Logo

Նույն գետը՝ 3-րդ անգամ. Ինչու է եկել Լուկակուի ու «Չելսիի» վերամիավորման պահը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 06.08.2021ՍՊՈՐՏ
as6sad6 1 - Նույն գետը՝ 3-րդ անգամ. Ինչու է եկել Լուկակուի ու «Չելսիի» վերամիավորման պահը

#Here we go. «Չելսին» վստահ է, որ շուտով կգնի Ռոմելու Լուկակուին «Ինտերից»: Ակումբները բանակցությունների մեջ են և նոր՝ ավելի շահավետ առաջարկը լոնդոնյան ակումբը կներկայացնի շուտով: Լուկակուն կստանա տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ՝ չհաշված բոնուսները: Բելգիացին համաձայնել է տեղափոխվել «Չելսի», – գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն, որը, եթե ասում է, ուրեմն «մի բան գիտի»:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելն էլ ժամերի տարբերությամբ մեկնաբանել է տրանսֆերը: Գերմանացին, նախ, խուսափել է «խորանալ» թեմայի մեջ. «Ես չեմ ուզում խոսել այլ թիմերի ֆուտբոլիստների մասին։ Նա հիանալի խաղացող է, բայց նա «Ինտերում» է, դրա համար էլ չեմ խոսի նրա մասին»: Ժամեր անց, սակայն, Տուխելի հռետորաբանությունը փոխվել է՝ ենթադրաբար իրավիճակի փոփոխությունից հետո. «Իհարկե, շատ ֆուտբոլիստներ ցանկանում են տեղափոխվել մեր թիմ: Կան խաղացողներ, որոնք, ինչպես մենք կարծում ենք, լավ ձեռքբերում կհամարվեն ու կուժեղացնեն թիմը», – նշել էր Տուխելը:

Ամեն ինչ տանում է նրան, որ Լուկակուն ու «Չելսին» կվերամիավորվեն՝ արդեն երրորդ անգամ: Լուկակու-Չելսի «սիրավեպը» գալիս է շատ հեռվից և ունի երկար նախապատմություն:

«Անդերլեխտի» տաղանդն ու «նոր Դրոգբայի» հույսերը

2010-11 թվականներին պատրաստվում էին սերնդափոխության, մասնավորապես՝ Դիդյե Դրոգբայի հեռանալուն: Ռոման Աբրամովիչն ու սթաֆը հետևում էին երիտասարդ գոլահարների, որոնք կփոխարինեին իվուարցի հարձակվողին: «Չելսիի» ընտրությունը կանգ առավ այդ տարիների ամենախոստումնալից ֆուտբոլիստի՝ «Անդերլեխտի» հարձակվող Ռոմելու Լուկակուի վրա, որը, բացի արդյունավետ լինելուց, խաղային մի շարք գործոններով նման էր հենց Դրոգբային. Դրոգբայի պես արագ, ֆիզիկապես ամուր, դիպուկ հարվածներով ու երկրորդ հարկում լավ խաղով: «Չելսին» չվարանեց ու գնեց բելգիացուն:

Lukaku trains with Anderlecht amidst uncertainty over Manchester United future | MARCA in English

Առաջին մրցաշրջանում Լուկակուն գրեթե խաղաժամանակ չստացավ, «Չելսին» որոշեց վարձակալությամբ զիջել բելգիացուն «Վեսթ Բրոմվիչին»՝ այնտեղ աճելու և ավելի պատրաստ վերադառնալու համար:

11-մետրանոցի վրիպումն ու հուսահատ բաժանումը

2013 թվականին՝ «Վեսթ Բրոմում» 1 արդյունավետ մրցաշրջան անցկացնելուց հետո (38 խաղ, 17 գոլ՝ ՄՅՈւ-ի դարպասն էլ խփած հեթ-տրիկ) Լուկակուն վերադարձավ «Չելսի»՝ մնալու տրամադրվածությամբ: Բելգիացին ստացավ իր շանսը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Բավարիայի» դեմ խաղում: Այնպես ստացվեց, որ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ճակատագրական հարվածը կատարելու պատասխանատվությունն ընկավ 20-ամյա Լուկակուի ուսերին: Պատկերացրեք՝ մրցակիցը դիպուկ է իրացրել իր բոլոր՝ 5 հարվածները, և այժմ հերթը քոնն է՝ հաշիվը 5-5 դարձնելու համար, դու 20 տարեկան ես՝ բոլորի ուշադրության կենտրոնում, իսկ դիմացդ կանգնած է աշխարհի ամենաինքնավստահ դարպասապահ Մանուել Նոյերը: Լուկակուն չդիմացավ ճնշմանն ու վրիպեց:

images.daznservices.com/di/library/GOAL_INTERNA...

Օրեր անց հայտարարվեց Լուկակուի՝ «Էվերթոն» տեղափոխության մասին՝ վարձակալական հիմունքներով: Շատերը՝ իմանալով «Չելսիի» այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ երիտասարդ տաղանդներին «փչացնելու» հատկությունը, արագ եզրակացություններ արեցին ու մեղադրեցին պորտուգալացուն՝ այդ 11-մետրանոցի վրիպման համար Լուկակուին թիմից վտարելու հարցում: Բայց Մոուրինյոն հայտարարեց, որ ամենևին էլ տեղյակ չէ՝ ինչու և ինչպես նա հեռացավ թիմից. «Նա ինձ երբեք չասաց՝ ինչու է վարձավճարով տեղափոխվում «Էվերթոն»: Ինչո՞ւ չես ասում քո արարքի պատճառները: Եթե ինչ-որ բան ես անում, պետք է բացատրես պատճառները: Այստեղ գտնվող բոլորը ցանկանում են իմանալ ամեն ինչ», – հայտարարեց Ժոզեն:

Հետագայում Լուկակուն հաստատեց Մոուրինյոյի խոսքերը՝ նշելով, որ իսկապես ինքն է այդ վրիպումից ուժեղ հոգեբանական հարված ստացել և որոշել գոնե ժամանակավորապես հեռու լինել «Չելսիից». «Ես եմ խնդրել ակումբի ղեկավարությանն ինձ բաց թողնել վարձավճարով: Մոուրինյոն առաջինն էր, որ ինձ հաջողություն մաղթեց: Ես հարգում եմ նրան ու երբեք խնդիր չեմ ունեցել իր հետ»:

Մեր ընտրանին

Լուկակուի կյանքը՝ առանց «Չելսիի»

2013/14 մրցաշրջանը Լուկակուն վարձավճարով անցկացրեց «Էվերթոնում», խփեց 16 խաղ 33 խաղում: Լուկակուն հասկացավ, որ վերջապես գտել է իր տեղը ու չգնաց արկածախնդրության, չվերադարձավ «Չելսի», ոչ էլ 21 տարեկանում համարձակվեց թոփ ակումբ տեղափոխվել: Բելգիացին 5 տարվա պայմանագիր կնքեց «Էվերթոնի» հետ, լիվերպուլյան ակումբն էլ իր պատմության ամենաթանկարժեք գործարքը կնքեց՝ «Չելսիին» վճարելով 28 մլն ֆունտ ստեռլինգ:

Լուկակուն աստիճանաբար առաջատարի կարգավիճակ ձեռք բերեց նոր թիմում՝ վերցնելով 10 համարի մարզաշապիկը և հաստատվելով մեկնարկային կազմում: 2014/15 մրցաշրջանում Big Rom-ը անցկացրեց 48 խաղ ու խփեց 20 գոլ: Հաջորդ 2 մրցաշրջաններում նա բարձրացրեց իր արդյունավետությունը: 2015/16-ին նա խփեց 25 գոլ, 2016/17-ին՝ 26 գոլ: Լուկակուն դարձավ Պրեմիեր լիգայի պաշտպանների մղձավանջը, նրա համար տարբերություն էլ չկար՝ որ թիմի դեմ է խաղում. իր գոլերը նա խփում էր:

Chelsea target Lukaku has 'promise' that Everton will let him leave

2017-ին Լուկակուն զգում է, որ կրկին հասունացել է կարիերայում թռիչք կատարելու պահը: Նրանով հետաքրքրվում են «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը». Լուկակուն ընտրում է ՄՅՈւ-ն, «Չելսի» է տեղափոխվում Ալվարո Մորատան: «Յունայթեդը» խոշոր գումար է վճարում նրա համար՝ 84 մլն եվրո:

Առաջին ամիսներին Լուկակուն «Յունայթեդում» գոլեր խփում է, բայց հետո սկսում են անկայուն ելույթները: Երկրորդ մրցաշրջանում, առհասարակ, ՄՅՈւ-ում է ամեն ինչ խառնվում. Մոուրինյոն հեռացվում է, գալիս Սուլշերը, իսկ Լուկակուն դառնում է պահեստային ֆուտբոլիստ: Նրա համար վճարված գումարը մեծ էր, ճնշումը՝ շատ մեծ: Լուկակուն կորցնում է մարզավիճակը, արժանանում բրիտանական մամուլի սուր քննադատությանը, իսկ 2019-ի ամռանը Սուլշերը հասկացնում է նրան, որ հույսեր չի կապում իր հետ: Եկավ ինչ-որ շրջան, երբ Լուկակուին համարում էին ամենամեծ հիասթափություններից մեկը, ծաղրում էին նրան: Նորից եկել էր ինչ-որ բան փոխելու ժամանակը:

Paper Round: Lukaku fears Man Utd will price him out of move, City braced for Sane bid - Eurosport

Բայց կար մասնագետ, որ պատկերացնում էր՝ ինչպես կարող է օգտագործել Լուկակուին և առավելագույնը քաղել նրանից: Անտոնիո Կոնտեն «Ինտերում» իր նոր նախագծի կենտրոնական դեմք համարում էր հենց Լուկակուին: Բելգիացին մեծ սիրով ընդունում է մարտահրավերը. Կոնտեն կարողանում է համոզել նրան: Ա սերիայում Լուկակուն դառնում է այն ֆուտբոլիստը, որ մասնագետները կանխատեսում էին տարիներ առաջ. «գազանը» հարմարվում է իտալական ֆուտբոլին, ցույց է տալիս շատ բարձր արդյունավետություն ու մտնում աշխարհի լավագույն 9 համարների ակումբ:

Բոլոր մրցաշարերում միասին «Ինտերում» անցկացրած 95 խաղում Լուկակուն խփել է 64 գոլ ու կատարել 16 գոլային փոխանցում: Լուկակուն իր ֆանտաստիկ խաղով շատ մեծ ներդրում ունեցավ «Ինտերի»՝ 10 տարվա դադարից հետո Սկուդետոն նվաճելու հարցում: «Չելսիում» չհաստատված ու «Յունայթեդում» ձախողված Լուկակուն բոմբեց «Ինտերում»:

Inter Milan value Romelu Lukaku at £100 million as Chelsea try to lure striker back | Sport | The Times

«Չելսիի» կյանքը՝ առանց Լուկակուի

2013-ից հետո, փաստացի, «Չելսին» հրաժարվեց Լուկակուից ու իր «նոր Դրոգբային» փնտրեց այլ հարձակվողների մեջ, բայց չգտավ: 9 համարի դիրքում լուծումները կամ կարճաժամկետ էին, կամ՝ տապալված:

  • · 2013/14-ին «Չելսին» 1 տարվա պայմանագիր կնքեց արդեն վետերան Սամուել Էտո՛օյի հետ: Կամերունցին 35 խաղում դարձավ 12 գոլի հեղինակ: Վատ չէր, բայց միայն այդքանը:
  • · 2014-ին «Չելսին» որոշում է թոփ հարձակվող գնել ու պայմանագիր է կնքում այդ պահին ամենաթրենդային ֆուտբոլիստի՝ «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի չեմպիոն դարձած ու ՉԼ եզրափակիչ հասած, Սիմեոնեի լավագույն ռմբարկու Դիեգո Կոստայի հետ՝ «Ատլետիկոյին» վճարելով 32 մլն ֆունտ: Կոստան, գուցե, Դրոգբայից հետո լավագույն հարձակվողն է, որ «Չելսին» ունեցել է, բայց նա էլ հիմնովին չլուծեց խնդիրը: Այո՛, Կոստան 2 լավ մրցաշրջան անցկացրեց Լոնդոնում, 2 անգամ «Չելսին» նրա հետ դարձավ Անգլիայի չեմպիոն: Բայց Կոստայի հարաբերությունները Անտոնիո Կոնտեի հետ փչացավ, և արդեն 2017-ին նա ստիպված էր հեռանալ:
  • · 2015-ին «Չելսին» վարձակալեց Ռադամել Ֆալկաոյին: «Մանչեսթեր Յունայթեդում» անհաջող տարի անցկացնելուց հետո (կրկին վարձակալությամբ), կոլումբացին ուժերը փորձեց Լոնդոնում: Պատկերն ավելի խայտառակ ստացվեց՝ 12 խաղ, 1 գոլ:
  • · 2017-ին «Չելսին» վերջնականապես որոշեց երկար տարիներով լուծել կենտրոնական հարձակվողի հարցը և սահմանեց ակումբային ռեկորդ՝ 60 մլն ֆունտ վճարելով «Ռեալին» Ալվարո Մորատայի տրանսֆերի դիմաց: Բայց ինչ երկարաժամկետ լուծման մասին կարող էր լինել խոսքը, երբ Մորատան ավելի շատ վրիպեց նպաստավոր դիրքերից, քան գոլ խփեց: 1 ու կես մրցաշրջան և հաջողություն:
  • · 2019-ին «Չելսին» ավելի փորձառու հարձակվողի հետ հույսեր կապեց: Լոնդոնյան ակումբը վարձակալեց Գոնսալո Հիգուայինին: Հերթական ձախողումը: 19 խաղ. 5 գոլ և ցտեսություն:
  • · 2020-ին լոնդոնցիները կրկին մեծ գումարներ ներդրեցին կենտրոնական հարձակվողի գոտին ամրապնդելու համար: Լոնդոնցիները կարողացան «խլել» Տիմո Վերներին «Լիվերպուլի» ձեռքից և 53 մլն եվրոյով գնեցին գերմանացուն: Այնպես չէ, որ տրանսֆերն ամբողջապես ձախողված է: Վերները դարձավ «Չելսիի» համար կարևոր ֆուտբոլիստ, բայց՝ եզրային, ոչ թե կենտրոնական հարձակվողի գոտում: Հարձակման կենտրոնում Վերները վրիպումների քանակով չզիջեց Մորատային:

Վերամիավորման իսկական պահը

Ու հիմա, երբ Տոմաս Տուխելը կառուցել է հզոր թիմ, պակասում էր միայն սառնասիրտ կենտրոնական հարձակվող: «Չելսիի» հիմնական թիրախը Էրլինգ Հալանդն էր, բայց «Բորուսիան» 175 մլն եվրոյից ցածր առաջարկների մասին նույնիսկ չէր էլ լսում: «Չելսին» անցավ պլան Բ-ին, որը, կարծես, պսակվում է հաջողության:

Լուկակուն, ճիշտ է, «Ինտերում» իրեն երջանիկ էր զգում և իր լավագույն ֆուտբոլն էր խաղում, բայց Անտոնիո Կոնտեի հեռանալուց, թոփ համալրումների բացակայության պայմաններում ու նաև Աշրաֆ Հաքիմիի հեռանալուց հետո անհայտ է՝ մինչև ուր կարող է հասնել «Ինտերը» գալիք մրցաշրջանում: Կկարողանա՞ կրկին նվաճել Սկուդետոն, որքա՞ն առաջ կգնա Չեմպիոնների լիգայում, իսկ «Չելսին» ՉԼ գործող չեմպիոնն է և ավելի ու ավելի է հզորանում: Լուկակուն, որ դարձել է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը, պատրաստ է խաղալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում: «Չելսի» – Լուկակու սիրավեպի 3-րդ փորձը կարող է հաջողված լինել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա