Logo

«Նյարդերի խաղ». 5 դեպք, երբ ֆուտբոլիստը հրաժարվել է իրացնել հետխաղյա 11-մետրանոցը

Հեղինակ
Արամ Սահակյան
15:26 / 04.02.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
նյարդային ֆուտբոլային խաղ

Օրեր առաջ 2016 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հակահերոս Խուանֆրանն ուշագրավ հայտարարություն արեց: Իսպանացին «Ռեալի» դեմ խաղի հետխաղյա հարվածաշարում իրացրեց «Ատլետիկոյի» չորրորդ հարվածը: Նրա վրիպումից հետո «Ռեալը» շանս ստացավ գավաթը հաղթելու: Կրիշտիանու Ռոնալդուի դիպուկ հարվածից հետո «Արքայական ակումբը» հաղթեց Չեմպիոնների լիգայում 11-րդ գավաթը: 

Խուանֆրանն օրեր առաջ ասաց հետևյալը.

«Կա մի բան, որը քչերը գիտեն: Եզրափակիչում՝ այդ պահին, ես չպետք է հարվածեի: 4-րդ հարվածը պետք է իրացներ Յանիկ Կարասկոն, սակայն նա հրաժարվեց հարվածել: Ոչ ոք չէր ուզում գնալ հարվածելու: Ես ասացի՝ «ես կգնամ»: 

Խուանֆրան

Հիմնական ժամանակում հենց Յանիկ Կարասկոն էր հավասարեցրել հաշիվը: Սակայն հետխաղյա հարվածաշարում նա հարվածելու համարձակություն չունեցավ: Ինչու՞: Ֆուտբոլում սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, որ խաղացողը հրաժարվում է հարվածել 11-մետրանոց հետխաղյա հարվածաշարում: Եկե՛ք բացահայտենք, թե նմանատիպ ինչ դեպքեր են եղել ամենակարևոր խաղերում:  

Տոնի Կրոս («Բավարիա» - «Չելսի», 2012 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ)

Այո՛, այո՛, Դուք ճիշտ կարդացիք: Նույնիսկ ամենասառնասիրտ ֆուտբոլիստն է հրաժարվել իրացնել 11-մետրանոց հարվածը: Դա 2012 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էր: Մյունխենյան թիմը Մյունխենի գլխավոր ստադիոնում ընդունել էր «Չելսիին»: «Բավարիան» բացահայտ ֆավորիտ էր: 

Հենց Տոնի Կրոսի փոխանցումից հետո Թոմաս Մյուլերը բացեց հաշիվը, սակայն Դիդիե Դրոգբան այդ երեկոյի համար այլ պլաններ ուներ: Նրա խփած գոլը նշանակում էր մեկ բան՝ հաղթողի անունը հայտնի էր դառնալու 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում: 

«Լրացուցիչ ժամանակի ավարտից հետո ես տեսնում էի խեղճ Յուպ Հայնկեսին: Նա փորձում էր տրամադրել իր թիմի ֆուտբոլիստներին հետխաղյա հարվածաշարից առաջ: Նա գրեթե միշտ վերահսկում էր ամեն ինչ թիմում: Բայց այդ պահին ասես քաոս լիներ: Թիմի մի քանի խաղացողներ հրաժարվեցին հարվածելուց, խաղացողներ, որոնք կարող էին անել դա»,- պատմում է Ուլի Հյոնեսը: 

Տոնի Կրոս

Կրոսն իսկապես այն խաղացողներից է եղել, որը հրաժարվել է հարվածել «Չելսիի» դեմ խաղում: Գուցե հենց նրա ու մի քանի այլ խաղացողների հարվածելուց հրաժարվելն էր պատճառը, որ երրորդ հարվածն իրացրեց Մանուել Նոյերը:  

Կրոսը տարիներ հետո խոսեց այս թեմայով.

«Իհարկե, ես կարող էի իրացնել 11-մետրանոցը, բայց ես մինչև վերջ վստահ չէի, որ գոլ կխփեմ: Հենց այդ պատճառով, հանուն թիմի արդյունավետության, ես ուզում էի, որ իրացնեին այն խաղացողները, որոնք ավելի շատ վստահություն էին զգում»

Կրոսի գործակալ Վոլկեր Շտրուֆի մեկնաբանությունն այս թեմայով ավելի հետաքրքիր ու պարադոքսալ է.

«Ասել, թե Կրոսը վախեցել է իրացնել 11-մետրանոցը, ծիծաղելի է: Նա բավականաչափ խելացի է՝ իմանալու համար՝ երբ կարող է գոլ խփել, երբ ոչ»

«Բավարիայի» երկրպագուները մինչև հիմա չեն ներում գերմանացուն այդ օրվա համար: Նրանց մի մասը կարծում է, որ այդ օրը Կրոսն ապացուցեց, որ թիմի առաջատար չի կարող լինել, քանի որ պատասխանատու պահին հրաժարվեց կարևորագույն հարվածից.

«Եթե Տոնի Կրոսին գիշերվա կեսին՝ աչքերը փակ վիճակում, 11-մետրանոց տաս իրացնելու, նա գոլի հեղինակ կդառնա, բայց այն ժամանակ նա որոշեց չհարվածել»,- ասում էր Ուլի Հյոնեսը

Ուլի Հյոնես (ԵՎՐՈ-1976. Չեխոսլովակիա – Արևմտյան Գերմանիա) 

Տոնի Կրոսի հրաժարվելու մասին «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը բազմաթիվ մեկնաբանություններ է արել: Սա թերևս պատահական չէ, քանի որ հենց ինքը՝ Հյոնեսը, իր կարիերայում անցել է այդ ամենի միջով, սակայն մի փոքր այլ կերպ: «Բավարիայի» նախկին նախագահի «նյարդերի պայքարը» տեղի ունեցավ ԵՎՐՈ 1976-ի եզրափակիչում, երբ Արևմտյան Գերմանիան հանդիպեց Չեխոսլովակիայի հավաքականին: 

Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով: Հետխաղյա հարվածաշարին ընդառաջ Հյոնեսը հրաժարվում է իրացնել 11-մետրանոցը: Նրան մտքափոխում է Ֆրանց Բեկենբաուերը.

Ուլի Հյոնես

«Բեկենբաուերն ինձ ասաց հետևյալը. «Դու իսկապես թույլ ես տալու, որ քո փոխարեն հարվածեն այս երեխանե՞րը»: Թե ինչ եղավ հետո, մենք արդեն բոլորս գիտենք»,-պատմում է Հյոնեսը: 

Հյոնեսը հետխաղյա հարվածաշարում հարվածեց չորրորդը և վրիպեց: Չեխոսլովակիան հաղթեց 5-3 հաշվով: Հենց Հյոնեսի վրիպումից հետո Անտոնիո Պանենկան իրացրեց հաղթական հարվածը՝ գնդակը դարպասն ուղարկելով յուրօրինակ կերպով: Այդ հարվածն այնուհետև նրա անունն էր ստանալու: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլիներ այդ օրը, եթե Հյոնեսը չհարվածեր:

Վան Գալի յուրօրինակ «բացահայտումը»

Աշխարհի 2014 թվականի առաջնության կիսաեզրափակիչում Նիդեռլանդները հանդիպեց Արգենտինային: Մինչև լավագույն չորսում հայտնվելը Վան Գալի թիմը փլեյ-օֆֆում պայքարից դուրս էր թողել Մեքսիկային ու Կոստա Ռիկային: Նիդեռլանդցիները Կեյլոր Նավասին ու ընկերներին հաղթել էին հետխաղյա հարվածաշարում՝ դիպուկ իրացնելով բոլոր 5 հարվածները: Այդ խաղի հերոսը Տիմ Կրուլն էր, որը դաշտ մտավ հարվածաշարից անմիջապես առաջ՝ փոխարինելով Յասպեր Սիլեսենին: 

Կիսաեզրափակիչում Վան Գալը նույն քայլն անել չէր կարող: Հիմնական ու լրացուցիչ ժամանակում նա կատարել էր բոլոր փոփոխությունները: Դարպասում մնաց Յասպեր Սիլեսենը: Արգենտինան հաղթեց հետխաղյա հարվածաշարում ու դուրս եկավ եզրափակիչ: Խաղից հետո Լուի վան Գալին քննադատում էին առաջին հարվածը պաշտպան Ռոն Վլարին վստահելու համար: Նա վրիպել էր, սակայն հավաքականի մարզիչն ուներ իր բացատրությունը.

«Մեր ֆուտբոլիստներից երկու հոգի հրաժարվեց կատարել առաջին հարվածը: Ես էլ այն վստահեցի Վլարին, քանի որ նա հրաշալի խաղ էր անցկացրել ու ուներ բավականաչափ վստահություն՝ հարվածը կատարելու համար: Ո՛չ, իհարկե ես չեմ ասի, թե ովքեր են եղել այդ խաղացողները, որոնք հրաժարվել են հարվածել առաջինը»: 

Վան Գալի

Հաջորդ հարվածները կատարեցին Արիեն Ռոբենը, Դիրկ Կայտը և Ուեսլի Սնեյդերը: Բայց թե ով է հրաժարվել հարվածել առաջինը, բարդ է ասել: Այս խաղացողներից վրիպեց նաև Ուեսլի Սնեյդերը: Գուցե հրաժարվողներից մեկը եղել է հենց նա, ու այդ անվստահությունն զգալ է տվել հենց հարվածի ժամանակ: 

Նմանատիպ դեպք ՉԼ եզրափակիչում

Չեմպիոնների լիգայի 2002/03 թվականների խաղարկության հաղթողի անունը ևս որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում: «Յուվենտուսի» ու «Միլանի» դիմակայությունը երկար տարիներ համարվում էր ամենահեղինակավոր եվրագավաթի ամենաձանձրալի եզրափակիչը: Գոլազուրկ ոչ-ոքիից հետո խաղացողները հաղթողին որոշեցին նյարդերի պայքարում: 

Կլարենս Զեդորֆ

«Միլանը» հաղթեց 3-2 հաշվով: «Ռոսոներիներից» վրիպեցին միայն Կլարենս Զեդորֆն ու Կախա Կալաձեն, «Յուվենտուսից»՝ Դավիդ Տրեզեգեն, Մարսելո Զալայետան ու Պաոլո Մոնտերոն: Խաղից հետո «Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին պատմեց, որ թիմի կազմից 4-5 ֆուտբոլիստ հրաժարվել են հարվածել: Ովքեր են եղել նրանք՝ մինչև օրս հայտնի չէ, բայց բավական է նշել, որ այդ պահին կազմում եղած ֆուտբոլիստներից չեն հարվածել Լիլիան Թյուրամը, Ջանլուկա Ձամբրոտան, Չիրո Ֆերարան, Անտոնիո Կոնտեն, Ալեսիո Տակինարդին և Ջանլուիջի Բուֆոնը: Կարելի է ենթադրել, թե ովքեր են հրաժարվել իրացնել հարվածը:

ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչի առեղծվա՞ծը

Բոլորիս հիշողություններում թարմ է ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչը: Անգլիայի հավաքականի կազմում վրիպեցին Ջեյդոն Սանչոն, Մարկուս Ռեշֆորդն ու Բուկայո Սական: Հանդիպումից հետո «Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հասցեին բազմաթիվ քննադատություններ հնչեցին, թե ինչու է նա այդ պատասխանատվության բեռը թողել կազմի ամենաերիտասարդ խաղացողների ուսերին: 

Ամենամեծ քննադատներն էին Ժոզե Մոուրինյոն ու Ռոյ Քինը: Պորտուգալացի մասնագետը պնդում էր, որ պետք է հարվածեին ավելի փորձառուները, օրինակ՝ Ռահիմ Ստեռլինգը կամ էլ Ջոն Սթոունզը: Իսկ Ռոյ Քինը վստահեցնում էր, որ Ջեք Գրիլիշը հրաժարվել է լինել հարվածողների թվում: 

Ռահիմ Ստեռլինգ

«Մանչեսթեր Սիթիի» թանկարժեք նորեկը պատասխանեց Քինին՝ ասելով, որ չի հրաժարվել հարվածելուց. Սակայի չվրիպելու դեպքում վեցերորդը հարվածելու էր հենց Գրիլիշը: 

Թեմային անդրադարձավ նաև Սաութգեյթը: Նա պարզաբանեց, որ ընտրել է այն խաղացողներին, որոնք մարզումներին ամենալավն են իրացրել հարվածը: Սաութգեյթի խոսքերին կարող ենք վստահել, քանի որ Սանչոն ու Ռեշֆորդը դաշտ դուրս եկան հարվածաշարից անմիջապես առաջ: Գերլարված մթնոլորտում երիտասարդներից ոչ մեկը չկարողացավ դիպուկ հարվածել: Իտալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն: Սակայն մինչև հիմա քիչ չեն պնդումները, որ Անգլիայի հավաքականի ճամբարում ևս եղել են հարվածից հրաժարվողներ: 

Հետխաղյա հարվածաշարը նյարդերի խաղ է, որին քչերն են դիմանում: Հենց դրանով է պայմանավորված, որ նույնիսկ համաշխարհային մակարդակի խաղացողներ հրաժարվում են իրենց ուսերին կրել այս աներևակայելի պատասխանատվությունը, ու բեռը գցում են իրենց թիմակիցների ուսերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա