանֆրանի վրիպումի արդյունքում։ Ռևանշ չեղավ, իսկ ՈւԵՖԱ-ն սկսեց զգուշանալ նույն եզրափակիչների կրկնությունից։ Հենց այդ պատճառով մյուս տարի այս թիմերի ճանապարհները խաչվեցին կիսաեզրափակիչում։ Ի դեպ, այդ մասին ու ոչ միայն VNews-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի հինգ հիշարժան խաղ։

2018/19 «Լիվերպուլ» – «Տոտենհեմ»

thumb 88334 default news size 5 - Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայացած այս հանդիպումը մաքուր անգլիական երկրորդ եզրափակիչն էր։ Երկրպագուների շրջանում կա այսպիսի մի տեսակետ․ 2018/19 թվականների Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը լավագույնն էր, իսկ եզրափակիչը՝ վատագույնը։ Ու իսկապես, անշուք եզրափակիչում «Լիվերպուլը» հաղթեց մրցակցին։ Փորձագետներն այս խաղը համեմատում էին ներազգային մեկ այլ եզրափակիչի հետ՝ ասելով, որ սա 2003-ի «Միլան» – «Յուվենտուսից» հետո ամենաանհետաքրքիր խաղն էր։ Ֆուտբոլային հանրությունը կամաց-կամաց գալիս էր այն եզրահանգմանը, որ նույն երկրի երկու թիմերի մասնակցությամբ եզրափակիչները հիմնականում ձանձրալի ու անհետաքրքիր են լինում, չէ՞ որ այդ թիմերը շատ լավ են ճանաչում իրար ու տարվա ընթացքում ներքին առաջնությունում առնվազն երկու անգամ հանդիպում են։

2020/21 «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի»

Մանչեսթեր և Լոնդոն քաղաքների թիմերը երկրորդ անգամ կհանդիպեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Սակայն այս անգամ «Չելսիի» մրցակիցը ոչ թե «Յունայթեդն» է, այլ «Սիթին»։ Նրանք առհասարակ առաջին անգամ են այստեղ։ Փորձը ցույց է տալիս, որ նույն երկրի թիմերը միմյանց դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հազվադեպ են դիտարժան խաղ ցուցադրում։ Արդեն հիմա կան տեսակետներ, որ ֆուտբոլասերներին ձանձրալի եզրափակիչ է սպասվում։ Մի կողմից Պեպ Գվարդիոլան է, որը երկար տարիների դադարից հետո ուզում է հաղթել այս մրցաշարում, մյուս կողմից՝ Թոմաս Տուխելն է, որն ապացուցելու շատ բան ունի։ Նա կես տարում հիանալի աշխատանք կատարեց ու «Չելսիին» դուրս բերեց եզրափակիչ։ Ի դեպ, գլխավոր հանդիպումը կայանալու է Ստամբուլում, որը Չեմպիոնների լիգայի ամենախելահեղ եզրափակիչն ընդունած քաղաքներից է։ 2005 թվականին հենց այնտեղ «Լիվերպուլը» պատմական քամբեք իրականացրեց «Միլանի» դեմ խաղում։

***

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկար տարիներ ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում նույն երկրի տարբեր թիմեր չեն հասնում եզրափակիչ, իսկ վերջին 21 տարում դա լինում է արդեն 8-րդ անգամ։ Բարդ է տրամաբանական ու հիմնավոր պատասխան գտնել, բայց սա միանշանակ ֆուտբոլի զարգացման ցայտուն օրինակ է։ Ժամանակին եվրոպական ամեն երկրում կար ընդգծված ուժեղ թիմ․ «Ռեալը»՝ Իսպանիայում, «Բավարիան»՝ Գերմանիայում, «Լիվերպուլը»՝ Անգլիայում, «Բենֆիկան»՝ Պորտուգալիայում և այլն։ Այս թիմերը ժամանակի ընթացքում փոխվում էին։ Սա պատճառներից մեկն է, որ նույն երկրի երկու թիմ եզրափակիչ չէին հասնում։ Դժվար էր գտնել մի պահ, երբ նույն երկրից երկու թիմ կարող էր այնքան ուժեղ լինել, որ հասներ եզրափակիչ։

Ժամանակակից ֆուտբոլում շատ բան է փոխվել։ Օրինակ Անգլիայում ու Իսպանիայում (հենց այս երկրների թիմերն են ամենաշատը խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում միմյանց դեմ) կան բազմաթիվ թիմեր, որոնք կարող են ամեն տարի պայքարել թե՛ չեմպիոնության, թե՛ Չեմպիոնների լիգայի համար։  Ի դեպ, մի քանի օրից «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» հանդիպելու են Անգլիայի Պրեմիեր լիգայում ու հենց այդ խաղում Պեպ Գվարդիոլայի թիմը կարող է նվաճել հերթական գավաթը։ Թիմերը իրար ավելի լավ ճանաչելու ևս մեկ շանս ունեն, բայց դրանից գուցե տուժի եզրափակիչի դիտարժանությունը․․․

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա