Logo

«Օպերացիա +1». Ինչու են Ռյուդիգերի ու Չուամենիի ձեռքբերումները բավարար «Ռեալին»

Հեղինակ
Արամ Սահակյան
20:20 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Չեմպիոնների լիգայի ու Լա լիգայի հաղթող «Ռեալը» նոր մրցաշրջանից առաջ ուժեղացնում է կազմը: «Արքայական ակումբն» արդեն գնեց «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյան Չուամենիի տրանսֆերային իրավունքն ու պայմանագիր կնքեց «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի (ազատ գործակալ) հետ: Այս խաղացողների ժամանումը Մադրիդ Կառլո Անչելոտիին կազմի ընտրության բազմաթիվ մանևրումների հնարավորություն է տալիս: «Սպիտակներն» ավարտված մրցաշրջանում հոգնածության որոշակի խնդիրների էին բախվում: Իտալացի մասնագետը քիչ էր դիմում ռոտացիայի: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Անչելոտին պարզապես չէր ցանկանում փոխել կազմը, բայց եթե ուսումնասիրենք խորությամբ, ունեցած ռեսուրսներն այդ հնարավորությունը մարզչին չէին տալիս: Մինչդեռ այս խաղացողների ժամանումից հետո «Ռեալի» կազմը հսկայական խորություն է ստանում: Չուամենիի ու Ռյուդիգերի տեղափոխությունը բավարար է «Ռեալին»: Նրանց միանում է նաև ներքին զինանոցից մեկ խաղացող, ու կարծես թե ամեն ինչ իդեալական է: Եկե՛ք ուսումնասիրենք միասին: 

Ինչու՞ հենց Ռյուդիգերը

«Ռեալի» պաշտպանության կենտրոնում Սերխիո Ռամոսի ու Ռաֆայել Վարանի հեռանալուց հետո խնդիրներ կային: Էդեր Միլիտաո-Դավիդ Ալաբա զույգը բարեհաջող փոխարինեց նրանց: Բրազիլացին վերջին օրերին հարցազրույցներից մեկում նույնիսկ հանդգնեց հայտարարել, որ ինքը և Ալաբան աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանների զույգն են, քանի որ հաղթել են գլխավոր տիտղոսները: Սակայն խաղային ասպեկտներից մեկում «Ռեալի» հին գվարդիայի կարկառուն ներկայացուցիչների բացակայությունը երևում էր: 

Դավիդ Ալաբան կարիերան սկսել է ձախ պաշտպանի դիրքում ու մեծ հաշվով Հանս-Դիտեր Ֆլիկի թեթև ձեռքով դարձել հուսալի կենտրոնական պաշտպան: Ալաբան երկրորդ հարկում խաղալու տեսանկյունից ակնհայտորեն զիջում է թե՛ Ռամոսին, թե՛ Վարանին: Էդեր Միլիտաոյի պարագայում իրավիճակն այլ է: Նա ֆանտաստիկ է խաղում երկրորդ հարկում: Կառլո Անչելոտին մրցաշրջանի ընթացքում հայտարարեց, որ Միլիտաոն այսպես շարունակելու դեպքում գլխով կարող է ավելի լավ խաղալ, քան հենց Սերխիո Ռամոսը: 

«Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Ռեալը» խաղում էր առանց Էդեր Միլիտաոյի (որակազրկված էր): Պաշտպանության կենտրոնում Ալաբայի կողքին ելույթ էր ունենում Նաչո Ֆերնանդեսը: Հենց այս խաղում ակնհայտորեն երևացին երկրորդ հարկում առկա բացերը: «Ռեալի» պաշտպաններն օդային մենապայքարներում պարտվում էին մրցակցին: Երկրորդ գոլը նրանք բաց թողեցին անկյունայինի խաղարկումից հետո, ու աչքի ընկավ հենց Ռյուդիգերը: 

Գերմանացու տրանսֆերի համար ղեկավարությանը դիմել էր հենց Կառլո Անչելոտին: Ակումբը բավարարեց խնդրանքն ու ձեռք բերեց Ռյուդիգերին: Նրա գալով՝ «Ռեալը» հնարավորություն է ստանում պաշտպանության կենտրոնում ունենալ երկրորդ հարկում խաղացող երկու հսկաների, իսկ ահա Դավիդ Ալաբան կարող է խաղալ ձախից: Այս դիրքում դեռ հարցական է Ֆեռլան Մենդիի կարգավիճակը: Ֆրանսիացին հուսալի է խաղում, սակայն այս մրցաշրջանում շատ հանդիպումներ է բաց թողել վնասվածքի պատճառով: Իսպանական մամուլը գրում է, որ լավ առաջարկ ստանալու դեպքում «Ռեալը» գուցե վաճառի նրա տրանսֆերը: Ամեն դեպքում սա քիչ հավանական է թվում: Ռյուդիգերի ժամանումը հսկայական ռոտացիայի հնարավորություն է տալիս Կառլո Անչելոտիին: Չմոռանանք հարեհաս Նաչոյի մասին, որը 14-րդի ճանապարհին օգնեց թիմին այն ժամանակ, երբ ամենաշատը կար դրա կարիքը: Կա տարածված տեսակետ, որ Ռյուդիգերն ավելի լավ է խաղում երեք պաշտպանով սխեմայում: Սակայն գերմանացին կարող է հրաշալի դրսևորվել նաև 4 պաշտպանի մարտավարության ժամանակ: Նա այդպես խաղալու փորձ ևս ունի: 

Կազեմիրոն կարող է շունչ քաշել

Կազեմիրոն երկար տարիներ «Ռեալի» անփոխարինելի խաղացողներից է: Նա «Արքայական ակումբի» նորագույն պատմության հաջողություններում աներևակայելի նշանակություն է ունեցել: Բայց արդեն տևական ժամանակ է, որ Կազեն խաղում է առանց փոխարինողի: «Պորտուի» վարձակալությունից վերադառնալուց հետո բրազիլացին փոխարինող ունեցել է միայն 2018/19 մրցաշրջանում, երբ այդ դիրքում անհրաժեշտության դեպքում խաղում էր Մարկոս Լյորենտեն: Մյուս մրցաշրջաններում Կազեմիրոյի բացակայության դեպքում նրան փոխարինում էին ոչ այդ դիրքի ֆուտբոլիստներ: 

Չուամենիի տրանսֆերն առաջին հերթին լավ նորություն է հենց Կազեմիրոյի համար: Ավարտված մրցաշրջանում նրան փոխարինում էր կա՛մ Կրոսը, կա՛մ Կամավինգան: Գերմանացին այդ դիրքում խաղալու համար արդեն բավականաչափ տարեց է: Եղան խաղեր, երբ Կրոսը ելույթ ունեցավ հենակետայինի դիրքում ու տապալվեց: Բավական է հիշել ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումը: Կամավինգան գուցե վատ չէր փոխարինում Կազեին, սակայն ֆրանսիացու խնդիրն էլ այլ է: Նա շատ էր անհարկի խախտում խաղի կանոնները, ինչն այդ դիրքում լուրջ խնդիր է: Եղել են խաղեր, որոնցում Կամավինգան փոխարինվել է դեղին քարտ ունենալու պատճառով: Երբեմն էլ հրաշքով խուսափել է կարմիրից:  

Իսկ ահա Չուամենին հենակետային կիսապաշտպան է: Առանց նրա հիմա դժվար է պատկերացնել Ֆրանսիայի ազգային հավաքականը: Չուամենին կարող է խաղալ նաև հենց կենտրոնական կիսապաշտպանի դիրքում՝ կատարելով ավելի մեծ ծավալի աշխատանք: Այնպես որ, Անչելոտին ունի նաև հնարավորություն դաշտում օգտագործելու Կազեմիրոյին ու Չուամենիին միաժամանակ: 

ԿԿՄ եռյակը նորից ունենալու է կարևորագույն նշանակություն «Ռեալի» համար՝ կասկած չկա: Մրցաշրջանի վերջին հատվածում «սպիտակների» 4-3-3-ը վերածվել էր 4-4-2-ի, երբ մեկնարկային կազմում անփոխարինելի եռյակի հետ խաղում էր Ֆեդե Վալվերդեն: Ուրուգվայցին հարձակման ժամանակ հայտվնում էր աջ վինգերի դիրքում (ՉԼ-ի եզրափակիչում խփված գոլը դրա վառ օրինակն է), իսկ պաշտպանվելիս հագեցնում էր կենտրոնն ու նաև պաշտպանվում՝ մեծ աջակցություն ցուցաբերելով Դանի Կարվախալին: 

Չուամենիի՝ Մադրիդ ժամանելը դաշտի միջին գծում անհավանական խորություն է տալիս «Ռեալին»: Ամենևին էլ պատահական չէ, որ «Ռեալը» խոշոր գումար վճարեց ֆրանսիացու տրանսֆերի գնման համար: 85 մլն եվրոյով Չուամենին դարձավ «Ռեալի» պատմության չորրորդ ամենաթանկարժեք տրանսֆերն Էդեն Ազարից, Գարեթ Բեյլից ու Կրիշտիանու Ռոնալդուից հետո: Թոնի Կրոսի, Լուկա Մոդրիչի ու Կազեմիրոյի կողքին հիմա կան երեք երիտասարդներ՝ Չուամենի, Կամավինգա ու Վալվերդե: Նրանց ներկայությունը կարող է «շնչելու» հնարավորություն տալ բազմափորձ «տենորներին»: Չմոռանանք նաև Դանի Սեբալյոսին, որը կարող է մնալ «Ռեալում»: Մարզչական շտաբն ու խաղացողները շատ են գնահատում իսպանացու կատարած աշխատանքը: Նա կոճի վնասվածքից հետո տպավորիչ վերադարձ ունեցավ ու որոշ խաղերում իրեն լավ դրսևորեց: 

Հարձակման գծում «նոր» տրանսֆեր

Օրեր առաջ Ֆլորենտինո Պերեսը El Chiringuito TV-ի հյուրն էր: Նա նշեց, որ «Ռեալը» երեք տրանսֆեր է արդեն իրականացրել: Այնուհետև շտկեց իրեն: Հավանաբար ակումբի նախագահը նկատի ուներ նաև Ալվարո Օդրիոսոլային, որը վարձակալությունից է վերադառնում: Ամեն դեպքում «Ռեալն» ունի երրորդ «տրանսֆեր»: Նա արդեն վաղուց է Մադրիդում, բայց «դեռ չի խաղացել»: Էդեն Ազարի խաղի հնարավոր աճը կարող է ընկալվել որպես նոր տրանսֆեր: Նա Չեմպիոնների լիգան նվաճելուց հետո՝ Սիբելեսում կայացած տոնախմբության ժամանակ, երկրպագուներին խոսք տվեց փայլել հաջորդ տարի: Մադրիդում մինչև այս պահը նա ձախողվել է: Կոճի վնասվածքն Ազարին հանգիստ չէր տալիս: Սակայն վերջին վիրահատությունից հետո Բելգիայի հավաքականի ավագն անձամբ է փաստում, որ հրաշալի է զգում ու պատրաստ է խաղալ այն ֆուտբոլը, որի համար «Ռեալը» հսկայական գումար վճարեց «Չելսիին»: Նրա ֆիզիկական ֆենոմենալ մարզավիճակից զարմացած էին նույնիսկ Բելգիայի հավաքականի մարզչական շտաբի ներկայացուցիչները: 

Անչելոտիի համար սա ևս գլուխկոտրուկ է, որը լուծել է պետք: Ազարի համար հոգեհարազատ ձախ վինգերի դիրքը գրավված է: Այնտեղ խաղում է Վինիսիուսը: Բրազիլացին իր խաղով այս մրցաշրջանում ապացուցեց, որ մեկնարկային կազմի անվիճելի ֆուտբոլիստ է: Ազարի համար պետք է դաշտում այլ դիրք փնտրել: 

Եթե նորից թերթենք իսպանական մամուլի էջերը, կտեսնենք, որ Անչելոտին չի բացառում գալիք մրցաշրջանում մարտավարության փոփոխությունը: «Ռեալը» կարող է խաղալ 4-3-1-2 խաղային սխեմայով: Այս մարտավարությունը ժամանակին կիրառում էր Զինեդին Զիդանը: Դաշտի միջին գծում խաղացող ԿԿՄ եռյակի առջևում գործում էր Իսկոն, իսկ հարձակման կրակագծում՝ Կրիշտիանու Ռոնալդուն ու Կարիմ Բենզեման: Անչելոտին հիմա ունի հնարավորություն կիրառելու նույն սխեման: Բենզեման ու Վինիսիուսը կարող են խաղալ առջևի գծում, իսկ նրանց թիկունքում կաշխատի Ազարը: Բելգիացին սիրում է խաղալ այդ դիրքում: Նման սխեմայի կիրառման դեպքում հարձակման գծում ևս առաջանում են մանևրելու բազմաթիվ հնարավորություններ: Մենք գիտենք Վինիսիուսի որակները: Նա ավելի շատ սիրում է խաղալ եզրից ու տանջել պաշտպաններին: Բենզեման էլ իր հերթին չի դավաճանելու տարիներով ձևավորած իր հմտություններին. նա նորից տեղաշարժվելու է եզրեր: Այսպիսի պայմաններում Ազարը կարող է հանգստություն զգալ: 

Has Carlo Ancelotti overlooked squad rotation at Real Madrid? - AS USA

Այս ամենը բավարար է «Ռեալին» 

«Ռեալը» մինչև տրանսֆերային շուկայի փակվելը կարող է այլևս ձեռքբերումներ չկատարել: Որոշակի վերադասավորումներ կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն: Մարկո Ասենսիոն, Մարիանո Դիասը, Դանի Սեբալյոսը, Լուկա Յովիչը խաղացողներ են, որ կարող են հեռանալ ակումբից: Սակայն նրանց բացը «Ռեալը» չի լրացնելու նոր հնչեղ անուններով:

Հարձակման գծում հիմնական թիմի կազմ կարող է տեղափոխվել Խուանմի Լատասան, որը տպավորիչ մրցաշրջան է անցկացրել «Կաստիլյայում»: Չմոռանանք նաև Բորխա Մայորալին: Իսկ Օդրիոսոլան վերադառնում է վարձակալությունից: Այսպիսի վերադասավորումներն անխուսափելի են: Սակայն ակնհայտ է, որ արդեն կատարած տրանսֆերներն ու ներքին «տրանսֆերը» բավարար են «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա