Logo

Օգնյեն Չանչարևիչը գերազանցեց Դմիտրի Աբակումովի տարիքային ռեկորդը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 05.12.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Օգնյեն Չանչարևիչ

Առաջնության 16-րդ տուրում «Նորավանքի» հետ խաղում էլ գոլ բաց չթողնելով, «Ալաշկերտի»  32-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակը հասցրեց 328-ի և գերազանցեց «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի դարպասապահներից առավել երկար՝ 324 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

Օգնյեն Չանչարևիչը տարիքային 2-րդ ռեկորդը սահմանեց: Նրան է պատկանում նաև 29 տարեկան այլազգի դարպասապահների տարիքային ռեկորդը, որը սահմանել էր 2018/19թթ.՝ դարպասն անառիկ պահելով 594 րոպե շարունակ: Իսկ յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկի» նախկին դարպասապահ Ապուլա Բետեն է, որը տարիքային 3 ռեկորդների հեղինակ է:

Սերբ դարպասապահը ՀՀ առաջնություններում «Ալաշկերտի» դարպասը սկսել է պաշտպանել 2017/18թթ. առաջնության գարնանային հատվածից՝ նորամուտը նշելով 2018թ. փետրվարի 28-ին Երևանում «Շիրակի» հետ կայացած առաջնության խաղում: «Ալաշկերտում» իր առաջին մրցաշրջանում Չանչարևիչը 13 հանդիպումներում նույնքան գոլ բաց թողեց, 5 անգամ դարպասը պահեց անառիկ:

Սերբ դարպասապահի համար առայժմ լավագույնը 2018/19թթ. առաջնությունն էր, որի 27 հանդիպումներում 21 գոլ էր բաց թողել, 12 անգամ դարպասն անառիկ էր պահել: Ընդհանուր առմամբ Օգնյեն Չանչարևիչը VBET ՀՊԼ-ում 91 խաղ է անցկացրել, որոնցում 82 գոլ է բաց թողել, 34 անգամ դարպասը պահել է անառիկ:

chancharevich 1 960x640 - Օգնյեն Չանչարևիչը գերազանցեց Դմիտրի Աբակումովի տարիքային ռեկորդը

Նշենք, որ անցկացրած խաղերի քանակով Չանչարևիչն «Ալաշկերտում» հանդես եկած ամենափորձառու լեգեոնականն է: Իսկ դարպասն անառիկ պահած խաղերի քանակով նա եզրափակում է այլազգի դարպասապահների լավագույն հնգյակը: Այդ ցանկը գլխավորում է «Ուրարտուի» դարպասապահ Անատոլի Այվազովը, որը ՀՀ առաջնություններում 46 անգամ է դարպասը «չոր» պահել:

Ընդհանրապես ընթացիկ առաջնությունում այլազգի դարպասապահներն աչքի են ընկնում հուսալի խաղով, ուստի պատահական չէ, որ նրանցից 4-ին հաջողվել է բարելավել տարիքային ռեկորդները: Առաջինը «Սևանի»  պորտուգալացի 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոն էր, որը գերազանցել էր Անատոլի Այվազովի տարիքային ռեկորդը: Վերջինս 2016թ. 20 տարեկանում պաշտպանելով «Շիրակի» դարպասը, 259 րոպե շարունակ առաջնությունում գոլ բաց չէր թողել: Իսկ Ֆիգերեդոն ռեկորդի նոր նշաձող սահմանեց՝ դարպասն անառիկ պահելով 569 րոպե շարունակ:

buchnev 960x640 - Օգնյեն Չանչարևիչը գերազանցեց Դմիտրի Աբակումովի տարիքային ռեկորդը

«Փյունիկի» 31-ամյա դարպասապահ Ստանիսլավ Բուչնևն էլ գերազանցեց «Բանանցի» նախկին դարպասապահ Նենադ Ռադաջայի ռեկորդը՝ 439 րոպե շարունակ դարպասն անառիկ պահելով: Ռադաջան 2007թ. առաջնությունում գոլ բաց չէր թողել 433 րոպե շարունակ:

Աչքի ընկավ նաև ընթացիկ առաջնության ամենատարեց ֆուտբոլիստ, «Վանի» 37-ամյա դարպասապահ Նիկոլայ Ցիգանը, որին հաջողվեց 184 րոպե շարունակ դարպասը «չոր» պահել: Նա գերազանցեց «Միկայի» նախկին դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլու ռեկորդային ցուցանիշը, որը 2010թ. առաջնությունում այդ տարիքում 84 րոպե դարպասն անառիկ էր պահել:

cigan - Օգնյեն Չանչարևիչը գերազանցեց Դմիտրի Աբակումովի տարիքային ռեկորդը

VNews.am-ը ներկայացնում է դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով այլազգի դարպասապահների տարիքային ռեկորդները:

Տարիք Դարպասապահ Ակումբ Րոպե Ժամանակահատված
16 Ապուլա Բետե «Փյունիկ» 110 10.07-15.11.2002
17 Ապուլա Բետե «Փյունիկ» 446 27.10-22.11.2003
18 Անատոլի Այվազով «Փյունիկ» 327 18.10-18.11.2014
19 Ապուլա Բետե «Փյունիկ» 434 16.06-06.07.2005
20 Դիոգո Ֆիգերեդո «Սևան» 569 13.08.-15.10.2021
21 Վասիլի Կուզնեցով «Երևան» 466 17.03-13.06.1999
22 Անատոլի Այվազով «Շիրակ» 496 10.03-14.04.2018
23 Վսևոլոդ Երմակով «Շիրակ» 441 31.08-05.10.2019
24 Զլատան Ադրովիչ «Փյունիկ» 330 05.05.-23.05.2007
25 Ալեքսանդր Կոնով «Լոռի» 350 22.08-22.09.2018
26 Սաուլյուս Կլևինսկաս «Միկա» 532 02.04-15.05.2010
27 Անդրիա Դրագոևիչ «Փյունիկ» 379 07.10-25.11.2018
28 Լևան Բուբուտեիշվիլի «Գանձասար» 472 22.05-23.07.2011
29 Օգնյեն Չանչարևիչ «Ալաշկերտ» 594 30.09-28.11.2018
30 Վլադիմիր Մալկով «Ուլիս» 530 17.04-06.06.2010
31 Ստանիսլավ Բուչնև «Փյունիկ» 439 24.08-15.10.2021
32 Օգնյեն Չանչարևիչ «Ալաշկերտ» 328 15.10-04.12.2021
35 Դավիթ Յուրչենկո «Ալաշկերտ» 274 28.02-22.05.2021
36 Սոսո Գրիշիկաշվիլի «Միկա» 292 13.05-13.06.2009
37 Նիկոլայ Ցիգան «Վան» 184 22.09-26.10.2021

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա