Logo

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 28.08.2021ՍՊՈՐՏ
unnamed 5 - Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Վերջերս ավարտվեց մայիսից հուլիսի սկիզբ տեղափոխված աշխարհի ամենաազդեցիկ՝ Կաննի միջազգային կինոփառատոնը։ Ֆրանսիական կինոփառատոնի տեղաշարժման հետևանքն ազդեց գրեթե բոլոր ուշագրավ կինոփառատոների վրա (հավանաբար, բացի իր օրերը չփոխած Վենետիկից): Այդպես սովորաբար հուլիսին կազմակերպվող Օդեսայի միջազգային կինոփառատոնը՝ անգլերեն հապավումով OIFF-ի ուկրաինացի կազմակերպիչները տեղաշարժեցին օգոստոս, ինչը հնարավորություն տվեց Vnews Culture-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանին այցելել այն (սովորաբար Օդեսան գրեթե համընկնում էր երևանյան «Ոսկե ծիրանի» հետ): Հատկանշական է, որ Դիանան մասնակցել է OIFF-ին FIPRESCI պատվավոր միջազգային կինոքննադատական ժյուրիի կազմում՝ այդ կերպ ներկայացնելով Հայաստանը, դիտել է տեղական և հատուկ Կաննից Օդեսա բերված համաշխարհային մեծ ֆիլմերն ր պատրաստ է կիսվել իր մասնագիտական տպավորություններով։

Օդեսայի միջազգային կինոփառատոնն Ուկրաինայի (և Արևելյան Եվրոպայի) մեծագույն կինո-միջոցառումներից է, որը սովորաբար իր ծրագրերում ընդրգկում է մի քանի հնչեղ աստղային անուն, Կաննի կինոփառատոնից բերված թարմ և տպավորիչ ֆիլմեր ու տեղական՝ ուկրաինական արտադրության մեծ չափաբաժին։ Այս՝ վակցինացված և կիսադիմակային առաջին տարին էլ բացառություն չէր. թեև ոմանք բողոքում էին, որ կարմիր գորգն ավելի կարճ էր, քան սովորաբար, իսկ մրցութային ծրագրերից մեկը հանվել է, քանի որ, հավանաբար, բարդ էր կազմակերպել միջազգային հյուրի բազմաքանակ ներկայություն։ Կաննում հանդիսատեսին սարսափեցրած և կինոքննադատներին ու ռեժիսոր Սփայք Լիի գլխավորությամբ ժյուրիի անդամներին գերած՝ Ոսկե արմավենու ճյուղի արժանացած Ժյուլի Դյուկորնոյի «Տիտան»-ը և Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար պարգևատրված Լեոս Կարաքսի «Անետ»-ը ցուցադրվեցին օդեսաբնակների և փառատոնի հյուրերի համար։ Նաև մեծ պրեմիերաների ցանկում էր հայտնի «էրոտաման» Պոլ Վերհուվենի սկանդալային երանգներով կրոնական թեմատիկայով «Բենեդետ»-ը, իսկ այս տարվա Բեռլինալեի մրցութային ծրագրից անձամբ Սև ծովի ափ էր ժամանել պահանջված գերմանացի դերասան և արդեն նաև ռեժիսոր Դանիել Բրյուլը՝ իր «Վատ հարևան» մռայլ կատակերգությամբ։ Կաննից բերված էր նաև հայտնիագույն թայ ռեժիսոր Ապիչատպոնգ Վիրասետակուլի «Հիշողություն»-ը, որը ռեժիսորը նկարահանել է Կոլումբիայում՝ իսպանալեզու դերասաններով և միակ ու անկրկնելի Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ, ով այս մեդիտատիվ ֆիլմ-առակում կատարում է գլխավոր հերոսուհու դերը։
6cd8e8e 960x540 - Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը
Կադր Լեոս Կարաքսի «Անետ» ֆիլմից, դերերում՝ Ադավ Դռայվեր ու Մարիոն Կոտիյար
Կաննից ներկայացված էր նաև Հայաստանի լավ բարեկամ, իրանցի կարևորագույն ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Հերոս»-ը, որը Վիրասետակուլի ֆիլմի պես մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայում արժանացել էր երկրորդական մրցանակի։ Այն ռեժիսորի նախորդ ֆիլմերի պես խոսում է իրանական սոցիումի առանձնահատկությունների, պարզ մարդկանց բարդ հարաբերությունների և անմեղ թվացող ստի մեծ հետևանքների մասին։
Բայց ամենակարևոր ֆիլմը, ինչպես Կաննում, այդպես էլ Օդեսայում, իհարկե, Դյուկորնոյի «Տիտան»-ն էր։ Տարիներ առաջ, երբ Մարտին Սկորսեզեն իր «Տաքսիստ»-ի, իսկ Քվենտին Տարանտինոն «Քրեական ընթերցվածք»-ի համար արժանացան Կաննի (հաշվեք՝ միջազգային մակարդակով ամենակարևոր) և մեծագույն կինոմրցանակին՝ Ոսկե արմավանեու ճյուղին՝ համաշխարհային կինեմատոգրաֆը կտրուկ փոխեց իր ընկալման վեկտորը՝ հեղաշրջելով լայն հանդիսատեսի վերաբերմունքը կինեմատոգրաֆիկ բռնության շուրջ։ Սակայն այդ ժամանակներից շատ ջուր է հոսել, այսօր հանդիսատեսն այդքան հեշտ գրգռվող ու զգայուն չէ, ինչպես 70-ականներին կամ 90-ականներին և տիտանե թիթեղով, ավտոմեքենայի հետ սեքսով զբաղվող ու այդ կիբեր-ֆանտաստիկ սեռական ակտից հղիացող մարդատյաց ու քչախոս աղջկա պատմությունը տեղավորվում է ոչ միայն արյունոտ բոդի-հորորի շրջանակներում: Այն նաև հուզում է և ծիծաղեցնում՝ կանգնելով սենտիմենտալ դրամայի ու տեղ-տեղ անգամ ֆարսային կատակերգության սահմանգծին: Իր հյութեղ, սադրող ու ֆիզիկական զզվանք առաջացնող շոկային տեսարաններով այն իրականում պարզապես կոչումդ ու նշանակությունդ գտնելու ուղու և վերջնանպատակի մասին է կամ նոր ժամանակաշրջանի ու փրկիչի գաղափարի, տարբերակները շատ են, սակայն հստակ է միայն, որ ռեժիսորը հորոր-ֆանտաստիկայի փաթեթավորման տակ թաքցրել է պրպտման արժանի բազմաթիվ շերտեր: Ձևաչափն ու կատարողականը խիստ ռադիկալ են, ագրեսիվ՝ հարկադրաբար դարձնելով հանդիսատեսին արյունոտ խառնիճաղանջի անմիջական դիտորդ։ Օպերատորական, բեմադրական ու նկարչական աշխատանքը ստեղծել են այնպիսի դիտանկյուններ, որ, կարծես, բազմաթիվ մանր դաջվածներով պատված նրբակազմ դերասանուհի Ագաթա Ռուսելը մորթում է և փրթում հատուկ հենց քեզ համար։
agata2 960x540 - Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը
Կադր Ժյուլի Դյուկորնոյի «Տիտան» բոդի-հորորից
«Տիտան»-ը մեծ էկրանին դիտելու փաստը կարևոր է, թեև անպատրաստի հանդիսատեսի համար կարող է լինել միաժամանակ շոկաթերապևտիկ սեանսի ու չինական կտտանքի էկզոտիկ միքս՝ համեմված ցինիկ ֆրանսիական հումորով։ Դյուկորնոյի հաղթանակը կարևոր է, ինչպես ժամանակին կարևոր էր բռնությունն էսթետիկացնող մեծանուն վարպետների խոշոր ֆիլմերի կարկառուն հաղթանակները, թեև տասնամյակներ առաջ գտնվում էին նմանատիպ կինոյից խորշողների տարբեր բանակներ։
Օդեսան, որպես կինոփառատոն և քիչ թե շատ մեզ ֆիզիկապես և հոգեպես մոտիկ մեծ կինոդիտման ուշագրավ հարթակ, կոփում է հանդիսատեսին՝ կրճատելով դիստանցիան դեպի պայմանական ֆրանսիական էպատաժը։ Նույն «առաքելությամբ» հանդես է գալիս մեր Ոսկե ծիրանը, որն իր անմիջական տրամադրությամբ շատ նման է Օդեսայի կինոփառատոնին, թեև, ցավոք, զրկված է ուկրաինական բյուջեի պես ընդարձակ միջոցներից։ Եվ չնայած մեզ մոտ շատերը դեռ տեղյակ չեն Ժյուլի Դյուկորնոյի կամ Լեոս Կարաքսի նոր օպուսների մանրամասներից, հարկ է նշել, որ այդ տպավորիչ ու ինքնատիպ ֆիլմերն ամենայն հավանականությամբ կհասնեն երևանյան էկրաններին։ Ուղղակի պետք է մի փոքր հումորով մոտենալ ավտոմեքենայից հղիացող կամ («Անետ»-ի պարագայում) ննջարանային ամենաինտիմ պահերին մյուզիքլային կանոններին համաձայն երգող Մարիոն Կոտիյարին ու Ադամ Դռայվերին։ Չնայած առկա լոկալ և համաշխարհային չարիքներին՝ հեղինակային կինոն ողջ է, առույգ և ավելի ազդեցիկ, քան կարող է թվալ կողքից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա