Logo

Ես ընտանիքի հիմարն էի, բայց Նոբելյան մրցանակի արժանացա. Օրհան Փամուք

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 07.06.2022Հեղինակներ
Օրհան Փամուք

Օրհան Փամուքը 62 լեզուներով թարգմանված 15 վեպերի հեղինակ է։ Առաջին թուրք գրողը, որն արժանացել է գրական բարձրագույն մրցանակի՝ Նոբելյան մրցանակի՝ հետևյալ ձևակերպմամբ՝ «Նրան, ով իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման և խաչաձևման նոր խորհրդանիշեր»:  Թեև իր իսկ մասին ասել է․ «Ես ընտանիքի հիմարն էի, բայց Նոբելյան մրցանակի արժանացա»։ Հեղինակի գրքերի մեծ մասի իրադարձությունները տեղի են ունենում Ստամբուլում: Սա գրողի հարազատ ու սիրելի քաղաքն է։ 

Գրողը հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Հենց իր այս հայացքների պատճառով Փամուքը ենթարկվել է հալածանքների: Նա այն սակավաթիվ թուրքերից է, որը 1915 թվականի դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» բառը։

Փամուքի գրքերը բարձրացնում են ինքնության կորստի մասին հարցեր, որոնք մասամբ հետևանք են Արևմտյան և Արևելյան արժեքների, իսլամի և քրիստոնեության, ավանդապաշտության և ժամանակակից գաղափարների հակասությունների։ Նրա ստեղծագործությունները հաճախ ունեն բարդ սյուժեներ և հերոսներ։ 

Փամուքն իր ստեղծարարության մասին խոսելիս հաճախ նշում է մի «ոգեշնչման հրեշտակի» մասին։

  Ես պարզապես լսում եմ իմ ներքին երաժշտությանը, որի առեղծվածը ես ինքս ամբողջովին չգիտեմ։ Եվ չեմ ուզում իմանալ։  
  Ես ամենազարմացածն եմ այն պահերով, երբ թվում է, թե նախադասությունները, երազները և էջերը, որոնք ինձ այդքան երջանիկ են դարձնում, չեն գալիս իմ երևակայությունից, այլ  ինչ֊որ ուրիշ ուժ գտել է դրանք և առատաձեռնորեն տվել ինձ։

Orhan Pamuk

«Ձյունը»

►«Ես խորապես համոզված եմ, որ վեպի արվեստը հիմնված է մարդկային, թեև սահմանափակ, բայց այն հզոր կարողության վրա, որը թույլ է տալիս կարեկցել «ուրիշներին»։ Միայն մարդը կարող է դա անել։ Այն պահանջում է երևակայություն, բարոյականություն և նպատակ՝ հասկանալու մեզանից տարբեր մարդուն, և սա հազվադեպ է»:

►-Կա տղամարդու երկու տեսակ: Առաջինը մինչ սիրահարվելը անպայման պետք է իմանա, թե աղջիկն ինչպես է բուտերբրոտ ուտում, ինչպես է սանրում մազերը, ինչ ախմախություններ են մտահոգում նրան... և այլ պատմություններ ու լեգենդներ, որոնք անընդհատ հրամցնում են աղջկա մասին: Իսկ երկրորդ տեսակը, իսկ ես այդպիսին եմ, ընդհակառակը, որպեսզի կարողանա սիրել, պետք է շատ քիչ բան իմանա աղջկա մասին, գրեթե չճանաչի:

-Այսինքն՝ դու ինձ սիրահարվել ես, որովհետև չե՞ս ճանաչում: Եվ համարում ես, որ դա սե՞ր է:

-Այդպիսին է այն սերը, հանուն որի մարդ պատրաստ է զոհել ամեն ինչ:

-Քո սերը կմեռնի, երբ տեսնես, թե ես ինչպես եմ բուտերբրոտ ուտում և ինչի մասին եմ մտածում:

«Անմեղության թանգարան»

►Երբեմն ինձ թվում է, որ ծխախոտի հանրաճանաչության պատճառը ոչ թե նիկոտինի ազդեցությունն է, այլ այն, որ երբ ծխում ես, զգում ես, որ չափազանց կարևոր բան ես անում։

►Կնոջը, ում սիրում ես, պետք է ժամանակին գնահատել, տղա՛ս, քանի դեռ ուշ չէ։

►Անձամբ ես 20 տարեկանից համոզմունք ունեի, որ կրում եմ հատուկ անտեսանելի զրահ, որը պաշտպանում է ինձ բոլոր անախորժություններից ու դժվարություններից։ Եվ ես հավատում էի, որ եթե շատ մտածեմ ուրիշների անախորժությունների մասին, ես ինքս կսկսեմ տառապել, և իմ անտեսանելի զրահը կժանգոտի ու կարտահոսի։

►Եթե ​​մենք տալիս ենք մեր ամենաթանկը նրան, ում սիրում ենք, առանց որևէ բան ակնկալելու դրա դիմաց, ապա շրջապատող աշխարհը դառնում է գեղեցիկ:

«Իմ անունը Կարմիր է»

►Սե՞րն է մարդուն հիմար դարձնում, թե՞ միայն հիմարներն են սիրահարվում...

►Եթե չերազես, ժամանակն ընդհանրապես չի անցնի։

►Ամեն բանի սկիզբն ամուսնությունն է: Սերը ամուսնությունից հետո է գալիս: Մի՛ մոռացիր` ամուսնանալուց առաջ բռնկվող սիրո հրդեհն ամուսնությամբ մարում է, և մնում են միայն դատարկ ու տխուր փլատակներ: Որոշ հիմարներ շտապելով` ամուսնությունից առաջ սիրահարվելով, սերն այրելով սպառում են: Ինչո՞ւ: Որովհետև կարծում են, որ կյանքի ամենամեծ նպատակը սերն է:

► Միայն հիմարներն են անմեղ լինում:

► Բայց միայն ժամանակի և տարածքի զնդաններից դուրս գալուն պես է պարզ դառնում, որ կյանքը նման է նեղ վերնաշապիկի: Հանգուցյալների աշխարհում առանց մարմնի հոգին իրական երջանկության պատճառ է դառնում, իսկ ապրողների համար ամենամեծ երջանկությունը՝ անհոգի մարմին լինելը:

«Կարմրահեր կինը»

► Երբեմն տխրություն ու միայնություն էինք զգում, երկուսս էլ վախենում էինք աշխարհի մեծությունից, աշխարհում մեր զբաղեցրած տեղից ձանձրանում, ներամփոփ էինք դառնում։ Այդ ժամանակ էի հասկանում կյանքում ուրիշին հասկանալու, նրան մոտենալու, հոգեպես նրան նմանվելու դժվարությունը։

► Եթե ձևացնեի, թե մեղքի զգացում չունեմ, թե ոչ մի վատ բան չի եղել, դանդաղ կմոռանայի այդ մասին։ Այդպես էլ արեցի։ Եթե ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, ի վերջո ոչինչ չի էլ լինի։

► «Ես ես եմ միայն այն ժամանակ, երբ միայնակ եմ»։ Նոր էի բացահայտում այդ միտքը։ Երբ ձեզ ոչ մեկ չի հետևում, ներսի գաղտնի երկրորդ մարդը դուրս է գալիս և անում այն, ինչ ուզում է։

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա