Logo

Օլիմպիական վարկանիշային մրցաշարին ընդառաջ. Ինչ սպասել հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Gevorg Gharibyan European championships gold medal match22 - Օլիմպիական վարկանիշային մրցաշարին ընդառաջ. Ինչ սպասել հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:24

-

-

Եվրոպական գոտու Օլիմպիական վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են այս հանգստյան օրերին: Այս մրցաշարը ու Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային դեռ անցյալ տարի, սակայն կորոնավիրուսի համաճարակը գլխիվայր շրջեց ամեն ինչ: Մեր մարզիկները անցան լուրջ փորձությունների միջով. բոլորը մրցաշարերը հետաձգվեցին, քանի որ սպորտաձևը կոնտակտային է, մեր ըմբիշները շուրջ 5 ամիս զրկված էին գորգային մարզումներ անցկացնելու հնարավորությունից, որը աննախադեպ էր, հետո էլ եղավ պատերազմը: Բայց այս առաջնությանը մեր հավաքականը մոտենում է պատրաստ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն, այնպես որ ակնկալիքներն էլ մեծ են:

Նախորդ մասում խոսել էինք ազատ ոճայինների շանսերի մասին այս մրցաշարում, հիմա VNews-ը առաջարկում է ծանոթանալ մեր մասնակիցների հետ, հասկանալ, թե ինչ կարգով են ուղեգրերը խաղարկվելու, մերոնք ինչ մարզավիճակով են մոտենում, ինչ շանսեր ունեն ուղեգիր ձեռք բերելու համար ու ովքեր են հիմնական մրցակիցները:

Ովքեր են մասնակցելու

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում, ի տարբերություն ազատ ոճի, տարբեր քաշային կարգերում մրցակցություն կա: Այսինքն՝ կան քաշեր, որտեղ ունենք լուրջ մրցաշարերի մի քանի հավակնորդ: Այնուամենայնիվ, հիմնվելով հավաքների, Հայաստանի առաջնության ու միջազգային մրցաշարում գրանցած արդյունքների վրա՝ Էդուարդ Սահակյանը որոշել է Բուդապեշտ գործուղել Գևորգ Ղարիբյանին (60 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ), Արթուր Շահինյանին (87 կգ) ու Դավիթ Օվասապյանին (130 կգ):

77 կգ ու 97 կգ քաշային կարգերում մասնակից չունենք, քանի որ նախորդ վարկանիշային մրցաշարում Կարապետ Չալյանը ու Արթուր Ալեքսանյանը կարողացել էին կատարել իրենց նվազագույն խնդիրը՝ ապահովելով ուղեգրեր:

Ուշադրության է արժանի, այն որ 87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Արթուր Շահինյանը, քանի որ Մաքսիմ Մանուկյանը, մարզիչների խոսքով, բուժում է ստանում ԱՄՆ-ում: Անցած տարի մարզիչները որոշում էին ընդունել, որ այս մրցաշարին մասնակցելու էր հենց Մաքսիմը: Սա թերևս միակ փոփոխությունն է մեր կազմում անցած տարվա համեմատ:

Ինչպես են խաղարկվելու ուղեգրերը

Աշխարհի 2019թ. առաջնությունը, որը կայացավ Ղազախստանում որոշեց Տոկիոյի խաղերի առաջին մասնակիցներին. ուղեգրեր նվաճեցին առաջին 5 տեղերը զբաղեցրած մարզիկները: Ինչպես արդեն նշեցինք, մերոնց հաջողվել էր 2 ուղեգրով վերադառնալ:

Եվրոպական գոտու այս մրցաշարը երկրորդ շանսն է այն ըմբիշների համար, որոնք Նուրսուլթանից վերադարձել էին ձեռնունայն: Հունգարիայում Ճապոնիա մեկնելու շանս կստանան յուրաքանչյուր քաշային կարգում եզրափակիչ դուրս եկած մասնակիցները:

Իսկ վերջին վարկանիշային մրցաշարը կկայանա Բուլղարիայում մայիսին, որը արդեն կլինի համաշխարհային: Այստեղ էլ ուղեգրերը կխաղարկվեն նույն տրամաբանությամբ, ինչ մայրցամաքային մրցաշարերում:

Ընդհանրապես Օլիմպիական խաղերում սովորաբար ամենաշատ մասնակիցները ունենում ենք այս սպորատձևից, այդ պատճառով էլ առնվազն 2 ուղեգիր ենք ակնկալում մեր հունահռոմեականներից: Հիմա եկեք ծանոթանանք մեր մարզիկներին և դիտարկենք նրանց շանսերը:

Գևորգ Ղարիբյան (60 կգ)

gevorg gharibyan 960x640 - Օլիմպիական վարկանիշային մրցաշարին ընդառաջ. Ինչ սպասել հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից

Գևորգը Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով է մոտենում այս մրցաշարին, հետևաբար ուղեգրի գլխավոր հավակնորդներից է: Մինչև 2020 թվականին Հռոմում գրանցած հաջողությունը Ղարիբյանը անցել է մեծ խոչընդոտներով՝ հաղթահարելով վնասվածքներ ու 2 վիրահատություն, բայց կոփվել է հոգեբանորեն ու մեծահասակների առաջնություններում արդեն իսկ մեծ փորձ ունի:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարի ու խաղերի հետաձգումը ինձ համար այդքան էլ վատ չէր։ Հիմա արդեն տեսնում եմ սխալներս, որոնց վրա աշխատում ենք մարզչի հետ միասին։ Ժամանակը շատ է, պետք է որ ճիշտ մարզումների շնորհիվ լավ մոտենանք հետագա մրցումներին

Բուդապեշտի մրցաշարից առաջ Ղարիբյանը մասնակցեց Ուկրաինայի վարկանիշային մրցաշարին իր համար ոչ սովորական 63 կգ քաշային կարգում ու կարողացավ բրոնզե մեդալ նվաճել: Կարելի է ենթադրել, որ Ղարիբյանը լավ մարզավիճակով է մոտենում այս մրցաշարին, սակայն ինչպես իրենք ըմբիշներն են սիրում ասել՝ «ամեն ինչ ցույց կտա գորգը»:

Այս քաշային կարգում Գևորգի հիմնական մրցակիցը մեր հավաքականից աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Արմեն Մելիքյանն է, որը 2020-ի աշխարհի անհատական գավաթում պարտվեց հենց մեկնարկում, սակայն արդարության համար պետք է նշել, որ ծանր վնասվածքից հետո ու տևական ժամանակ անց դա Արմենի առաջին խոշոր մրցաշարն էր: Չի բացառվում, որ եթե Ղարիբյանը չկարողանա ուղեգիր նվաճել այս առաջնությունում, համաշխարհային վարկանիշային մրցաշարին մարզիչները հնավորություն կընձեռնեն Մելիքյանին:

60 կգ քաշային կարգում Ղարիբյանի հիմնական մրցակիցներն են Բելառուսը ներկայացնող Սոսլան Դաուրովը, բոլորիս հայտնի 55 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Էդմոնդ Նազարյանը, որը մրցում է Բուլղարիայի դրոշի ներքո, թուրք Կերեմ Կամալը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգը:

Գևորգ Ղարիբյան. «Նպատակս մնում է Օլիմպիական ուղեգիր նվաճել ու լավ մասնակցել խաղերին»

Սլավիկ Գալստյան (67 կգ)

World Wrestling Championship Qualifialaton Day 1 Slavik Galstyan 960x640 - Օլիմպիական վարկանիշային մրցաշարին ընդառաջ. Ինչ սպասել հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից

Գալստյանը նախկինում մրցում էր 63 կգ քաշային կարգում, սակայն անցյալ տարվանից տեղափոխվեց 67 կգ քաշային կարգ՝ Հայաստանի առաջնությունում հաղթելով մեր առաջին համարին՝ Կարեն Ասլանյանին ու պարզ դարձավ, որ հենց Սլավիկն է մեկնելու առաջին վարկանիշային մրցաշարին:

Հետաձգումից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Գալստյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ 0:4 հաշվով պարտվելիս կատարելով տուշեով հնարք, իսկ արդեն այս տարվա փետրվարին Կարեն Ասլանյանը վնասվածք ստացավ Ուկրաինայի վարկանիշային մրցաշարում. պարզ էր՝ մարզչական շատբի որոշումը չի փոխվելու՝ հաշվի առնելով այս հանգամանքները:

Սակայն ինչպես նախորդ դեպքում, այստեղ էլ, հնարավոր է, որ եթե Գալստյանը չկարողանա ուղեգրով վերադառնալ, մյուս մրցաշարին շանս կստանա Ասլանյանը:

67 կգ քաշային կարգում 2 ուղեգրի համար պայքարելու է 19 մարզիկ. ադրբեջանցի Իսլամբեկ Դադովը, հունգարացիներ Կրիստիան Իստվան ու Բալինտ Կորպասին, լիտվացի Էդգարաս Վենցակայտիսը, նորվեգացի Մորտեն Տորեսենը, Լեհաստանի դրոշի ներքո մրցող Գևորգ Սահակյանը, ռումինացի Միհայ Միհուտը, Թուրքիայից Ատական Յուկսելը լուրջ հավակնություններ ունեն Հունգարիայում: Նրանք Եվրոպայի ու աշխարհի մրցանակակիրներն են, այնպես որ, Սլավիկի առաջ հեշտ խնդիր չէ դրված:

Արթուր Շահինյան (87 կգ)

greco roman armenian championships44 960x677 - Օլիմպիական վարկանիշային մրցաշարին ընդառաջ. Ինչ սպասել հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից

Շահինյանը մեր ամենափորձառու ըմբիշներից է. իր կարիերայի ընթացքում նա մի քանի անգամ դարձել է Եվրոպայի ու աշխարհի մրցանակակիր: Վերջին տարիներին 34-ամյա ըմբիշը երբեմն-երբեմն ուժերն է չափում նաև 97 կգ քաշային կարգում: Սակայն Մաքսիմ Մանուկյանի վնասվածքի ու բացակայության պատճառով հենց նա է մեկնել պատասխանատու մրցաշարին:

Այնուամենայնիվ, չենք կարող վստահորեն ասել, որ Շահինյանը լավ մարզավիճակում է ու ուղեգրի գլխավոր հավակնորդներից է: Նրա բարդ մրցակիցներ ունի՝ ի դեմս ադրբեջանցի Իսլամ Աբասովի, 82 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն վրացի Լաշա Գոբաձեի, ռուս Միլադ Ալիրզաևի, Սերբիայի դրոշի ներքո մրցող Զուրաբ Դատունաշվիլիի, շվեդ Զակարիս Բերգի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Մետահան Բաշարի:

Դավիթ Օվասապյան (130 կգ)

david ovasapyan 3 960x640 - Օլիմպիական վարկանիշային մրցաշարին ընդառաջ. Ինչ սպասել հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից

Դեկտեմբերին կայացած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Օվասապյանը փայլուն գոտեմարտեր անցկացրեց տիտղոսակիր մարզիկների հետ, թեև չկարողացավ դառնալ մրցանակակիր: Այդ մրցաշարից հետո մարզիչները սկսեցին լուրջ հույսեր կապել ըմբիշի հետ, որը մեծ փորձ չունի մեծահասակների գորգում: Պետք է ընդգծել, որ այս ամենում իր դերն է ունի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մրցանակակիր Յուրի Պատրիկեևի հետ մարզումները: Հայաստանի դրոշը ներկայացրած ըմբիշը սպարինգ գոտեմարտեր է անցկացնում Դավիթի հետ ու կիսվում իր փորձով:

Հայ մարզասերները նույնպես հույսեր ունեն ծանր քաշային կարգում մրցող մեր մարզիկի հետ:

Երիտասարդական Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մրցանակակրի առաջադրանքը բարդ է, բայց ոչ անհնար: Նրա համար անցանկալի կլինի հանդիպել ռումինացի Ալին Ալեքսուկ-Չուրարիուի հետ, որը Եվրոպայի գործող չեմպիոնն է, աշխարհի անհատական գավաթի հաղթող, Ռիոյի խաղերի բրոնզե մեդալակիր ռուս Սերգեյ Սեմյոնովի հետ ու ուկրաինացի Միկոլա Կուչմիի հետ:

Հունահռոմեական ոճի 4 ըմբիշ կպայքարի Օլիմպիական ուղեգրի համար (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա